Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-727-24.02.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսոհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «լիցենզավորումը եւ» բառերը հանել, իսկ 2-րդ մասի «ա» կետում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած»  բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել:

2. 3-րդ մասում «լիցենզավորող մարմինը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով՝  ըստ համապատասխան հոլովաձեւերի:

3. 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի  9-րդ հոդվածում «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնող» բառերով, իսկ 4-րդ մասում «լիցենզիա ունեցող » բառերը փոխարինել «գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած» բառերով:

Հոդված 5. Օրենքի գլուխ 3-ի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը

1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեությամբ պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Անձը կարող է սկսել իրականացնել իր գործունեությունը ծանուցումը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո:

2. Ծանուցումը պետք է ներառի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա բացահայտելու սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձին, մասնավորապես՝ իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը, պետական գրանցման համարը, գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը: Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, գործունեության իրականացման վայրը, պետական հաշվառման համարը, գործունեությունը սկսելու նախատեսվող ժամկետը: Ծանուցման ձեւը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձինք հաշվառվում են պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվառված անձանց ցանկը ենթակա է հրապարակման պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում: Հաշվառման վարման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

4. Լիազոր մարմինը ծանուցում ներկայացրած անձանց հաշվառումն իրականացնում է ըստ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի անվանման եւ պետական գրանցման համարի, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունի եւ պետական հաշվառման համարի: Ընդ որում, եթե իրավաբանական անձի անվանման (անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունի) եւ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) միջեւ առկա են անհամապատասխանություններ՝ հաշվառումն իրականացվում է ըստ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի):

5. Եթե ծանուցում ներկայացրած անձը ներկայացված տեղեկատվութան մեջ կատարել է սխալներ (այդ թվում նաեւ՝ վրիպակներ, բացթողումներ, թերություններ), ապա լիազոր մարմինը հաշվառումն իրականացնում է ըստ ներկայացված տեղեկատվության: Սխալ ներկայացված տեղեկատվության ռիսկը կրում է ծանուցում ներկայացրած անձը:

6. Պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցում ներկայացրած անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազոր մարմնին՝ նշելով թերությունները եւ փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Պետական լիազոր մարմինը պարտավոր է գրավոր տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակել պաշտոնական կայքում:

7. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի փոփոխման մասին գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկացումը ստանալուց հետո պետական լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակում իր պաշտոնական կայքում:

9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման գործունեության իրականացման սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է պահպանել բոլոր պահանջները, որոնք սահմանվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության եւ տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձին  հաշվառելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությամբ  զբաղվող անձանց տարբերանիշերի արտատիպերը:

12. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:

13. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման իրականացման համար հաշվառված անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ ծանուցման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար հաշվառված անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները եւ ծանուցման ենթակա գործունեության իրականացման փոփոխվող կամ նոր վայրը:

14. Սույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերի պահանջների խախտմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացում:

15. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում եւս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու ծամուցման դեպքում լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն եւ հրապարակում իր պաշտոնական կայքում: Ծանուցման ենթակա նույն գործունեությամբ մեկից ավելի վայրերում իրականացնելու դեպքում հաշվառման մեջ նշվում են ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման բոլոր վայրերը:

16. Սույն հոդվածի 11-15-րդ մաերի պահանջները տարածվում է միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում:»:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 12. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները՝

ա) տուգանք.

բ) ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով կասեցում.

գ) ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցում.

դ) մասնագիտական որակավորումից զրկում:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 14. Ծանուցված գործունեության կասեցումը

1. Ծանուցված գործունեության կասեցումը տվյալ գործունեությամբ զբաղվող անձին ծանուցման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

2. Լիազոր մարմինը իրավասու է կասեցնել ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով, եթե`

1) խախտվել է սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, իններորդ եւ տասներորդ մասերով սահմանված պահանջներից որեւէ մեկը.

2) խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով սահմանված պահանջը.

3) ծանուցում ներկայացրած անձը սույն օրենքով նախատեսված փոփոխությունների մասին լիազոր մարմնին սահմանված ժամկետում չի հայտնել.

4) ծանուցում ներկայացրած անձը չի վճարել տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված տարեկան հերթական պետական տուրքը.

5) սույն օրենքով նախատեսված դեպքերում ծանուցված գործունեության դադարեցման մասին լիազոր մարմնի կողմից դիմում ներկայացնելիս:

3. Ծանուցված գործունեության կասեցման ընթացքում անձը չի կարող իրականացնել որեւէ գործողություն ծանուցված գործունեության մասով, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են կասեցման պատճառները վերացնելուն:

4. Ծանուցված գործունեության կասեցման ժամկետի ընթացքում գործունեության վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձի կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց ծանուցում ներկայացնելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվել եւ առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

5. Ծանուցված գործունեությունը կասեցվում է ծանուցման ենթակա գործունեության մասով մինչեւ կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:

6. Ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործառույթները կամ գործողությունները, ինչպես նաեւ կասեցման պատճառները, իրավական հիմքերը եւ ժամկետները: Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետեւանքները հնարավոր է վերացնել ծանուցում ներկայացրած անձի գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում ծանուցում ներկայացրած անձի գործունեությունն ամբողջովին չի կասեցվում:

7. Եթե ծանուցված գործունեությունը կասեցվել է սույն օրենքով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման հրաման է ընդունվում յուրաքանչյուր հիմքով:

8. Ծանուցված գործունեությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն ընդունելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ուղարկվում է ծանուցում ներկայացրած անձին.

1) փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձեւով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ ծանուցում ներկայացրած անձի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձեւով):

9. Ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցումը վերացված է համարվում ծանուցում ներկայացրած անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) պետական լիազոր մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիազոր մարմինն այլ հրաման չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում եւ դրա մասին պատշաճ ձեւով ծանուցում ներկայացրած անձին չի հայտնում:»:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 15. Ծանուցված գործունեության դադարեցումը

1. Պետական լիազոր մարմինն իրավասու է դադարեցնել ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով`

1) ծանուցման մեջ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) գործունեության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ գործողություն իրականացնելու դեպքում.

3) պետական լիազոր մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու անգամ ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեութան կամ այդ գործունեության առանձին գործառույթի կամ գործողության կասեցման դեպքում.

4) ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.

5) ծանուցում ներկայացրած անձի դիմումի համաձայն:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցվում է դատական կարգով՝ լիազոր մարմնի դիմումի համաձայն:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում պետական լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնել ծանուցված գործունեությունը ծանուցված գործունեության մասով մինչեւ դատարանի կողմից ծանուցում ներկայացրած անձի ծանուցված գործունեության մասով դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է ծանուցում ներկայացրած անձի ծանուցված գործունեության մասով գործունեության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել ծանուցում ներկայացրած անձի ծանուցված գործունեության մասով գործունեության կասեցման օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցումը ծանուցված գործունեության մասով համարվում է վերացված:

4. Ծանուցում ներկայացրած անձի գործունեության ծանուցված գործունեության մասով դադարեցման մասին դիմումը կարող է ներկայացվել՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով խախտումը հայտնաբերելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում.

3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով կասեցման մասին երկրորդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:

 5. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցվում է պետական լիազոր մարմնի հրամանով:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով համարվում է դադարեցված՝ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:

8. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով դադարեցնելու մասին դիմումները լիազոր մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմում ներկայացվելու օրվանից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ հրաման չի ընդունվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը ծանուցված գործունեության մասով՝ դադարեցված:

9. Ծանուցում ներկայացրած անձի գործունեությունը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում ծանուցում ներկայացրած անձը տվյալ գործունեություն իրականացնելու համար կրկին կարող է ներկայացնել ծանուցում՝ դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15.2. հոդվածով.

«15.2. Ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մերժումը

1. Պետական լիազոր մարմինը մերժում է ծանուցում ներկայացրած անձի հաշվառումը, եթե ծանուցում ներկայացրած անձը չի վճարել ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման համար սահմանված պետական տուրքը:

2. Մերժման մասին ընդունվում է պետական լիազոր մարմնի հրաման, որում նշվում է մերժման հիմքը եւ այն ընդունելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով ուղարկվում է ծանուցում ներկայացրած անձին:»:

Հոդված 12. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման համար լիցենզիա ստացած անձը համարվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձ:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Թանկարժեք մետաղների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են  ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես`      թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզավորման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշողների եւ հարգադրոշմողների որակավորման կարգավորումները:

Գործող կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգորոշմման գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա, որը բարդ լիցենզիայի տեսակ է եւ տրամադրվում է անժամկետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման  լիցենզիա ստանալու նպատակով անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում ՀՀ կառվարության  2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1445-N որոշմամբ հաստատված հայտ եւ կից պահանջվող փաստաթղթերը: Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրվում են համապատասխան մարմնում եւ 30 օրվա ընթացքում հայտը բավարարվում է կամ համապատասխամ հիմնավորմամբ մերժվում է:

Հարգորոշող եւ հարգադրոշմմող անձը (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) մինչեւ լիցենզիայի համար հայտ ներկայացնելը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումները ներկայացնում է փորձաքննության՝ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն՝ ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 10-ի N785-Ն որոշման համաձայն: Սարքավորումների փորձաքննությունը իրականացվում է մեկ ամսվա ընթացքում:

Տվյալ գործունեությամբ զբաղվելու համար անձը պետք է ունենա համապատասխան որակավորում: Հարգորոշողների եւ հարգադրոշմմողների որակավորումը իրականացվում է ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1924 որոշման համաձայն: Որակավորման վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:

Միաժամանակ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է, որ հարգորոշման եւ հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձը մուծում է պետական տուրք տարեկան՝ 200 հազ.  ՀՀ դրամի չափով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով, հաշվի առնելով այլ պետությունների, մասնավորապես՝ ԵՄ անդամ պետությունների ուսումնասիրված փորձը, որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ սպառողներին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.
 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Առաջարկների մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը (ԱՊՀ երկրներ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆինլանդիա եւ այլն):

6. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկների ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի գործարար միջավայրի բարելավումը:

Ներկայումս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության լիցենզիա ունի 8 կազմակերպություն, այս ոլորտում գործունեություն է ծավալում 120 որակավորված մասնագետ: Տվյալ գործունեության իրականացման համար պահանջվող լիցենզիան կհանվի եւ կփոխարինվի ծանուցմամբ:

Թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության լիցենզավորման գործընթացի պարզեցման արդյունքում տնտեսվարող սուբյեկտների  ծախսերը կնվազեն  11 203 780 ՀՀ դրամով կամ կարգավորման հետ կապված ծախսերը կնվազեն 83, 12 տոկոսով:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին»  նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագծով նախատեսվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջը վերացնել` այն փոխարինելով լիազոր մարմնին տվյալ գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցմամբ: Առաջարկվող փոփոխության արդյունքում տվյալ գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար զգալիորեն կկրճատվի վարչարարությունը եւ ժամանակի ծախսը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանկարժեք մետաղների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության իրականացման համար պահանջվող լիցենզիան հանել եւ փոխարինել ծանուցմամբ:

Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են թանկարժեք մետաղների հարգորոշման եւ հարգադրոշմման  ծառայությունների  շուկայի հետ եւ Նախագծերի ընդունումը կհանգեցնի նշված շուկայում մատակարարների քանակի ավելացմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

1. վերացնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզավորման պահանջը,

2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքից հանել վերը նշված լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնելու համար տարեկան բազային տուրքի 200-պատիկի չափով պետական տուրքի գանձման պահանջը եւ նույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանել տարեկան բազային տուրքի 200-պատիկի չափով պետական տուրք` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման համար:

Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսվում է պատասխանատվություն առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար, ներկայացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ առանց համապատասխան ծանուցման թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի, խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով, հանցագործություն չի համարվելու եւ քրեական պատասխանատվություն չի առաջացնելու, կամ, այլ կերպ ասած, գործող օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա խնդրո առարկա գործունեությամբ ապօրինի զբաղվելն ապաքրեականացվում է:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզավորման պահանջը վերացնելու եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ իրավասու մարմին ծանուցում չներկայացնելու պարագայում անձինք ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության չեն ենթարկվի (կվերանա քրեական պատասխանատվության կանխարգելիչ ազդեցությունը), որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել: Միաժամանակ, ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել հետագա իրավախախտումների դեպքերի քանակը եւ դրանց արդյունքում պետական բյուջեին պատճառվող վնասի չափը:

Միաժամանակ Նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: