Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-053-25.07.2003-ՖՎ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության բնագավառում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները, վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, ինչպես նաեւ կարգավորում է երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների եւ վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտների միջեւ հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

Երկակի նշանակության ապրանքներ եւ տեխնոլոգիաներ (այսուհետ` վերահսկվող ապրանքներ) - հումք, նյութեր, սարքավորումներ, գիտատեխնիկական տեղեկատվություն, ծառայություններ, մտավոր սեփականության օբյեկտներ, որոնք կիրառելի են քաղաքացիական նպատակների համար ու իրենց բնույթին եւ հատկություններին համապատասխան կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի եւ դրա փոխադրման միջոցների ստեղծման համար.

զանգվածային ոչնչացման զենք - միջուկային, քիմիական եւ բակտերիոլոգիական (կենսաբանական) զենք.

փոխադրման միջոցներ - հրթիռներ եւ հեռակառավարվող (առանց օդաչուի) թռչող սարքեր, որոնք ունակ են փոխադրելու զանգվածային ոչնչացման զենք.

արտահանում – վերահսկվող ապրանքների դուրս հանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից՝ մշտական կամ ժամանակավոր տեղակայման, օգտագործման նպատակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք հետադարձ արտահանման պարտավորությամբ ներմուծվող վերահսկվող ապրանքների արտահանումը նույն արտահանող երկիր.

արտահանման վերահսկողություն - սույն օրենքով սահմանված վերահսկվող ապրանքների արտահանման եւ տարանցիկ փոխադրման առումով միջոցառումների ամբողջություն, որի նպատակն է այդ արտահանման կարգի խախտումների հայտնաբերումը, կանխումը եւ խափանումը.

արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագիր - կազմակերպչական, վարչական, տեղեկատվական եւ այլ բնույթի միջոցառումներ, որոնք իրականացնում են առեւտրային կազմակերպությունները արտահանման վերահսկողության կանոնները պահպանելու նպատակով.

վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտներ (այսուհետ՝ արտահանող սուբյեկտ)- իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, կազմակերպություններ, որոնք իրականացնում են վերահսկվող ապրանքների արտահանում.

վերջնական օգտագործող- օտարերկրյա կազմակերպություն, իրավաբանական եւ ֆիզիկական անձ, որը Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող վերահսկվող ապրանքի իրական օգտագործողն է:

Արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմներ – զանգվածային ոչնչացման զենքի եւ դրանց փոխադրման միջոցների, ինչպես նաեւ դրանց ստեղծման համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների եւ երկրակի նշանակության ապրանքների վերահսկողության եւ չտարածման նպատակով ընդհանուր քաղաքականություն իրականացնող պետությունների միավորումներ:

Հոդված 3. Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Արտահանման վերահսկողության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները

Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը հանդիսանում է նրա ներքին եւ արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը եւ իրականացվում է բացառապես պետության անվտանգության, նրա քաղաքական եւ ռազմական շահերը ապահովելու նպատակով:

Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը իրականացվում է հետեւյալ հիմնական սկզբունքների հիման վրա`

ա) զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաեւ վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման.

բ) վերահսկվող ապրանքների արտահանման թույլատվական մեխանիզմի, իսկ տարանցիկ փոխադրման դեպքում ծանուցման կիրառման.

գ) արտահանման վերահսկողության վերաբերյալ հարցերում օրինականության, հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովման.

դ) Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի առաջնայնության.

ե) արտահանման վերահսկողության իրականացման միայն այն չափով, որն անհրաժեշտ է դրա նպատակներին հասնելու համար.

զ) միջազգային նորմերին եւ պրակտիկային արտահանման վերահսկողության մեթոդների եւ ընթացակարգերի համապատասխանեցման եւ ներդաշնակեցման.

է) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաեւ վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում համագործակցության:

Հոդված 5. Արտահանման վերահսկողության նպատակները

Արտահանման վերահսկողության նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

բ) զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաեւ վերահսկվող ապրանքների արտահանման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.

գ) միջազգային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Հոդված 6. Վերահսկվող ապրանքների ցանկերը (ցուցակները)

Վերահսկվող ապրանքների ցանկերը (ցուցակները) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ II.

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 7. Արտահանման վերահսկողության հանձնաժողովը

1. Արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման եւ իրականացման, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեության համակարգման եւ արդյունավետ համագործակցության ապահովման, ինչպես նաեւ արտահանման վերահսկողության ուղղությամբ աշխատանքների կազմակերպչամեթոդական ղեկավարումը իրականացնելու նպատակով ստեղծվում է արտահանման վերահսկողության հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի գործառույթներն են.

ա) Հայաստանի Հանրապետությունում արտահանման վերահսկողության զարգացման եւ կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը.

բ) վերահսկվող ապրանքների ցուցակների մշակման աշխատանքների համակարգումը.

գ) վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը կամ մերժումը.

դ) արտահանման վերահսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկումը.

ե) արտահանման վերհասկողության ոլորտում գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների տարաձայնությունների քննարկումը եւ դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակումը.

զ) սույն օրենքի 13 հոդվածում սահմանված փաստաթղթերի ընդունման եւ արտահանման վերահսկողության բնագավառում գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ քննարկման կազմակերպումը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արտահանող սուբյեկտների հաշվառման իրականացումը.

ը) արտահանող սուբյեկտներին արտահանման վերահսկողության վերաբերյալ օրենսդրության եւ արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.

թ) վերահսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման վերաբերյալ արտահանող սուբյեկտի ծանուցումների ընդունումը եւ գրանցումը, արտահանման վերահսկողության գործընթացի մասնակից իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրման կազմակերպումը:

3. Հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Արտահանման վերահսկողության նպատակների համար պետական մարմիների՝ տեղեկատվություն ստանալը

1. Արտահանման վերահսկողության բնագավառում գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն պահանջել եւ ստանալ վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտներից փաստաթղթեր, տեղեկատվություն, գրավոր եւ բանավոր բացատրություններ, որոնք անհրաժեշտ են արտահանման վերահսկողության նպատակների համար:

2. Արտահանող սուբյկետները պատասխանատվություն են կրում արտահանման վերահսկողության նպատակների համար արտահանման վերահսկողության ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններին ներկայացվող տեղեկատվության հավաստիության համար:

3. Արտահանող սուբյեկտների կողմից արտահանման վերահսկողության ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններին տրամադրվող տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես արտահանման վերահսկողության նպատակների համար:

4. Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկատվությունը չի կարող հրապարակվել, օգտագործվել վերոհիշյալ մարմինների պաշտոնատար անձանց կողմից անձնական նպատակներով, տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 9. Կազմակերպությունների արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագիրը

Արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագրերի ստեղծումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության եւ անվտանգության պահպանման բնագավառում պետական կարիքների բավարարման նպատակով գիտական եւ (կամ) արտադրական գործունեություն իրականացնող կամ վերահսկվող ապրանքների հետ կապված մշտապես արտաքին տնտեսական գործարքներ իրականացնող առեւտրային կազմակերպությունների համար:

Հանձնաժողովն աջակցում է առեւտրային կազմակերպություններում արտահանման վերահսկողության ներկազմակերպական ծրագրերի ստեղծմանը եւ տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական-մեթոդական աջակցություն:

ԳԼՈՒԽ III

ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 10. Վերահսկվող ապրանքների արտահանմանը ներկայացվող պահանջները

Վերահսկվող ապրանքների արտահանումն իրականացվում է միայն վերջնական օգտագործողի գրավոր պարտավորության առկայության դեպքում, որի համաձայն նշված ապրանքները չպետք է օգտագործվեն զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման միջոցների ստեղծման նպատակով եւ վերաարտահանվեն կամ երրորդ կողմին փոխանցվեն առանց Հանձնաժողովի թույլտվության:

Հանձնաժողովն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պահանջել օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի գրավոր հավաստումը՝ վերահսկվող ապրանքի զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման միջոցների ստեղծման նպատակով չօգտագործելու վերաբերյալ, ինչպես նաեւ վերահսկվող ապրանքների օգտագործման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարման ստուգման իրավունք:

Հոդված 11. Վերահսկվող ապրանքների արտահանման եւ տարանցիկ փոխադրման արգելքները եւ սահմանափակումները

Վերահսկվող ապրանքների արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը կարող է իրականացվել ցանկացած պետություն, բացառությամբ այն պետությունների, ուր այդպիսի արտահանումը արգելված է կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան:

Հոդված 12. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվությունը

1. Հայաստանի Հանրապետությունից վերահսկվող ապրանքների արտահանումը իրականացվում է Հանձնաժողովի կողմից տրվող թույլտվության հիման վրա:

2. Թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 13. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն ստանալը

1. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար սուբյեկտը Հանձնաժողովին ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը՝

ա) դիմում, որտեղ նշվում է իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության եւ գործունեության իրականացման վայրերը.

բ) վերահսկվող ապրանքների արտահանմանն առնչվող փաստաթղթեր.

գ) սույն օրենքի 10-րդ հոդվածում նախատեսված փաստաթուղթը կամ փաստաթղթերը.

դ) վերահսկվող ապրանքների՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ցանկին (ցուցակին) պատկանելիության վերաբերյալ 15-րդ հովածում սահմանված կարգով իրականացված մասնագիտական փորձաքննությամբ տրված փորձագիտական եզրակացությունը.

ե) արտադրողի անվանումը:

2. Վերահսկվող ապրանքների ժամանակավոր արտահանումը, մասնավորապես սեփական կարիքները հոգալու համար կամ ցուցահանդեսներում ցուցադրելու նպատակով, թույլատրվում է Հանձնաժողովի կողմից, պայմանով, որ դրանք կմնան այդ ապրանքները արտահանողի անմիջական հսկողության ներքո եւ կվերադարձվեն Հայաստանի Հանրապետություն սահմանված ժամկետներում:

3. Վերահսկվող ապրանքների արտահանման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումը ընդունվում է դիմումը Հանձնաժողովին ներկայացնելու պահից սկսած 45 օրվա ընթացքում:

Որոշման ընդունման մասին արտահանող սուբյեկտին հայտնվում է գրավոր` որոշման կայացման պահից 5 օրվա ընթացքում: Թույլտվությունը մերժելու դեպքում գրավոր պատասխանում նշվում են մերժման պատճառները:

Հոդված 14. Թույլտվության մերժումը կամ գործողության դադարումը

1. Թույլտվությունը մերժվում է հետեւյալ հիմքերով`

ա) սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերի ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը.

բ) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերահսկվող ապրանքների արտահանման արգելքների եւ սահմանափակումների առկայությունը.

գ) վերահսկվող ապրանքների արտահանման հետեւանքով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս հասցնելու կամ դրա սպառնալիքի առկայությունը.

դ) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին հակասելը.

ե) նախկինում արտահանող սուբյեկտի կողմից թույլ տրված արտահանման վերահսկողության կանխամտածված խախտումների առկայությունը:

2. Հանձնաժողովի կողմից տրված թույլտվության գործողությունը կարող է դադարել հետեւյալ դեպքերում.

ա) արտահանող սուբյեկտի դիմումի հիման վրա.

բ) արտահանող սուբյեկտի լուծարման դեպքում.

գ) եթե թույլտվությունը տրամադրվել է կեղծ կամ խեղաթյուրված փաստաթղթերի հիման վրա.

դ) սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ» եւ «դ» կետերով նախատեսված հիմքերի ի հայտ գալը.

ե) արտահանող սուբյեկտի կողմից արտահանման վերահսկողության բնագավառը կարգավորող իրավական ակտերի խախտումը:

Հոդված 15. Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննությունը

1. Արտահանող սուբյեկտը արտահանման նպատակով պարտավոր է սույն օրենքի 6-րդ հոդվածում նախատեսված ցանկերում (ցուցակներում) նշված վերահսկվող ապրանքների հետ նույնականացման նպատակով կազմակերպել վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննությունը:

2. Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Կատարված մասնագիտական փորձաքննության (նույնացման) հավաստի եւ հիմնավորված լինելու ամբողջ պատասխանատվությունը կրում է այն իրականացնողը:


ԳԼՈՒԽ IV

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

Հոդված 16. Վերահսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքով վերահսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը ներկայացվում է Հանձնաժողով վերահսկվող ապրանքների ՀՀ մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները`

ա) փոխադրման ենթակա վերահսկվող ապրանքների անվանացանկը,

բ) փոխադրման միջոցը,

գ) արտահանողի, փոխադրողի եւ ներմուծողի անվանումը (անունը),

դ) երթուղին,

ե) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը:

Ծանուցմանը կցվում է արտահանման պետության վերահսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության (լիցենզիայի) պատճենը:

2. Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումները գրանցվում են Հանձնաժողովի համապատասխան գրանցամատյանում:

3. Հանձնաժողովը վերահսկվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու օրվանից առնվազն մեկ օր առաջ տեղյակ է պահում շահագրգիռ պետական մարմիններին՝ կցելով սույն հոդվածի առաջին կետում նշված տեղեկությունները:

ԳԼՈՒԽ V

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը

Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը ուղղված է`

ա) օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանը՝ զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների, ինչպես նաեւ դրանց ստեղծման տեխնոլոգիաների տարածման կանխարգելման համար.

բ) միջազգային հարաբերությունների կայուն եւ անվտանգ համակարգի ձեւավորման նպաստելուն.

գ) համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության տնտեսության հավասար եւ փոխշահավետ հիմունքներով ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը.

դ) ապրանքների, տեղեկատվության, աշխատանքների, ծառայությունների, մտավոր սեփականության արդյունքների միջազգային փոխանակման բնագավառում Հայաստանի Հանրապետության մասնակցության ակտիվացմանը.

ե) արտահանման վերահսկողության միջազգային եւ ներպետական մեխանիզմների կատարելագործմանը, արտահանման վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքերի բացահայտմանը:

Արտահանման վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկողության միջազգային ռեժիմներին սկզբունքներին համապատասխան եւ միջազգային համաժողովներում Հայաստանի Հանրապետության մասնակցության, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների եւ խորհրդատվությունների անցկացման միջոցով, տեղեկատվության փոխանակմամբ, ինչպես նաեւ երկկողմանի եւ բազկակողմանի հիմունքերով համատեղ ծրագրերի եւ այլ միջոցառումների անցկացմամբ:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները իրենց իրավասության սահմաններում համագործակցում են օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների եւ կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ:

Արտահանման վերահսկողության ներպետական գործընթացներին օժանդակելու նպատակով, Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է արտահանման վերահսկողության ոլորտի հասարակական միավորումների եւ օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատմանը:


ԳԼՈՒԽ VI

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

Արտահանման վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար իրավաբանական եւ ֆիզիկական անձիք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ VII.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: