Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-236 օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ «1.1» մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1 Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող կարող են համարվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող այն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն, գործունեությունը վերսկսելու մասին իրենց հաշվառման վայրի հարկային մարմին համապատասխան հայտարարության ներկայացման օրվանից մինչեւ այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր այն առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարը (բացառությամբ նոր ստեղծված) տվյալ տարվա ընթացքում կարող են համարվել շրջանառության հարկ վճարող եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե մինչեւ տվյալ տարվա փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել համապատասխան հայտարարություն:
Սակայն, այն հարկ վճարողները, որոնք նախկինում հարկային մարմին էին ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն եւ մինչեւ հաշվետու տարվա փետրվարի 20-ը չեն ներկայացրել համապատասխան հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ, փետրվարի 20-ից հետո գործունեությունը վերսկսելու դեպքում պետք է հարկվեն հարկման ընդհանուր դաշտում, այսինքն՝ համարվեն ԱԱՀ վճարող:
Վերոնշյալը հաշվի առնելով անհրաժեշտ ենք համարում կատարել լրացումները համապատասխան օրենքներում, որպեսզի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու (վերսկսելու) համար ստեղծվեն հավասար պայմաններ: