Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 09-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 151-րդ հոդվածում վերջակետը փոխարինել միջակետով:
Նույն հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6) կրոնական ավանդույթի ուժով գերեզմաններ այցելելու համար նախատեսված հանգիստը:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացել հետյալ բովանդակությամբ նոր 156.1-ին հոդվածով.
«Հոդված 156.1. Կրոնական ավանդույթի ուժով գերեզմաններ այցելելու համար նախատեսված հանգիստը
1. Հայկական եկեղեցական տոմարով նախատեսված տաղավար տոների օրերին հաջորդող երկուշաբթի օրերին, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդները ձեւավորված ավանդույթի ուժով այցելում են գերեզմաններ, աշխատողն իրավունք ունի մինչեւ 3 ժամ տեւողությամբ բացակայելու աշխատանքից:
2. Հայաստանում գործող այլ կրոնական ուղղությունների հետեւորդները եւս կարող են օգտվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից, եթե նրանց դավանած կրոնական ուղղության մեջ ձեւավորված ավանդույթի ուժով այդ անձիք որոշակի օրեր այցելելում են գերեզմաններ:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված իրավունքից օգտվելու մտադրության մասին աշխատողը պարտավոր է գործատուին առնվազն 2 օր առաջ գրավոր տեղեկացնել:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր որոշումներով բավականին տեւական ժամանակ հայկական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը սահմանել է ոչ աշխատանքային՝ դրանց փոխարեն աշխատանքային սահմանելով հաջորդող ոչ աշխատանքային շաբաթ օրերը, քանի որ Առաքելական եկեղեցու հետեւորդներն այդ օրերին այցելում են իրենց մահացած հարազատների գերեզմանը:
Այնուամենայնիվ, տվյալ կարգավորումն առաջացնում է բավականին խնդրահարույց հարցեր: Մասնավորապես, բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի եւ աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ եւ այլ գործառնություններ կատարել:
Մյուս կողմից, բաց է մնում շաբաթական 6 օր աշխատողների հարցը, քանի որ բազմաթիվ գործատուներ, հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-3-րդ, 155-րդ, 184-րդ հոդվածների պահանջները, չաշխատած երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրն են աշխատանքի կանչում աշխատողներին, ովքեր փաստորեն այդպիսով աշխատում են 12 օր անընդմեջ:
Ի վերջո, խախտվում է աշխատողի աշխատանքային գրաֆիկը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենց առավել հարմար է աշխատել իրենց կանոնավոր գրաֆիկով՝ մշտապես շաբաթական 5 աշխատանքային եւ 2 հանգստյան օր ունենալով, քան 5 աշխատանքային, 3 հանգստյան, այնուհետեւ 5 աշխատանքային եւ 1 հանգստյան օր ունենալով, քանի որ 1 ոչ աշխատանքային օրը հաճախ բավական չէ լիարժեք հանգստանալու համար:
Այսպիսով նախագիծը քաղաքացիների համար իրավական հիմք եւ ընթացակարգ է ստեղծում համապատասխան օրն այցելելու ննջեցյալների գերեզմաններ՝ առանց ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտության:
2. Նախագծով որպես լրացում առաջարկվող 156.1-ին հոդվածի 2-րդ մասը մշակվել է՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասով (մտքի, խղճի եւ կրոնի (դավանանքի) ազատության իրավունք) ու 14-րդ հոդվածով (խտրական վերաբերմունքից զերծ լինելու իրավունք) նախատեսված իրավունքները:
3. Նույն հոդվածի 3-րդ մասով առաջարկվող՝ առնվազն 2 օր առաջ գրավոր տեղեկացնելու պահանջի սահմանումը նպատակ ունի մի կողմից գործատուին հնարավորություն տալ, նախապես տեղեկացված լինելով, այդ օրվա գրաֆիկն ավելի համապատասխան կազմակերպել, մյուս կողմից աշխատողն այդ փաստաթուղթը (թղթային կամ էլեկտրոնային) հետագայում որեւէ խնդիր առաջանալու դեպքում կարող է օգտագործել որպես գրավոր ապացույց՝ հիմնավորելու համար աշխատանքից որոշակի ժամանակով բացակայելու հանգամանքը: