Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-763-20.04.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքը, որի բուժումը Հայաստանի Հանրապետության տարածքում չի իրականացվում, պետք է իրականացվի արտերկրում: Բուժման, կացության եւ ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ճանապարհածախսի եւ կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են բացառապես զինվորական ծառայության ընթացքում վնասվածք ստացած զինծառայողները: Դիտավորությամբ ինքն իրեն վնասվածք պատճառած զինծառայողը զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ճանապարհածախսի եւ կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից չի կարող օգտվել:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաեւ ճանապարհածախսի եւ կացության գումար հատկացնելու կարգը:


Հիմնավորում

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Գործող օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքի բուժումն իրականացվում է գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում եւ հետեւաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որեւէ պոզիտիվ պարտականություն չի կրում նրա բուժման, կացության ու ճանապարհածախսի հատուցման մասով: Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ծառայության են մեկնել լիովին առողջ, ստանալով վնասվածք, որը հնարավոր չէ բուժել Հանրապետության տարածքում, այդպիսով ողջ կյանքի ընթացքում դատապարտվում են գամված մնալու անկողնուն:

Փաստորեն անձը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն սահմանադրական պարտքի կատարման, լավագույն դեպքում ստանում է պետական պարգեւ, սակայն արտերկրում անհրաժեշտ ու արդյունավետ բուժման ծախսերը պետք է հոգա անձամբ (ինչը մեր պետության միջին եկամտով ապրող ընտանիքների համար հաճախ աստղաբաշխական թիվ է) կամ միջինում 21 տարեկանից դատապարտվի հաշմված ապրելուն: Ընդ որում, պետության կողմից նման վերաբերմունք դրսեւորելը խիստ բացասական ազդեցություն է թողնում զորակոչի վրա:

Ակնհայտ է, որ թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյուններից քաղաքացին, ով վնասվածք է ստացել պետությունը պաշտպանելիս, արժանի է ստանալու համարժեք վերաբերմունք՝ հատկապես առողջության լիարժեք վերականգնման խնդիրը պետության կողմից հոգալու մասով: Սույն նախագծի ընդունմամբ իրավական հիմք եւ դրա հիման վրա ընթացակարգ կսահմանվի զինծառայողի կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումն անհրաժեշտության դեպքում արտասահմանում իրականացնելու համար: