Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-468-20.03.2014,20.02.2015-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ  գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Սույն օրենքը չի կարգավորում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժա»  կետով նախատեսված  զոհերի հաշվառման եւ հուղարկավորության հետ կապված հարաբերությունները»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունաuափորը  հուշապատում տեղադրելու  ծիսական արարողություն.».

2) 2-րդ պարբերությունում «եւ  բնապահպանական» բառերը փոխարինել «, բնապահպանական եւ  սանիտարական» բառերով.

3) 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները եւ  որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավություն կամ նոր հուղարկավորություն`  գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում».

4) 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ առկա են նոր գերեզմանների տրամադրման համար ազատ հողատարածքներ».

5) լրացնել նոր պարբերություններով` հետեւյալ բովանդակությամբ.

«մասնավոր գերեզմանատուն՝ քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերին համապատասխանող, անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության կողմից սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված եւ շահագործվող գերեզմանատուն.

գերեզմանատան կառավարիչ՝ համայնքային գերեզմանատների համար` համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, կամ համայնքի ղեկավարի  կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առեւտրային կազմակերպությունը, պետական գերեզմանատների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների համար՝ լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա մասնավոր գերեզմանատունը շահագործող անձ.

քաղաքացիական հոգեհանգիստ` ազգային ավանդույթներին համաձայն մահացածին հողին հանձնելուց առաջ հրաժեշտի ծիսակատարություն.

ընտանեկան գերեզման՝ սույն օրենքով սամանված չափով մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 3-րդ հոդվածը:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 4. Հուղարկավորությունների կազմակերպման եւ  գերեզմանատների ու դիակիզարանների  շահագործման բնագավառում պետական  կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) բնագավառի պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

2) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացումը.

3) մասնավոր գերեզմանատան կառավարման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների սահմանումը 4) գերեզմանի տրամադրման եւ սպասարկման պայմանագրերի, վերահուղարկավորման ցանկության եւ վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձեւերի սահմանումը

5) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ մասնավոր գերեզմանատան կառավարիչ չլինելու պարագայում, մասնավոր գերեզմանատան կառավարչի գործառույթների իրականացումը.

6) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածը:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 6. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) համայնքային գերեզմանատներ եւ դիակիզարաններ կազմավորելը, շահագործելը եւ պահպանելը` քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.

2) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորություն կազմակերպելը.

3) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման եւ համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին եւ շինություններին (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առաջադրվող պահանջների ապահովման նկատմամբ հսկողություն իրականացնելը.

4) գերեզմանատների կառուցապատման հատակագծեր (օգտագործման սխեմաներ) մշակելը եւ հաստատելը.

5) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասեր հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելը եւ գերեզմանատների փակման վերաբերյալ որոշումների ընդունելը

6) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման աշխատանքների, նոր գերեզմանատների կազմակերպման համակարգումը:

7) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավո-րությունները կազմակերպելու, գերեզմանատների, դիակիզարանների շահագործման եւ հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության, ինչպես նաեւ գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերի շինությունների (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առկայության պահանջի ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը

8) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման փուլում) քաղաքաշինական փաստաթղթերում շենքերին, շինություններին (համապատասխան մակերեսներով եւ քանակով)  առաջադրվողպահանջների խախտման դեպքում դրանք ողջամիտ ժամկետում (որը չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու համար կարգադրագիր տալը

9) մասնավոր գերեզմանատան կառավարման համար տրված թույլտվության պայմանների նկատմամբ վերահսկողության իրականացումը ?

2. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ»:

Հոդված 7. Oրենքի 7-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել  «2 օրվա ընթացքում» բառերը.

2) 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «կարգի» բառը փոխարինել «կամքի»   բառով.

3) 3-րդ մասը լրացնել 5-րդ պարբերությամբ՝ հետեւալ բովանդակությամբ.

«Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի ցանկությամբ հուղարկավորությունը կարող է կատարվել մասնավոր գերեզմանատանը»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հուղարկավորությունը իրականացման համար ներկայացվում է միայն քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից տրված մահվան վկայականը».

2) 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «(բնօրինակի)» բառից հետո լրացնել «կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների» բառերը.

3) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվում է` դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով),  իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12 քառակուսի մետր հողատարածք:

Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում` համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի համար 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ տեղադրվում է հուշապատի մեջ»:

4. Հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրվող գերեզմանատեղից բացի, համայնքային գերեզմանատանը կարող է վճարովի հիմունքներով տրամադրվել առավելագույնը 6 քառակուսի մետր հողատարածք` գերեզմանատան կառուցապատման սխեմայով համապատասխան տարածքներ նախատեսված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ  վճարի դիմաց:»:

4) լրացնել նոր 4.1 մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4.1 Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում»:

5) 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

6) 9-րդ մասում «վարչակազմին» բառը փոխարինել «կառավարչին» բառով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինները

1. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում է`

1) համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը կամ կազմակերպությունը

2) պետական գերեզմանատների դեպքում` տվյալ պետական մարմինը.

3) մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան կառավարիչը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձիք` վերջիններիս եւ գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

2. Համայնքներում հուղարկավորության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ոչ առեւտրային կազմակերպություններ»:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «,մասնավոր» բառը:

2) 3-րդ մասում «Գերեզմանատների» բառը փոխարինել «Պետական եւ համայնքային գերեզմանատների»  բառով:

3) 5-րդ մասում «հաշվին» բառից հետո լրացնել «բացառությամբ պետական եւ մասնավոր գերեզմանատների» բառերը:

4) լրացնել նոր 6-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Համայնքային եւ պետական գերեզմանատները օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն, բացառությամբ այն գերեզմանատների, որոնց նկատմամբ համայնքի կամ պետության սեփականության իրավունքը ծագել է սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով»:

Հոդված 12. Օրենքը լրացնել նոր 19.1-րդ եւ 19.2-րդ հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 19.1  Մասնավոր գերեզմանատների կազմակերպման եւ գործունեության սկզբունքները

1. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են սույն օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների դրույթների համաձայն` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում: Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, սույն օրենքով նախատեսված պահանջների եւ պայմանների բավարարման դեպքում, մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար  տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստանում են թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե դիմողի կողմից չեն պահպանվել մասնավոր գերեզմանատների կազմակերպման համար սույն օրենքով եւ լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջները եւ պայմանները: Թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

2. Մասնավոր գերեզմանատները կարող են կազմավորվել  հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների հիման վրա՝ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա:

3. Մասնավոր գերեզմանատան կազմակերպումը հանդիսանում է քաղաքաշինական գործունեության տեսակ եւ ենթակա է օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

4. Մասնավոր գերեզմանատան կազմակերպման եւ դրա հետագա գործունեության համար պարտադիր պայման է հանդիսանում սեփականատիրոջ բանկային հաշվին մշտական հիմունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով դրամային միջոցների առկայությունը:

5. Մասնավոր գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է.

1) գերեզմանատան տարածքում ունենալ`

ա. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման վայր` մինչեւ հոգեհանգստի եւ հուղարկավորության իրականացումը,

բ. առնվազն մեկ հոգեհանգստի սրահ` նվազագույնը 100 քառակուսի մետր մակերեսով,

գ. առնվազն մեկ հոգեհացի մատուցման սրահ` նվազագույնը 150 քառակուսի մետր մակերեսով,

դ. դիահերձարան,

ե. ավտոկայանատեղ` առնվազն 30 տրանսպորտային միջոցի համար,

զ. հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար,

է. ծաղիկների, ծաղկեպսակների եւ հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների վաճառքի սրահ,

ը. դիակիզարան` կամ որեւէ որեւէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր.

թ. ոռոգման եւ խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան.

2) յուրաքանչյուր երկու հեկտար տարածքում գերեզմանատան կազմակերպման դեպքում ունենալ առնվազն մեկ ավտոդիատար.

3) պարսպապատել գերեզմանատան տարածքը.

4)  պահպանել բնապահպանական եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

6. Մասնավոր գերեզմանատան կազմակերպման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ այլ պայմանները սահմանվում են լիազոր մարմնի կողմից:

7. Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու դեպքում նոր սեփականատիրոջը պետք է միաժամանակ փոխանցվեն նաեւ  սույն օրենքի 19.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները եւ պարտավորությունները: Սույն մասի պահանջները չպահպանելու դեպքում օտարման պայմանագիրը առոչինչ է:

8. Գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման կամ լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան  դեպքում սույն օրենքի 19.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները եւ պարտավորությունները փոխանցվում են այն անձին, որին փոխանցվում է գերեզմանատան տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը:

9. Մասնավոր գերեզմանատների տարածքը, դրա վրա առկա օժանդակ շինություններով, կարող է օտարվել միայն որպես մեկ գույքային միավոր:

10. Մասնավոր գերեզմանատան սեփականատերը պարտավոր է անձնակազմի անդամներից նշանակել մեկ պատասխանատու անձ՝ կազմակերպության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերը հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձի հետ քննարկելու համար:

11. Ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով մասնավոր գերեզմանատան սեփականատերն իր ներքին իրավական ակտերով պետք է հաստատի անձնակազմի հագուստի, ինպես նաեւ անձնակազմի՝ հուղարկավորության, հոգեհանգստի եւ հոգեհացի մասնակիցների հետ վարվեցողության կանոններ:

Հոդված 19.2. Մասնավոր գերեզմանատներում հուղարկավորությունը

1. Մասնավոր գերեզմանատան սեփականատերը ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:

2. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան սեփականատերը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի  հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ եւ մահացածի  միջեւ՝ վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը կամ վերջինիս շահերի օրիանական ներկայացուցիչը:

3. Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով: Նշված պայմանագրի համաձայն` գերեզմանատան սեփականատերը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը եւ հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել եւ սպասարկել գերեզմանը՝ ապահովելով գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության, պայմանագրում նախատեսված լինելու դեպքում կանաչապատման աշխատանքները

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրին կցվում է հատակագիծ, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում գերեզմանատան սեփականատերը պարտավոր է պահպանել գերեզմանը եւ միջոցներ ձեռնարկել  պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի  մասին ծանուցելու համար: Սույն մասում նշված մեկամյա ժամկետում պայմանագրի մյուս կողմը կարող է գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքել նոր պայմանագիր կամ իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու եւ պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, գերեզմանատան սեփականատերը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ տարածքն օգտագործել մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու եւ աճյունասափորը հուշապատում տեղադրելու եւ 5 տարի ժամկետով պահելու պայմանով: Նշված 5 տարի ժամկետը լրանալուց հետո աճյունասափորը գերեզմանատան սեփականատիրոջ կողմից ենթակա է ոչնչացման` բնապահպանական եւ սանիտարական կանոնների պահպանմամբ:

7. Մասնավոր գերեզմանատան տնօրինությունը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, որոնք արխիվում պահվում են անժամկետ:

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) լրացնել 2.1 մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Գերեզմանատների եւ դիակիզարանների կազմակերպման պարտադիր պայմանները սահմանում է լիազոր մարմինը։ Գերեզմանատներին եւ դիակիզարաններին առաջադրվող սանիտարական եւ բնահպահպանական նորմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Պետական եւ համայնքային գերեզմանատներում գերեզմանները տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (օգտագործման սխեմայով) նախատեսված հերթականությամբ եւ սույն օրենքով սահմանված չափերով».

Հոդված 14. Օրենքի հոդված 24-ի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 15. Օրենքը լրացնել 25.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 25.1 Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: