Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-765-20.04.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-225 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում  «քաղաքացիները» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրություններին մասնակցելու համար սահմանված կարգով» բառերը,

2. 3-րդ մասում «դատապարտված եւ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկում» բառերը,

3. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները հանրաքվեին մասնակցում են ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 6-րդ մասում «ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 55 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո» բառերով,

2. 8-րդ մասում «40 օր առաջ» բառերը փոխարինել «50 օր առաջ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 8-րդ մասում «ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 55 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո» բառերով,

2. 9-րդ մասում «30 օր առաջ» բառերը փոխարինել «50 օր առաջ» բառերով:

Հոդված 4 . Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 11. Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի լիազորությունները

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն հանրաքվեն կազմակերպող եւ հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր եւ ստորադաս հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում եւ անցկացնում է հանրաքվեի անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու եւ որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի օրենսդրության միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների եւ հանրաքվեի այլ փաստաթղթերի ձեւերը, նմուշները, դրանց լրացման եւ պահպանման կարգը, հանրաքվեի հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերով.

6) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

7) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների` սույն օրենքին եւ ընտրական օրենսգրքին հակասող որոշումները,

8) լսում է հանրաքվեի հանձնաժողովների եւ պետական մարմինների հաղորդումները հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման մասին.

9) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

11) կազմակերպում է հանրաքվեի դրվող Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ օրենքի նախագծերը.

12) ընդունում է սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքով նախատեսված որոշումներ, հանրաքվեի գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենքին եւ ընտրական օրենսգրքին չհակասող որոշումներ.

13) հրապարակում է ուսումնական ձեռնարկ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների եւ դիտորդների համար.

14) սահմանում է հանրաքվեի հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

15) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).

16) իրականացնում է վերահսկողություն քարոզչության ֆիանասավորման հիմնադրամների նկատմամբ.

17) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ հանրաքվեին վերաբերելի ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ: »:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «Հոդված 12. Հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները

Հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովի սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում է ընտրական օրենսգրքով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

2) սահմանում է հանրաքվեի տեղամասերի հերթական համարները` կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, եւ այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական հանձնաժողով.

3) իր եւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական հանձնաժողով.

4) քննարկում է հանրքվեի տեղամասային հանձնաժողովների որոշումների եւ գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային հանձնաժողովների` սույն օրենքին եւ ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.

5) ըստ հանրաքվեի տեղամասերի` հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է հանրաքվեի նախնական արդյունքները.

6) հետեւում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելուն եւ համընդհանուր ծանոթացման համար դրանք հանրաքվեի տեղամասերում ներկայացնելուն.

7) վերահսկում է հանրաքվեի տեղամասային կենտրոնների` սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.

8) վերահսկողություն է իրականացնում հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կողմից սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.

9) անվավեր է ճանաչում հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքները.

10) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքով նախատեսված եւ հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «Հոդված 13. Հանրաքվեի տեղամասյին հանձնաժողովների լիազորությունները

Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնում են ընտրական օրենսգրքով սահմանված տեղամասյին ընտրական հանձնաժողովները: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը`

1) կազմակերպում է հանրաքվեի դրված հարցի քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները հանրաքվեի տեղամասում.

2) կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.

3) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակները, հանրաքվեի փաստաթղթերի պարկը եւ քվեատուփը ներկայացնում է հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողով.

4) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքով նախատեսված եւ հանրաքվեին վերաբերելի այլ լիազորություններ: »:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրաքվեն նախապատրաստվում եւ անցկացվում է հրապարակայնորեն՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան՝ սույն օրենքի առանձնահատկությունների հաշավառմամբ:»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաեւ հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:»:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1. 5-րդ մասի «բ» կետը «(ծառայողները)» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները» բառերով,

 2. 8-րդ մասի վերջին երկու նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այդ տեղերը պետք է հարմար լինեն քվեարկողների այցելության համար եւ ապահովեն հավասար մակերես «կողմ» կամ «դեմ» քարոզչության համար:»:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում հաշվարկային հիմք հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը» բառերով:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով՝ համապետական ընտրությունների համար սահմանված կարգով:»:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգն ու պայմանները, դիտորդների հավատարմագրումը, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:»:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի՝

1. վերնագրում «քվեաթերթիկը» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարը,» բառերով.

2. 1-ին մասում «քվեաթերթիկի» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարի,»  բառերով, իսկ «մեկ քվեաթերթիկ» բառերից հետո լրացնել «եւ մեկ քվեարկության ծրար» բառերով.

3. 2-րդ մասում «քվեաթերթիկներ» բառից հետո լրացնել «եւ քվեարկության ծրարներ»  բառերով, իսկ «Քվեաթերթիկները» բառից հետո՝ «եւ քվեարկության ծրարները» բառերով.

4. 6-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

5. 7-րդ մասում «քվեաթերթիկները» բառից հետո լրացնել «եւ քվեարկության ծրարները» բառերով:

Հոդված 14. Օրենքի 28-35-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում՝ կենտրոնական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում  "ԱՅՈ" բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` "ՈՉ" բառի դիմացի դատարկ քառանկյունում:

2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն  իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ, դիտորդ: Անձն  իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ անձի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող մասնակցին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:

3. Եթե հանձնաժողովի անդամը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։

Հոդված 29. Քվեաթերթիկների վավերականությունը

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) միաժամանակ «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

2) որեւէ նշում չի ներառում.

3) բացի քվեարկության համար կենտրոնական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.

4) ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ  անհատական կնիքով կնքված չէ.

5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձեւը: Սահմանված ձեւի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է եւ աներկբա:

2. Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:

Հոդված 30. Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները, չսահմանված նմուշի քվեաթերթիկները

1. Չսահմանված նմուշի քվեարկության ծրարները եւ չսահմանված նմուշի քվեաթերթիկները որոշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված  31.  Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

1. Տեղամասում հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենգրքով սահմանված կարգով:

2. Հանրաքվեն այլ ընտրության կամ տեղական հանրաքվեի հետ նույն օրն անցկացվելու դեպքում տեղամասային հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:

Հոդված 32. Տեղամասային հանձնաժողովի` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`

1) տեղամասում հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը,  յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում (այդ թվում` քվեարկության օրն հանրաքվեի տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում) ընդգրկված քաղաքացիների թվերը` առանձին-առանձին.

2) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած քաղաքացիների ստորագրությունների թիվը).

4) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները (լրացնում է ընտրատարածքային հանձնաժողովը).

5) մարված քվեաթերթիկների (չօգտագործված եւ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված եւ հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը:

2. Արձանագրության կազմումը եւ ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը եւ ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելը իրականացվում է ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 32.1. Անճշտությունները որոշելու կարգը

1. Անճշտությունների չափը հաշվարկվում եւ արձանագրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 33. Ընտրատարածքային հանձնաժողովի գործողությունները տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

1. Ընտրատարածքային հանձնաժողովում ստուգվում է հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում տեղամասային հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը վերացնում են այդ սխալները՝ ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում։ Ելակետային են տեղամասային հանձնաժողովի կողմից հատ-հատ հաշվելու միջոցով ստացված տվյալները:

2. Ընտրատարածքային հանձնաժողովը հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ, ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն իրականացնում է ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանած կարգով եւ ժամկետներում:

3. Ընտրատարածքային հանձնաժողովն հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը քվեարկության ավարտից 24 ժամ հետո ներկայացնում է կենտրոնական հանձնաժողով:

4. Հանրաքվեի ժամանակ ընտրատարածքային հանձնաժողովն ընտրատարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում, քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում ուսումնասիրում է տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումները, ուսումնասիրության արդյունքներն ամփոփում է հանձնաժողովի նիստում եւ այդ մասին ընդունած որոշումը ներկայացնում կենտրոնական հանձնաժողով:

Հոդված 34. Կենտրոնական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը

1. Կենտրոնական հանձնաժողովը ընտրատարածքային հանձնաժողովներից ստացված՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում  այդ արդյունքները:

 2. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:

3.  Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը,  լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերը` առանձին-առանձին.

2) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում եւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին.

3) քվեարկության մասնակիցների թիվը.

4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները.

5) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

7) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

9) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը.

10) անճշտությունների գումարային չափը:

Հանրաքվեի դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված բոլոր հանրաքվեի տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց  պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

6. Կենտրոնական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում որոշում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Հոդված 35. Հանրաքվեի արդյունքների ամփոփումը

1. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին.

2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) հանրաքվեի դրված նախագծի չընդունման մասին.

4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:

2. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

3. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Կենտրոնական հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.

1) հանրաքվեի արդյունքները հաստատելու մասին.

2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:

5. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետեւանքները:

6. Եթե հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում կամ հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա կենտրոնական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եւ նշանակում է նոր քվեարկություն:

7. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում սահմանադրական դատարան կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` մինչեւ 5-րդ օրը,  ժամը 18.00-ն:

8. Հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում եւ անցկացվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, եւ ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները եւ հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո 8-րդ օրը, եթե կենտրոնական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել սահմանադրական դատարան:

Եթե կենտրոնական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է սահմանադրական դատարանի որոշումից հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում:»:

Հոդված 16. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը։
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքը ընդունվել է 2001թ. սեպտեմբերի 12-ին, որում հետագայում կատարվել են որոշ փոփոխություններ: Նշված օրենքում առ այսօր կատարվել են փոփոխություններ՝ 4 անգամ, սակայն դրանցից վերջինը, որ կատարվել 2011թ. մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո չի անդրադարձել ընտրական օրենսգրքով տրված նոր կարգավորումներին:

Հարկ է նկատել, որ հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը, ունենալով իր բնորոշ առաձնահատկությունները, այդուհանդերձ բազմաթիվ իրավահարաբերությունների կարգավորման առումով նույնական է ընտրական գործընթացի՝ առավելապես համապետական ընտրությունների, կազմակերպման եւ անցկացման հարցերը կանոնակարգող իրավահարաբերությունների հետ: Սա է նաեւ պատճառը, որ անգամ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում բազմաթիվ իրավահարաբերություններ հղումների միջոցով կարգավորվում են ընտրական օրենսգրքով:

Ինչպես նշեցինք, Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված նոր ընտրական օրենսգիրքը (ուժի մեջ է մտել 2011 թվականի հունիսի 26-ին) ընտրական իրավահարաբերությունների կարգավորման առումով պարունակում է էականորեն տարբերվող, նախկինում եղած ընտրական օրենսգրքի բազմաթիվ կանոնակարգումներից: Այդ առումով, «Հանրաքվեի մասին» ՀՀ գործող օրենքը իրավական կոնֆլիկտի մեջ է նոր ընտրական օրենսգրքի հետ: Առկա են մի շարք կանոնակարգումներ եւ մոտեցումներ, որոնք հակասում են գործող օրենսգրքի դրույթներին: Օրենքը, որը ժամանակին մշակվել է հիմքում ունենալով բոլորովին այլ կանոնակարգումներով ընտրական օրենսգիրք եւ պարունակելով բազմաթիվ հղումներ այդ օրենսգրքին, այսօր անկարող է կարգավորել հանրաքվեի բնագավառի իրավահարաբերությունները պայմանավորված նոր ընտրական օրենսդրության գործողությամբ:

Նշվածով պայմանավորված մշակվել է ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը: Նկատի առնելով այն, որ հանրաքվեի իրավահարաբերությունների կարգավորումը հիմնականում նույնական է ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին, որպես համապետական ընտրություններ, կարգավորման առաջարկվող մոտեցումներում հիմք է ընդունվել հենց այս կանխադրույթը:

Առ այդ, հիմնական հարցերը, որոնք առաջարկվում են կարգավորել վերաբերում են՝

Նախագծում առկա չեն նոր սկզբունքային մոտեցումներ եւ լուծումներ, որոնք այլ  քննարկման թեմա են եւ դրանց ամբողջականությունը պայմանավորված է լինելու նաեւ սահմանադրության փոփոխություններով առաջարկվող եւ ընդունելի լուծումներով: