Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1)-րդ կետով.
«3.1) արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթացին մասնակցելը.»
Հոդված 2. Օրենսգրքի 44.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «դատավորները» բառից հետո լրացնել «, արբիտրները եւ հաշտարարները» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.
«4.1. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որեւէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար։»:
Հոդված 4. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1)-րդ կետով.
«3.1) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ, երբ դատարանը եթե գտնում է, որ այդ համաձայնությունն առոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.»:
Հոդված 5. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետը վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ.
«7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը.»:
2. Օրենսգրքի 109-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8) հաշտարարության արդյունքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որտեղ նշել են առանց հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու գործի վարույթը կարճելու մասին:»
Հոդված 6. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նախագահողը պարզում է նաեւ, թե արդյոք կողմերը չեն ցանկանում իրենց վեճը լուծել հաշտարարության միջոցով` պարզաբանելով հաշտարարության էությունը:»:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ԳԼՈՒԽ 22.3-ով.
«ԳԼՈՒԽ 22.3 ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 149.10 Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը եւ հայցի հարուցումը դատարան
1. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը քաղաքացիաիրավական, աշխատանքային կամ ընտանեկան որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջեւ կնքված գրավոր համաձայնություն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ կանոնակարգում նախատեսելու միջոցով, այնպես էլ առանձին համաձայնագիր կնքելու միջոցով։
2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերն իրավունք ունեն սահմանել հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված հաշտարարության ժամկետը չի կարող գերազանցել հաշտարար նշանակվելու պահից վեց ամիսը: Հաշտարարության ընթացքում կողմերը իրավասու են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգել հաշտարարության ժամկետը միայն մեկ անգամ՝ մինչեւ վեց ամիս ժամկետով։ Հաշտարարության համար սահմանված ժամկետում կողմերի չհաշտվելու դեպքում, հաշտարարության գործընթացը համարվում է ավարտված` առանց կողմերի հաշտության: Եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կողմերը հաշտարարության միջոցով վեճը լուծելու առավելագույն ժամկետ չեն սահմանել, ապա այդ ժամկետը օրենքով սահմանված առավելագույն՝ հաշտարար նշանակվելու պահից հաշվարկվող 6-ամսյա ժամկետն է։
3. Հաշտարարության մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձեւով` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, իսկ եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը ներառված է պայմանագրում, ապա այն ձեւով, որով կնքվել է պայմանագիրը: Սույն պայմանը չպահպանելը հանգեցնում է հաշտարարության մասին համաձայնության անվավերության, նման համաձայնությունն առոչինչ է:
4. Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է հաշտարարության միջոցով: Արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել նաեւ այն վեճը, որի վերաբերյալ առկա է հաշտարարության վերաբերյալ համաձայնություն, եւ այդպիսի համաձայնության հիման վրա հաշտարարության միջոցով վեճը լուծելու հնարավորությունը չի վերացել:
5. Եթե կողմերը հաշտարարության արդյունքում չեն հաշտվում, ապա սույն հոդվածի սահմանափակումները չեն կիրառվում եւ չեն սահմանափակում դատարան հայց ներկայացնելու` կողմերի իրավունքը:
Հոդված 149.11 Հաշտարարության եւ հաշտարարի նշանակումը
1. Եթե կողմերը հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ կամ այլ կերպ չեն սահմանել հաշտարարին ընտրելու ընթացակարգ, ապա հաշտարարի ընտրությունը կողմերը պետք է իրականացնեն վեճը առաջանալուց հետո մեկամսյա ժամկետում: Եթե կողմը խուսափում է հաշտարարի ընտրությունից, մյուս կողմը իրավունք ունի դիմելու դատարան հաշտարար նշանակելու խնդրանքով: Եթե կողմերը չեն կարողանում ընտրել հաշտարար իրավունք ունեն դիմելու դատարան` արտոնագրված հաշտարար նշանակելու մասին դիմումով։ Դիմումը պետք է պարունակի սույն մասով նախատեսված տեղեկություններ, դիմումին պետք է կցվի հաշտարարության համար հիմք հանդիսացող ապացույցը, ինչպես նաեւ ստորագրվի դիմող անձի կամ լիազորված անձի կողմից: Դիմումը եւ կից փաստաթուղթը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դատարանը նշանակում է արտոնագրված հաշտարար, եթե դիմումը համապատասխանում է սույն մասով սահմանված պահանջներին։
2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ վարույթի ցանկացած փուլում Դատարանը կողմերին հաշտեցնելու նպատակով, կողմերի համաձայնությամբ կամ միջնորդությամբ իրավունք ունի նշանակել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:
3. Հաշտարարություն նշանակելու վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում, որտեղ նշվում են կողմերը, կողմերի միջեւ առկա վեճի բնույթը եւ հակիրճ նկարագրությունը, կողմերի պահանջները, հաշտարարության ժամկետները, ինչպես նաեւ հաջորդ դատական նիստի օրը եւ ժամը: Դատարանի որոշումը գործի բոլոր նյութերի պատճենների հետ միասին որոշումն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում հանձնվում է արտոնագրված հաշտարարին: Հաշտարարության արդյունքում կողմերի չհաշտվելու դեպքում, գործի քննությունը շարունակվում է ընդհատման պահից:
4. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը իրականացնում է արտոնագրված հաշտարարների ծանրաբեռնվածության հաշվառումը։ Դատարանի որոշման հիման վրա արտոնագրված հաշտարարն ընտրվում է համապատասխան ոլորտի հաշտարարների ցանկից ըստ ազգանվան այբբենական հերթականության` արտոնագրված հաշտարարի ծանրաբեռնվածության աստիճանին համապատասխան։ Ամենաքիչ ծանրաբեռնվածություն ունեցող արտոնագրված հաշտարարը ընտրվում է անկախ ազգանվան այբբենական հաջորդականությունից։
Արտոնագրված հաշտարարի թափանցիկ ընտրությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, ինչպես նաեւ ներդրվել սահմանված պահանջների կատարումն ապահովող ընտրության ավտոմատացված համակարգեր։
Հոդված 149.12 Դատարանի կողմից նշանակված հաշտարարության շրջանակն ու ժամկետները
1. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:
2. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչեւ վեց ամիս ժամկետով:
3. Դատարանի կողմից նշանակվող հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում արտոնագրված հաշտարարի նշանակման օրը:
Հոդված 149.13 Հաշտարարության ավարտը
1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաեւ հաշտարարը, ցանկացած պահի կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:
2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից յուրաքանչյուրի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դրա մեկական բնօրինակ տրվում է կողմերին եւ եւս երկու բնօրինակ պահվում է հաշտարարի մոտ:
3. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում` արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:
4. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունը ստորագրելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է դատարանին` վեճը հաշտարարությամբ լուծելու եւ գաղտնիության պայմանի մասին։ Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունը ընդհատման պահից։
5. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու դեպքում դատարանը դատական նիստի ժամանակ հաստատում է կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը, կամ հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությամբ սահմանված դեպքում` կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:
6. Ստանալով հաշտարարի պատշաճ ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին` դատարանը նիստ է նշանակում եւ ծանուցումը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում սույն հոդվածով սահմանված կարգով հաստատում է հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը կամ շարունակում է գործի քննությունը:
7. Եթե հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից վեց ամսվա ընթացքում դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմումին կցվում են հաշտության համաձայնության բնօրինակը, դատարան դիմելու մասին մյուս կողմի կողմից ծանուցումը ստանալու մասին փաստը հավաստող ապացույցը։ Դատարանը վերադարձնում է սույն մասի պահանջներին չհամապատասխանող դիմումը՝ դիմումը ստանալու հաջորդ օրը։
9. Ստանալով սույն հոդվածի 7-րդ մասին պահանջներին համապատասխանող դիմումը` դատարանը նշանակում է դատական նիստ եւ երեսնօրյա ժամկետում կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։
10. Արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված դատավարական նորմերի պահանջներին համապատասխան՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։
Հոդված 149.14 Հաշտարարության հետ կապված ծախսերը
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ Հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ:
2. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության առաջին չորս ժամերը, որոնք ներառում են նաեւ հաշտարարության գործի նախապատրաստական փուլը եւ հաշտարարական գործի կառավարումը, արտոնագրված հաշտարարի կողմից իրականացվում են անվճար:
3. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, եւ կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»:
Հոդված 8. Օրենսգրքի 132-րդ հոդվածում.
1) 5-րդ մասի 7-րդ կետում «բողոքը:» բառը փոխարինել «բողոքը.» բառով:
2) 5-րդ մասը լրացնել 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«8) Դատարանի կողմից հաշտարարություն նշանակելու, հաշտարարություն իրականացնելու ժամկետի մասին նշում:»:
Հոդված 9. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո։