Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ԽՍՀՄ տարածքում աշխատանքային եւ այլ գործունեության ժամանակահատվածները» բառերից հետո լրացնել «, այդ թվում եթե անձն անչափաhաս տարիքում ԽՍՀՄ տարածքում աշխատել է հակաօդային պաշտպանության օբյեկտում, պաշտպանական կառույցի շինարարության վրա, ռազմածովային բազայում, օդանավակայանում կամ այլ ռազմական օբյեկտում՝ գործող պատերազմական գոտու թիկունքի սահմանների ներսում կամ գործող նավատորմի օպերացիոն դաշտում, երկաթուղու կամ ավտոճանապարհի պատերազմական գոտուն կից վայրում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
Սույն օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտ է եղել վաղուց՝ դեռեւս այն ժամանակվանից, երբ սոցիալական երաշխիքներ են սահմանվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար, քանի որ այդ նույն ժամանակ՝ պատերազմի տարիներին, հազարավոր անչափահասների աշխատանքն օգտագործվել է թիկունքում՝ մինչեւ անգամ ամենաբարդ աշխատանքների կազմակերպման գործընթացներում: Պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի նախաշեմին այդ անձանցից ողջ են մնացել ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր տարիներ շարունակ փորձել են որեւէ կերպ գնահատականի արժանացնել երիտասարդության տարիներին կատարված ու մեծամասամբ չվարձատրված ազգանվեր գործը:
Ռուսաստանի Դաշնությունում այդ հարցը վաղուց լուծվել է, քանի որ այնտեղ «Վետերանների մասին» դաշնային օրենքի ուժով թիկունքի վետերաններն ունեն տարատեսակ սոցիալական երաշխիքներ, որոնց թվում են հավելումներն ամսական կենսաթոշակին, արտոնությունները բժշկական սպասարկման ոլորտում եւ այլն (նշված օրենքի 2-րդ գլուխը՝ «Վետերանների սոցիալական պաշտպանությունը»):
Հարց է առաջանում, թե ի՞նչն է երկու երկրների թիկունքի վետերանների միջեւ տարբերությունը, եթե նրանք անկախ ազգությունից այդ տարիներին հավասարապես աշխատել են ու ապահովել պատերազմական գոտու թիկունքի ամրությունը: Եթե որեւէ տարբերություն չկա, ապա ինչու՞ է Ռուսաստանի օրենսդիրը հատուկ գնահատանքի արժանացնում այդ անձանց ծառայությունը, իսկ Հայաստանում նրանք որեւէ արտոնություն չունեն ու երբեւէ չեն ունեցել:
Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում համապատասխան գործունեություն իրականացնելու տարիները հաշվարկել որպես ստաժ՝ հնարավորություն տալով այդ տարիների համար աշխատանքային կենսաթոշակ ստանալ, ինչով որոշակիորեն կվերականգնվի սոցիալական արդարությունը թիկունքի վետերանների հանդեպ: