Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքում կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունները.
1) 18-րդ հոդվածում «աղբավայրերի» բառից հետո լրացնել «, համայնքային եւ մասնավոր գերեզմանատների» բառերը.
2) 23-րդ հոդվածի 1-ին մասի «զինվորական եւ քաղաքացիական գերեզմանոցների» բառերը փոխարինել «պետական գերեզմանատների» բառերով.
3) 60-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «զինվորական եւ քաղաքացիական գերեզմանոցներ են» բառերը փոխարինել «պետական կամ համայնքային գերեզմանատներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առաջարկվում է հստակեցնել գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաեւ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման սկզբունքներն ու մոտեցումները: Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում նշված օրենքի նախագծի դրույթները համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրության հետ: Մասնավորապես` ՀՀ հողային օրենսգիրք, «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքներ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման հետ կապված հարցերը: Այդ պարագայում`
- քանի որ մասնավոր գերեզմանատները կարող են կազմակերպվել նաեւ մասնավոր հողատարածքի վրա, որոնք չեն հանդիսանա պատմական եւ մշակութային նշանակության հողամասեր, ուստի առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ հողային օրենսգրքում եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասինվ» ՀՀ օրենքում` պետական եւ քաղաքացիական գերեզմանատների մասով.
- գերեզմանատների գործունեության արդյունավետ կազմակերպման եւ մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն
- հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների պատշաճ շահագործման, ինչպես նաեւ նշված ծառայությունների մատուցման բարելավման նպատակով` առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով` հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինների կողմից գերեզմանատների շահագործման եւ պահպանման գործառույթների չիրականացման կամ ոչ պատշաճ իրականացման, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերի խախտման համար վարչական տուգանքերի սահմանմամբ: Ինչպես նաեւ լրացում կատարել «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից համատեղ:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցման, ինչպես նաեւ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման ուղղությամբ վերացնել առկա օրենսդրական բացերն ու հակասությունները: