Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ ԳԼՈՒԽ 15.1-ով.
«ԳԼՈՒԽ 15.1 ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 135.1 Հաշտարարը
Հաշտարարն այն անձն է, ով որպես անկողմնակալ երրորդ անձ հաշտարարության վերաբերյալ համաձայնության հիման վրա իրականացնում է հաշտարարություն` կողմերի միջեւ ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:
Հոդված 135.2 Հաշտարարության սկզբունքները եւ հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնները
1. Հաշտարարության գործընթացը իրականացվում է` կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
2. Հաշտարարը պետք է խստորեն հետեւի հաշտարարության բոլոր սկզբունքներին եւ հաշտարարի վարքագծի կանոններին:
3. Հաշտարարության ընթացքում հաշտարարը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետեւյալ ընդհանուր կանոններով՝
1) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը հնարավոր է, որ բացասաբար անդրադառնա հաշտարարի անկողմնակալության վրա.
2) ապահովել հավասար, հարգալից եւ անկողմնակալ վերաբերմունք վիճող կողմերի նկատմամբ.
3) հաշտարարությանը մասնակցող կողմերին բացատրել հաշտարարի դերն ու հաշտարարության գործընթացի բնույթը.
4) օրենքով սահմանված կարգով պահպանել հաշտարարության գաղտնիությունը.
5) երբեւէ չփորձել կողմերին հարկադրել մասնակցելու, շարունակելու կամ դադարեցնելու հաշտարարությունը, ինչպես նաեւ կողմերին պարտադրելու իր կողմից առաջարկվող հաշտության համաձայնությունը.
6) հաշտարարությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում:
4. Հաշտարարը ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պարտավոր է նաեւ խուսափել հաշտարարության հեղինակությունը վարկաբեկող վարքագիծ դրսեւորելուց:
Հոդված 135.3 Հաշտարարի իրավունքները եւ պարտականությունները
1. Հաշտարարն իրավունք ունի`
1) հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպել ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.
2) գովազդել իր հաշտարարական ծառայությունները.
3) ստանալ իր ծառայությունների դիմաց վճար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
4) ազատորեն կիրառել օրենքով չարգելված հաշտարարության մեթոդներ:
2. Հաշտարարը պարտավոր է`
1) մինչեւ հաշտարարության սկսելը հաշտարարության կողմերին ներկայացնել կողմերի իրավունքները եւ պարտականությունները.
2) հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց, եթե գտնում է, որ իր մասնակցությունը հաշտարարության գործընթացին կհանգեցնի հաշտարարության որեւէ սկզբունքի խախտման.
3) չհրապարակել օրենքով պահպանվող եւ հաշտարարության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը` պահպանելով հաշտարարության գաղտնիությունը.
4) պահպանել հաշտարարության սկզբունքները եւ վարքագծի կանոնները:
3. Հաշտարարն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ եւ պարտականություններ:
Հոդված 135.4 Հաշտարարության ընթացքում ձեռք բերված կամ հայտնի դարձած փաստերն օգտագործելու սահմանափակումները
Բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերի, հաշտարարը, կողմերը կամ հաշտարարությանը մասնակցած կամ մասնակցող յուրաքանչյուր անձ չի կարող կանչվել դատարան որպես վկա, մասնագետ կամ փորձագետ` ցուցմունք տալու հաշտարարության ընթացքում հայտնի դարձած փաստի կամ տեղեկության վերաբերյալ:
Հոդված 135.5 Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը
1. Հաշտարարությունը կարող է իրականացվել ինչպես բացառապես տվյալ գործով (ad hoc ադ հոք), այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում: Հաշտարարն իրավունք ունի իր գործունեությունը ծավալել ինչպես մշտապես գործող հաշտարարական հաստատությունում, այնպես էլ դրանից դուրս:
2. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը իրավաբանական անձ է, որը մշտական հիմունքներով մատուցում է հաշտարարական ծառայություններ:
3. Հաշտարարական հաստատությունը պետք է ունենա հրապարակված հաշտարարության կանոններ եւ հաշտարարների էթիկայի կանոններ, որին տվյալ հաստատության բոլոր հաշտարարները պետք է հետեւեն: Մշտապես գործող հաշտարարական հաստատության հրապարակած էթիկայի կանոնները պետք է համապատասխանեն սույն օրենսգրքով սահմանված հաշտարարի էթիկայի ընդհանուր կանոններին:
4. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը պետք է հրապարակի հաստատության ցանկում ընդգրկված հաշտարարների կենսագրությունը եւ մասնագիտացումը:
5. Մշտապես գործող հաշտարարական հաստատությունը գրանցվում է արտոնագրված հաշտարարների ռեեստրում:
Հոդված 135.6 Արտոնագրված hաշտարարը
Արտոնագրված հաշտարար է հանդիսանում 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, ստացել է արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր եւ սահմանված կարգով գրանցված է արտոնագրված հաշտարարների ռեեստրում: Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին դատավորին, ում պաշտոնավարումը դադարեցվել է սեփական դիմումի հիման վրա (հրաժարական է տվել) կամ լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը):
Հոդված 135.7 Արտոնագրված հաշտարարի արտոնագրումը
1. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար արտոնագրված հաշտարարի թեկնածուն անցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաստատված որակավորման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի համարժեքության հաստատումը իրականացվում է հաշտարարության որակավորման հանձնաժողովի կողմից:
2. Հայաստանի Հանրապետության նախկին դատավորին արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիրը տրվում է առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաստատված որակավորման դասընթաց անցնելու` միայն համապատասխան արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու դիմում ներկայացնելու հիմքով` դիմումին կցելով համապատասխան ապացույց, որով հաստատվում է, որ արտոնագրված հաշտարարի թեկնածուն Օրենքի 135.6-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախկին դատավոր:
3. Հաշտարարության որակավորման հանձնաժողովում ընդգրկվում են՝ ՀՀ արդարադատության նախարարության երկու, ՀՀ դատական իշխանության մեկ ներկայացուցիչներ, մեկ Հայաստանի Հանրապետության նախկին դատավոր, ում պաշտոնավարումը դադարեցվել է սեփական դիմումի հիման վրա (հրաժարական է տվել) կամ լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), մեկ հոգեբան-փորձագետ:
4. Որակավորման դասընթացի կարգը, հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձեւավորման կարգը, գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Արտոնագրված հաշտարարի որակավորման դասընթաց անցած կամ օտարերկրյա պետությունում համապատասխան դասընթաց անցած անձանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է արտոնագրված հաշտարարի վկայագիր, եթե վերջիններս բավարարում են սույն օրենքի 135.6-րդ հոդվածի պահանջներին:
6. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի համար դիմող անձը ներկայացնում է իր կենսագրական տվյալները եւ տալիս է համաձայնություն` օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող տվյալների իսկությունը ստուգելու վերաբերյալ։
7. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր տալը կարող է մերժվել նաեւ, եթե արտոնագրված հաշտարարի թեկնածուն հաշտարարության որակավորման հանձնաժողովին իր մասին ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ ներկայացրել է ոչ լիարժեք կենսագրական տվյալներ:
8. Արտոնագրված հաշտարարը հաշտարարության որակավորման հանձնաժողովի որոշմամբ կարող է զրկվել հաշտարարի որակավորման վկայագրից, եթե նա թույլ է տվել հաշտարարի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ պարբերական խախտումներ կամ, եթե պարզվել է, որ արտոնագիրը տրվել է օրենքի պահանջների խախտումով: Կոպիտ է հանդիսանում այն խախտումը, որը հեղինակազրկում է հաշտարարության ինստիտուտը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը առանձին վերցրած, թեեւ կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է հաշտարարության ինստիտուտը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնների հետ:
Հոդված 135.8 Արտոնագրված հաշտարարների ռեեստրը
1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրում ընդգրկվում են բոլոր այն անձինք, ովքեր ունեն արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր եւ բավարարում են արտոնագրված հաշտարարի` սույն Օրենսգրքով սահմանված պահանջներին:
2. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
3. Արտոնագրված հաշտարարների ռեեստրը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, որում ներառվում է նաեւ արտոնագրված հաշտարարների կենսագրությունը, կապի միջոցները, մասնագիտացումը, ինչպես նաեւ տեղեկություններ, թե արդյոք հաշտարարը գործում է որպես անհատ հաշտարար, թե մշտապես գործող հաշտարարական հաստատության շրջանակներում:
Հոդված 135.9 Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը
1. Սույն օրենքի համաձայն` հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առեւտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բոլոր արտոնագրված հաշտարարները: Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն։
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար բացի օրենքով սահմանված փաստաթղթերից ներկայացվում են նաեւ տեղեկություններ նրա անդամների մասին: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:
3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել դատական դեպարտամենտում` ներկայացնելով սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատական դեպարտամենտին:
4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի (էթիկայի) կանոնների մշակումն ու կիրառումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:
5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`
1) քննել իր անդամների գործունեության հետ կապված` սույն օրենքով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ դիմումները,
2) ընդունել կարգեր եւ կանոններ` իր անդամների որակավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումը, ինչպես նաեւ իր բնականոն գործունեությունն ապահովելու համար.
3) պարբերաբար կազմակերպել հաշտարարների վերապատրաստումը,
4) իրականացնել հաշտարարության ներդրման, զարգացման ուղղությամբ օրենքով չարգելված այլ գործառնություններ եւ գործունեություն:
Հոդված 135.10 Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները
1. Անդամների (հիմնադիրների) կողմից հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները պարբերական վճարներ են կատարում անդամության համար, որի չափը որոշվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը։
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
1) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը եւ դրանցում փոփոխությունների կատարումը.
2) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.
3) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների եւ ղեկավարի, էթիկայի հանձնաժողովի ընտրությունը եւ նրանց լիազորությունների դադարեցումը.
4) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.
5) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.
6) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը,
7) գործադիր մարմին ընտրելը կամ նշանակելը,
8) էթիկայի հանձնաժողովի թվաքանակի սահմանումը եւ անդամների ընտրությունը։
4. Գործադիր մարմնի ղեկավարը (անդամը) չի կարող միաժամանակ լինել էթիկայի հանձնաժողովի անդամ:
3. Էթիկայի հանձնաժողովն ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաեւ կանոններով կամ կարգերով սահմանված կարգով քննում է անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենքի եւ վարքագծի (էթիկայի) կանոններին։
Հոդված 135.11 Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել իր անդամի գործունեության վերաբերյալ ստացված բողոքը: Օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը լուծում է տվյալ հաշտարարին կազմակերպության անդամությունից ազատելու հարցը, որը պետք է լուծվի ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու կամ դրա մասին տեղեկանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը 5 օրվա ընթացքում ուղարկվում է արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովին եւ դատական դեպարտամենտ:
3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովի կողմից հաշտարարին` որակավորման վկայականից զրկելու համար:»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք
ամիս հետո, բացառությամբ Օրենքի 1-ին հոդվածով լրացվող 135.6-րդ, 135.7-րդ 135.8-րդ հոդվածների։
2. Օրենքի 1-ին հոդվածով լրացվող 135.6-րդ, 135.7-րդ 135.8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 3. Անցումային դրույթներ
1. ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը ձեւավորվում է Օրենքի 1-ին հոդվածով լրացվող 135.7-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
2. Մինչեւ հաշտարարների առաջին ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը, Օրենքի 1-ին հոդվածով լրացվող 135.9-րդ, 135.10-րդ, 135.11-րդ հոդվածներով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության իրավազորությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը: