Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-835-26.04.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

«4) Բանկերից, վարկային կազմակերպություններից, գրավատներից, դեղատներից, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերից, փոստային կապի օբյեկտներից, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներից, ուսումնական հաստատություններից, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպություններից, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտներից, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերից, առեւտրի իրականացման վայրերից, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերից, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող եւ շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: Տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված կազմակերպություններից պահանջվող տեսահսկման համակարգերի հասանելիությունը պետք է ներառի՝

ա. տեսահսկման համակարգին ադմինիստրատիվ օգտվողի հնարավորություն,

բ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման
հնարավորություն,

գ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման եւ պահպանման հնարավորություն,

դ. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն,

ե. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի
բեռնման, արտահանման հնարավորություն,

զ. առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների եւ դիտման սարքերի հասանելիության հնարավորություն.

5) տեսահսկման համակարգերի միջոցով անձանց նույնականացում կարող է իրականացվել բացառապես այն դեպքում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն.

6) ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում կարող է իրականացվել հետեւյալ նպատակներով.

ա.  իրավախախտումների նախականխման, կանխման եւ բացահայտման,

բ. հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման,

գ. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման,

դ. անհետ կորած քաղաքացիների եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման,

ե.  հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման.

7) ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեսահսկման համակարգերը կարող են կիրառվել նաեւ հետեւյալ նպատակներով.

ա. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման,

բ. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ  համագործակցության,

գ. օրենքով չարգելված նպատակներով պետական եւ ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման.»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

2. Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնութամսյա ժամկետում: