Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-737-18.03.2015-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ 2.000.000 դրամ գումարի չափով եւ/կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «սպառող» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող)» բառերով, «ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների)» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Իրավական ակտի հիմնավորումը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման արդիականությունը պայմանավորված է անհատ գյուղացիական տնտեսությունների կողմից ներգրավված վարկային ռեսուրսների մեծ ծավալով եւ գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով, որն էլ առաջացրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները գյուղատնտեսական վարկերի վրա տարածելու անհրաժեշտությունը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության ոլորտը էական տեղ է զբաղեցնում ՀՀ տնտեսության կառուցվածքում` նպաստելով երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 20%-ի ձեւավորմանը, ապահովելով զբաղվածների շուրջ 40%-ի ընդգրկվածությունն այս ոլորտում եւ արտահանման կառուցվածքում ունենալով ավելի քան 20% կշիռ: ՀՀ գյուղատնտեսության ոլորտում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը 2014 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 161.58 մլրդ. դրամ, ընդ որում` բանկերի կողմից տրամադրվել են 115.8 մլրդ դրամին համարժեք վարկային միջոցներ (որը կազմում է ՀՀ առեւտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված ընդհանուր վարկերի 6.37%-ը), իսկ վարկային կազմակերպությունների կողմից` 45.78 մլրդ դրամին համարժեք վարկային միջոցներ (որը կազմում է ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ընդհանուր ծավալի 19.9%-ը): Ընդ որում` մինչեւ 2.000.000 ՀՀ դրամին համարժեք վարկեր են տրամադրվել 148.6 հազար անհատ տնտեսվարող հանդիսացող շահառուի, որը կազմում է ՀՀ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված անհատ գյուղացիական տնտեսվարող սուբյեկտների 91.9%-ը:

Ներկայումս ՀՀ կառավարությունը, իր 31.03.2011թ. թիվ 349-Ն որոշման համաձայն, սուբսիդավորում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ընդ որում` սուբսիդավորվում են մինչեւ 3 մլն. ՀՀ դրամ ծավալով, տարեկան առավելագույնը 14% փաստացի տոկոսադրույքով դրամային վարկերը: Սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):

ՀՀ օրենսդրությամբ ներկայումս կարգավորված չէ գյուղատնտեսական վարկավորման ոլորտը: Մասնավորապես վարկային ռեսուրսների անվանական տոկոսադրույքի առավելագույն չափը կարգավորվում է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879 հոդվածի 1-ին եւ 887-րդ հոդվածի 2-րդ կետերով, համաձայն որոնց` «պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը»: Ներկայումս այդ առավելագույն չափը կազմում է տարեկան 24%, սակայն այն տարածվում է միայն անվանական տոկոսադրույքի վրա, այնինչ փաստացի տոկոսադրույքը, որն իր մեջ ներառում է նաեւ ոչ տոկոսային ծախսերը, շատ դեպքերում 1.5-2.5 անգամ գերազանցում է նշված ցուցանիշը: Հաշվի առնելով այն, որ ֆինանսավարկային կազմակերպություններն իրենց վարկային պրոդուկտները գովազդելիս շեշտը դնում են միայն անվանական տոկոսադրույքի վրա` հաճախորդներին գրավելով անվանական «ցածր» տոկսադրույքով` նշված խնդիրը դառնում է առավել արդիական անհատ գյուղացիական տնտեսությունների համար: Մյուս կողմից գյուղական համայնքներում գործունեություն ծավալողներն առավել խոցելի են համարվում` հաշվի առնելով ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը եւ գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բարձր ռիսկերը` բնական աղետներ, գյուղատնտեսության ապահովագրության բացակայություն, աշխատանքների սեզոնային բնույթ եւ այլն: Հարկ է նշել, որ նույնատիպ խնդիրներ վեր են հանվել նաեւ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից զարգացող երկրների գյուղատնտեսության ոլորտների վերլուծության արդյունքում, եւ ներկայացված հաշվետվության («Աճը եւ արտադրողականությունը գյուղատնտեսությունում եւ ագրոբիզնեսում»/ Growth and Productivity in Agriculture and Agribusiness) համաձայն` զարգացող երկրների գյուղատնտեսության ոլորտներում ի հայտ բերված խնդիրները (գյուղացիական տնտեսությունների ցածր եկամուտներ, վարկառուների ֆինանսական գրագիտության ցածր մակարդակ, բնակլիմայական անբարենպաստ պայմաններ, ապահովագրության բացակայություն, վարկավորման միջոցների հասանելիության խնդիրներ) պետք է գտնվեն կարգավորման ազդեցության դաշտում: Նշված խնդիրներն առկա են նաեւ մեր գյուղատնտեսության ոլորտում:

Այդ իսկ պատճառով, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները կտարածվեն նաեւ մինչեւ 2.000.000 ՀՀ դրամին համարժեք գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա, որը թույլ կտա կարգավորել գյուղատնտեսական նշանակության կրեդիտների տրամադրման գործընթացը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները միշտ գտնվում են ՀՀ կառավարության օրակարգում, մասնավորապես` ի կատարումն ՀՀ վարչապետի 09.06.2014թ. թիվ 02/23.15/8932-14 հանձնարարականի` մշակվում են մեխանիզմներ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազեցման, ինչպես նաեւ վարկավորման գործընթացն ավելի արդյունավետ եւ հասցեական դարձնելու համար:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բնագավառում առկա խնդիրների կարգավորման` վարկառու անհատ գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության, գյուղատնտեսական վարկ տրամադրող վարկատու կազմակերպությունների իրավունքների եւ պարտավորությունների հստակեցման, վարկային պայմանագրերում իրական տոկոսադրույքի ամրագրման նպատակով մշակվել են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, համաձայն որոնց` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները կտարածվեն նաեւ մինչեւ 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով եւ/կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա: Նշյալ սահմանաչափը ընտրվել է` հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված տվյալները, ըստ որի` 2014 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գյուղատնտեսական վարկերի կառուցվածքում ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների բաշխումը հետեւյալն է.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի վերլուծության եւ զարգացման բաժնի կողմից` համաձայնեցնելով ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտում վարկային հարաբերությունները, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորիչ դրույթները կտարածվեն նաեւ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա, մասնավորապես` կսահմանվեն վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները, հատկապես` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետեւաբար եւ` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոն, որը դրսեւորվում է իրավական ակտում երկիմաստ եզրույթների, իրավական ակտի լեզվի ոչ հստակության, պարզության, մատչելիության գնահատողական բնույթի հասկացությունների միջոցով: Մասնավորապես, հստակ չեն եւ տարատեսակ մեկանաբանությունների տեղիք կարող են տալ «գյուղատնտեսական կրեդիտ» եւ/կամ «գյուղացիական կրեդիտ» հասկացությունները: Պարզ չէ, թե ինչպիսի կրեդիտների մասին է խոսքը` գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով անձանց տրամադրվող կրեդիտների՞, ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով միայն անհատ գյուղացիներին տրամադրվող կրեդիտների՞, թե՞ ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով այն գյուղացիներին տրամադրվող կրեդիտների մասին, որոնք գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր:

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ պարունակում են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոն, որը դրսեւորվում է կարգավորման բացերի առկայությամբ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտը չունի հստակ իրավական կարգավորում, եւ այդ առումով առկա է օրենսդրական բաց գյուղատնտեսության ոլորտում սուբյեկտների իրավական կարգավիճակի հետ կապված:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են վարկառու անհատ գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության համակարգը, ինչպես նաեւ գյուղատնտեսական վարկ տրամադրող վարկատու կազմակերպությունների իրավունքները եւ պարտավորությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է մինչեւ 1 մլն ՀՀ դրամ գումարի չափով եւ/կամ համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական վարկային հարաբերությունները կարգավորել «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

Եզրակացություն

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների կարգավորում` մասնավորապես «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կտարածվեն նաեւ մինչեւ 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա:

Նախագծերով սահմանված փոփոխության արդյունքում «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կրեդիտավորողի պատասխանատվության խախտման դեպքերի համար սահմանված տուգանքները կգործեն նաեւ մինչեւ 2.000.000 դրամ գյուղատնտեսական կրեդիտավորման պայմանագրերի դեպքում, որոնք կգանձվեն հօգուտ պետական բյուջեի:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ դրական ազդեցություն:

Միաժամանակ, նախագծերի ընդունման ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ գնահատել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել նախագծերով նախատեսված գյուղատնտեսական նշանակության կրեդիտ տրամադրողների համար պատասխանատվություն առաջացնող հնարավոր իրավախախտումների քանակը եւ բնույթը: