ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների արտոնությունների հետ կապված հարաբերությունները, սահմանում է բազմազավակ ընտանիքների արտոնություն հասկացությունը, արտոնությունների տեսակները, արտոնություններից օգտվելու կարգը:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին
Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
բազմազավակ ընտանիք` ընտանիքում չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներ.
բազմազավակ ծնող կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որի խնամքի տակ գտնվում են չորս եւ ավելի երեխաներ.
բազմազավակ ընտանիքի անդամ՝ ընտանիքում չորս եւ ավելի երեխաներ խնամող ծնողները կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձինք, բազմազավակ ընտանիքի երեխաները.
բազմազավակ ընտանիքների արտոնություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բազմազավակ ընտանիքներին տրամադրվող առավելություններ:
Հոդված 4. Բազմազավակ ընտանիքներին հասանելիք արտոնությունները
Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքներն օգտվում են հետեւյալ արտոնություններից.
1. Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային եւ սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներից եկամտային հարկը նվազեցվում է 50 տոկոսով:
2. Բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրոէներգիա) հարկվում են 50 տոկոս նվազեցումով:
3. Բազմազավակ ընտանիքների անդամները ազատվում են պետական թանգարանների, մշակույթի տների, ցուցահանդեսների, թատրոնների մուտքի համար սահմանված վճարներից:
4. Բազմազավակ ընտանիքների անչափահաս անդամները մինչեւ չափահաս դառնալը օգտվում են անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքից:
5. 4 եւ ավելի երեխա ունեցող ծնողներն ունեն ՀՀ ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսուց) անվճար օգտվելու իրավունք:
6. Վարձով բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանավարձի ամսական գումարի 30 տոկոսը վճարվում է ՀՀ պետական բյուջեից, եթե ընտանիքի ամսական եկամտի եւ երեխաների թվի հարաբերակցությունը փոքր է ամսական վարձավճարի մեծությունից:
7. Յուրաքանչյուր բյուջետային տարի ՀՀ պետական բյուջեի եկամուտների 0.1 տոկոսը հատկացվում է հիպոթեկային վարկից օգտվող բազմազավակ ընտանիքների առաջին բնակարանի վարկի ամսական տոկոսները վճարելու նպատակով:
8. ՀՀ պետական բյուջեից հիպոթեկային վարկի տոկոսների մարման նպատակով գումար չի հատկացվում այն բազմազավակ ընտանիքներին, որոնց ամսական եկամտի եւ երեխաների թվի հարաբերակցությունը գերազանցում է հիպոթեկային վարկի մարման ամսական տոկոսավճարի մեծությունից:
9. Գյուղական համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներին տրվում է առաջնահերթություն հողի վարձակալման համար հայտարարված մրցույթներում:
10. Բազմազավակ ընտանիքների համար գնված առաջին մեքենայից գանձվող գույքահարկը նվազեցվում է 50 տոկոսով:
11. Բազմազավակ ընտանիքներին՝ փոքր բիզնես սկսելու համար, վարկ վերցնելիս տրվում է առաջնահերթություն:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների արտոնություններից օգտվելու կարգը
Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների արտոնություններից օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
«Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով սահմանված, Հայաստանի Հանրապետությունը որպես սոցիալական պետություն հռչակող իրավական նորմի կիրառումամբ եւ Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ :
Հաշվի առնելով բազմազավակ ընտանիքների դերն ու կարեւորությունը սերունդների վերարտադրման եւ հայ գենի շարունակականության ապահովման հարցում, ապա՝ օրենսդրորեն ամրագրելով բազմազավակ ընտանիքներին պետականորեն հասանելիք արտոնությունների ձեւերն ու տեսակները, դրանով իսկ կնպաստենք Հայաստանում բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:
Ի նկատի ուինենալով Հայաստանում վերջին տարիներին նկատվող ծնելիության տեմպերի նվազեցումը, այս օրենքը կարող է խթան հանդիսանալ երիտասարդ զույգերի համար ընտանիքում ավելի շատ երեխաներ ունենալու ուղղությամբ դրական որոշում կայացնելու հարցում:
Օրենսդրորեն սահմանելով բազմազավակ ընտանիքների արտոնություններ՝ պետությունը հիմքեր է ստեղծում վերջիններիս պետության կողմից պաշտպանված եւ գնահատված լինելու համար:
Ելնելով վերոգրյալից՝ «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումով կկարգավորվեն բազմազավակ ընտանիքների արտոնություններից օգտվելու հարաբերությունները, այն նաեւ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում ծնելիության տեմպերի աճման եւ հայ գենի վերարտադրելիությանը: Սերունդների վերարտադրողականության տեմպերի խթանումը, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների թվի ավելացումը կարեւոր է ապագայում հնարավոր ժողովրդագրական խնդիրներից խուսափելու տեսանկյունից եւս: