Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ»:
Հոդված 2. Օրենքի նախաբանում, 2-րդ, 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերում, 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 3-9-րդ հոդվածներում եւ 11-21-րդ հոդվածներում, 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «ընտանիքում» բառից հետո լրացնել «եւ կենցաղային» բառերը:
Հոդված 3.
7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում, 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում,
20-րդ հոդվածի 5-րդ մասում, 22-րդ հոդվածի 2-րդ մասում «եղող» բառը փոխարինել «գտնվող» բառով:
Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կանոնակարգում է ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում եւ կենցաղային բռնության հասկացությունը, ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:»:
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ընտանիքում եւ կենցաղային բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնի արարքը, անտեսումը կամ հետամտումը, որոնք կատարվել են ընտանիքի անդամների կամ զուգընկերների կամ նախկին զուգընկերների միջեւ.».
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ֆիզիկական բռնություն` անձի կամքին հակառակ ֆիզիկական բնույթի արարքը՝ ներառյալ բժշկական, այդ թվում հոգեբուժական բնույթի միջամտությունների ենթարկվելուն պարտադրելը, բժշկական օգնություն ստանալուց զրկելը կամ նման օգնությանը խոչընդոտելը, ֆիզիկական ցավ պատճառելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ սպանությունը, առողջությանը ծանր, միջին ծանրության կամ թեթեւ վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ֆիզիկական ներգործությունը, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը, վտանգի մեջ թողնելը.».
3) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) սեռական բռնություն` անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով` սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները.».
4) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) հոգեբանական բռնություն՝ անձին հոգեբանական ճնշում, հոգեկան տառապանք պատճառելը, ներառյալ՝ անձի ինքնագնահատականի եւ արժանապատվության պարբերաբար նվաստացումը, հարազատ երեխաների, ընկերների եւ հարազատների հետ շփումներն արգելելը կամ դրանց խոչընդոտելը, ինչպես նաեւ վերահսկողություն կիրառելը, ինքնավնասման կամ ինքնասպանության սպառնալիքով ճնշում գործադրելը, ֆիզիկական, տնտեսական բռնություն գործադրելու, տնային կենդանիներին վնասելու սպառնալիքը, դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ հարազատի կամ զուգընկերոջ կամ ընկերոջ կամ խնամքի տակ գտնվողի անվտանգության համար, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ հոգեկան ներգործությունը կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինքնասպանությանը հասցնելը կամ հակելը, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը.».
5) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4) տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածության մեջ դնելը, նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, օրենքով սահմանված նպաստ կամ կենսաթոշակ, այդ թվում՝ երեխայի համար տրամադրվող, աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ) զրկելը, անձին սեփականության իրավունքով պատկանող կամ նրա կողմից տնօրինվող գույքը վնասելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կամքին հակառակ նրան վարկային կամ ֆինանսական գործարքներում ներգրավելը, անձին սեփականության իրավունքով պատկանող միջոցները եւ գույքը կտակելուն կամ նվիրաբերելուն հարկադրելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը.».
6) 2-րդ մասի 5-րդ կետում «օրինական» բառերից առաջ լրացնել «այլ» բառը.
7) 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝. «6) հետամտում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ անձին հետամտելը.»:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ընտանիքի անդամներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում` խորթ ծնողը, որդեգրողը, խնամատար ծնողը, երեխան (նաեւ որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները, տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար` փեսան եւ հարսը.».
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) աջակցության կենտրոն՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ հավաստագրված Լիազոր մարմնի կողմից (այսուհետ` Լիազոր մարմին).».
3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) ապաստարան (ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց (այսուհետ՝ շահառուներ)` սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան, հավաստագրված Լիազոր մարմնի կողմից, որտեղ շահառուները ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ.».
4) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «5) ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, այդ թվում ընտանիքի ներսում բռնությանը ականտես երեխան, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում եւ կենցաղային բռնությունից.».
5) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «6) խնամքի տակ գտնվող անձ` երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, առողջական կամ այլ հանգամանքներով անօգնական վիճակում գտնվող անձ, որը բնակվում է ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձի հետ, եւ որին վերջինս մշտապես հոգ է տանում.».
6) Լրացնել նոր՝ 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «10) զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից:»:
Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գործ հարուցելուն» բառը փոխարինել «վարույթ նախաձեռնելուն» բառով:
Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին եւ անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա էլեկտրոնային փոստին կամ հաշվառման վայր՝ պատվիրված փոստի միջոցով: Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով սահմանված եղանակներից որեւէ մեկով ծանուցելու պահից:».
3) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:».
2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը սահմանվում է 20-25 օր:».
3) 7-րդ մասը «փոստի միջոցով:» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնվում է ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում՝ որոշման պատճենն ուղարկվում է նրա էլեկտրոնային փոստին կամ նրա հաշվառման վայրի հասցեով՝ պատվիրված փոստի միջոցով:».
4) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչեւ ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից առաջին անհրաժեշտության իրերը հավաքելը եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից հեռանալը:».
5) 8-րդ մասը «ուղեկցությամբ:» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը որոշում է կայացնում ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու մասին, իրավասու ծառայողը չի հեռանում մինչեւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձի եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը:».
6) 10-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է մինչեւ դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում:».
7) 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4.Պաշտպանական որոշումը կայացվում է 4-12 ամիս ժամկետով եւ կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել` մինչեւ վեց ամիս ժամկետով:».
2) 5-րդ մասի 1-ին կետի «այլ վայրերի» բառերից հետո լրացնել «,այդ թվում՝ ժամանակավոր կացարանի» բառերը.
3) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը եւ հաշվառումից հանելը, ընտանիքում եւ կենցաղային բռնության դեպքերի մշտադիտարկումը».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանիքում եւ կենցաղային բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:».
3) Լրացնել նոր մասերով, հետեւյալ բովանդակությամբ. «1.1. Աջակցության կենտրոն դիմած շահառուների շրջանում ընտանիքում եւ կենցաղային բռնությունը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը՝ բռնության ենթարկված անձանց հետ հանդիպումների, զանգերի եւ հաղորդակցման այլ միջոցների կիրառմամբ՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով:
1.2. Կանխարգելիչ հաշվառման շրջանակում անչափահաս անձի կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է ոստիկանությունը` ներքին գործերի նախարարի սահմանած կարգով:».
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3. Ոստիկանության իրավասու ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց հետ եւ բացատրական աշխատանքներ իրականացնում:».
5) Լրացնել նոր՝ 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «4. Հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձանց նկատմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան մասնագետի որոշմամբ՝ ոստիկանությանը ներկայացված գրության հիման վրա՝ հոգեբույժի պարտադիր մասնակցությամբ:»:
Հոդված 13. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «Հոգեբուժական օգնության մասին» բառերը փոխարինել «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» բառերով:
Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածը՝
1) 1-ին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերում «լիազոր հանրապետական գործադիր մարմինը» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը» բառերով.
2) լրացնել նոր՝ 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «3. Ընտանիքում եւ կենցաղային բռնության դեմ պայքարի պետական ռազմավարությունը, բռնության ենթարկված անձանց ուղղորդման կարգը եւ բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում Լիազոր մարմինը`
1) մշակում է պետական ռազմավարությունը եւ համակարգում դրանից բխող միջոցառումների իրականացումը.
2) մշակում է ընտանիքում եւ կենցաղային բռնությունից տուժած անձանց ուղղորդման կարգը.
3) իրականացնում է ընտանիքում եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, այնպես էլ վերջիններիս չգրանցած աջակցության կենտրոնների եւ ապաստարանների տրամադրած տվյալները, եւ դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաեւ այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.
4) ուսումնասիրում է ընտանիքում եւ կենցաղային բռնության պատճառները, պայմանները եւ հետեւանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված պետական ծրագրեր.
5) իրականացնում է ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների եւ ապաստարանների հավաստագրումը՝ Կառավարության սահմանած կարգով.
6) ոչ առեւտրային իրավաբանական անձանց հետ կնքում ապաստարանի եւ աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր՝ կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձեւի հիման վրա եւ վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով.
7) վերահսկում է ապաստարանների կողմից Կառավարության սահմանած՝ ապաստարանին եւ դրա անձնակազմին ներկայացվող պահանջների պահպանումը.
8) պարբերաբար կազմակերպում է աջակցության կենտրոնների եւ ապաստարանների աշխատակիցների վերապատրաստում, այդ թվում` ոլորտի հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ.
9) հանրության համար հասանելի կերպով տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է կապի այն միջոցների ցանկը (ներառյալ՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածների համար նախատեսված անվճար «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարները, որոնք աջակցության կենտրոնները եւ ապաստարանները պարտավոր են ունենալ), որոնցով ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածները, նրանց ընտանիքի անդամները եւ այլ անձինք կարող են անհապաղ կապ հաստատել աջակցության կենտրոնների եւ ապաստարանների աշխատակցի կամ կենտրոնների կողմից ներգրավված համապատասխան մասնագետի հետ եւ ստանալ անհրաժեշտ անհատույց, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ նաեւ նրանց համար մատչելի օգնություն.
10) ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ բացում է ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար եւ տնօրինում այն՝ Կառավարության սահմանած կարգով: Հաշվեհամարի միջոցները ձեւավորվում են պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվություններից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից.
11) ընտանիքում եւ կենցաղային բռնությունը կանխարգելելու նպատակով՝ աջակցման կենտրոն եւ ապաստարան դիմած անձանց շրջանում սահմանում է մշտադիտարկման իրականացման մեխանիզմները.
12) Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինների եւ հատուկ կառույցների հետ մշակում է ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը.
13) Լիազոր մարմնին ենթակա Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ ներպետական հասարակական կազմակերպությունների հետ՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ ըստ անհրաժեշտության, սոցիալական ծառայություններից օգտվելու գործընթացում աջակցելու եւ համապատասխան մարմիններ ուղղորդելու համար:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների եւ այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմում ընդգրկվում են՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության ներկայացուցիչներ.
2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
3) աջակցության կենտրոնների եւ ապաստարանների ներկայացուցիչներ:»:
Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում Ներքին գործերի նախարարությունը`
1) ապահովում է ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը. մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը եւ գործունեության այլ առանձնահատկությունները` ներքին գործերի նախարարը:».
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաեւ կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ.».
3) 3-րդ կետի «անձանց» բառից հետո լրացնել «իրազեկում է սույն օրենքի
5-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցների մասին,» բառերը:
Հոդված 17. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կրթության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի լիազորություններն ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում».
2) 1-ին մասի «լիազոր հանրապետական գործադիր մարմինը» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 18. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի լիազորություններն ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը`
1) ապահովում է ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.
2) բժշկական հաստատություններում պարբերական վերապատրաստումներ է իրականացնում ընտանիքում եւ կենցաղային բռնության արդյունքում բժշկական օգնության դիմած անձանց հասանելի հոգեբանական եւ այլ ծառայությունների մասին տեղեկացնելու,նրանց աջակցության կենտրոններ ուղղորդելու վերաբերյալ:»:
Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «6) նախազգուշացման եւ անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկվածին առաջարկում է սույն օրենքով նախատեսված աջակցությունների տրամադրում.».
3) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
4) Լրացնել նոր՝ 10-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ. «10) ներկայացնում է ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելմանը վերաբերող քաղաքականության եւ ընտանիքում եւ կենցաղային բռնությունից տուժած անձանց մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկներ:»:
Հոդված 20. Օրենքի 20-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Լիազոր մարմինը ոչ առեւտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել նրանց կողմից ապաստարան հիմնադրելու կամ արդեն հիմնադրված ապաստարանի գործունեության աջակցության մասին պայմանագիր, որը պետք է պարունակի նաեւ այդ ապաստարանի գործունեության նկատմամբ Լիազոր մարմնի` հսկողություն իրականացնելու կարգը, այդ թվում` տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ: Ֆինանսավորվող ոչ առեւտրային իրավաբանական անձն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող մրցույթով:».
2) 4-րդ մասի «կրթության պայմաններով» բառերից հետո լրացնել «, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններով» բառերը.
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «5. Շահառուները կարող են ապաստարանում տեղավորվել, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն: Ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ` առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի: Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում կարող են կայացնել`
1) ոստիկանությունը` կյանքին եւ առողջությանն սպառնացող վտանգի դեպքում.
2) աջակցության կենտրոնը` գնահատված կարիքի հիման վրա, ստանալով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի եզրակացությունը:»:
Հոդված 21. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հարջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: