Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-339-20.07.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արտադրության ոլորտում ծագած իրավահարաբերությունները, խթանում է առողջ ապրելակերպը:

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) տեսակ՝ տվյալ ֆիրմայի տեսականին ներկայացնող տարրերի ամբողջություն, որը որպես մեկ միասնություն գործածվում է արտադրողի կողմից՝ սպառողին հնարավորություն տալով տարբերակել տվյալ արտադրողի կողմից բաց թողնված ծխախոտը մյուսներից.

2) սիգարետ՝ ցանկացած ոլորված կամ գլանակաձեւ կառուցվածք, որը պարունակում է ծխախոտ կամ վերջինիս արդյունաբերական փոխարինող, եւ որը ներառում, բայց չի սահմանափակվում սիգարետներով, գլանակներով ու ծայրը կտրած սիգարետներով, բացի սիգարներից ու սիգարիլլաներից, նախատեսված է օգտագործման որոշակի պայմաններում վառելու համար.

3) նիկոտին՝ ծխախոտի եւ ծխի մեջ պարունակող նիկոտինի ալկալոիդներ.

4) խեժ՝ ծխախոտի այրման արդյունքում առաջացած չմշակված բաղադրիչ.

5) ծխախոտային արտադրատեսակներ՝ ծխախոտ կամ արտադրական այլ փոխարինող պարունակող արտադրատեսակներ, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում սիգարետներով, ծայրը կտրած սիգարետներով, սիգարներով, սիգարիլլաներով, գլանակներով, ծամելու եւ քթանցքով ներքաշելու համար նախատեսված ծխախոտը, բացի նիկոտին պարունակող դեղագործական արտադրանքից:

Հոդված 2. Հակածխախոտային ծրագիրը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ իրականացնում է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի օգտագործման եւ վերահսկման պետական ծրագիր, որը ամեն տարի ներկայացվում է Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ միասին։

Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից մշակում են իրենց ծրագրերը։

Հոդված 3. Ծխախոտի արտադրությունը

Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է ծխախոտային արտադրությունը, որի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 4. Ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդը

Ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։

Հոդված 5. Ծխախոտին ներկայացվաղ անվտանգության պահանջները

Ծխախոտը ենթակա է պարտադիր սերտիֆիկացման ՝ վերջինիս համար նախատեսված սխեմաներով։

Արգելվում է ծխախոտի արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտի ծխում նիկոտինի եւ խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը։

Հոդված 6. Ծխախոտի ստանդարտացում

Սույն օրենքի պահանջներին համապատասխան են համարվում համապատասխանության սերտիֆիկատով այն ծխախոտները, որոնք հավաստված են ազգային ստանդարտների ցանկում։

Հոդված 7. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի սահմանափակումները

1. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքը կազմակերպելիս անհրաժեշտ են.

1) միջոցառումներ, որոնք նպաստում են սպառողի մասնակցությամբ որոշակի չափանիշների ստուգմանը եւ վերահսկողություն են սահմանում՝ մինչեւ 18 տարեկան անձանց մասնակցությունը բացառելու, ինչպես նաեւ արգելում են նրանց ներկայությունն ապրանքային նշանի հովանավորչությունը կամ վաճառքը խթանող ցանկացած այլ միջոցառման ժամանակ:

2) ուղիղ փոստով սպառողին առաքվող ծրագրային նյութերի արտաքին փաթեթի կամ ծրարի վրա հստակ կերպով նշել տարիքային սահմանափակումը ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խթանման միջոցառումներին մասնակցելու համար: Սպառողից պահանջել նրա ծննդյան տարեթվի մասին տեղեկատվություն.

3) չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումներն ու ապրանքային նշանները սպորտային սարքավորումների, խաղալիքների, տիկնիկների, մրցավազքային մեքենաների մանրակերտ մոդելների, տեսաշարային, ձայնային եւ տեսաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա, որոնք նախատեսված են մինչեւ 18 տարեկան անձանց գործածության համար.

4) արգելել ծխախոտի բոլոր տեսակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը.

5) արգելել տարածումը, վաճառքը կամ որպես պարգեւատրում (մրցանակ) առաջարկելը, ծխախոտային արտադրատեսակների ցանկացած տեսակի անվանումը կամ ապրանքային նշանը պարունակող ապրանքները (այսինքն՝ կարճաթեւ վերնաշապիկներ, գլխարկներ, սպորտային վերնաշապիկներ, արեւապաշտպանիչ հովարներ, ուսապարկեր, արեւային ակնոցներ, գրենական պիտույքներ), որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում եւ տեսանելի են դիմացինին:

Սույն դրույթը չի սահմանափակում ծխախոտային արտադրատեսակների անվանումների եւ ապրանքային նշանի զետեղումը ծխելու հետ առնչվող այնպիսի պիտույքների վրա, ինչպիսիք են հրահաններն ու մոխրամանները.

2. Ծխախոտի ցանկացած ապրանքային նշան ներառում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված նախազգուշացում` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:

Նմանօրինակ նախազգուշացումը տպագրվում է սեւ տառերով՝ սպիտակ ֆոնի վրա: Նախազգուշացում պարունակող տեքստը զբաղեցնում է գովազդի համար նախատեսված տարածության 10 տոկոսից ոչ պակաս մասը (լայնակի վերցված):

Հոդված 8. Ծխախոտային ապրանքատեսակների իրացման սահմանափակումները

1. Ծխախոտային ապրանքատեսակների վաճառքն արգելվում է`

1) 18 տարին չլրացած անձանց.

2) 18 տարին չլրացած անձանց կողմից.

3) բաց տուփերով կամ հատով.

4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի միջոցով, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ այն վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է

5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, սպորտային դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում.

6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.

7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը, օգտագործման ժամկետը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով).

8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ) կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը.

9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած նախազգուշացումը.

10) եթե ապրանքադին նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

2. Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում պարտադիր կերպով փակցվում է հետեւյալ նախազգուշացումները.

1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի զգուշացումները:

3. Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք իրավուք ունեն ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին չվաճառել ծխախոտային արտադրատեսակները։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա ծխախոտային արտադրության իրացմամբ զբածվողը միայն այդ դեպքում կարող է կատարել ծխախոտի վաճառք։

Հոդված 9. Ծխախոտային արտադրանքների փաթեթավորման ձեւավորումը

1. Յուրաքանչյուր տուփի փաթեթավորումը պարունակում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝

1) խեժի, նիկոտինի պարունակության մասին տեղեկություն, որը պետք է զետեղված լինի ծխախոտի տուփի կողմնային պատերից մեկի վրա,

2) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացումը: Բնակչության առողջության վրա ծխախոտի ներգործության սպառնալիքի նախազգուշացման տեքստը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնը։

Նախազգուշացում պարունակող գրությունը պետք է զբաղեցնի ոչ պակաս, քան սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջեւի եւ հետեւի պատերի 30 տոկոսը:

2. Նախազգուշացման տեքստը պետք է`

1) լինի հստակ ու ընթեռնելի.

2) տպված լինի մուգ թանաքով հակադիր ֆոնի վրա.

3) տուփի վրա տպված լինի այնպես, որ բացառի դա հեռացնելու հնարավորությունը,

4) տուփի վրա տեղադրված լինի այնպես, որ տուփը բացելիս հնարավոր լինի խուսափել դա վնասելուց:

3. Նախազգուշացումը չպետք է`

1) տպագրվի կամ ամրակցվի որեւէ թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր հանդիսացող թղթի վրա.

2) թաքնված կամ ծածկված լինի այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով.

3) տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշների վրա:

Հոդված 10. Ծխախոտային ապրանքատեսակների ոչնչացումը

Ծխախոտային այն բոլոր արտադրատեսակները, որոնք արտադրվել կամ իրացվել են` հակասելով սույն օրենքին կամ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներին, ենթակա են բռնագրավման: Բռնագրավված ծխախոտը ենթակա է ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրսնդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 11. Ծխախոտի օգտագործման սահմանափակումները

1. Ծխելն արգելվում է`

1) կրթական հաստատություններում.ուսումնական, արտադպրոցական, մանակական, դաստիարակչական եւ այլ հաստատություններում.

2) մշակութային հաստատություններում. կինոթատրոններում, թատրոններում, մարզական-սպորտային տարածքներում, կրկեսներում եւ համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում եւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված հանգստի եւ ժամանցի վայրերում.

3)առողջապահական հաստատություններում. հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում եւ այլ կազմակերպություններում ու նմանատիպ համալիրներում.

4) բոլոր հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ՝ դրա համար նախատեսված վայրերից.

5) հրդեհավտանգ գոտիներում.

6) քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնածված վագոնների), օդակայանները, ավտոբուսի եւ գնացքի կայարանները.

2. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու համար: Ապահովում է, տեսանելի վայրում ծխելու արգելքի մասին հայտարարություն։

3. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցառումներ ձեռնարկել աշխատանքային ժամերին փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ներառյալ՝ հանգստի եւ ճաշի համար նախատեսված ընդմիջումները, որպեսզի ծխողները չխանգարեն չծխողներին՝ հաշվի առնելով վերջիններիս նախապատվությունը: Այդպիսի միջոցառումները ներառում, բայց չեն սահմանափակվում՝

1) ընդմիջումների ժամանակ հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիների ապահովմամբ.

2) միայն անհատական փակ աշխատանքային տարածքներում ծխելու թույլտվությամբ։

4. Ռեստորաններում, սրճարաններում եւ հանրային սննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ։

Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում

Սույն օրենքով նախատեսված դրույթները խախտող յուրաքանչյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձ ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։

Հ ի մ ն ա վ ո ր ո ւ մ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ դրանից բխող ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների անհրաժեշտության մասին

1. Գնալով ավելանում է Հայաստանի Հանրապետությունում ծխողների թիվը:

2. Ծխախոտի չարաշահումը վնաս է մարդկանց առողջությանը եւ ավելացել են սրտանոթային, թոքային, շնչառական հիվանդությամբ տառապողների թիվը։

3. Ծխողների համար սահմանված կարգով տարածքներ չհատկացնելն ազդում է չծխողների առողջության վրա:

4. Չի կանոնակարգված ծխախոտի վաճառքն անչափահասներին եւ անչափահասների միջոցով

5. Անհրաժեշտություն է առաջանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում սահմանել տուգանքներ` վաճառքը խախտելու դեպքում:

6. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջանում է անհրաժեշտություն իր լիազորությունների շրջանկներում պատասխանատվության ենթարկել՝ ծխախոտի գովազդ հեռարձակելու դեպքում։

7. Գնալով մեծանում է միջազգային պայքարը ծխախոտի դեմ, եւ հարկ ենք համարում նշել, որ սույն նախաձեռնությունը համահունչ է Միջազգային առողջապահական կազմակերպության կողմից ընդունած Հակածխախոտային կոնվենցիայի սկզբունքներին։