Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն օրենսգրքի իմաստով տեւող վարչական իրավախախտումն այն արարքն է (գործողությունը կամ անգործությունը), որը դրսեւորվում է օրենքում ամրագրված եւ վարչական պատասխանատվություն ենթադրող պարտականությունների կատարումից տեւականորեն խուսափելով: Շարունակվող վարչական իրավախախտումը, սույն օրենսգրքի իմաստով, այն միաբնույթ գործողությունների միմյանց հետ փոխկապված համակցությունն է, որոնց իրականացմամբ անձը խուսափում է օրենքում ամրագրված եւ վարչական պատասխանատվություն ենթադրող պարտականությունների կատարումից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի գործող խմբագրության մեջ ներկայումս բացակայում են տեւող եւ շարունակվող իրավախախտումների հասկացությունները: Միաժամանակ Օրենսգրքի 37-րդ հոդվածը, սահմանելով վարչական տույժ նշանակելու ժամկետները, կարգավորումն իրականացնում է այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի տարանջատել ընդհանրապես վարչական տույժ նշանակելու համար նախատեսված ժամկետների վերաբերյալ ընդհանուր կանոնը տեւող եւ շարունակվող իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու համար նախատեսված ժամկետի վերաբերյալ սահմանված հատուկ կանոնից: Միաժամանակ Օրենսգրքի ընդհանուր բովանդակությունից հստակորեն չի որոշակիանում այն իրավախախտումների շրջանակը, որոնք կարող են բնութագրվել որպես տեւող կամ շարունակվող, ինչպես նաեւ չկան այն հստակ չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի այս կամ այն վարչական իրավախախտումը դասակարգել տեւող կամ շարունակվող իրավախախտման թվին: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները: Այս հարցին անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 08.04.2014թ. ՍԴՈ-1143 որոշման մեջ, որում, մասնավորապես, նշված է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի տեքստում տեւող եւ շարունակվող իրավախախտումների սահմանումների բացակայությունն իրավական հասկացության օրենսդրական կանոնակարգման բացակայություն է»:
Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով նշված իրավիճակը եւ խնդիր ունենալով ապահովելու իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումը եւ ՀՀ օրենսդրության՝ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխանեցման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրել տեւող եւ շարունակվող իրավախախտումների հասկացությունները:
Ակնկալվող արդյունքը
Նշված փոփոխությունների իրականացմամբ կապահովվեն իրավական որոշակիության սկզբունքի հիման վրա վարչական իրավախախտումների տեսակների եւ դրանց համար նախատեսված պատասխանատվության ենթարկվելու ժամկետների հստակությունը եւ իրավակիրառական պրակտիկայի միասնականությունը: