Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7331-05.03.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 13.8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ «3)» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին իր հաշվառման վայրի հարկային մարմին համապատասխան հայատարարություն ներկայացրած անձը գործունեությունը վերսկսելու մասին իր հաշվառման վայրի հարկային մարմին համապատասխան հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչեւ տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրվանից մինչեւ այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն եւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր այն առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարը (բացառությամբ նոր ստեղծված) տվյալ տարվա ընթացքում կարող են համարվել շրջանառության հարկ վճարող եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե մինչեւ տվյալ տարվա փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել համապատասխան հայտարարություն:

Սակայն, այն հարկ վճարողները, որոնք նախկինում հարկային մարմին էին ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն եւ մինչեւ հաշվետու տարվա փետրվարի 20-ը չեն ներկայացրել համապատասխան հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ, փետրվարի 20-ից հետո գործունեությունը վերսկսելու դեպքում պետք է հարկվեն հարկման ընդհանուր դաշտում, այսինքն՝ համարվեն ԱԱՀ վճարող:

Վերոնշյալը հաշվի առնելով անհրաժեշտ ենք համարում կատարել լրացումները համապատասխան օրենքներում, որպեսզի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու (վերսկսելու) համար ստեղծվեն հավասար պայմաններ: