Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, եթե օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն` որոշակի հանգամանքի առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը դրված չէ գործին մասնակցող այլ անձի վրա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «կամ վարչական» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի կոնկրետ վերահսկողության կարգով դիմել է Սահմանադրական դատարան»:
Հոդված 4. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Սակայն որոշ դեպքերում օրենքով կամ այլ իրավական ակտով որոշակի փաստի ապացուցման պարտականությունը կարող է դրվել դատավարության կողմերից մեկի վրա: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը, կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի համաձայն՝ մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:
Հետեւաբար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ հնարավորություն նախատեսելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն՝ ապացուցման պարտականությունը դնել մեկ այլ անձի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջեւ դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը հնարավորություն չի տալիս քաղաքացիական գործով նախադատելիությունը կիրառել վարչական գործերի վրա:
Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս նախադատելիություն կիրառել ինչպես քաղացիական գործեր, այնպես էլ վարչական գործեր քննելիս: Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միեւնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որեւէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման կարգավորման բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ընդունվել է ավելի վաղ, քան ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը: Հետեւաբար սույն նախագծով առաջարկվում է լրացնել տվյալ բացը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլուխը կարգավորում է քաղաքացիական գործը կասեցնելու հետ կապված հարաբերությունները: Այսպես՝ օրենսգրքի 105-րդ հոդվածը նախատեսում է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատարանը պարտավոր է կասեցնել քաղաքացիական գործի վարույթը, իսկ 106-րդ հոդվածը՝ այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը: Այսպես՝ օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը եւ դիմելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Փաստացի ստացվում է, որ երբ դատարանը գտնում է, որ տվյալ գործով իր կողմից կիրառվելիք օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, նա կարող է նաեւ չդիմել ՀՀ սահմանադրական դատարան, ինչը, կարծում ենք՝ իրավաչափ չէ: Ելնելով վերոշարադրյալից՝ առաջարկում ենք, որ այն դեպքերը, երբ դատարանը գտնում է, որ իր կողմից կիրառվելիք նորմը հակասահմանադրական է, ՀՀ Սահմանադրական դատարան դիմելը սահմանվի որպես պարտականություն: