Հոդված1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 171-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացու մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, եթե նրա մասնակցությունը դատական նիստին վտանգ չի ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար: Այն դեպքում, եթե դատարանում դատական նիստին քաղաքացու մասնակցությունը, վտանգ է ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար, գործը քննվում է քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասը «դատարանը՝» բառից հետո լրացնել «անգործունակ ճանաչված անձի, նրա փաստաբանի, » բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատարավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 171-րդ հոդվածը սահմանում է. «Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:»:
Նշված կարգավորումը քաղաքացու մասնակցությունը դատական նիստին պայմանավորում է նրա առողջական վիճակով, սակայն նույնիսկ այն դեպքում, երբ անձի առողջական վիճակը թույլ է տալիս մասնակցել դատաքննությանը, օրենսգիրքը դատարանի հայեցողությանն է թողնում նրան դատական նիստին հրավիրելու հարցը: Օրենսգիրքը չի սահմանում, թե ինչ ընթացակարգով եւ ինչ չափանիշների հիման վրա է որոշվում դատական նիստին քաղաքացու անձնական մասնակցության հնարավորությունը: Այս կապակցությամբ հատկանշական է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ ) Շտուկատուրովը ընդդեմ Ռուսաստանի գործով (Shtukaturov v Russia 44009/05 (2008)) որոշումը: Ռուսական դատարանը Պ.Շտուկատուրովին անգործունակ էր ճանաչել միայն փորձագետի եզրակացության հիման վրա՝ նրան մասնակից չդարձնելով այն դատական նիստին, որի ժամանակ քննվում էր նրան անգործունակ ճանաչելու դիմումը: Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ը նշել է. «Դիմումատուն երկակի դեր ունի քննության ընթացքում. նա եւԲ շահագրգիռ անձ է, եւԲ միեւնույն ժամանակ դատարանի քննության հիմնական օբյեկտ: Այսպիսով, դիմումատուի մասնակցությունը անհրաժեշտ է նրա համար, որ դատարանը կարողանա սեփական պատկերացումը կազմել նրա հոգեկան վիճակի վերաբերյալ: Հարկադիր բուժման մի շարք դեպքերում Եվրոպական դատարանը սահամանել է, որ հոգեկան խանգարում ունեցող անձը պետք է լսվի անձամբ, իսկ եթե անհրաժեշտ է ներկայացուցչի միջոցով (օրինակ՝ Եվրոպական դատարանի որոշումը Winterwerp v. the Netherlands գործով): Տվյալ գործով դիմումատուին սպառնում էր ազատության կորուստը: Սակայն քննվող գործի ելքը առնվազն նույնքան կարեւոր է դիմումատուի համար, քանի որ ազդեցություն ուներ դիմումատուի ինքնավարության վրա կյանքի գրեթե բոլոր բնագավառներում եւ ենթադրում էր ազատության հնարավոր սահմանափակում:»:
Այս գործով ՄԻԵԴ-ը հանգել էր այն եզրակացության, որ առանց անձի մասնակցության, միայն գրավոր փաստաթղթերի հիման վրա դատարանի կողմից գործը քննության իրականացումը հիմնավոր չէ, եւ արձանագրել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (Արդար դատաքննության իրավունք) խախտում: Հիմք ընդունելով վերոգրյալը պետք է նշել, որ Օրենսգրքի առկա կարգավորումը էականորեն սահմանափակում է արդար դատաքննության իրավունքը: Այդ իսկ պատճառով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով(այսուհետ՝Նախագիծ) նախատեսվում են այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն անձին անգործունակ ճանաչելու գործերով նրա մասնակցությունը դատական նիստին: Նախագծով սահմանվում է, որ քաղաքացու մասնակցությունը դատական նիստին պարտադիր է, եթե նրա մասնակցությունը դատական նիստին վտանգ չի ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար, իսկ այն դեպքում, եթե դատարանում դատական նիստին քաղաքացու մասնակցությունը, վտանգ է ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար, գործը քննվում է քաղաքացու գտնվելու վայրում, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում:
Օրենսգրքի 173-րդ, սահմանելով գործունակության վերականգման կարգը, սահմանում է, որ դատարանը վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին միայն խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, այսինքն՝ անձը զրկված է անմիջականորեն կամ իր փաստաբանի միջոցով իր գործունակությունը վերականգնելու նպատակով դատարան դիմելու հնարավորությունից: Հարկ է նշել, որ ՄԻԵԴ-ը Նատալյա Միխայլենկոն ընդդեմ Ուկրաինայի( Natalya Mikhaylenko v. Ukraine 49069/11(2013)) գործով վճռում արձանագրել է, որ անգործունակության վերանայման խնդրանքով դատարան դիմելու անգործունակ անձի իրավունքը նրա ամենակարեւոր իրավունքներից է, քանի որ այդ իրավունքի վերականգնումը կարող է որոշիչ նշանակություն ունենալ նրա մյուս բոլոր իրավունքների վերականգնման համար: Այդիսկ պատճառով նախագծով ամրագրվել է, որ բացի խնամակալից, ընտանիքի անդամից կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունից գործունակության վերականգման համար կարող է դատարան դիմել ինչպես քաղաքացին այնպես էլ, նրա փաստաբանը: