Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-190-28.12.2012,09.03.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ, 197-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 158. Հեղինակային  իրավունքը եւ հարակից իրավունքները խախտելը

1. Ուրիշի ստեղծագործությունից հատվածներ քաղելը, առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ուրիշի ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով `  առավելագույնը մեկ ամիu ժամկետով:

2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտը շահույթ ստանալու նպատակով ապօրինի օգտագործելը, ինչպես նաեւ իրացնելու նպատակով հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների  կեղծ  կամ նմանակված օրինակներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, եթե այդ արարքը  կատարվել է զգալի  չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) պաշտպանության տեխնիկական միջոցների շրջանցմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) օրենքով սահմանված կարգով ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,

4) խոշոր չափերով,

5) ինտերնետ կամ հեռահաղորդակցության այլ ցանցերում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների  օրինակների, հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը) հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների  օրինակների, հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը) հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի  երկուհայրուրապատիկը:

Հոդված 197. Ապրանքային նշանը, սպասարկման նշանը,  աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը, ապօրինի օգտագործելը

1. Ապրանքային նշանը, սպասարկման նշանը, աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը, ապօրինի օգտագործելը կամ դրանց շփոթելու աստիճան նման նշաններ, անուններ, անվանումներ ապօրինի օգտագործելը, ինչպես նաեւ իրացնելու նպատակով դրանցով մակնշված կեղծ ապրանքներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է զգալի չափերով կատարված, եթե այդ ապրանքների կամ օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը) իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ ապրանքների կամ օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը) իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհայրուրապատիկը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «197-րդ,» թիվը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ  ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ Նախագահի 06.05.09թ. ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված՝ եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաեւ մտավոր սեփականության ոլորտում մի շարք միջազգային պայմանագրերի պահանջներից: Կեղծարարության եւ հենության համար համարժեք պատժամիջոցների սահմանումը եւ կիրառումը նախատեսված են ՀՀ վարչապետի 10.08.2011թ. թիվ 763-Ա որոշմամբ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի նիստի թիվ 22 արձանագրային որոշմամբ: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 48-րդ կետի պահանջով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վերջին տարիների պրակտիկայի վերլուծությունը, ինչպես նաեւ միջազգային փորձի եւ եվրոպական ու ԱՊՀ մի շարք երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Իսպանիա) համապատասխան ոլորտի օրենսդրությունների ուսումնասիրությունները վկայում են, որ ի տարբերություն վերջինների, մտավոր սեփականության իրավունքների դեմ ոտնձգող մի շարք արարքներ ՀՀ-ում այնուամենայնիվ քրեականացված չեն, իսկ այլ դեպքերում՝ նախատեսված պատժաչափերը չեն համապատասխանում կատարված հանցագործությունների հանրության վտանգավորության աստիճանին:

Ներկայումս մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ արտադրված ապրանքների անօրինական շրջանառությունը գնալով նոր թափ է ստանում, որի հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորված է.

- ստեղծագործողների եւ կատարողների՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մտավոր սեփականության, այդ թվում՝ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտումներով

- մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման թույլտվություն ստանալու համար վճարած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  իրավունքների խախտումներով

- ոլորտում առկա՝ ստվերային (չհաշվառվող) ֆինանսական միջոցների շրջանառությամբ, ինչի արդյունքում պետությունը կորուստներ է կրում չվճարված հարկերի ձեւով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծի ընդունման արդյունքում գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն ակնկալվում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ներկայացված նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրվում է նոր խմբագրությամբ, մասնավորապես՝ հիմք ընդունելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված «գրագողության» բնորոշումը, սահմանվում է «հեղինակությունը յուրացնելու» հասկացությունը, որը նույնանում է գրագողության հասկացության հետ, այն է` ուրիշի ստեղծագործությունից հատվածներ քաղելը, առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ուրիշի ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը:

 Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ քր . օր-ի 158-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հեղինակային կամ հարակից իրավունքի  օբյեկտը ապօրինի օգտագործելու դեպքերում, ի տարբերություն գործող օրենսգրքի, որպես սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ նախատեսելով  շահույթ ստանալու նպատակը, միաժամանակ քրեականացվում է իրացնելու նպատակով հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների  կեղծ  կամ նմանակված օրինակներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը զգալի չափերով:

Նման տարանջատման արդյունքում «գրագողության» դեպքերով քրեական գործերը կհարուցվեն տուժողի բողոքի հիման վրա (Քր. դատ. օր-ի 183-րդ հոդված), իսկ «ապօրինի օգտագործման» դեպքերում՝  քրեական գործերը կհարուցվեն ընդհանուր ընթացակարգով:

Ինչ վերաբերվում է ՀՀ քր. օր-ի 158-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը եւ (կամ) վաճառելը» հասկացությանը, ապա այն արդեն իսկ ներառված է  «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 14-րդ եւ 15-րդ հոդվածներով սահմանված՝ «ապօրինի օգտագործելու» հասկացությամբ:

Իրացնելու նպատակով հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների կեղծ (կոնտրաֆակտ) օրինակներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար  պատասխանատվության նախատեսումը հանդիսանում է հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների ապօրինի օգտագործման արդյունքում ստեղծված կեղծ ապրանքների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի լուրջ քրեաիրավական լծակ: Նախագծում շեշտը դրվել է ոչ թե կրիչի տեսակի, այլ բովանդակության վրա, եւ կարեւորելով հնչյունագրերն ու տեսագրությունները` չեն անտեսվել նաեւ հեղինակային իրավունքի մյուս օբյեկտները, որոնք ունեն օբյեկտիվ արտահայտված ձեւ, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը` համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի:

Նախագծով առաջարկվում է ՀՀ քր. Օր-ի 158-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի նոր խմբագրությամբ սահմանված արարքների կատարման դեպքում, որպես ծանրացնող նոր հանգամանք նախատեսել այդ  արարքները ինտերնետ կամ հեռահաղորդակցության այլ ցանցերում կատարելը (ՀՀ քր. օր-ի 158-րդ հոդվածի 3-րդ մաս):

Հաշվի առնելով, որ գործող խմբագրությունում 158-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված արարքի չափի որոշման մեխանիզմները վերաբերում են բացառապես տեսաձայնային մագնիսական եւ այլ կրիչների օրինակներին եւ չեն տարածվում հեղինակային եւ հարակից իրավունքի մյուս օբյեկտների վրա, նախագծով առաջարկվել է հստակեցնել հաշվարկման մեխանիզմը եւ այն տարածել նաեւ այլ ստեղծագործությունների օրինակների վրա` տարանջատելով օրինակների արժեքը (գինը) եւ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը):

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածում ընդլայնվել է մտավոր սեփականության օբյեկտների շրջանակը, մասնավորապես՝ աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը, որոնց ապօրինի օգտագործման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Առաջարկվող փոփոխությամբ պատասխանատվություն է նախատեսվել ոչ միայն նույնական, այլ նաեւ շփոթելու աստիճան նման նշաններ, անուններ, անվանումներ օգտագործելու համար, ինչը բխում է նաեւ «Ապրանքային նշանների մասին» եւ «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքների պահանջներից: Միաժամանակ, ինչպես եւ 158-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունների դեպքում, առաջարկվում է այստեղ եւս քրեական պատասխանատվություն սահմանել իրացման նպատակով կեղծ մակնշված ապրանքներ ձեռք բերելու , պահելու, փոխադրելու կամ առաքելու համար:

Ինչ վերաբերվում է «ֆիրմային անվանումը ապօրինի օգտագործելու» հասկացությունը նախագծում չներառելուն, ապա դա պայմանավորված է «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի ուժը կորցրած ճանաչելու հանգամանքով (25.07.2012թ. ՀՕ-114-Ն):

Նախագծով նախատեսվել են նաեւ արարքը որակյալ դարձնող հանգամանքներ, հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսվել են արարքի զգալի եւ խոշոր չափերը հաշվարկելու հստակ մեխանիզմներ:

Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «197-րդ» թիվը, նկատի ունենալով, որ 197-րդ հոդվածի  4-րդ մասի առաջարկվող խմբագրությամբ արդեն իսկ սահմանվում է արարքը «խոշոր չափով» կատարելու հասկացությունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ իրավաբանական վարչությունների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կուժեղացվի հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրվող նոր հանցակազմերի առկայությունը էապես կնպաստի ՀՀ-ում հենության (պիրատության) նվազմանը, քանի որ մտավոր սեփականության ոլորտում իրավունքների քաղաքացիաիրավական պաշտպանության  ընթացակարգերը մի շարք դեպքերում բավարար չեն:

ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որպես բարեփոխումներ, կնպաստեն նաեւ ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների արդյունավետությանը: