Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-340-21.07.2004-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի կարգավորումն ու զարգացումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական եւ բանկային համակարգի կայունության ապահովումը, ինչպես նաեւ վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգումը:

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վ ճարահաշվարկային կազմակերպությունների եւ վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգերի եւ կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաեւ հաշվարկների վերջնականության կանոնները:

Հոդված 2. Վճարահաշվարկային համակարգի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը

1. Վճարահաշվարկային համակարգի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում եւ պայմաններով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետեւ՝ Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով եւ այլ իրավական ակտերով:

2. Վճարահաշվարկային կազմակերպությունների անվճարունակության եւ սնանկության ընթացակարգը կարգավորվում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունների վերակազմակերպման, լուծարման հիմքերը եւ ընթացակարգերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ տվյալ կազմակերպական-իրավական տեսակի վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով՝

ա) վճարահաշվարկային համակարգը՝ վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման եւ վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի եւ վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն է (ընդհանրություն է), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին.

Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատվում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից.

բ) վճարահաշվարկային կազմակերպությունները՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետումնշված անձինք են.

գ) վճարահաշվարկային փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց համապատասխան բանկային կանոններով սահմանված կարգով կազմված եւ հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին՝ դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.

դ) վճարահաշվարկային համակարգի օպերատորը՝ վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցն է, որը պատասխանատու է վճարահաշվարկային համակարգի գործունեության համար եւ որը համակարգի այլ մասնակիցների կողմից լիազորված է իրականացնել քլիրինգ եւ (կամ) վերջնահաշվարկ.

ե) վճարային գործիքը՝ թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է կամ փաստաթուղթ կամ համաձայնություն, որն անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձեւից ու եղանակից հնարավորություն է ընձեռնում դրա տիրապետողին եւ (կամ) օգտագործողին կատարել վճարումներ.

զ) քլիրինգը՝ վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, համաձայնեցումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաեւ վերջնահաշվարկի համար վճարահաշվարկային համակարգի մասնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է.

է) վերջնահաշվարկը՝ գործողություն է, որի արդյունքում մարվում են միջոցների փոխանցման հետ կապված վճարահաշվարկային համակարգի երկու կամ ավելի մասնակիցների միջեւ ծագած դրամական պարտավորությունները.

ը) զուտացումը՝ վճարահաշվարկային համակարգի երկու կամ ավելի մասնակիցների կողմից միմյանց ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթերից բխող դրամական պահանջների կամ պարտավորությունների հաշվանց է,

թ) ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ՝ «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումները.

ժ) պրոցեսինգը՝ վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաեւ մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի/վճարային գործիքի վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաստագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է.

ժա) վճարային քարտը՝ դեբետային, վարկային, էլեկտրոնային քսակի կամ միջազգային պրակտիկայում ընդունված այլ տեսակիքարտի ձեւով վճարային գործիք է, որը օգտագործվում է կանխիկ դրամ ստանալու կամ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու, ինչպես նաեւ վճարային քարտ թողարկողի կողմից սահմանված այլ գործառնություններ կատարելուհամար.

ժբ) անվերադարձելիության պահ՝ այն պահը, որից հետո վճարահաշվարկային համակարգ մուտքագրված վճարահաշվարկային փաստաթուղթը համաձայն վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնների չի կարող ետ կանչվել կամ փոփոխվել.

ժգ) միջոցների փոխանցումը՝ վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումն է) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.

ժդ) վճարումը՝ դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման միջոցով, կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով.

ժե) վճարային գործիքի սպասարկումը՝ վճարային գործիքի թողարկողի կողմից սահմանված ծառայությունների կամ դրանց մի մասի իրականացման ապահովումն է վճարային գործիք թողարկողի կամ երրորդ անձի կողմից, ում նման իրավասություն է տրված թողարկողի կողմից կամ վճարահաշվարկային համակարգի կանոններին համաձայն.

ժզ) վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ (կամ) իրավասու մարմնի որոշմամբ վճարահաշվարկային համակարգի մասնակցին վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունքից զրկելու պահը (վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, այդ լիցենզիայի գործողության կասեցումը, վճարահաշվարկային համակարգում նրա գործունեության կասեցումը եւ նման այլ որոշումը, որի հետեւանքով վճարահաշվարկային համակարգի մասնակիցը չի կարող մատուցել վճարահաշվարկային ծառայություններ): Սույն օրենքի իմաստով այն վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք բացի վճարահաշվարկային ծառայություններ մատուցելը իրականացնում են այլ գործունեություն, վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահ է համարվում նաեւ այն պահը, երբ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով տվյալ կազմակերպությունը լուծարվում կամ սնակ կամ անվճարունակ է ճանաչվում կամ իրավասու մարմնի կողմից ընդունվում է նման այլ որոշում, որի հետեւանքով տվյալ կազմակերպությունը չի շարունակում կամ չի կարող շարունակել իր բնականոն գործունեությունը.

ժէ) ժամանակավոր կառավարիչ՝ վճարահաշվարկային համակարգի մասնակցիվճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը վրա հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր ադմինիստրացիան, լուծարային կամ մրցութային կառավարիչը, լուծարման հանձնաժողովը կամ նման լիազորություններ իրականացնող այլ անձ.

ժը) ներբանկային վճարահաշվարկային համակարգ՝ վճարահաշվարկային համակարգ, որում ներգրավված են միայն տվյալ բանկի կամ վճարահաշվարկային ծառայություն մատուցող անձի գլխամասային գրասենյակը եւ մասնաճյուղերը.

ժթ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարումների կատարումը ապահովող վճարահաշվարկայինհամակարգ է, կամՀայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումը ապահովող վճարահաշվարկային համակարգ է, որի օպերատորըՀՀ ռեզիդենտ է.

ի) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումը ապահովող օտարերկրյա կամ միջազգային վճարահաշվարկային համակարգ է, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ.

իա) էլեկտրոնային փողը՝ թողարկողի նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեք է, որը՝

- պահվում է էլեկտրոնային սարքի վրա,

- թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը չի կարող ավելի փոքր լինել քան թողարկված էլեկտրոնային փողի արժեքը,

- ընդունվում է որպես վճարամիջոց թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից:

ԳԼՈՒԽ II

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հոդված 4. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցները

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ կարող են լինել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետեւ՝ Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերն ու օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը (այսուհետեւ՝ բանկ), վճարահաշվարկային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող այլ անձիք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ այն կազմակերպությունները, որոնք իրենց երկրում իրավունք ունեն իրականացնել սույն օրենքով սահմանված վճարահաշվարկային եւ (կամ) նմանատիպ ծառայություններ:

2. Սույն հոդվածում չնշված անձանց արգելվում է ստեղծել հայաստանյան վճարահաշվարկային համակարգեր կամ լինել դրանց մասնակից:

Հոդված 5. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության, ինչպես նաեւ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ Կենտրոնական բանկի թույլտվությունը եւ դրա ուժը կորցրած ճանաչումը

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերը ստեղծվում եւ գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ներբանկային վճարահաշվարկային համակարգ ստեղծելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում:

2. Բանկերը եւ այլ կազմակերպությունները, որոնք իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետեւ՝ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ) Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել սույն կետով նախատեսված չափանիշների մեծություններ որոնց առկայության դեպքում սույն հոդվածի1-ին եւ 2-րդ կետերով սահմանված թույլտվությունը տրվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով կամ 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով:

Չափանիշներն են՝

ա) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների քանակը.

բ) համակարգով կատարվող առանձին վճարման ծավալը.

գ) ընդհանուր վճարումների ծավալները.

դ) մասնակիցների կապիտալի եւ վճարումների ծավալի հարաբերակցությունը.

ե) վճարահաշվարկային համակարգերի անվանացանկ (հիմք ընդունելով համակարգերին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների եւ (կամ) միջոցառումների առկայությունը):

4. Կենտրոնական բանկը կարող է փոփոխել իր կողմից սահմանված չափանիշների մեծությունները: Չափանիշների մեծությունը խստացնող Կենտրոնական բանկի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի սահմանվում:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության, ինչպես նաեւ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր տված թույլտվությունը, եթե հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը եւ (կամ) մասնակիցները, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը՝

ա) խախտել են սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները .

բ) սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքում:

6. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված չափանիշների մեծության փոփոխմանկամ վճարահաշվարկային համակարգի գործունեության փոփոխման հետեւանքով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու դեպքերում հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության դեպքում՝ դրա մասնակիցը, պարտավոր են համապատասխան փոփոխությունը ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկին՝ սույն օրենքով սահմանված կարգով նոր թուլտվություն ստանալու համար:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է վճարահաշվարկային համակարգերի համար սահմանել տեխնիկական, անվտանգության, ծրագրային, ինչպես նաեւ համակարգի գործունեության կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջներ:

8. Կենտրոնական բանկը վարում է իր կողմից տրված թույլտվությունների գրանցամատյանը: Գրանցամատյանի ձեւը, վարման կարգը, ինչպես նաեւ դրանում ներառվող տեղեկությունները,համընդհանուր ծանոթացման համար տեղեկությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Հոդված 6. Վճարահաշվարկային համակարգին ներկայացվող պահանջները

1. Կենտրոնական բանկի սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված թույլտվությունը ստանալու համար վճարահաշվարկային համակարգը պետք է բավարարի հետեւյալ պահանջներին՝

ա) ունենա վճարահաշվարկային համակարգի օպերատոր, որի գործադիր մարմնի ղեկավարը պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման պահանջներին.

բ) առկա լինի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների միջեւ կնքված սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դրույթներով գործունեության պայմանագիր,

գ) բավարարի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վճարահաշվարկային համակարգերին ներկայացվող տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության, ինչպես նաեւ համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջներին:

Հոդված 7. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության թույլտվության տրամադրումը

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու համար վճարահաշվարկային համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը՝

ա) վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու միջնորդագիր, վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից յուրաքանչյուրի իրավասու կառավարման մարմնի որոշումը համակարգին անդամակցելու մասին.

բ) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների միջեւ կնքված գործունեության պայմանագրի (պայմանագրերի) պատճենը, որում պետք է սահմանված լինի, թե ով էհանդիսանում համակարգի օպերատոր, նշվեն համակարգի մասնակիցների իրավասությունները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ վճարահաշվարկային համակարգի մասնակիցների հայեցողությամբ այլ դրույթներ.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւով տեղեկանք, որը պետք է պարունակի տեղեկություններ համակարգի մասնակիցների, մասնակիցների միջեւ պարտավորությունների բաշխման, համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին.

դ) վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը, իսկ սույն օրենքով սահմանված գործունեության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձեւ սահմանված լինելու դեպքում՝ այդ կարգով սահմանված ձեւով հաստատված կանոնակարգը: Կանոնակարգը ներառում է համակարգի գործունեության կանոնները, նախատեսված գործառույթները եւ ընթացակարգերը, կառավարման եւ կազմակերպման կարգը եւ պայմանները, դիտորդ խորհուրդ ունենալու դեպքում՝ վերջինիս ձեւավորման, գործունեության կարգը եւ պայմանները: Սույն կետով սահմանված կանոնակարգի դրույթները պարտադիր են համակարգի բոլոր մասնակիցների համար.

ե) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւով համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը, որը պետք է պարունակի համակարգի ստեղծման տնտեսական հիմնավորումը, ֆինանսավորման աղբյուրները, առաջիկա երեք տարիների համար նախատեսված եկամուտների եւ ծախսերի հաշվարկը, հեռանկարային զարգացման միտումները, համակարգում հաշվարկների բնագավառում առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը եւ դրանց կանխարգելմանը ուղղված միջոցները.

զ) վճարահաշվարկային համակարգի օպերատորի ղեկավարների մասին տեղեկանք՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւով:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետում սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է վճարահաշվարկային համակարգի գործունեության թույլտվությունը կամ մերժում էթույլտվության տրամադրումը: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:

3. Կենտրոնական բանկը մերժում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, ընդ որում՝ սույն օրենքի իմաստով կեղծ կամ անարժանահավատ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը կայացրել է որոշում, որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ եւ (կամ) արժա՟նահավատ.

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.

գ) վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգում պահպանված չեն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համակարգին ներկայացվող տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության կամ համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջները.

դ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն այդպիսի համակարգի գործունեությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը,

ե) վճարահաշվարկային համակարգի ստեղծումը կհանգեցնի համակարգի մասնակից բանկի եւ (կամ) բանկերի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափանիշներով հիմնավորված ֆինանսական վիճակի վատթարացմանը:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված թույլտվությունը ստանալու համար վճարահաշվարկային համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւով չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք, միջնորդագիր վճարահաշվարկային համակարգ ստեղծելու մասին եւ սույն հոդվածի 1-ին կետի «գ» կետով սահմանված փաստաթղթերը: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու պահից հինգ օր հետո թույլտվությունը համարարվում է տրված, եթե Կենտրոնական բանկը այդ ժամկետում չի տեղեկացնում վճարահաշվարկային համակարգի օպերատորին սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու կամ ներկայացված տեղեկությունները թերի լինելու մասին:

5. Վճարահաշվարկային համակարգի օպերատորի փոփոխման կամ համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխության վերաբերյալ որոշումը վճարահաշվարկային համակարգի օպերատորի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկ՝ համաձայնեցման:

Կենտրոնական բանկը դիմումը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է սույն հոդվածով նախատեսված համաձայնությունը, եթե տվյալ փոփոխությունը չի հակասում սույն օրենքի, այլ օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին կամ տվյալ փոփոխությամբ չի վտանգվի վճարահաշվարկային համակարգի կայունությունը կամ անվտանգությունը: Սույն կետով նախատեսված փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից:

Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

6. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կազմում կատարված փոփոխության մասին վճարահաշվարկային համակարգի օպերատորը փոփոխության կատարման պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերում սահմանված փոփոխությունների Կենտրոնական բանկ ներկայացման տեխնիկական պայմանները եւ ձեւը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

8. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման թույլտվությունն անժամկետ է:

Հոդված 8.Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը

1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար բանկերը, այլ կազմակերպությունները, որոնք իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրավունք ունեն մատուցել վճարահաշվարկային ծառայություններ (այսուհետեւ՝ դիմորդ), Կենտրոնական բանկ են ներկայացնում՝

ա) թույլտվություն ստանալու միջնորդագիրը.

բ) մասնակցության տնտեսական հիմնավորումը.

գ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը (համակարգի գործունեության նպատակը, աշխարհագրությունը, մասնակիցները, կիրառվող վճարային գործիքները, իրականացվող գործառնությունների տեսակները, վերջհաշվարկների իրականացման կանոնները).

դ) դիմորդի պարտավորությունները, իրավասությունները եւ հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին կետում սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում դիմորդի մասնակցության թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը:

Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:

3. Դիմորդի թույլտվություն ստանալու միջնորդագիրը Կենտրոնական բանկը կարող է մերժել, եթե՝

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը:

4. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում որոշակի տեսակի փոփոխության դեպքերում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է առնվազն եռամսյա ժամկետում տեղեկացնել այդ մասին Կենտրոնական բանկին: Սույն կետով նախատեսված փոփոխությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկն իրավունք ունի տեղեկացումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակցության թույլտվությունը, եթե համակարգի գործունեության կանոնների փոփոխությունը առաջացնում է սույն հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հիմքերը:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը ստանալու համար դիմորդը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով չափանիշների վերաբերյալ տեղեկանք, միջնորդագիր վճարահաշվարկային համակարգում մասնակցելու մասին եւ սույն հոդվածի 1-ին կետի «դ» կետով սահմանված փաստաթղթերը: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու պահից հինգ օր հետո թույլտվությունը համարարվում է տրված, եթե Կենտրոնական բանկը այդ ժամկետում չի տեղեկացնում դիմորդին սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու կամ ներկայացված տեղեկությունները թերի լինելու մասին:

ԳԼՈՒԽ III

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԶՈՒՏԱՑՄԱՆ ԱՆՎԵԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 9. Վճարահաշվարկային փաստաթղթերի անվերադարձելիությունը

1. Եթե վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ եւ համարվում է անվերադարձելի մինչեւ վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը, ապա վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն վճարահաշվարկային փաստաթղթով սահմանված պարտավորությունները ուժի մեջ են մնում եւ ենթակա են անվերապահ կատարման ժամանակավոր կառավարչի կողմից:

2. Եթե վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ եւ համարվում է անվերադարձելի վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահից հետո, սակայն վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը վրա հասնելու օրվա ընթացքում, ապա վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն վճարահաշվարկային փաստաթղթով սահմանված պարտավորությունները ուժի մեջ են մնում, ժամանակավոր կառավարչի կողմից ենթակա են անվերապահ կատարման այն դեպքում, եթե համակարգի օպերատորը ապացուցում է, որ տեղյակ չէր եւ (կամ) չէր կարող տեղյակ լինել մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահի մասին:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահի մասին իրավասու մարմնի որոշումը հետադարձ ուժ չունի մասնակցի այն իրավունքների կամ պարտավորությունների վրա, որոնք կապված են վճարահաշվարկային համակարգում հաշվարկների իրականացմանհետ եւ ծագել են մինչեւ վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը:

4. Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթի մուտքագրման, ինչպես նաեւ վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահը սահմանվում է վճարահաշվարկային համակարգի՝ Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կանոններով, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 10.Զուտացման անվերադարձելիությունը

1. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն համակարգում իրականացվում է զուտացում, ապա զուտացման արդյունքում վճարահաշվարկային համակարգի մասնակցի մոտ այլ մասնակցի (մասնակիցների) հանդեպ կարող է առաջանալ վճարում կատարելու միայն մեկ զուտ պարտավորություն կամ վճարում ստանալու միայն մեկ զուտ պահանջ:

2. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն վճարահաշվարկային համակարգում իրականացվում է զուտացում եւ վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ եւ համարվում է անվերադարձելի մինչեւ վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը, ապա այդ վճարահաշվարկային փաստաթղթերի զուտացումը չի կարող անվավեր ճանաչվել եւ հետ հաշվարկվել:

3. Զուտացման հիման վրա հաշվարկներ իրականացնող համակարգերում գործում են սույն օրենքի 9-րդ հոդվածի կանոնները:

Հոդված 11. ֆինանսական ակտիվների օգտագործումը Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնողմասնակցի կողմից

1. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը սկսելու օրվա դրությամբ նրա Կենտրոնական բանկում, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունում վճարահաշվարկային փաստաթղթերի կատարման հետ կապված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով դեպոնացված միջոցները (փող կամ արժեթղթեր) կարող են առանց որեւէ սահմանափակման (արգելանքի) տնօրինվել, տիրապետվել եւ օգտագործվել Կենտրոնական բանկի, քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպության կողմից սույն օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներով անվերադարձելի համարվող վճարումների վերջնահաշվարկն իրականացնելու նպատակով՝ այն չափով, որն անհրաժեշտ է վերջնահաշվարկի իրականացման համար:

2. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածների դրույթները տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի եւ 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Կենտրոնական բանկի թույլտվությամբ գործող վճարահաշվարկային համակարգերի մասնակիցների, ինչպես նաեւ այն վճարահաշվարկային համակարգերի մասնակիցների վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր եւ (կամ) հաշվարկային բանկ:

Հոդված 12. Վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանումը

1. Վճարահաշվարկային փաստաթղթերը, ինչպես նաեւ վճարահաշվարկային ծառայություններին վերաբերվող տվյալները (այդ թվում նաեւ էլեկտրոնային կրիչների վրա գտնվող) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից պահպանվում եւ արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ ժամկետով, բայց ոչ պակաս, քան վերջիններիս ստեղծման պահից հինգ տարի ժամկետով:

2. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցները բանկային հաշիվների, սույն օրենքով սահմանված այլ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման մասին պայմանագրերը, համաձայնագրերը եւ նման այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները, դրանց փոփոխությունները կամ լրացումները, պահպանում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ ժամկետներով, բայց ոչ պակաս, քան սույն կետով սահմանված պայմանագրերի, համաձայնագրերի եւ նման այլ փաստաթղթերի գործողության դադարման պահից հինգ տարի ժամկետով:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է իրենից առգրավվող փաստաթղթերի կրկնօրինակները պահպանել իր մոտ:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված փաստաթղթերի եւ տեղեկությունների պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակեր՟պու՟թյան ղեկավարը:

ԳԼՈՒԽ IV

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Վճարահաշվարկային համակարգի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքումվճարահաշվարկային համակարգի եւ դրա մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Կենտրոնական բանկը:

2. Կենտրոնական բանկը կարող է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորից եւ այլ մասնակիցներից, ինչպես նաեւ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ կապված տեղեկատվություն, անգամ եթե այդ տեղեկությունը բանկային, առեւտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություն է:

3. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային համակարգի եւ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված անձանց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների եւ տեղերում ստուգումներ իրականացնելու միջոցով:

4. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձեւերը, դրանց ներկայացման տեխնիկական պայմաններն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված անձանց մոտ Կենտրոնական բանկը ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանն ու Կենտրոնական բանկը վճարահաշվարկային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի եւ Կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիան ու Կենտրոնական բանկը վճարահաշվարկային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում Կենտրոնական բանկի եւ Արժեթղթերի հանձնաժողովի կողմից համատեղ սահմանված կարգով:

8. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործունեության նկատմամբ Կենտրոնական բանկի՝ սույն հոդվածով նախատեսված վերահսկողության իրավասության վերաբերյալ դրույթները չեն տարածվում Կենտրոնական դեպոզիտարիայի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի վրա:

Հոդված 14. Վճարահաշվարկային համակարգի դիտորդ խորհրդի վերահսկողությունը վճարահաշվարկային համակարգի մասնակիցների նկատմամբ

Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով վճարահաշվարկային համակարգի մասնակիցները կարող են ստեղծել դիտորդ խորհուրդ, որտեղ ընդգրկվում են վճարահաշվարկային համակարգի օպերատորի, ինչպես նաեւ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցների ներկայացուցիչները: Դիտորդ խորհրդի ձեւավորման, գործունեության կարգը եւ պայմանները սահմանվում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգով:

Հոդված 15. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի օպերատորին եւ այլ մասնակցին տալ նախազգուշացում եւ խախտումները վերացնելու կամ սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելու հանձնարարական: Հանձնարարականում Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ եւ որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ, որը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:

2. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հանձնարարականը չկատարելու կամ սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է արգելել վճարահաշվարկային համակարգի մասնակցի (բացառությամբ օպերատորի) գործունեությունը հայաստանյան վճարահաշվարկային համակարգում, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի դեպքում՝ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր տված թույլտվությունը:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում կրկին անգամ թույլ տալու դեպքում՝ Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել փոխել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին, իսկ նման պահանջը չբավարարելու դեպքում՝ կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության վերաբերյալ իր տված թույլտվությունը:

4. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երեք անգամ թույլ տալու դեպքում՝ Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի եւ (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում չորս եւ ավելի անգամ թույլ տալու դեպքում՝ Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի եւ (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ելկուհազարապատիկի չափով:

Սույն կետով նախատեսված տուգանքների գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Բացի սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներից վճարահաշվարկային համակարգի մասնակիցը եւ օպերատորը կրում են նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 16. Տեղեկությունների հրապարակումը

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը պարտավոր է պարբերաբար հրապարակել վճարահաշվարկային համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւով եւ հաճախականությամբ:

2. Սույն հոդվածում սահմանված դրույթները չեն տարածվում Կենտրոնական դեպոզիտարիայի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի վրա:

ԳԼՈՒԽ V

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 17. Վճարահաշվարկային ծառայություններ

1. Սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի իմաստով վճարահաշվարկային ծառայություններ են համարվում՝

ա) բանկային հաշիվների բացումը եւ վարումը,

բ) հայկական դրամով եւ (կամ) արտարժույթով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից եւ (կամ) անձանց ուղղված վճարումների ընդունումը եւ կատարումը բանկային հաշիվներով,

գ) հայկական դրամով եւ (կամ) արտարժույթով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից եւ (կամ) անձանց ուղղված վճարումների ընդունումը եւ կատարումը առանց բանկային հաշիվների,

դ) վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի եւ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ վճարային գործիքների թողարկումը,

ե) վճարային քարտերի, չեկերի, էլեկտրոնային փողերի եւ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ վճարային գործիքների սպասարկումը եւ իրացումը (տարածումը),

զ) պրոցեսինգի իրականացումը,

է) քլիրինգի իրականացումը,

ը) երրորդ անձանց համար դրամարկղային գործառնությունների իրականացումը,

թ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ վճարահաշվարկային ծառայություն մատուցող անձանց բնորոշ՝ միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործառնությունները:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել վճարահաշվարկային ծառայությունների իրականացման կանոններ եւ (կամ) վճարային գործիքների շրջանառության կանոններ եւ(կամ) հաշվարկների իրականացման ձեւեր:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները եւ հաշվարկների իրականացման ձեւեըը պետք է միեւնույնը լինեն միեւնույն տեսակի լիցենզիաունեցող վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձանց համար:

Հոդված 18. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք

1. Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք են եւ վճարահաշվարկային ծառայությունների մատուցելու իրավունք ունեն՝

ա) Կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

բ) բանկը՝ բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

գ) վճարահաշվարկային կազմակերպությունները՝ սույն օրենքին եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանը՝ գանձապետական համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիան՝ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

զ) այլ անձիք, որոնք վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, միջազգային պայմանագրերով:

2. Չեկերի, վճարային քարտերի, էլեկտրոնային փողերի եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ վճարային գործիքների սպասարկման (բացառությամբ երրորդ անձանց օգտին վճարումների ընդունման եւ կատարման հետ կապված) եւ (կամ) իրացման (տարածման) ծառայություններ կարող են մատուցել նաեւ սույն հոդվածի 1-ին կետով չնշված անձինք՝ վճարային գործիք թողարկողի կողմից կամ վճարահաշվարկային համակարգի կանոններին համաձայն տրված իրավասության հիման վրա՝ Կենտրոնական բանկի խորհրդիկողմից սահմանված ձեւով եւ կարգով տեղեկացնելով Կենտրոնական բանկին: Ընդ որում՝ Կենտրոնական բանկին չտեղեկացնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:

Սույն կետում նշված անձիք պարտավոր են Կենտրոնական բանկի պահանջով վերջինիս ներկայացնել իրենց կողմից վճարային գործիքների սպասարկման եւ (կամ) իրացման (տարածման) հետ կապված ցանկացած տեղեկատվություն, նույնիսկ եթե այն առեւտրային կամ այլ գաղտնիք է պարունակում:

Հոդված 19. Վճարահաշվարկային կազմակերպությունները

1. Վճարահաշվարկային կազմակերպությունը սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձն է: Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են՝

ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացումը,

բ) վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացումը:

2. Սույն օրենքի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի իմաստով վճարահաշվարկային կազմակերպությունների տեսակներն են համարվում՝

ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում են վճարումների ընդունումը եւ կատարումը առանց բանկային հաշիվների բացման, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից թույլատրված այլ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայություների մատուցման հետ.

բ) վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ եւ (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից թույլատրված այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունները չեն կարող իրականացնել առեւտրային, արտադրական եւ այլ տիպի գործունեություն, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերի:

4. Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված համապատասխան լիցենզիայի արգելվում է վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

5. Սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնել արտարժույթի դիլերային առուվաճառք եւ արտարժույթի առուվաճառք, ինչպես նաեւ մատուցել փոստային ծառայություններ:

Սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեություն:

7. «Վճարահաշվարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդբառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ արգելվում է նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:

8. Վճարահաշվարկային կազմակերպությունները վճարահաշվարկային ծառայությունները մատուցում են իրենց բարձրագույն կառավարման մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգին համապատասխան:

9. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ՝ համաձայնեցման:

Կենտրոնական բանկը դրանք ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափանիշներով հիմնավորված կարծիքով ռիսկեր են պարունակում եւ (կամ) հակասում են սույն օրենքին կամ այլ օրենքներին, ինչպես նաեւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին: Կ ենտրոնական բանկի կողմից նշված ժամկետում իր համաձայնության կամ մերժման մասին չտեղեկացնելու դեպքում այդ համաձայնությունը համարվում է տրված:

Սույն կետով նախատեսված փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից: Աշխատանքի կանոնակարգում լրացումների կամ փոփոխությունների Կենտրոնական բանկ ներկայացման տեխնիկական պայմաններն ու ձեւը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Հոդված 20. Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման կարգը

1. Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգով:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը.

բ) վճարահաշվարկային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությունը՝ 3 օրինակից.

գ) վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը՝ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին.

դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնակիցների եւ ղեկավարների մասին տեղեկանքը՝ կազմված Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ձեւով՝ ներառյալ մասնակցի եւ ղեկավարի անունը, հասցեն, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները:

ե) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը, որը հաստատում է նրա կառավարման բարձրագույն մարմինը եւ ներառում է նրա կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները, կարգն ու պայմանները,

զ) վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների դեպքում՝ սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի վճարումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում հավաստող փաստաթուղթ,

է) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում անհրաժեշտ դրամական միջոցների կամ արժեթղթերի դեպոնացման մասին պայմանագրի օրինակը կամ անվերադարձելի բանկային երաշխիքը,

ը) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից երկամսյա ժամկետում լիցենզավորում է վճարահաշվարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա լիցենզավորումը:

Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզավորվում է, եթե պահպանվել են հետեւյալ պահանջները՝

ա) վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների դեպքում՝ ամբողջությամբ վճարված է վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում՝ դեպոնացված են անհրաժեշտ դրամական միջոցները կամ արժեթղթերը կամ ներկայացված է անվերադարձելի բանկային երաշխիքը,

բ) վճարահաշվարկային կազմակերպության գործունեության վայրը համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական հագեցվածության, ծրագրային, անվտանգության պահանջներին, եւ վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է ապահովել իր կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների իրականացման սահմանված պայմանները, պահանջները, ժամկետները.

գ) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները համապատասխանում ենԿենտրոնական բանկի խորհրդի կողմից ներկայացվող որակավորման եւ մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին,

դ) բացակայում են սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքերը:

3. Լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպությանը տալիս է լիցենզիա:

4. Լիցենզավորման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված:

5. Կենտրոնական բանկը մերժում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը, եթե՝

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին.

գ) չեն պահպանվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները.

դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշների համաձայն վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը ռիսկեր է պարունակում:

6. Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը համարվում է լիցենզավորված՝ օրենքով սահմանված պետական տուրքը վճարված լինելու պայմանով:

7. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառակապակցությունը, լիցենզիայի համարը, լիցենզիան տալու ամսաթիվը, վճարահաշվարկային կազմակերպության անվանումը եւ գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը (եթե «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում), վճարահաշվարկային կազմակերպության պետական գրանցման համարը, գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան, լիցենզիայի գործողության ժամկետը, Կենտրոնական բանկի նախագաի ստորագրությունը եւ Կենտրոնական բանկի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձեւը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձեւը, վարման կարգը, ինչպես նաեւ դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Հոդված 21. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները, դրանց հաշվառումը

1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում հաշվառման պահից: Օտարերկրյա պետություններում վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը եւ (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հաշվառման կարգը, հաշվառման համար պահանջվող տեղեկությունների եւ փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառման դիմումը Կենտրոնական բանկի խորհուրդը բավարարում կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը եւ տալիս է հաշվառման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վճարահաշվարկային կազմակերպությանը:

4. Կենտրոնական բանկը կարող է մերժել մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառման դիմումը, եթե՝

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին.

գ) դիմումի տրմանը նախորդող մեկտարյա ժամկետում, ինչպես նաեւ դիմումի քննարկման ժամանակահատվածում վճարահաշվարկային կազմակերպությունը թույլ է տվել սույն օրենքի եւվճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի երեք եւ ավելի խախտումներ,

դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի գործունեության վայրը կամ պայմանները չեն համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

5. Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը հաշվառումից հանվում է՝

ա) վճարահաշվարկային կազմակերպության դիմումի հիման վրա՝ դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում.

բ) վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուդեպքում:

ԳԼՈՒԽ VI

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Հոդված 22. Վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշները եւ որակավորման կարգը

1. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ են համարվում վճարահաշվարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը:

2. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը հանված կամ մարված չէ.

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին.

ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղե՟ցույցով հիմնավոր՟ված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ ան՟ձի՝ որպես վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել վճարահաշվարկային կազմակերպության սնան՟կացմանը կամ ֆինանսական վի՟ճակի վատթարացմանը:

3. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները եւ կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է սահմանվել, որ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության քննություններն անցկացվում են այլ մասնագիտացված անձանց կողմից:

4. Անձը կարող է վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար աշխատել Կենտրոնական բանկում գրանցվելու պահից, ընդ որում, գրանցվելու համար անձըպետք է ունենա վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական: Սույն կետով նախատեսված գրանցումը կատարվում է դիմելու պահից տասնօրյա ժամկետում:

Հոդված 23. Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվը եւ այլ պահանջները

1. Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվում է կանոնադրական կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվը: Տնտեսական նորմատիվի սահմանաչափերը, հաշվարկման կարգը եւ հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Տնտեսական նորմատիվը պարտադիր է եւ պետք է նույնը լինի միեւնույն տեսակի բոլոր վճարահաշվարկային կազմակերպությունների համար:

Կենտրոնական բանկի կողմից տնտեսական նորմատիվի ռեժիմը խստացնելու դեպքում այդ նորմատիվն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական հրապարակմանպահից վեց ամիս հետո: Կենտրոնական բանկի կողմից տնտեսական նորմատիվի ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, եթե Կենտրոնական բանկն ավելի ուշ ժամկետ չի սահմանել:

2.Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պետք է դեպոնացնի դրամական միջոցներ կամ արժեթղթեր կամ ներկայացնի անվերադարձելի բանկային երաշխիք:

Սույն կետով նախատեսված դեպոնացվող գումարի չափը, արժեթղթերի տեսակները, գումարի եւ արժեթղթերի դեպոնացման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաեւ բանկային երաշխիքի պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

Ընդ որում՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանվում է դեպոնացվող գումարի կամ արժեթղթերի նվազագույն չափը, ինչպես նաեւ այն գործակիցը, որը կարող է կիրառվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության համար՝ ելնելով տվյալ կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների քանակից եւ (կամ) փոխանցումների ծավալներից եւ (կամ) աշխարհագրությունից եւ (կամ) կիրառվող վճարային գործիքից: Ընդ որում՝ գործակիցը կարող է սահմանվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության կամ կազմակերպությունների խմբերի համար:

3. Դեպոնացված գումարը, արժեթղթերը, բանկային երաշխիքը հանդիսանում են երաշխավորող միջոց, որը կարող է օգտագործվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության պարտավորությունները այն անձանց նկատմամբ մարելու համար, որոնք դրամական միջոցներ են տրամադրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը կամ որոնց օգտին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը դրամական միջոցներ է ստացել՝ դրամական փոխանցումներ կատարելու նպատակով: Պարտավորությունների մարման կարգը, պայմանները, ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը տնօրինել դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը, եթե բացակայում են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված չմարված պարտավորությունները:

5. Դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքըչեն կարող օգտագործվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության այլ պարտավորությունների մարման համար, քան սահմանված են սույն հոդվածի 3-րդ կետով, իսկ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության օրենքով սահմանված հիմքերով լուծարման (ինքնալուծարման) դեպքում չեն ընդգրկվում օրենքով սահմանված լուծարային միջոցների կազմում:

Հոդված 24. Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման գծով վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իր իրավական ակտերով սահմանած կարգով:

2. Կենտրոնական բանկի ծառայողները վճարահաշվարկային կազմակերպություններում ստուգումներն ու վերստուգումները կատարում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ժամկետներում, դեպքերում եւ հաճախականությամբ:

Հոդված 25. Հաշվապահական հաշվառումը եւ ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների եւ աուդիտային եզրակացության հրապարակումը

1. Վճարահաշվարկային կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը վարում են Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան: Վճարահաշվարկային կազմակերպությունները առանձին վարում են վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում, որի կարգը սահմանում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված:

2. Վճարահաշվարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում կազմում, հրապարակում եւ Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ հաշվետվություններ:

3. Յուրաքանչյուր տարի վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվակային բնագավառում գործունեությունը ստուգվում է աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որին ընտրում է վճարահաշվարկային կազմակերպությունը:

4. Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում:

5. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, հրապարակել իրենցտարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտային եզրակացությունը՝ առնվազն երկուհազար տպաքանակ ունեցող մամուլում:

6. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց վճարահաշվարկային գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ Կենտրոնական բանկիխորհրդի սահմանած կարգով եւ հաճախականությամբ:

ԳԼՈՒԽ VII

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 26. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումները

Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե՝

ա) վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել օրենքների եւ այլ իրավական ակտերիխախտումներով.

բ) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգի դրույթները.

գ) խախտվել են հաշվապահական հաշվառման կանոնները, հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման եւ հրապարակման կարգն ու պայմանները, եւ (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ.

դ) վճարահաշվարկային կազմակերպությունը չի կատարել սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականը.

ե) խախտվել են վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվները.

զ) չի վճարվել տարեկան պետական տուրքը:

Հոդված 27. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները

1. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցներից մեկը՝

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք (վճարահաշվարկային կազմակերպության կամ դրա ղեկավարի նկատմամբ).

գ) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում.

դ) լիցենզիայի գործողության կասեցում.

ե) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2.Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական կարող է կիրառել, եթե վճարահաշվարկային կազմակերպությունը՝

ա) վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի խախտումներով.

բ) խախտել է հաշվապահական հաշվառման կանոնները, ֆինանսական եւ այլ հաշվետվությունների եւ (կամ) տեղեկատվության ներկայացման եւ (կամ) հրապարակման կարգն ու պայմանները.

գ) սույն կետի բ) ենթակետում նշված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տվյալներ է արտացոլել.

դ) խախտել է վճարահաշվարկային կազմակերպության համար սահմանված տնտեսական նորմատիվները:

Նախազգուշացմամբ եւ խախտումները վերացնելու հանձնարարականով Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ եւ որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ: Նախազգուշացմամբ տրված հանձնարարականը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:

3. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել տուգանք, եթե վճարահաշվարկային կազմակերպությունը՝

ա) խախտել է վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվները.

բ) չի կատարել կամ սահմանված ժամկետում չի կատարել Կենտրոնական բանկի կողմից նախազգուշացմամբ տրված հանձնարարականը:

4. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներին որակավորման վկայականից կարող է զրկել, եթե նրանք՝

ա) խախտել են սույն օրենքի եւ դրա հիման վրա այլ իրավական ակտերի կամ վճարահաշվարկային կազմակերպության գործունեության կանոնակարգի դրույթները.

բ) իրենց հաճախորդների շահերին հակասող անձնական շահերից բխող գործողություններ են իրականացրել.

գ) խոչընդոտել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության իրականացմանը.

դ) Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականները կատարելու համար չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:

5. Կենտրոնական բանկը կասեցնում է վճարահաշվարկային կազմակերպության գործունեության լիցենզիան, եթե վճարահաշվարկային կազմակերպությունը դիքում է ներկայացնում Կենտրոնական բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տարեկան պետական տուրքը չի վճարվում:

Լիցենզիայի գործողության կասեցման մասին վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով կամ, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետեւայֆքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, ֆինանսական համակագին կամ հասարակական կարգին, հանրության շահերին, այռոց իրավուքններին եւ ազատություններին, պատվին եւ բարի համբավին:

6. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե վճարահաշվարկային կազմակերպությունը՝

ա) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի կամ վճարահաշվարկային կազմակերպության գործունեության կանոնակարգի դրույթների այնպիսի խախտումներ է թույլ տվել, որոնց հետեւանքով հաճախորդները կրել են կամ կարող են կրել ֆինանսական կամ այլ վնանսներ.

բ) պարբերաբար չի կատարել Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականները.

գ) լիցենզիա ստանալիս Կենտրոնական բանկ է ներկայացվել կեղծ, խեղաթյուրված կամ անարժանահավատ տեղեկատվություն.

դ) օրենքով նախատեսված հիմքերով դադարել է վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը.

ե) մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ խոչընդել է Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության իրականացմանը:

Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվելու պահից:

7. Վճարահաշվարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի նկատմամբ որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց կարող է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ կիրառվել նաեւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուապատիկի չափով: Ընդ որում՝ յուրաքանչյուր խախտման համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին կետի «ա» եւ «գ» ենթակետերով սահմանված պատասխանատվության միջոցներից մեկը եւ սույն կետով սահմանված լրացուցիչ պատասխանատվության միջոցը: Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով դատարանի որոշմամբ, եթե վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը համաձայն չէ տուգանքի նշանակման հետ:

8. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը վճարահաշվարկային կազմակերպությանը չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:

9. Վճարահաշվարկային կազմակերպությունների եւ դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Միեւնույն ֆինանսական տարվա ընթացքում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված խախտումների առաջին դեպքի համար վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ կիրառվում էտուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, երկրորդ խախտման դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, երրորդ խախտման համար՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ չորրորդ եւ հետագա խախտումների համար՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

11. Վճարահաշվարկային կազմակերպության լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ տվյալ կազմակերպական-իրավական տեսակի վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը վճարահաշվարկային ծառայություններ մատուցելուց բացի իրականացնում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված այլ գործունեություն, ապա այլ գործունեության դադարեցումը հիմք չէ վճարահաշվարկային կազմակերպության լուծարման համար:

ԳԼՈՒԽ VIII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Լիցենզավորման եւ ղեկավարների որակավորման հետ կապված վճարները

1. Սույն օրենքով սահմանված լիցենզիաների կան դրանց կրկնօրինակների տրման, լիցենզիայի վերաձեւակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, որակավորման քննությանը մասնակցելու համար գանցվում է (վճարվում է) պետական տուրք՝ «Պետական տուրքի մա՟սին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով:

2. Կենտրոնական բանկում մասնա՟գիտական համապատասխանության եւ որակավորման քննու՟թյուններ անցկացնելու, որակավորման վկայականներ տրամադրելու, կորցրած վկայականները վերականգնելու համար Կենտրոնական բանկը կա՟րող է գանձել ծառայության վճար՝ իր սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վեց ամիս հետո:

Հոդված 30. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝

ա) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք ստեղծել են վճարահաշվարկային համակարգեր պարտավոր են դիմել եւ ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը սույն օրենքով եւ սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով,

բ) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք մասնակցում են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում պարտավոր են դիմել եւ ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը սույն օրենքով եւ սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով,

գ) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացել են վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա, պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Նշված կազմակերպություններին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրամադրված լիցենզիաները վերաձեւակերպվում են: Լիցենզիաների վերաձեւակերպման համար պետական տուրք չի գանձվում,

դ) այն կազմակերպությունները, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որպես հիմնական գործունեություն իրականացրել են սույն օրենքով սահմանված վճարահաշվարկային կազմակերպության գործունեություն, սակայն չեն ունեցել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման լիցենզիա, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով դիմում են Կենտրոնական բանկ՝ որպես վճարահաշվարկային կազմակերպություն լիցենզավորվելու համար: Կենտրոնական բանկը լիցենզավորում է նշված անձանց, եթե պահպանվել են սույն օրենքով սահմանված պահանջներն ու պայմանները,

ե) վեցամսյա ժամկետում սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընդ որում՝ Կենտրոնական բանկին չտեղեկացնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը չկատարելու դեպքում սահմանված ժամկետի ավարտից հետո վճարահաշվարկային համակարգի գործունեությունը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցությունը, վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը համարվում են դադարած եւ վճարահաշվարկային կազմակերպությունը ենթակա է լուծարման: