Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-729-26.02.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.Քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին ուղարկել  քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը եւ միաժամանակ պարզաբանել քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերը արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Այսպես Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի «այսուհետ` օրենսգիրք» 258-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` քննիչը պարտավոր է շահագրգիռ անձանց գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին եւ միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

Նշված նորմերի մեկնաբանությունը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածով սահմանված նորմերի մեկնաբանման մեթոդով) թույլ է տալիս եզրակացնել, որ քննիչը զուտ տեղեկացնում է որոշման մասին: Այսինքն շահագրգիռ անձինք, տեղեկանալով կասեցված վարույթի մասին, չեն ստանում որոշման պատճենը, այլ ուղղակի վերջիններիս բացատրում են դրա բողոքարկման հնարավորության մասին:

Պրակտիկայում ընդունված է մի մոտեցում, որ քննիչների կողմից վերոնշյալ որոշումների միայն տեղեկացման եւ դրանց բողոքարկման կարգի պարզաբանման, ինչպես նաեւ արդյունքում փաստացի որոշման պատճենի չտրամադրման հիմնավորում է հանդիսանում այն, որ Օրենսգրքով նման դատավարական կարգ սահմնաված չէ եւ ՀՀ Սահամնադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Մինչդեռ, հարց է առաջանում, թե Օրենսգրքի վերոնշյալ հոդվածում նշված շահագրգիռ անձինք քննիչի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որ հիմքերը կարող են բողոքարկել համապատասխան մարմին, եթե քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը: Նշվածը ուղղակի հակասության մեջ է գտնվում Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, որի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց իրավունք է տրվում դատարան բողոքարկել նաեւ քրեական գործը կասեցնելու  մասին որոշումը:

Իրականացնելով քննարկվող ինստիտուտի համեմատական վերլուծություն` Օրենսգրքի այլ դրույթների եւ կարգավորումների միջեւ, եւ համեմատելով խնդրո առարկա կարգավորումը մեկ այլ փուլի եւ գործողության հետ, մասնավորապես` քրեական գործով վարույթի կարճման հետ, որն ամրագրված է Օրենսգրքի 262-րդ հոդվածում, պարզ է դառնում, որ այնտեղ կարգավորումը ընթացել է այլ ուղով, մասնավորապես` տուժողին ուղարկվում է կարճման որոշման պատճեն, դրանով իսկ նախատեսելով բոլոր իրական հնարավորությունները նշված որոշումը բողոքարկելու համար:

Հարկավոր է հաշվի առնել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը ուղղակիորեն վերաբերում է տուժողի շահերին եւ հաշվի առնելով այն, որ անձանց արդյունավետ պաշտպանության իրավունքի իրականացման համար միջոցների նախատեսումն ու մատչելիության ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է, միայն տրամաբանական կլիներ, որ քննիչը տուժողին տրամադրեր քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման պատճենը եւ պարզաբաներ, որ նշված որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո` նկատի ունենալով, որ տուժողները,  չստանալով որոշումները, փաստորեն  զրկվում են դրանք բողոքարկելու, այդ կերպ իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման միասնական պրակտիկան ապահովելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս 2013 թվականի հուլիսի 17-ին հանձնարարել է կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին՝ ապահովել տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին քրեական գործով վարույթը կասեցնելու մասին գրավոր իրազեկումը, որում միաժամանակ պետք է պարզաբանվի, որ  վերոնշյալ անձանց կողմից գրավոր պահանջի դեպքում նրանց կարող է տրամադրվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը` այն ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով նախատեսված կարգով բողոքարկելու  նպատակով:

Ճիշտ է հանձնարարականը ողջունելի է եւ իրականում լուրջ ձեռքբերում է իրավահարաբերության կարգավորման շրջանակներում, այնուամենայնիվ` անհրաժեշտ է, որ հարցը կարգավորվի օրենքով, քանի որ այն հավասարապես վերաբերվում էիրավունքին եւ պարտականությանը:

Հարկ է նշել, որ հարցի կարգավորումն իր արտացոլումն է  գտել դեռեւս 2012 թվականից ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» նախագծում: