Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-764-20.04.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ 120 ԿՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

արտադրական գործունեություն՝ սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքների վարչական սահմաններում արտադրական գործունեության կազմակերպում՝ բացառությամբ օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների եւ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրական գործունեության.

շահառու՝ սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպություն եւ անհատ ձեռնարկատեր:

Հոդված 3. Հարկային արտոնությունները

Սույն օրենքի իմաստով տրամադրվում են հարկային հետեւյալ արտոնությունները.

1. Շահառուի արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

1) իրացումից եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով,

2) իրացումից ստացման ենթակա եկամուտները ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից:

2. Շահառուները աշխատողներին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում են 15 տոկոս դրույքաչափով:

Հոդված 4. Շահառուի ծախսերի եւ եկամուտների հաշվառման առանձնահատկությունները

Շահառուները արտադրական գործունեության մասով վարում են եկամուտների եւ ծախսերի առանձնացված հաշվառում (կազմակերպությունների համար` առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաեւ այդ գործունեության հետ կապված ծախսերը հարկման նպատակով նվազեցվում են նույն ժամանակաշրջանում իրականացվող արտադրական գործունեության մասով ստացվող համախառն եկամտի եւ դրա հետ կապված ծախսերի գումարի չափով:

Եթե իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի որոշ տեսակների մասով հնարավոր չէ վարել առանձնացված հաշվառում, ապա այդ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ծախսերից հարկման նպատակով նվազեցվում են հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի մեջ իրականացվող արտադրական գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան:

Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում եւ հայտարարագրերում:

Հոդված 5. Շահառուի պատասխանատվությունը

Եթե շահառու հանդիսացող ավելացված արժեքի հարկ վճարողի մոտ արձանագրվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հավելվածով սահմանված կարգի խախտում կամ արտոնության շահառու հանդիսացող շրջանառության հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք (այսուհետ՝ խախտում), ապա`

1) տարվա ընթացքում առաջին անգամ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը,

2) տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը եւ համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է շահառու լինելուց՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում:

Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ին:

Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքների ցանկը եւ սույն օրենքի իմաստով շահառուի կարգավիճակ ստանալու կարգը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ 120 կմ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքների նախագծերի փաթեթի նպատակը Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում (որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը) տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

Կարգավորման հարաբերությունների առկա խնդիրները.

Հանրապետությունում, մասնավորապես՝ Երեւան քաղաքից ավելի հեռու գտնվող քաղաքային եւ գյուղական համայնքներում վերջին տարիներին առավել քան արդիական են նոր աշխատատեղերի ստեղծումը, գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ձեւավորումը, ուստի եւ ներդրումների ներգրավման ապահովումը, որը սակայն առավել քան բարդ է տարբեր պատճառներով, այդ թվում եւ՝ հարկային բեռի առկա մակարդակի հետեւանքով: Ուստի, հստակ է, որ արտադրական գործունեության կազմակերպման գործընթացում մի շարք հարկերի գծով արտոնությունների սահմանումը կարող է խթան հանդիսանալ վերոնշյալ համայնքներում գործարար եւ ներդրումային միջավայրի ակտիվացման, ինչպես նաեւ ՀՀ տարածքային համաչափ զարգացման համար, որը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի դրույթներով:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Օրենքների նախագծերի սույն փաթեթով առաջարկվում է՝ 2016 թվականի հունվարի 1-ից Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությանը տրամադրել արտոնություններ շրջանառության հարկի, եկամտային հարկի եւ շահութահարկի մասով:

Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Օրենքների նախագծերի սույն փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է Երեւան քաղաքից 120 կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում իրականացվող արտադրական գործունեությունը ազատել մի շարք հարկերից՝ նպաստելով այդ համայքներում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավմանը՝ դրանով իսկ լուծելով պետության առջեւ ծառացած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հեռավոր մարզերում ներդրումների ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, առկա աշխատատեղերի պահպանումը, երկրից արտագաղթի կասեցումը եւ այլն: