Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-762-17.04.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ, ՕՊՏԻԿԱԿԱՆ, ԹՎԱՅԻՆ, ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՏԻՊԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Ուժը կորցրած ճանաչել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ չօգտագործված, ինչպես նաեւ վնասված դրոշմապիտակների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են  ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես`    մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաստողների ստեղծագործությունները, կատարումներն ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչ), որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ դասակարգչի 852329, 852340, 852380 ծածկագրերին (բացառությամբ 85232910, 85234011, 85234012, 85234013, 85238010 ծածկագրերին դասվող կրիչների) վրա պարտադիր դրոշմավորման ենթակա հսկիչ նշաններով (այսուհետ` դրոշմապիտակ) դրոշմավորման, դրոշմապիտակների տրամադրման, հաշվառման, օգտագործման եւ պահպանման կարգերը, կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքի տրման կարգը:

Հայաստանի Հանրապետությունում կրիչներ իրացնելու համար պարտադիր պահանջ է հանդիսանում դրանց վրա փակցված համապատասխան դրոշմապիտակի առկայությունը: Կրիչներ արտադրողներն ու ներմուծողները դրոշմապիտակները ձեռք են բերում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից: Դրոշմապիտակների տրամադրման հայտին կից հայտատուները պետք է ներկայացնեն կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք, որը տրամադրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը: Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փաստաթղթեր (պայմանագրեր) ներկայացնելու պարագայում: Գործակալությունը չի ստուգում պայմանագրերի իսկությունը: Կրիչներ ներմուծողները կարող են ներկայացնել նաեւ տվյալ կրիչը արտադրողի կամ վաճառողի հետ կնքված հաշիվ-ապրանքագրի պատճենը, որը բավարար փաստաթուղթ չէ ստուգելու արդո՞ք պահպանված են հեղինակային եւ/կամ հարակից իրավունքները:

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքը (հավաստագիրը) փոխարինել իրավունքները չխախտելու դիմումատուի հայտարարագրով։

Դրոշմապիտակները տրամադրվում են 10 օրվա ընթացքում՝ ներմուծողներին 90 օր ժամկետով (90 օր երկարաձգման հնարավորությամբ), իսկ արտադրողներին 180 օր ժամկետով:

2012թ. եւ 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվել է դրոշմապիտակների ձեռքբերման 97 հայտ, որի արդյունքում տրամադրվել է մոտավորապես 600 հազ. հատ դրոշմապիտակ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն, եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքը՝ հաշվի առնելով մի քանի նկատառումներ.
 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորումների հետ կապված տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն ծախսերի հետեւյալ նվազեցումները.

2012-2013թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե է ներկայացվել դրոշմապիտակների ձեռք բերման 97 հայտ, որի գծով ծախսերը տնտեսավարող սուբյեկտների մոտ կազմել են մոտավորապես 15 մլն ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ծախսերը կնվազեն 100 %-ով:

Կարգավորման ազդեցության գնահատականներ