Armenian ARMSCII Armenian
Կ-8211-16.04.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր՝ 9.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9.1. Եթե «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» կետով սահմանված հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել պետական տուրքի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում, եթե համապատասխան պահանջի բավարարումը հանգեցնում է պայմանագրի անվավերությանը կամ ազդում է պայմանագրի գնի վրա, ապա դատարանը դատական ակտով անդրադառնում է պայմանագրի գնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:»:

2) 12-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6-7-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) հայցադիմումում ձեւակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման անկախ դրա հիմքում դրված փաստերից).

7) հայցը ներկայացվել է ակնհայտորեն ոչ պատշաճ հայցվորի կողմից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի նկատմամբ: