Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3392-20.07.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (1985 թվականի 6 դեկտեմբերի, այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 173՛-րդ հոդվածով.

«Հոդված 173՛. Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելը

Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունները ծխախոտի վաճառքի կանոնները խախտելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության՝

1) ծխախոտի վաճառքի առաջին խախտումն արձանագրվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով.

2) ծխախոտի վաճառքի կանոնների խախտումը կրկնակի արձանագրվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, եւ ծխախոտի վաճառքով զբաղվելու թույլտվության գործողությունը կասեցվում է 1 տարի ժամկետով:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: 
  
 

Հ ի մ ն ա վ ո ր ո ւ մ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ դրանից բխող ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների անհրաժեշտության մասին

1. Գնալով ավելանում է Հայաստանի Հանրապետությունում ծխողների թիվը:

2. Ծխախոտի չարաշահումը վնաս է մարդկանց առողջությանը եւ ավելացել են սրտանոթային, թոքային, շնչառական հիվանդությամբ տառապողների թիվը։

3. Ծխողների համար սահմանված կարգով տարածքներ չհատկացնելն ազդում է չծխողների առողջության վրա:

4. Չի կանոնակարգված ծխախոտի վաճառքն անչափահասներին եւ անչափահասների միջոցով

5. Անհրաժեշտություն է առաջանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում սահմանել տուգանքներ` վաճառքը խախտելու դեպքում:

6. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջանում է անհրաժեշտություն իր լիազորությունների շրջանկներում պատասխանատվության ենթարկել՝ ծխախոտի գովազդ հեռարձակելու դեպքում։

7. Գնալով մեծանում է միջազգային պայքարը ծխախոտի դեմ, եւ հարկ ենք համարում նշել, որ սույն նախաձեռնությունը համահունչ է Միջազգային առողջապահական կազմակերպության կողմից ընդունած Հակածխախոտային կոնվենցիայի սկզբունքներին։