Հոդված 1. Վավերացնել 2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը ՝ կից վերապահումով :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի մասին Համաձայնագրին միանալու նպատակահարմարության վերաբերյալ
Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ եւ երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) եւ Ադրբեջանը (2,541 բաժնեմաս):
Բանկին ՀՀ անդամակցության գործընթացի հետ կապված բանակցությունները սկսվել են դեռեւս 2016 թվականից:
Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող եւ ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է:
2017թ. Հայաստանը դիմում-հայտ է ներկայացրել Բանկին (կցվում է), որով Հայաստանի անդամակցությունը Բանկին նախատեսվում էր 374 /երեք հարյուր յոթանասունչորս/ բաժնեմասի բաժանորդագրմամբ:
2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի Բանկին, սակայն առաջարկը սկզբունքորեն մերժվել է Բանկի կողմից՝ նշելով, որ 5 բաժնեմասով բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները:
Բանկի վճարվող կապիտալի համար 58-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ դարձող՝ համաձայնագրի յուրաքանչյուր ստորագրող կողմից ի սկզբանե բաժանորդագրությամբ նախատեսված գումարի վճարումը կատարվում է հինգ (5) մասով՝ յուրաքանչյուր անգամ այդ գումարի քսան (20) տոկոսի չափով՝ բացառությամբ նշյալ հոդվածի 5-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Առաջին մասը յուրաքանչյուր անդամի կողմից վճարվում է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն իր անունից 58-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան ի պահ հանձնելու օրը կամ դրանից առաջ՝ ելնելով այն հանգամանքից, թե որն է ավելի ուշ: Երկրորդ մասը ենթակա է վճարման սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ (1) տարի հետո: Մնացած երեք (3) մասերը ենթակա են վճարման հաջորդաբար նախորդ մասը վճարելու օրվանից մեկ (1) տարի հետո:
Բանկին անդամակցելը կարեւորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով՝ Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար:
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ եւ ներգրավելով պետական եւ մասնավոր կապիտալի ներդրում:
Անդամակցումը նպատակահարմար է նաեւ վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից:
Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման մասին համաձայնագրում ընդգրկված են Բանկի ստեղծման նպատակի, անդամակցության ընթացակարգի, կապիտալին բաժանորդագրման, անդամավճարի փոխանցման կարգի, Բանկի գործառնությունների ու կառավարման, կարգավիճակի, անձեռնմխելիության, արտոնությունների տրամադրման, ինչպես նաեւ ընդհանուր դրույթներ:
Փաստաթուղթը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին եւ նպատակներին:
Ելնելով առկա պարտավորությունից եւ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես նաեւ հաշվի առնելով վերոհիշյալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության միացումը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման Համաձայնագրին՝ 374 /երեք հարյուր յոթանասունչորս/բաժնեմասի բաժանորդագրմամբ՝ հետեւյալ վերապահումով. «Հիմք ընդունելով Համաձայնագրի 51-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող աշխատավարձից եւ պարգեւատրումներից ստացվող եկամուտները հարկելու:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի հունիսի 29-ին:
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (այսուհետ՝ Բանկ) նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել Ասիայում ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցությունը եւ գործընկերությունը զարգացման մարտահրավերներին դիմակայելու հարցում՝ սերտորեն համագործակցելով զարգացման բազմակողմանի եւ երկկողմանի այլ հաստատությունների հետ:
Բանկին անդամակցումը Հայաստանի Հանրապետության համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ եւ ներգրավելով պետական եւ մասնավոր կապիտալի ներդրում, ինչպես նար կարեւորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը նպատակահարմար է նաեւ վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման եւ ալլ զարգացման բանկերից կախումը նվազեցնելու տեսանկյունից:
Բանկին անդամակցությունը բաց է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կամ Ասիական զարգացման բանկի անդամների համար:
Բանկն իր նպատակն իրագործելու համար ունի հետեւյալ գործառույթները.
i) խթանել տարածաշրջանում պետական եւ մասնավոր կապիտալի ներդրումը զարգացման նպատակով, մասնավորապես՝ ենթակառուցվածքների եւ այլ արտադրական ճյուղերի զարգացման համար,
ii) օգտագործել իր տրամադրության տակ եղած ռեսուրսները՝ տարածաշրջանում այդպիսի զարգացումը ֆինանսավորելու համար,
iii) քաջալերել մասնավոր ներդրումները տարածաշրջանի տնտեսական զարգացմանը նպաստող նախագծերում, ձեռնարկություններում եւ գործունեության մեջ, մասնավորապես՝ ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, եւ լրացնել մասնավոր ներդրումներն այն դեպքում, երբ մասնավոր կապիտալը ողջամիտ պայմաններով հասանելի չէ,
iv) իրականացնել այնպիսի այլ գործողություններ եւ մատուցել այնպիսի այլ ծառայություններ, որոնք կնպաստեն նշված գործառույթների կատարմանը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, երբ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում առնվազն տասը ստորագրող կողմի կողմից, որոնց նախնական բաժանորդագրությունները, ինչպես սահմանված է Համաձայնագրի Ա հավելվածում, ընդհանուր առմամբ կազմում են ոչ պակաս, քան այդպիսի բաժանորդագրությունների ընդհանուրի հիսուն տոկոսը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. դեկտեմբերի 25-ին:
Բանկին անդամակցում են 46 տարածաշրջանային եւ 46 ոչ տարածաշրջանային անդամներ՝ (ցանկը կից ներկայացվում է) :
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագրի 31-րդ հոդվածով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (այսուհետ՝ Բանկ) ընձեռնվում է միջազգային բնույթ, որից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ Բանկը ստեղծվում է որպես միջազգային կազմակերպություն, ինչն էլ հիմք է ընդունվել Արդարադատության նախարարության կողմից եզրակացությունը կազմելիս:
Համաձայնագիրը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:
1. Համաձայնագրի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բանկն անձեռնմխելի է ցանկացած տեսակի իրավական գործընթացների նկատմամբ՝ բացառությամբ փոխառությունների միջոցով կամ այլ եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու, պարտավորությունները երաշխավորելու կամ արժեթղթեր վաճառելու ու գնելու կամ դրանց անդերռայթինգ իրականացնելու հետ կապված իր լիազորություններից բխող կամ դրանց առնչվող դեպքերի, իսկ 50-րդ հոդվածի 1-ին մասի i) կետի համաձայն՝ Բանկի բոլոր կառավարիչները, տնօրենները, նրանց տեղակալները, Նախագահը, փոխնախագահները եւ մյուս պաշտոնատար անձինք ու աշխատողները, այդ թվում՝ Բանկի համար հանձնարարություններ կատարող կամ ծառայություններ մատուցող փորձագետներն ու խորհրդատուները անձեռնմխելի են ծառայողական պարտականությունների ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված դատական գործընթացների նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը հրաժարվում է անձեռնմխելիությունից, ինչպես նաեւ օգտվում են իրենց բոլոր պաշտոնական փաստաթղթերի եւ արձանագրությունների անձեռնմխելիությունից:
Վերոնշյալ հոդվածները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 432-րդ եւ 433-րդ հոդվածներին, որոնց համաձայն՝ քրեադատավարական անձեռնմխելիությունից օգտվում են միայն դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձինք, այնինչ Բանկն ու իր աշխատակիցները չեն հանդիսանում դիվանագիտական ծառայողներ կամ դրանց հավասարեցված անձինք:
Բացի այդ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը նախատեսում է մի շարք իրավախախտումներ, որոնց համար կարող են պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձինք: Միաժամանակ սույն օրենսգրքում միջազգային կազմակերպությունների համար վարչական պատասխանատվությունից անձեռնմխելիություն սահմանող դրույթներ առկա չեն:
2. Համաձայնագրի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 47-րդ, 48-րդ, 49-րդ հոդվածներով Բանկին ընձեռնված են գույքի եւ ակտիվների, արխիվների, փաստաթղթերի, հաղորդակցության հետ կապված իրավական գործընթացներից լայնածավալ արտոնություններ եւ անձեռնմխելիություն: Համաձայնագրի նշված դրույթները հակասում են Օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի դրույթներին, որոնց համաձայն Օրենսգրքի 432-րդ հոդվածի հիմքով դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվողների համար է միայն սահմանված նրանց պատկանող շինությունների եւ փաստաթղթերի համար անձեռնմխելիություն, այսինքն՝ այս պարագայում եւս Բանկը չի կարող օգտվել դրանից:
3. Համաձայնագրի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բանկը, դրա ակտիվները, գույքը, եկամուտը եւ սույն համաձայնագրի համաձայն դրա գործառնություններն ու գործարքներն ազատ են բոլոր տեսակի հարկերից եւ բոլոր տեսակի մաքսատուրքերից: Բանկը նաեւ ազատվում է ցանկացած հարկի կամ տուրքի վճարման, պահման կամ հավաքման պարտավորությունից: Նշված դրույթը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Միաժամանակ սույն օրենսգրքով նախատեսված է որոշ հարկատեսակների նկատմամբ որոշակի պայմանների առկայության պարագայում միջազգային պայմանագրերով հարկային արտոնություններ սահմանելու հնարավորություն, այսինքն՝ այս պարագայում եւս Համաձայնագրի տվյալ դրույթով նախատեսված է հարկային արտոնությունների բավականին լայն շրջանակ:
Համաձայնագրի վերոնշյալ դրույթը հակասում է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:
Բացի այդ, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողները պարտավոր են սահմանված ժամկետում եւ կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը եւ կամ վճարները: Վերը նշված օրենքը չի պարունակում դրույթներ միջազգային կազմակերպություններին տեղական տուրքերից եւ վճարներից ազատելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծման մասին» համաձայնագիրը (Համաձայնագիր) պարունակում է Հայաստանի Հարապետության համար ֆինանսական պարտավորություններ առաջացնող, այդ թվում՝ ծախսերի ավելացման եւ եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ: Մասնավորապես, ծախսերի ավելացման մասով հայտնում ենք հետեւյալը.
Ըստ Համաձայնագրի՝
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ 2023թ. պետական բյուջեի մասին օրենքով եւ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ով ԵՆԱԲ-ին բաժանորդագրության ուղղությամբ ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:
Ինչ վերաբերում է եկամուտների նվազեցմանը, ապա Համաձայնագրին անդամակցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ Համաձայնագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ԵՆԱԲ-ը, դրա ակտիվները, գույքը, եկամուտը ազատվում են բոլոր տեսակի հարկերից եւ մաքսատուրքերից:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Երեւան-0010, Հանրապետության հր. Կառավարական տուն 3
N ԳՍ//27480-2023
ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ «Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայնեցման եւ փոխհամաձայնեցման աշխատանքներում ներգրավված են եղել մի շարք շահագրգիռ գերատեսչություններ:
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են.
1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
2. ՀՀ ֆինանսների նախարարություն
3. ՀՀ արդարադատության նախարարություն
4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն
5. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է սույն Համաձայնագիրը՝ պայմանով, որ իրեն իրավունք է վերապահում Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող աշխատավարձից եւ պարգեւատրումներից ստացվող եկամուտները հարկելու՝ հիմք ընդունելով Համաձայնագրի 51-րդ հոդվածը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում