Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը ներկայացնել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են`
ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը ութ միլիոն հայկական դրամ է.
բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը չորս միլիոն հայկական դրամ է.
գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը չորս միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է դրամային ավանդը` մինչեւ ութ միլիոն հայկական դրամով, եւ արտաժութային ավանդը` ութ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով.
դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է չորս միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` չորս միլիոն դրամի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը:
Գործող «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված են հատուցման՝ երկու եւ չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:
Նախագծով առաջարկվում է երկու անգամ բարձրացնել գործող սահմանաչափերը, ինչպես նաեւ փոփոխել ավանդների հատուցման գործող կարգը այն դեպքում, երբ ֆիզիկական անձն անվճարունակ ճանաչված բանկում ունի եւ՛ դրամային, եւ՛ արտարժութային ավանդ:
Սույն օրենքի նախագծի ընդունումը կխթանի հանրապետությունում ներդրումային ակտիվությունը՝ մի կողմից նվազեցնելով ավանդների դուրսբերումը, մյուս կողմից՝ ներգրավելով նոր ակտիվներ բանկային համակարգ:
Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ներգրավվող դրամական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում բանկերը հնարավորություն կունենան ընդլայնելու տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ համապատասխանաբար դրական ազդեցություն կունենա երկրի ներդրումային ակտիվության վրա: