Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-851-29.05.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

1.Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում քրեական վարույթներով իրավական օգնության իրականացման կարգն ու պայմանները:

2.Սույն օրենքի կարգավորման շրջանակներում քրեական վարույթներով իրավական օգնությունն ընդգրկում է՝

1) իրավական օգնության մասին հարցումներ, այդ թվում` փաստաթղթեր եւ առարկաներ հանձնելու, տեղեկություններ փոխանակելու, անձանցից ցուցմունքներ կամ բացատրություններ վերցնելու, կալանավորված կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, զննման, խուզարկության, իրեղեն կամ թվային ապացույցներ ձեռք բերելու եւ փոխանցելու, փորձաքննություններ իրականացնելու, որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր ներակայացուցիչ,  փորձագետ Հայաստանի Հանրապետություն կանչելու եւ վարութային գործողություններ կատարելու, ազատությունից զրկված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից փոխանցելու, քրեական վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաեւ թվային տվյալներ, ձայնագրություններ, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, կորպորատիվ կամ գործարար փաստաթղթերի բնօրինակներ կամ հաստատված պատճենների տրամադրումը, գույքի արգելադրումը, բռնագրավված գույքի բաշխումը եւ այլն.

2) հանձնումը (էքստրադիցիա), այդ թվում՝ ժամանակավորապես հանձնումը.

3) քրեական վարույթի փոխանցումը, դատապարտյալների փոխանցումը, պատժից պայմանական ազատված անձի նկատմամբ հսկողություն իրականացնելը, օտարերկրյա պետության կայացրած դատավճռի ճանաչումը, փոխարկումը եւ կատարումը եւ համագործակցության այլ տեսակներ:

4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված այլ հարցումներ ուղարկելը, ստանալը, դրանց ընթացքը լուծելը:

Հոդված 2. Քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրությունը

1. Քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, սույն օրենքը եւ այլ օրենքներ:

2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Սույն օրենքի խնդիրները

1. Սույն օրենքի խնդիրներն են` հանցավորության դեմ պայքարում պետությունների միջեւ համագործակցությունը, քրեական վարույթներով իրավական օգնության կազմակերպումն ու իրականացումը:

Հոդված 4. Քրեական վարույթներով իրավական օգնության սկզբունքները եւ ընդհանուր պայմանները

1. Քրեական վարույթներով իրավական օգնությունն իրականացվում է՝ հիմնվելով քրեական գործերով իրավական օգնության ոլորտի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այդ թվում՝ պետությունների միջեւ հնարավորինս լայն օգնություն ցուցաբերելու, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ համագործակցության կամավորության, փոխադարձության, պատժի անխուսափելիության, սեփական քաղաքացիներին չհանձնելու (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի):

2. Քրեական վարույթներով իրավական օգնությունն իրականացվում է միջազգային պայմանագրերին եւ ներպետական օրենսդրությանը համապատասխան:

3. Քրեական վարույթներով իրավական օգնությունն իրականացնելիս անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջեւ անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության միջեւ միջազգային պայմանագրի բացակայության պարագայում՝ փոխադարձության վերաբերյալ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ անձի գրավոր համաձայնության առկայությամբ:

Հոդված 5. Իրավական օգնության լեզուն

1. Քրեական վարույթներով իրավական օգնության մասին հարցումը պետք է ներկայացվի հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված լեզվով:

2. Քրեական վարույթներով իրավական օգնության մասին հարցումների կատարման արդյունքները պետք է ուղարկվեն հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված լեզվով:

3. Քրեական վարույթներով իրավական օգնություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության իրավասու մարմինները կարող են պայմանավորվել իրենց համար ընդունելի լեզվի կիրառության մասին:

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) քրեական վարույթներով իրավական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի կամ փոխադարձության հիման վրա իրականացվող պետությունների համագործակցություն՝ ներառյալ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական օգնության բոլոր տեսակներով հարցումներն ուղարկելը, ստանալը, դրանց ընթացքը լուծելը.

2) կենտրոնական մարմին՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա իրավական օգնության կատարումն ապահովող կամ համագործակցությունը համակարգող՝ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված  մարմին.

3) իրավասու մարմին՝ պետական մարմիններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված են կատարել իրենց գործառույթներից բխող՝ քրեական վարույթներով իրավական օգնության հարցումներ, ինչպես նաեւ ուղարկել այդպիսի հարցումներ.

4) հարցում՝ օտարերկրյա պետության իրավասու մարմինների դիմումն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմիններին, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական կամ իրավասու մարմինների դիմումն ուղղված օտարերկրյա պետության իրավասու մարմնին՝ համապատասխան իրավական օգնություն ցուցաբերելու կամ սույն օրենքով նախատեսված այլ տեսակի գործողություններ կատարելու նպատակով.

5) վարութային գործողություններ՝ պետությունների միջեւ քրեական վարույթներով իրավական օգնությունն ապահովելու նպատակով իրականացվող վարութային, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով նախատեսված այլ գործողություններ.

6) հանձնում՝ քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից հետախուզվող, օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձի՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին էքստրադիցիայի ընթացակարգ կամ քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ կայացված դատավճիռի կատարումն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հետախուզվող, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձի՝ օտարերկրյա պետության իրավասու մարմիններին էքստրադիցիայի ընթացակարգ.

7) ձերբակալում՝ սույն օրենքով սահմանված հիմքով եւ ժամկետով անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակում.

8) ժամանակավոր կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել` հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ստանալու եւ հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով.

9) հանձնելու համար կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել հանձնման մասին միջնորդությունը քննարկելու, ինչպես նաեւ նրա հանձնումն ապահովելու նպատակով.

10) փաստացի հանձնելու նպատակով կալանավորում՝ հանձնելու համար կալանավորման ընթացքում անձին չհանձնելու դեպքում վերջինիս կալանավորումը փաստացի փոխանցումն իրականացնելու նպատակով.

11) հանձնման ենթակա անձ՝ հանցագործության կատարման կամ դատավճռի կատարման համար հետախուզվող անձ, ում հանձնման թույլտվության վերաբերյալ որոշում է կայացվել.

12) վարույթի փոխանցում՝ միջազգային պայմանագրերով կամ փոխադարձության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի փոխանցումը Հայաստանի Հանրապեության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ քրեական հետապնդում իրականացնելու կամ դատական վարույթը շարունակելու նպատակով.

13) դատապարտյալի փոխանցում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի կամ անորոշ ժամկետով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող օտարերկրյա քաղաքացու կամ օտարերկրյա պետության տարածքում դատապարտված եւ պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու փոխանցումը իր քաղաքացիության պետությանը (իսկ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ կացության կարգավիճակ տրամադրած կամ մշտական բնակության վայրի պետությանը)՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով.

14) հսկողություն իրականացնելը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված եւ պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատժից պայմանական ազատված, ինչպես նաեւ օտարերկրյա պետության տարածքում դատապարտված եւ պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատժից պայմանական ազատված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելն իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող երկրում.

15) պատժից պայմանական ազատելը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-86-րդ եւ 89-րդ հոդվածներով կամ այլ հիմքերով պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ պատժից ազատելը կամ պատժի կատարումը հետաձգելը, որի արդյունքում անձի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան.

16) դատավճռի ճանաչում՝ օտարերկրյա պետության  դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի ճանաչումը՝ առանց դրանում եւ սահմանված պատժի մեջ փոփոխություններ կատարելու՝ դատավճռի կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովելու նպատակով.

17) դատավճռի փոխարկում՝ օտարերկրյա պետության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի փոփոխումը՝ դրանով սահմանված պատիժը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված նույն հանցագործության համար սահմանված պատժին համապատասխանեցնելու նպատակով.

18) բռնագանձված գույքի բաշխում՝ օտարերկրյա պետության հարցման հիման վրա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետությունում այդ դատավճռի հիման վրա բռնագանձված գույքի մասամբ կամ ամբողջությամբ փոխանցում հարցում ուղարկած օտարերկրյա պետությանը.

19) մերձավոր ազգականներ` ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսինը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինը.

20) մշտական բնակության վայր հանդիսացող պետություն՝ պետություն, որի տարածքում անձը ստացել է կացության իրավունք կամ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ.

21) բացարկ՝ միջնորդության կամ բողոքի քննության մասնակցի միջնորդությունը՝ դատավորին, քննության մասնակցին (մասնակիցներին) միջնորդության կամ բողոքի քննությանը մասնակցելուց հեռացնելու վերաբերյալ.

22) միջնորդությունների եւ բողոքների քննությանը մասնակցող անձ՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի ներկայացուցիչ, հետաքննության մարմնի ներկայացուցիչ, հայտնաբերված անձ, եթե վերջինս ցանկություն է հայտնել մասնակցելու դատական նիստին, նրա օրինական ներկայացուցիչ, փաստաբան, թարգմանիչ:

Հոդված 7. Քրեական վարույթներով իրավական օգնության շրջանակներում կենտրոնական մարմինները

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում քրեական վարույթներով իրավական օգնության շրջանակներում համագործակցությունը համակարգող կենտրոնական մարմիններն են՝

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթներով սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հարցումներ, այդ թվում՝ հանձնելու մասին հարցումներ ուղարկելու եւ ստանալու, ստացված հանձնման հարցումների վերաբերյալ որոշումներ կայացնելու,  վարույթներ ուղարկելու, ստանալու, դրանց ընթացքը լուծելու հարցերով.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ դատական վարույթում իրավական օգնության մասին հարցումները օտարերկրյա պետության  իրավասու մարմիններ ուղարկելու, ստանալու, դրանց ընթացքը լուծելու հարցերով, ինչպես նաեւ դատական վարույթում գտնվող գործերով կամ դատավճիռների կատարումն ապահովելու նպատակով հանցանք կատարած անձանց հանձնելու, քրեական վարույթների փոխանցման, դատավճիռների ճանաչման եւ կատարման, ինչպես նաեւ դատապարտյալների փոխանցման, պատժից պայմանական ազատված կամ պատիժը պայմանական չկիրառելու դատապարտված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ հարցումներ կատարելու առնչությամբ:

2. Քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու մասին անմիջականորեն ստացված հարցումները, որոնք ուղարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ կենտրոնական մարմին, անհապաղ պետք է վերահասցեագրվեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմին՝ կատարումն ապահովելու համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

3.  Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում հաղորդակցությունը կարող է իրականացվել դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (այսուհետ՝ Ինտերպոլի) միջոցով, որոնք, համապատասխան հարցումները ստանալով, դրանք անհապաղ փոխանցում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմին՝ կատարումն ապահովելու համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4.  Փոխադարձության եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական կամ այլ հաղորդակցության մարմինների միջոցով համագործակցության եւ քրեական վարույթներով իրավական օգնության շրջանակներում օտարերկրյա պետության տարածքում այդ պետության օրենքներով սահմանված եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չհակասող կարգով ստացված տեղեկությունները եւ ձեռք բերված ապացույցներն ունեն Հայաստանի Հանրապետությունում ստացված ապացույցներին հավասար իրավաբանական ուժ:

Հոդված 8. Քրեական վարույթներով իրավական օգնությունը մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով

1. Եթե քրեական վարույթներով իրավական օգնության մասին հարցումների կատարման պարտականությունը բխում է օտարերկրյա պետության հետ կնքված մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառելի են հետեւյալ կանոնները.

1) եթե հարցման մեջ նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է այն կազմվել եւ ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով, որի ընթացքում չի բացառվում նաեւ Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության միջեւ գործող մյուս պայմանագրերի դրույթների կիրառումը.

 2) եթե հարցման մեջ նշված են տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին` միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք  հարցումն առավել ամբողջական եւ արագ կատարելու հնարավորություն են տալիս.

3) եթե հարցման մեջ նշում չկա տվյալ պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող որեւէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության եւ հարցումն ուղարկող պետության միջեւ գործող այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաեւ Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության միջեւ գործող մյուս պայմանագրերի դրույթների կիրառումը:

ԳԼՈՒԽ 2

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 9. Իրավական օգնության մասին հարցումների կատարման ընդհանուր պայմանները

1. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթներով իրավական օգնության հարցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով նախատեսված գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաեւ իրավասու պետական այլ մարմինները կիրառում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի եւ սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված նորմերը՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով:

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով նախատեսված գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաեւ իրավասու պետական այլ մարմինները կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քրեական դատավարության օրենսդրության նորմերը, եթե վերջիններիս կիրառումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության մասնակցությամբ գործող վավերացված միջազգային պայմանագրով:

4. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցման հիման վրա սույն օրենքով նախատեսված գործողությունները կատարվում են ողջամիտ ժամկետներում, եթե  Հայաստանի Հանրապետության վավերացրած համապատասխան միջազգային պայմանագրով հստակ ժամկետ սահմանված չէ:

5. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ներկայացված հարցումը պարունակում է հարցման կատարմանը տվյալ պետության լիազոր ներկայացուցչի ներկայության խնդրանք, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմինը լուծում է խնդրանքը բավարարելու կամ մերժելու հարցը՝ այդ մասին հայտնելով օտարերկրյա պետության իրավասու մարմնին, խնդրանքը բավարարելու դեպքում՝ հայտնելով նաեւ հարցումը կատարելու վայրի եւ ժամանակի մասին:

Հոդված 10. Քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցերով հաղորդակցության իրականացման կարգը

1. Եթե իրավական օգնության մասին հարցումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, ապա Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի պահանջների պահպանմամբ կազմած հարցումը ներկայացվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենտրոնական մարմին՝ հարցումը կատարման նպատակով օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին փոխանցելու համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Օտարերկրյա պետության կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի հարցման կատարման արդյունքում ստացված փաստաթղթերը (առարկաները) կենտրոնական մարմինն անհապաղ տրամադրում է հարցումը կազմած Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին:

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից իրավական օգնության մասին հարցումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմին ներկայացնելու դեպքում այն փոխանցվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ կատարումն ապահովելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները իրավական օգնության մասին հարցման կատարման արդյունքները ներկայացնում են կենտրոնական մարմին, որը կատարման արդյունքում կազմված փաստաթղթերը անհապաղ փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

Հոդված 11.  Միջազգային պայմանագրերից բխող հարցումների կատարումը մերժելը

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու մարմինների ներկայացրած իրավական օգնության մասին հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրերով նախատեսված հիմքերով եւ կարգով:

Հոդված 12. Իրավական օգնության մասին հարցումը կատարելու կարգը միջազգային պայմանագրի առկայության դեպքում

1. Իրավական օգնության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած հարցումը պետք է պարունակի սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված տվյալները, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ պահանջներ նախատեսված չեն:

2.Եթե հարցումը հնարավոր չէ կատարել, ապա ստացված փաստաթղթերը վերադարձվում են հարցումն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին՝ նշելով դրա կատարմանը խոչընդոտող պատճառները:

3. Իրավական օգնության մասին հարցումը կազմելիս եւ օտարերկրյա պետության իրավասու մարմին ուղարկելիս՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի դեպքում կարող է պահպանել  հարցման ձեւի եւ դրա ներկայացման կարգի վերաբերյալ տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պահանջները, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ պահանջներ նախատեսված չեն:

4. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարցման կատարման կապակցությամբ ստացված փաստաթղթերը, առարկաները, նյութերը, այդ թվում՝ ապացույցները, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն օգտագործում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:

5. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը խնդրել է իր տրամադրած փաստաթղթերը, նյութերը կամ առարկաները վերադարձնել, ապա դա իրականացվում է տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հետ ձեռք բերված առանձին պայմանավորվածություններին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 13. Իրավական օգնության մասին հարցման ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված կարգով եւ հաշվի առնելով դրանով սահմանված բացառությունները՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող` իրավական օգնության մասին հարցումը պետք է բովանդակի՝

1) հարցումն ուղարկող իրավասու մարմնի անվանումը,

2) արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկվում է հարցումը,

3) հնարավորության դեպքում՝ արարքը կատարելու ժամանակի եւ տեղի մասին հնարավորինս ստույգ նշումներ,

4) այն օրենքի տեքստի պատճենը (կամ քաղվածքը), որը տվյալ արարքը դիտում է որպես հանցանք, ինչպես նաեւ այն օրենսդրական նորմերի տեքստերի պատճենները, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար,

5) ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ՝ անունը, հայրանունը եւ ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, հնարավորության դեպքում` քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) եւ այլ տվյալներ,

6) առկայության դեպքում՝ հանցանքով պատճառված վնասի չափի եւ հարցումն ուղարկելու պահին դրա հատուցման հնարավորության մասին տվյալներ,

7) գույքի արգելադրում կամ բռնագրավված գույքի փոխանցում ենթադրող հարցումների դեպքում՝ տեղեկություններ համապատասխան գույքի վերաբերյալ:

2. Իրավական օգնության հարցումը կարող է պարունակել նաեւ ցանկացած այլ տեղեկություն, որը հարցումը կազմող իրավասու մարմինը կարող է օգտակար համարել  դրա կատարումն ապահովելու համար:

3. Հարցմանը կից կարող են ուղարկվել հարցումը ներկայացրած իրավասու մարմնի մոտ առկա ապացույցները եւ այլ նյութեր:

4. Հարցումը եւ կից բոլոր փաստաթղթերը պետք է պատշաճ կերպով ստորագրված կամ հաստատված կամ վավերացված լինեն իրավասու մարմնի կողմից: Իրավական օգնության մասին հարցումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ իրավասու մարմինների միջեւ համաձայնեցված էլեկտրոնային եղանակով՝ հետագայում դրանց բնօրինակները սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ուղիներով ուղարկելու պայմանով:

5.Հարցումը կազմող իրավասու մարմինը պարտավորվում է ապահովել նաեւ հարցման թարգմանությունը՝ միջազգային պայմանագրով սահմանված համապատասխան լեզվով:

Հոդված 14. Որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր ներկայացուցիչ, փորձագետ Հայաստանի Հանրապետություն կանչելը եւ վարութային գործողություններ կատարելը

1.Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող քրեական վարույթով որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական կամ լիազոր  ներկայացուցիչներ, փորձագետ հանդես եկող անձինք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով կարող են իրավասու մարմնի հարցման հիման վրա կանչվել Հայաստանի Հանրապետություն՝ համապատասխան քրեական վարույթն իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու համար:

2.Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ օտարերկրյա պետության տարածքում իրականացվող քրեական վարույթով որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական եւ լիազոր ներկայացուցիչներ, փորձագետ հանդես եկող անձինք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա կարող են կանչվել տվյալ օտարերկրյա պետություն՝ համապատասխան քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու համար:

3.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու ընթացքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով եւ երաշխիքների պահպանմամբ:

4.Վկան կամ փորձագետը, անկախ իր քաղաքացիությունից, սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության   իրավասու կամ դատական մարմիններ ներկայանալիս չի կարող հետապնդվել կամ կալանավորվել կամ ենթարկվել իր անձնական ազատությունը սահմանափակող այլ միջոցի նախքան Հայաստանի Հանրապետության տարածք ժամանելը կատարած ենթադրյալ հանցանքի համար:

5. Անձը, անկախ իր քաղաքացիությունից, որը կանչվել է Հայաստանի Հանրապետության իրավասու կամ դատական մարմիններ՝ ցուցմունք տալու համար իր դեմ հարուցված քրեական հետապնդմանժամանակ, չի կարող հետապնդվել կամ կալանավորվել կամ ենթարկվել իր անձնական ազատությունը սահմանափակող որեւէ այլ միջոցի նախքան ՀՀ ժամանելը կատարած այն ենթադրյալ հանցանքների համար, որոնք նշված չեն եղել իրավական օգնության հարցման կամ ծանուցագրի մեջ:

6.  Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված երաշխիքները դադարում են, եթե վկան կամ փորձագետը կամ հետապնդվող անձը այն օրվանից, երբ իր ներկայությունն այլեւս չի պահանջվում դատական մարմինների կողմից, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում հնարավորություն է ունեցել հեռանալու Հայաստանի Հանրապետությունից, սակայն մնացել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ մեկնելուց հետո վերադարձել է:

7. Նշված ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասում նշված անձինք իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված չէին կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

Սույն հոդվածի դրույթները կիրառելի են, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 15. Առարկաներ հանձնելը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական օգնություն ցույց տալու հարցում ստացած Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմինը հարցումն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա, առանց խոչընդոտելու կամ վնասելու Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի վարույթում գտնվող քրեական վարույթի քննությանը, վերադարձման պայմանով կարող է հանձնել՝
1) այն առարկաները, որոնք օգտագործվել են հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները, միջոցները, առարկաները,

2) այն առարկաները, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն օտարերկրյա պետությունում վարվող քրեական վարույթի համար: Այդ առարկաները հանձնվում են նաեւ այն դեպքում, երբ  ենթադրյալ հանցանք կատարած անձին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված առարկաները Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ են որպես քրեական վարույթի ապացույցներ, ապա դրանց հանձնումը կարող է հետաձգվել մինչեւ քրեական վարույթի ավարտը:
3. Սույն հոդվածով սահմանված կարգով օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին հանձնված առարկաների նկատմամբ երրորդ անձանց ձեռք բերած իրավունքները պահպանվում են:

Հոդված 16.  Փաստաթղթեր հանձնելը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու մարմինների կազմած փաստաթղթերի, դատարանի ծանուցագրերի եւ դատական ակտերի հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձանց իրականացվում է անմիջականորեն նրանց փոխանցելու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նրանց կողմից լիազորված անձանց՝ ստորագրությամբ հանձնելու միջոցով:

2. Փաստաթղթեր հանձնելու մասին իրավական օգնության հարցման կատարումը հաստատվում է դրա կատարումն իրականացնող իրավասու մարմնի կամ դատարանի կողմից տրվող ստացականի միջոցով, որը ստորագրում է այն անձը, ում հանձնվել են փաստաթղթերը՝ նշելով հանձնումը կատարելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ փաստաթղթերի հանձնումը կատարելու մասին իրավասու անձի կամ դատավորի ստորագրությամբ եւ կնիքով՝  նշելով հանձնման ձեւը, տարին եւ ամիսը, ամսաթիվը: Նշված փաստաթուղթը պետք է կենտրոնական մարմնի միջոցով անհապաղ ուղարկվի փաստաթղթերի հանձնման մասին իրավական օգնության հարցումը ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

3. Եթե փաստաթղթեր հանձնելու հարցումը չի կարող կատարվել, ապա դրա պատճառների մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կամ դատարանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմնի միջոցով պետք է անհապաղ հաղորդի փաստաթղթերի հանձնման մասին հարցումն ուղարկած օտարերկրյա պետությանը:

4.  Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա անձի վերաբերյալ օտարերկրյա իրավասու մարմնի ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմին պետք է ուղարկվի դատական նիստին կամ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար սահմանված ժամկետից առնվազն 80 օր առաջ:

Հոդված 17. Իրավական օգնության հարցումով դատապարտված անձանց՝ որպես վկա կամ առերեսման մասնակից ժամանակավորապես փոխանցելու կարգը

1. Ազատազրկման դատապարտված անձը, որի անձնական ներկայության համար դիմել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը՝ որպես վկա կամ առերեսման մասնակից, վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է ժամանակավորապես փոխանցվել այն օտարերկրյա պետության իրավասու մարմնին, որի պետության տարածքում քրեական վարույթ է իրականացվում՝ պայմանով, որ նա կվերադարձվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին նախապես համաձայնեցված ժամկետում:

2. Փոխանցումը կարող է մերժվել, եթե՝

1) ազատազրկման դատապարտված անձը չի տալիս իր համաձայնությունը.

2) նրա ներկայությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության  տարածքում քրեական վարույթ իրականացնելու համար.

3) փոխանցումը կերկարաձգի նրա կալանքի տակ գտնվելու կամ ազատազրկման սահմանված ժամկետը.

4) առկա են օտարերկրյա պետության տարածք նրա փոխանցմանը խոչընդոտող այլ հիմքեր.

5) առկա են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված այլ հիմքեր:

3. Ազատազրկման դատապարտված անձին անձնական ներկայության համար որպես վկա կամ առերեսման մասնակից սույն հոդվածով նախատեսված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին ժամանակավորապես փոխանցելու հարցումը ներկայացվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը կիրառելի է նաեւ օտարերկրյա պետության տարածքում ազատազրկման դատապարտված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես փոխանցելու համար:

5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինը ազատազրկման դատապարտված անձին անձնական ներկայության համար որպես վկա կամ առերեսման մասնակից ժամանակավորապես փոխանցելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը ստանալուց հետո միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան, խնդրելով թույլատրել ազատազրկման դատապարտված անձին օտարերկրյա պետությունից տեղափոխվելուց հետո պատժի կրումը շարունակել կամ պահվել Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ վերջինիս կողմից որպես վկա կամ առերեսման մասնակից հանդես գալու ողջ ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում գրավոր ընթացակարգով որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում որպես վկա կամ առերեսման մասնակից ժամանակավորապես փոխանցված անձին պահելու մասին միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

Հոդված 18. Քրեական վարույթներով իրավական օգնության շրջանակներում համատեղ քննչական խմբերի ստեղծումը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում քրեական վարույթներով իրավական օգնության շրջանակներում կարող են ստեղծվել համատեղ քննչական խմբեր:

2. Համատեղ քննչական խումբը կազմվում է ոչ պակաս, քան երկու պետությունների իրավասու մարմինների կողմից, որը գործում է այն ստեղծող պետություններից մեկի տարածքում, եթե՝

1)  հանցանքներով Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետության (պետությունների) տարածքում ընթացող քննությունը պահանջում է բարդ եւ մյուս պետության հետ կապ ունեցող քննություն վարելու անհրաժեշտություն.

2) մեկից ավելի պետություններ իրականացնում են հանցանքի քննություն, որում վարույթի հանգամանքների համար անհրաժեշտ է ներգրավված պետությունների համակարգված համաձայնությունը:

3. Համատեղ քննչական խումբ ստեղծելու համար Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության իրավասու եւ կենտրոնական մարմինների միջեւ ստորագրվում է հատուկ համաձայնագիր, որը չի հանդիսանում միջազգային պայմանագիր, կնքվում է որոշակի ժամկետով եւ սահմանում է համատեղ քննչական խմբի անդամներից յուրաքանչյուրի իրավասությունների սահմաններն ու գործառույթները՝ իրենց պետությունների ներքին օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 19. Իրավական օգնության ցուցաբերումը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում

1. Օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ քրեական վարույթներով  իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում տվյալ պետության իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց (այսուհետ՝ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ) եւ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջեւ փոխադարձության հիման վրա իրավական օգնություն կարող է ցույց տրվել այն դեպքերում, երբ տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ իրավական ոլորտում փոխադարձության հիման վրա փոխօգնություն ցույց տալու շուրջ դիվանագիտական ուղիներով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ դատական վարույթում գտնվող քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերով.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հաղորդակցությունը եւ փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը շարունակվում են մինչեւ համապատասխան ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը կամ քրեական վարույթներով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության երկուստեք միանալը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով հաղորդակցությունը եւ իրավական օգնության տրամադրումն իրականացվում է սույն օրենքի 2-րդ եւ 5-րդ գլուխների համապատասխան հոդվածներով սահմանված կարգով՝ չվտանգելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրկան կարգին, ինքնիշխանությանը, պետական անվտանգությանը, հասարակական կարգին կամ Հայաստանի Հանրապետության այլ գերակա շահերին:

Հոդված 20. Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին հարցման բովանդակությունը միջազգային պայմանագրի բացակայության դեպքում

1. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող իրավական օգնության մասին հարցումը եւ կից բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ դրանց օտարերկրյա պետության պաշտոնական կամ փոխհամաձայնեցված այլ լեզվով թարգմանությունը պետք է պատշաճ կերպով ստորագրված (այդ թվում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ հաստատված կամ վավերացված լինեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից:

2. Իրավական օգնության մասին հարցումը պետք է պարունակի՝

1) հարցումն ուղարկող Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության կամ այլ իրավասու մարմնի տվյալները,

2) օտարերկրյա պետության այն մարմնի անվանումը, որին ուղարկվում է հարցումը (եթե տվյալ մարմինը հայտնի է),

3) քրեական վարույթի անվանումը եւ համարը, որով իրավական օգնություն է հայցվում,

4) հարցման համառոտ բովանդակությունը. տվյալներ այն անձանց մասին, ում վերաբերյալ ուղարկվում է հարցումը. անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, հնարավորության դեպքում՝ քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) եւ այլ տվյալներ, իրավաբանական անձանց համար՝ անվանումը եւ գտնվելու վայրը (հասցեն) եւ հարցման նպատակը,

5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաեւ այն փաստաթղթերի, իրեղեն եւ այլ ապացույցների ցանկը, որոնք ակնկալվում է ստանալ հարցումը կատարողից,

6) տեղեկություններ՝ կատարված ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում՝ տվյալ ենթադրյալ հանցանքով պատճառված վնասի բնույթի եւ չափի մասին, ինչպես նաեւ խնդրանքն ուղարկողի մոտ առկա այլ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել հարցման արդյունավետ կատարմանը,

7) գույքի արգելադրում կամ բռնագրավված գույքի  փոխանցում ենթադրող հարցումների դեպքում՝ տեղեկություններ համապատասխան գույքի վերաբերյալ,

8) իրավական օգնության հարցման կատարումն ապահովելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ համապատասխան քաղվածքներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից:

3. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմին կամ իրավասու մարմին ներկայացված իրավական օգնության մասին հարցումը պետք է համապատասխանի սույն հոդվածով նախատեսված ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջներին:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 21. Թարգմանիչը, նրա իրավունքները եւ պարտականությունները

1. Թարգմանիչը հանձնման ընթացակարգով չշահագրգռված անձն է, որին հետաքննության մարմինը, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը կամ դատարանը հրավիրում է թարգմանություն կատարելու համար: Թարգմանիչ է նաեւ համրի նշանները հասկացող եւ խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:

2. Թարգմանիչը պետք է պատշաճ տիրապետի հայերենին եւ այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը:

3. Թարգմանիչն իրավունք ունի՝

1) թարգմանությունը ճշգրտելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի թույլտվությամբ հարցեր տալու բանավոր թարգմանության ընթացքում ներկա գտնվող անձանց.

2) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողության եւ դատական նիստի արձանագրությանը եւ թարգմանության լրիվության եւ ճշտության հետ կապված կատարել դիտողություններ:

4. Թարգմանիչը պարտավոր է՝

1) թարգմանություն կատարելու համար ներկայանալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի հրավերով.

2) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնին ներկայացնել իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.

3) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի եւ քննությանը մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.

4) թարգմանությունն ապահովելու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել համապատասխան վայրում, դատական նիստի դահլիճում եւ չլքել նշված վայրն առանց հետաքննության մարմնի, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի, իսկ դատական նիստի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.

5) թարգմանել լրիվ, ճիշտ եւ ժամանակին.

6) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողության արձանագրությունում թարգմանության լրիվությունը եւ ճշտությունը, ինչպես նաեւ հանձնվող փաստաթղթերում թարգմանության ճշտությունը.

7) ենթարկվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի կարգադրություններին, եթե դրանք չեն վերաբերում թարգմանության բովանդակությանը, ինչպես նաեւ առանց այդ մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված գործողության, իր կողմից կատարված թարգմանության, ինչպես նաեւ դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

8) ենթարկվել դատական նիստի կարգին:

5. Պետական միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Փաստաբանի ներգրավման կարգը

1.Փաստաբանը հայտնաբերված անձի ներկայացուցչությունը ստանձնում է՝

1) հայտնաբերված անձի, նրա օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, ինչպես նաեւ այլ անձանց հրավերով՝ հայտնաբերված անձի հետագա գրավոր համաձայնությամբ.

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` հետաքննության մարմնի, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի կամ դատարանի գրավոր պահանջի հիման վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինները Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում են փաստաբան նշանակել, եթե՝

1) հայտնաբերված անձը չի տիրապետում  կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին.

2) հայտնաբերված անձն անչափահաս է.

3) հայտաբերված անձը հայտարարում է, որ չունի բավարար միջոցներ փաստաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում փաստաբանի նշանակում նախաձեռնելուց առաջ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինը պարտավոր է հայտնաբերված անձին առաջարկել նրա ընտրությամբ հրավիրել փաստաբան:

4. Հայտնաբերված անձի ներկայացուցչությունը ստանձնելուց անմիջապես հետո փաստաբանը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմնին ներկայացնում է՝

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ,

3) իր լիազորությունները հաստատող եւ սույն օրենքով փաստաբան հրավիրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթ կամ փաստաբան նշանակելու մասին իրավասու մարմնի որոշում:

5. Հայտնաբերված անձի բոլոր փաստաբանների ներկայությունը վերջինիս մասնակցությամբ իրականացվող գործողությանը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված միջնորդությունների եւ բողոքների քննությանը պարտադիր չէ: Հայտնաբերված անձի վերաբերյալ գործողությունը, որին փաստաբանի մասնակցությունը պարտադիր է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե հայտնաբերված անձի ոչ բոլոր փաստաբաններն են մասնակցել տվյալ գործողությանը:

6. Այն դեպքում, եթե փաստաբանը չի ապահովում հայտնաբերված անձի վերաբերյալ միջնորդությունների կամ բողոքների քննությանը մասնակցությունը, դատարանն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջոցով ներգրավել նոր փաստաբան:

7. Հայտնաբերված անձն իրավունք ունի հրաժարվել փաստաբանից: Հայտնաբերված անձը պարտավոր չէ բացահայտել փաստաբանից հրաժարվելու պատճառները:

8. Այն դեպքում, երբ փաստաբանից հրաժարվելը պայմանավորված է հայտնաբերված անձի անվճարունակությամբ, սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինն անհապաղ պահանջում է փաստաբան նշանակել պետական միջոցների հաշվին:

9. Փաստաբանից հրաժարվելու եւ պետական բյուջեի միջոցների հաշվին ներգրավված նոր փաստաբանից հրաժարվելու՝ հայտնաբերված անձի կամարտահայտությունը պարտադիր չէ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով  նախատեսված մարմնի համար, եթե հայտնաբերված անձն ակնհայտ չարաշահում է փաստաբանից հրաժարվելու իր իրավունքը: Այդ դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված մարմինը չի ընդունում փաստաբանից հրաժարվելը:

Հոդված  23. Փաստաբանի իրավունքները եւ պարտականությունները

1. Փաստաբանը հայտնաբերված անձի ներկայացուցչությունն իրականացնելու նպատակով, իրավունք ունի`

1) ծանոթանալու հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելու, ձերբակալման արձանագրությանը, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի՝ սույն օրենքի 43-47-րդ հոդվածներով նախատեսված միջնորդություններին, սույն օրենքի 34-րդ, 42-48-րդ հոդվածներով նախատեսված՝ դատարանի որոշումներին, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի՝ հանձնումը թույլատրելու կամ հանձնումը մերժելու որոշմանը.

2) ստանալու այն որոշումների եւ այլ փաստաթղթերի պատճենները, որոնք սույն օրենքով հայտնաբերված անձն ունի ստանալու իրավունք.

3) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու հայտնաբերված անձի հետ` առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման.

4) բողոքարկելու հետաքննության մարմնի, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինների եւ դատարանի՝ սույն օրենքով սահմանված որոշումները եւ մասնակցել դրանց քննությանը.

5) հայտնելու բացարկներ.

6) հարուցելու միջնորդություններ.

7) առարկելու նիստը նախագահողի անօրինական գործողությունների դեմ.

8) դատական նիստում կարծիք հայտնելու ներկայացված միջնորդությունների եւ առաջարկությունների առիթով.

9) ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը եւ ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

2. Փաստաբանը պարտավոր է`

1) հայտնաբերված անձի ներկայացուցչությունն իրականացնելու նպատակով մասնակցել վերջինիս մասնակցությամբ կատարվող գործողություններին, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված միջնորդությունների եւ բողոքների քննարկմանը.

2) ենթարկվել դատական նիստը նախագահողի իրավաչափ կարգադրություններին.

3)  դատական նիստում պահպանել կարգուկանոն եւ չխախտել փաստաբանի էթիկայի կանոնները:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Ինքնաբացարկը, բացարկը կամ քննությանը մասնակցելուց հեռացնելը

1. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու համար հիմք են միջնորդությունների եւ բողոքների քննող դատավորի (դատավորների), ինչպես նաեւ դրանց քննությանը մասնակցող անձանց մասնակցությունը բացառող՝ սույն օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք, որոնք տեղեկություններ ունեն քննությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքների վերաբերյալ, պարտավոր են դրանց մասին հայտնել քննությանը մասնակցող շահագրգիռ մասնակիցներին եւ դատարանին, իսկ այն դեպքում, երբ համոզմունք ունեն իրենց մասնակցությամբ քննության բնականոն ընթացքի անհնարինության վերաբերյալ՝ հայտնել ինքնաբացարկ կամ ներկայացնել քննությանը մասնակցելուց իրենց հեռացնելու միջնորդություն:

3. Դատավորին բացարկ կարող է հայտնվել մինչեւ միջնորդության կամ բողոքի քննությունը սկսելը, բացառությամբ այն դեպքի, երբ բացարկ հայտնողը կհիմնավորի, որ բացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել քննությունը սկսվելուց հետո եւ մինչ այդ չէր կարող հայտնի լինել:

4. Բացարկի, ինքնաբացարկի, քննությանը մասնակցելուց հեռացնելու միջնորդությունը պետք է լինի փաստարկված: Նույն անձին նույն փաստարկմամբ բացարկ կամ միջնորդություն կարող է հայտնվել միայն մեկ անգամ:

Հոդված 25. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու հարցի լուծումը

1.Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու միջնորդությունը լուծում է բողոքը կամ միջնորդությունը քննող դատավորը: Անձը քննությանը մասնակցելուց կարող է հեռացվել նաեւ միջնորդությունը կամ բողոքը քննող դատավորի նախաձեռնությամբ:

2. Ինքնաբացարկի, բացարկի կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու վերաբերյալ կայացվում է որոշում, որի պատճենն ուղարկվում է քննությանը մասնակցող անձանց:

3. Ինքնաբացարկ հայտնած դատավորը պարտավոր է քննությանը մասնակցող անձանց բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են բառացի արձանագրման: Եթե ինքնաբացարկ հայտնած դատավորը գտնում է, որ կարող է տվյալ քննության ընթացքում լինել անկողմնակալ, ապա իրավասու է դիմել քննությանը մասնակցող անձանց` առաջարկելով իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե քննությանը մասնակցող անձինք դատավորի բացակայությամբ համաձայնում են անտեսել դատավորի ինքնաբացարկը, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորը շարունակում է քննությունը:

4. Դատավորին հայտնված բացարկը լուծում է տվյալ դատավորը: Եթե բացարկ է ներկայացվել կոլեգիալ կազմով քննությունն իրականացնող մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր բացարկի հարցը:

5. Մեկից ավելի անձանց միաժամանակ հայտնված բացարկների դեպքում առաջնահերթության կարգով լուծվում է դատավորին, այնուհետեւ՝ թարգմանչին հայտնված բացարկը:

Հոդված 26. Միջնորդությունների կամ բողոքների քննությանը դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները

1. Դատավորը չի կարող իրականացնել միջնորդությունների կամ բողոքների քննությունը, եթե.

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի քննությանը մասնակցող անձի/անձանց նկատմամբ.

2) դատավորը մասնակցել է տվյալ միջնորդության կամ բողոքի  քննությանն այլ դատարանում.

3) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա քննությանը մասնակցող անձ.

4) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի քննությանը մասնակցող անձանցից մեկի հետ.

5) առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ միջնորդության կամ բողոքի քննության հետ կապված նրա անկողմնակալության մեջ:

2. Առաջին ատյանի դատարանում միջնորդության կամ բողոքի, վերաքննիչ դատարանում բողոքի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել իր կողմից կայացված որոշման բողոքարկման քննությանը վերադաս ատյանում:

Հոդված 27. Միջնորդության կամ բողոքի քննության մասնակիցների մասնակցությունը բացառող հանգամանքները

1. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի ներկայացուցիչը, հետաքննության մարմնի ներկայացուցիչը չեն կարող մասնակցել միջնորդությունների կամ բողոքների քննությանը, եթե քննությունն իրականացնող դատավորի հետ գտնվում են ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ:

2. Փաստաբանը չի կարող մասնակցել միջնորդությունների կամ բողոքների քննությանը, եթե՝

1) տվյալ քննությանը մասնակցել է որպես դատավոր կամ սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի ներկայացուցիչ, հետաքննության մարմնի աշխատակից.

2) գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ ներգրավման պահին մասնակցում է քննությանը.

3) օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու փաստաբան:

3. Անձի օրինական ներկայացուցիչը չի կարող մասնակցել միջնորդությունների կամ բողոքների քննությանը, եթե՝

1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի ներկայացուցչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, որը մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է քննությանը.

2)  օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.

3) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին, իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.

4) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:

4. Անչափահաս մասնակցի ծնողը, որդեգրողը չեն կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում:

5. Թարգմանիչը կամ դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել քննությանը, եթե՝

1) սույն օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել համապատասխանաբար թարգմանիչ կամ դատական նիստի քարտուղար.

2) դատավորի, քննությանը մասնակող անձի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական այլ հարաբերությունների մեջ:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՆՁՆՈՒՄԸ

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնման անթույլատրելիությունը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի հանձնվում օտարերկրյա պետությանը, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 29. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձանց հանձնումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ենթադրյալ հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձինք կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը տվյալ պետության իրավասու մարմնի գրավոր հարցման հիման վրա միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքում, այդ պայմանագրով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով:

2. Հանձնումն իրականացվում է օտարերկրյա պետության տարածքում քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ դատավճռի կատարումն ապահովելու համար:

3. Հանձնումը կարող է իրականացվել նաեւ միջազգային պայմանագրի բացակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության միջեւ ձեռք բերված համաձայնությամբ՝ փոխադարձության հիման վրա՝ սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 30. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անչափահասների  հանձնումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած, օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անչափահաս անձինք ենթակա են հանձնման սույն գլխով սահմանված կարգով:

2. Անչափահասի հանձնման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, բացի սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից, պետք է հաշվի առնի նաեւ անչափահասի լավագույն շահի երաշխավորումը, մասնավորապես՝ ապրելու, դաստիարակվելու, իրավունքների եւ շահերի արդյունավետ պաշտպանության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական զարգացման եւ անձնային առանձնահատկությունները, սոցիալական կապերի հասանելիության հնարավորությունը ապահովելու համար նպաստավոր պայմանների առկայությունը, իսկ հոգեկան խնդիրների առկայության պարագայում՝ մտավոր սահմանափակումների մասին վկայող տվյալների առկայությունը:

3. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն անչափահասի հանձնման գործընթացին մասնակցում են փաստաբանը, ինչպես նաեւ անչափահասի օրինական ներկայացուցիչը:

Հոդված 31. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած եւ օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց Հայաստանի Հանրապետությանը հանձնման կարգը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրյալ հանցանք կատարած կամ հանցանքի համար դատապարտված եւ օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձինք կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ նրանց նկատմամբ կայացված դատավճռի  կատարումն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրաբար հանցանք կատարած կամ հանցանքի համար դատապարտված եւ օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց հանձնումը Հայաստանի Հանրապետությանը իրականացվում է սույն գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով`

1) եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում`  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնման հարցում ներկայացնելու միջոցով.

2) եթե գործը գտնվում է դատական վարույթում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նախարարի տեղակալի կողմից հանձնման հարցում ներկայացնելու միջոցով:

Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող անձինք

1. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցանք կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`

1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կայացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում.

2) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ:

2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում կայացրած իրավասու մարմինն ընդունված որոշումը տրամադրում է այն անձին, որի նկատմամբ կայացվել է որոշումը եւ պարզաբանում որոշման վերանայման բողոք ներկայացնելու իրավունքը եւ կարգը:

Հոդված 33. Հանձնումը մերժելը

1.Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա անձի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը մերժվում է սույն օրենքով եւ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով:

2. Անձի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը մերժվում է.

1) եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է հայցվող անձի ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով քրեական հետապնդում իրականացնելու կամ պատժի կիրառման համար.

2)  եթե լուրջ վտանգ կա, որ հանձնումը թույլատրելու դեպքում հայցվող անձին կարող են սպառնալ խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ.

3) եթե հարցումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը.

4) եթե հանձնման ենթակա անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան քրեական հետապնդում չի կարող իրականացվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով.

5) եթե Հայաստանի Հանրապետությունում նույն արարքի համար արդեն իսկ առկա է անձի նկատմամբ կայացված դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու եւ (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

6) եթե անձը, որի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետությունը հարցում է ներկայացրել, հետապնդվում է այնպիսի հանցանք կատարելու համար, որի համար տվյալ երկրի ներպետական օրենսդրությամբ նախատեսված է մահապատիժ.

7) եթե անձը, որի հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետությունը հարցում է ներկայացրել, կենթարկվի քրեական պատասխանատվության արտակարգ դատարանի կողմից կամ եթե հանձնման ենթակա անձի նկատմամբ ի կատար ածվելիք դատավճիռը կայացվել է նման դատարանի կողմից.

8) եթե անձը, ում հանձնման վերաբերյալ օտարերկրյա պետությունը հանձնման մասին հարցում է ներկայացրել, տվյալ օտարերկրյա պետությունում դատապարտվել է ազատազրկման 6 ամսից պակաս ժամկետով, իսկ քրեական հետապնդում  իրականացնելու նպատակով հանձնումը պահանջելու դեպքում՝ հանձնումը պահանջվում է այնպիսի արարքի համար, որի համար Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության քրեական օրենսգրքով նախատեսված է մեկ տարուց պակաս ազատազրկման ձեւով պատիժ.

9) եթե հանձնման մասին հարցումը օտարերկրյա պետությունը ներկայացրել է հանձնման ենթակա անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով եւ տվյալ օտարերկրյա պետությունը չի տրամադրում սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները.

10) եթե հանձնումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, հասարակական կարգին կամ կենսական նշանակության այլ կարեւոր շահերին.

11) միջազգային պայմանագրով նախատեսված այլ հիմքերով:

Հոդված 34. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշման վերանայման կարգը

1. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումները ենթակա են դատական վերանայման:

2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու մարմինների որոշումների վերանայման բողոք կարող է բերվել վերաքննիչ դատարան համապատասխան որոշումը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի որոշման վերանայման բողոք՝ համապատասխան որոշումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:

3.  Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը եւ վճռաբեկ դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բողոքը քննում եւ դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար՝ բողոքը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում:

4. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման վերանայման բողոքի մասին գրավոր տեղեկացվելուց հետո որոշումը կայացրած իրավասու մարմինը 3 օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

5. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով՝ դռնփակ դատական նիստում, որոշումը կայացրած իրավասու մարմնի ներկայացուցչի եւ այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին որոշում, եթե նա միջնորդել է իր մասնակցությամբ դատարանում գործի քննությունն իրականացնելու վերաբերյալ, եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչի եւ (կամ) նրա փաստաբանի մասնակցությամբ, եթե վերջինս ներգրավված է հանձնման գործընթացին:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում գործի քննությունն իրականացվում է գրավոր կամ բանավոր (դռնփակ դատական նիստում) ընթացակարգով, որոշումը կայացրած իրավասու մարմնի ներկայացուցչի եւ այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին որոշումը, եթե նա միջնորդել է իր մասնակցությամբ դատարանում գործի քննությունն իրականացնելու վերաբերյալ, եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչի եւ (կամ) նրա փաստաբանի մասնակցությամբ, եթե վերջինս ներգրավված է հանձնման ընթացակարգին:

7. Վերանայման ընթացքում դատարանը չի քննարկում հանձնման ենթակա անձի մեղավորության եւ հանձնման հարցումը ներկայացրած պետության իրավասու մարմնի որոշումների օրինականության եւ հիմնավորվածության հարցը` սահմանափակվելով միայն հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման` սույն օրենքին եւ միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:

8. Վերանայման արդյունքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) բողոքը մերժել եւ  անփոփոխ թողնել վիճարկվող որոշումը.

2) բողոքը բավարարել եւ վերացնել վիճարկվող որոշումը:

Հոդված 35. Հանձնման մասին հարցման ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները

1. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա անձի հանձնման մասին հարցումը եւ կից փաստաթղթերը պետք է պարունակեն՝

1) հանձնման մասին հարցման հասցեատիրոջ՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը,

2) հանձնման մասին հարցումը ներկայացնող մարմնի անվանումը,

3) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը եւ հարցումը ներկայացնող պետության տվյալ պահին գործող օրենքի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանցանքը կատարելու  պահին գործող օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցանք,

4) անձի, ում հանձնումը հայցվում է, անունը, հայրանունը եւ ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) եւ հնարավորության դեպքում` այլ տվյալներ:

2. Հանձնման մասին հարցմանը պետք է կցված լինի անձի կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը՝ հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված լեզվով, ինչպես նաեւ միջազգային պայմանագրով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Հանձնման մասին միջնորդության, դրան կից փաստաթղթերի փոխանցման կարգը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված չլինելու դեպքում կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան:

4. Փոխանցված փաստաթղթերի մեկական օրինակները (պատճենները) պետք է պահվեն սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված մարմնում:

Հոդված 36. Հանձնման մասին հարցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պահանջելը

1. Եթե հանձնման մասին հարցումը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները կամ հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ տեղեկություններ, ապա հանձնման մասին հարցումը ստացած սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ եւ անհրաժեշտության դեպքում այդ տվյալները ստանալու համար սահմանել ժամկետ:

2. Սահմանված ժամկետում լրացուցիչ տեղեկություններ չստանալու հիմքով՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը կարող է ազատ արձակել հանձնման ենթակա անձին՝ վերացնելով սահմանահատման արգելքը:

Հոդված 37. Անձի հանձնման համար երաշխիքների տրամադրումը

1. Սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, հանձնման մասին հարցում ներկայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնից կարող է պահանջել եւ ստանալ հանձնումն իրականացնելու համար անհրաժեշտ երաշխիքներ առ այն, որ՝

1) անձին հանձնելու դեպքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի կամ անձը քրեական պատասխանատվության կենթարկվի միայն այն հանցանքի համար, որի առնչությամբ նրա հանձնումը պահանջվել է.

2) անձը չի հանձնվի կամ փոխանցվի երրորդ պետությանը՝ առանց հանձնումը թույլատրած Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնության.

3) անձը, ում հանձնումը պահանջվել է, կկարողանա լքել հանձնումը պահանջող պետության տարածքն այն վարույթի ավարտից հետո, որի իրականացման համար պահանջվել է ենթադրյալ հանցանք կատարած անձի հանձնումը, իսկ դատապարտվելու դեպքում՝ դատավճռով նախատեսված պատիժը կրելուց հետո.

4) հանձնման դեպքում տվյալ օտարերկրյա պետության օրենքներին համապատասխան անձի նկատմամբ չի նշանակվի կամ չի կիրառվի մահապատիժ.

5) հանձնման դեպքում անձը կօգտվի տվյալ օտարերկրյա պետությունում առկա իրավական օգնության եւ պաշտպանության միջոցներից, եւ վերջինս չի ենթարկվի խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաեւ խտրական վերաբերմունքի՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելիությունից.

6) իր բացակայությամբ օտարերկրյա պետության տարածքում կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով հանձնելու դեպքում անձին կտրամադրվեն իր պաշտպանությունն իրականացնելու եւ արդար դատաքննություն ապահովելու համար օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները, եւ վերջինիս կտրամադրվի իր ներկայությամբ վերստին դատաքննություն իրականացնելու կամ առնվազն իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունք.

7) այլ երաշխիքներ, որոնք կարող են իրավասու մարմնին անհրաժեշտ լինել անձի հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Հոդված 38. Հանձնման առանձնահատկությունն անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով

1. Անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը քննարկվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում սույն գլխով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավասու մարմնի կողմից անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնի հանձնման մասին հարցումը ենթակա է բավարարման եթե՝

1) հանձնման ենթակա անձը տեղեկացված կամ տվյալ օտարերկրյա պետության ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցված է եղել իր նկատմամբ օտարերկրյա պետությունում նախաձեռնված քրեական վարույթի կամ դատաքննության մասին.

2) առկա են հանձնումն իրականացնելու դեպքում հանձնման ենթակա անձի նկատմամբ  օտարերկրյա պետության տարածքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված իրավունքները պաշտպանելու երաշխիքները:

Հոդված 39.Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց հետաքննության մարմին ներկայացնելու կարգը

1. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող այն անձի հայտնաբերման դեպքում, ում նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ կամ ընտրված է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, վերջինս հետաքննության մարմնի կողմից ներկայացվում է հետաքննության մարմին՝ ինքնությունը ստուգելու (նույնականացնելու) նպատակով, ինչի մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվում է հայտնաբերված անձի, հետաքննության մարմնի իրավասու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ տվյալ գործողությանը ներկա գտնվող անձանց կողմից:

2. Արձանագրության մեջ նշվում են՝

1) հայտնաբերված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն,

2) հայտնաբերված անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, հայտնաբերման վայրը, հիմքերը,

3) հայտնաբերված անձի հայտարարությունները,

4) հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացրած հետաքննության մարմնի իրավասու պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը,

5) հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով անձին անազատության մեջ պահելը չի կարող տեւել ավելի, քան նրան փաստացի ազատությունից զրկելու պահից 3 ժամը: Անձին անազատության մեջ պահելու իրավական հիմքերը վերանալու կամ սույն մասով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու դեպքում անձն անհապաղ ազատ է արձակվում: Այդ փաստը եւ անձին ազատ արձակելու հիմքը, տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն նշվում են համապատասխան արձանագրության մեջ, որի օրինակը հանձնվում է անձին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի հայտնաբերման դեպքում հետաքննության մարմինն այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է հետախուզումը նախաձեռնողին եւ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնին՝ կցելով կազմված փաստաթղթերը:

Հոդված 40. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց ձերբակալման կարգը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած եւ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող այն անձը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, հայտնաբերման դեպքում ենթակա է ձերբակալման հետաքննության մարմնի կողմից:

2. Հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելուց անմիջապես հետո ձերբակալումն իրականացնող հետաքննության մարմինը, ի դեմս ձերբակալումն իրականացրած պաշտոնատար անձի, կազմում է արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվում է հայտնաբերված անձի, հետաքննության մարմնի իրավասու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ տվյալ գործողությանը ներկա գտնվող անձանց կողմից:

3. Արձանագրության մեջ նշվում է՝

1) ձերբակալվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ամիսը, օրը,  հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն,

2) անձին ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը եւ իրավական հիմքը,

3) ձերբակալում իրականացրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը,

4) ձերբակալվածի հայտարարությունները,

5) ձերբակալվածին հետաքննության մարմին ներկայացնելու եւ արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը եւ րոպեն:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձին Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզումը նախաձեռնողին, իսկ հետախուզումը Ինտերպոլի ուղիներով հայտարարված լինելու դեպքում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո (այսուհետ՝ Ինտերպոլի ԱԿԲ)՝ պահանջելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

5. Անձի ձերբակալման մասին արձանագրությունն անհրաժեշտ փաստաթղթերի հետ անհապաղ ուղարկվում է սույն օրենքի 32-րդ հոդվածում նշված իրավասու մարմնին:

6. Եթե ձերբակալվածի նկատմամբ ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կիրառվում կալանավորում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

7. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը ձերբակալման արձանագրությունը ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է հետախուզում հայտարարած օտարերկրյա պետության իրավասու մարմնին եւ (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

8. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձի վերաբերյալ ժամանակավոր կալանավորման կամ հանձնման մասին հարցումը օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացվելու եւ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը հետաքննության մարմնին հանձնարարում է հայտնաբերել հետախուզվող անձին եւ սույն օրենքով սահմանված կարգով ձերբակալել:

9. Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում պարզվում են անձի հանձնումը բացառող՝ սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, ապա սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի հանձնարարության հիման վրա հետաքննության մարմինը որոշում է կայացնում վերջինիս արգելանքից անհապաղ ազատելու մասին, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

Հոդված 41. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձի իրավունքները

1. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձը, ով հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, իրավունք ունի՝

1)  հրավիրելու փաստաբան, իսկ բավարար միջոցներ չունենալու դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով օգտվելու հանրային պաշտպանի ծառայություններից.

2) սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալման դեպքում գրավոր եւ բանավոր տեղեկացվելու իր՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքների մասին.

3) սույն օրենքով սահմանված կարգով վիճարկելու ձերբակալման իրավաչափությունը, բողոքարկելու ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման, կալանավորման ժամկետի երկարաձգման միջնորդությունների քննարկման արդյունքում դատարանի, ինչպես նաեւ հանձնումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումները.

4) դատարանում տալու բացատրություններ, հայտնելու բացարկներ, առարկություններ.

5) հայերենին չտիրապետելու դեպքում հայտնաբերված անձին հետաքննության մարմին ներկայացնելու, ձերբակալման, ինչպես նաեւ ժամանակավոր կալանավորման միջնորդության քննության ընթացքում՝ հետաքննության մարմնի, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկրարաձգելու, փաստացի հանձնելու նպատակով կալանավորման միջնորդությունների քննության ընթացքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի, իսկ նշված միջնորդությունների քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայման բողոքների քննության ընթացքում՝ դատարանի որոշմամբ պետական բյուջեի միջոցների հաշվին սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով թարգմանչի օգնությամբ իրացնելու սույն օրենքով սահմանված իր իրավունքները.

6) անվճար ստանալու այն լեզվով, որին տիրապետում է՝ հետաքննության մարմին ներկայացվելու, ձերբակալման արձանագրությունները՝ հետաքննության մարմնի կողմից, հանձնումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշումը՝ այդ մարմնի կողմից, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման համար կալանավորման ժամկետը երկարաձգելու, փաստացի հանձնման նպատակով կալանավորման միջնորդությունների քննության արդյունքում կայացված դատական ակտերի, ինչպես նաեւ դրանց եւ հանձնումը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշման վերանայման արդյունքում կայացված դատական ակտերի օրինակները՝ դատական ակտը կայացրած դատարանի կողմից:

2. Հայտնաբերված անչափահաս անձը սույն օրենքով նախատեսված իր իրավունքներն իրականացնում է անձամբ, օրինական ներկայացուցչի եւ փաստաբանի միջոցով: Օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը ներգրավվում են հետաքննության մարմնի որոշմամբ:

3. Հայտնաբերված անչափահաս անձի օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում՝ նրա իրավունքների իրացումն ապահովում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը:

4. Հետաքննության մարմինը հայտնաբերվածին պարզաբանում է սույն օրենքով նախատեսված նրա իրավունքները, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

5. Արգելանքի վերցված հայտնաբերված անձի տեսակցության հարցը լուծում է հանձնման մասին հարցումը քննարկող՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինը:

Հոդված 42. Ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու կարգը

1. Ձերբակալման իրավաչափությունը ձերբակալված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ փաստաբանի կողմից կարող է վիճարկվել դատական կարգով՝ ձերբակալման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում:

2. Դատարանը սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում բողոքը ստանալուց հետո՝ անհապաղ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ 3-օրյա ժամկետում հետաքննության մարմնից պահանջում է ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերը:

3. Դատարանը բանավոր ընթացակարգով` դռնփակ դատական նիստում բողոքը քննարկում է՝

1) անհապաղ, եթե բողոքում առերեւույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման.

2) տվյալ անձի նկատմամբ ժամանակավոր, հանձնման նպատակով կամ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում՝ դրա քննարկման հետ միաժամանակ.

3) տվյալ անձի նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքում՝ բողոքը ստանալու պահից ոչ շուտ, քան հինգ, ոչ ուշ, քան տասն օրվա ընթացում:

4. Հայտնաբերված անձի նկատմամբ կալանավորման միջնորդություն չներկայացվելու դեպքում՝ դատարանում ձերբակալման իրավաչափության բողոքարկմանը մասնակցում է հետաքննության մարմնի ներկայացուցիչը, ձերբակալված անձը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը:

5. Բողոքի քննարկման արդյունքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) բողոքը մերժելու մասին.

2) բողոքը բավարարելու մասին:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում, եթե դատարանը պարզում է, որ ձերբակալման ընթացքում խախտվել են ձերբակալված անձի՝ սույն օրենքով նախատեսված իրավունքները կամ ձերբակալման՝ սույն օրենքով նախատեսված կարգը, ապա դատարանը՝

1) իր որոշմամբ ձերբակալված անձին պարզաբանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուցում ստանալու կարգը.

2) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց.

3) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է անհապաղ միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

7. Սույն  հոդվածի 5-րդ մասով սահմանված դատական ակտի դեմ կարող է ներկայացվել վերանայման բողոք՝ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 43. Նախքան հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնից հարցումը ստանալն անձին ժամանակավոր կալանավորելը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում՝ մինչեւ քառասուն օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ հարցումը ստանալու եւ հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:

2. Մինչեւ հանձնելու մասին հարցումը ներկայացնելը անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդության կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կամ դատավճռի պատճենները կարող են ուղարկվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաեւ Ինտերպոլի կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:

3. Օտարերկրյա պետության դատարանի վարույթում գտնվող գործով, ինչպես նաեւ եթե տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ, հայտնաբերված անձի ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն եւ հետաքննության մարմին է ներկայացնում ձերբակալման իրավաչափության եւ կալանավորման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում՝ կցելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը եւ դրանց հայերեն թարգմանությունը, ըստ որում՝ ծավալուն մեղադրական եզրակացությունների կամ դատավճիռների դեպքում, կարող է ներկայացվել դրանցից արված քաղվածքի թարգմանությունը:

4. Ձերբակալման՝ սույն օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց առնվազն 12 ժամ առաջ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիրքորոշումը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը եւ դրանց հայերեն թարգմանությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն եւ հետաքննության մարմին չներկայացվելու դեպքում՝ ձերբակալված անձը դատախազի որոշմամբ ազատ է արձակվում:

5. Դատախազը անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին Ինտերպոլի կամ այլ ուղիներով ստացված միջնորդության կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման, կամ դատավճռի պատճենները եւ ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը, իսկ օտարերկրյա պետությունում դատարանի վարույթում գտնվող գործով կամ դատավճռի կատարումից խուսափող անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դիրքորոշումը:

6. Միջնորդության քննության ընթացքում դատարանն իրավասու չէ քննարկելու անձի մեղավորության հարցը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած եւ ներկայացրած դատավարական կամ այլ փաստաթղթերի օրինականությունը եւ հիմնավորվածությունը:

7. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված անձանց, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու եւ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին:

8. Դատարանի որոշման վերանայման բողոք կարող է ներկայացվել սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված միջոցներով, տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

10. Եթե հանձնելու վերաբերյալ հարցումը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքներ,  ապա անձը ենթակա է ազատ արձակման՝ բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնման նպատակով կալանավորում կիրառելուն:

11. Սույն հոդվածով, ինչպես նաեւ օրենքի 44-47-րդ հոդվածներով նախատեսված միջնորդությունների քննությունը դատարանում իրականացվում է միջնորդությունը ներկայացրած անձի, օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձի, եթե վերջինս ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին, սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ՝ նրա օրինական ներկայացուցչի, փաստաբանի եւ թարգմանչի մասնակցությամբ:

Հոդված 44. Հանձնման նպատակով կալանավորելը

1. Անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ստանալիս դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով կամ դատավճռի կատարման գործերով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անձին հանձնելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդություն են ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան:

2. Հանձնելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդությանը կցվում են անձին հանձնելու մասին միջնորդության պատճենը եւ անձի քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթը:

3. Միջնորդության քննության ընթացքում դատարանն իրավասու չէ քննարկելու անձի մեղավորության հարցը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած եւ ներկայացրած  դատավարական կամ այլ փաստաթղթերի օրինականությունը եւ հիմնավորվածությունը:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված անձանց եւ ուսումնասիրելով ներկայացված  փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու եւ կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին:

5. Դատարանը որոշում է կայացնում հանձնման համար կալանավորում կիրառելու միջնորդությունը մերժելու մասին, եթե առկա են հանձնումը մերժելու` սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածով սահմանված հիմքերը, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածով  նախատեսված դեպքի:

6. Սույն հոդվածով նախատեսված կարգով միջնորդության քննարկման արդյունքում կալանավորում կիրառելու մասին որոշման կատարումը միջնորդությունը ներկայացրած՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի կողմից հանձնարարվում է հետաքննության մարմնին եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկին:

7. Հանձնելու համար կալանավորումը կիրառվում է երկու ամիս ժամկետով, որը կարող է երկարաձգվել սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Հանձնելու  համար կալանավորման՝ սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով  նախատեսված առավելագույն ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու կամ նրան  օտարերկրյա պետության իրավասու մարմիններին փաստացի չհանձնելու դեպքում՝ անձը ենթակա է անհապաղ ազատ արձակման:

9. Դատարանի որոշման վերանայման բողոք կարող է ներկայացվել սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 45. Հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելը

1. Կալանավորման ժամկետը լրանալուց 10 օր առաջ դատախազը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը դատարան է ներկայացնում հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն:

2. Հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննությունն իրականացվում է սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Հանձնման նպատակով կալանավորման ժամկետը յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երկու ամիս ժամկետով: Հանձնման նպատակով կալանավորման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 10 ամիսը: Ընդ որում, օտարերկրյա պետության կողմից հետախուզվող անձին սույն օրենքով նախատեսված կարգով արգելանքի տակ պահելու ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 11 ամիս 10 օրը, բացառությամբ սույն օրենքի 46 հոդվածով նախատեսված դեպքերի: Մեկից ավելի օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման դեպքում այս ժամկետը հաշվարկվում է առանձին:

Հոդված 46. Փաստացի հանձնման նպատակով կալանավորելը

1. Փաստացի հանձնման նպատակով կալանավորումը կիրառվում է միայն սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առավելագույն ժամկետներում հանձնման ենթակա անձի փաստացի հանձնումը հետախուզումը հայտարարած օտարերկրյա պետության իրավասու մարմիններին չիրականացնելու դեպքում, երբ առկա է հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա որոշում:

2. Փաստացի հանձնումը չի կարող իրականացվել, եթե չնայած օրինական ուժի մեջ մտած հանձնումը թույլատրելու մասին որոշմանը, հանձնումը պահանջած օտարերկրյա պետության իրավասու մարմինը հրաժարվում է նախկինում ներկայացված հանցագործություն կատարած անձի հանձնման պահանջից՝ քրեական հետապնդման կամ դատավճռի կատարման վաղեմության ժամկետներն անցնելու կամ իր ներպետական օրենսդրությամբ սահմանված ցանկացած այլ հիմքով:

3. Փաստացի հանձնման նպատակով կալանավորումը չի կարող գերազանցել 1 ամիս ժամկետը:

4. Փաստացի հանձնման նպատակով կալանավորման միջնորդությունը քննարկվում է սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-6-րդ մասերով սահմանված կարգով:

Հոդված 47. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձերբակալման եւ կալանավորման կարգը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քրեական վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով կալանավորման մասին միջնորդություն ստանալու դեպքում ենթակա են ձերբակալման սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հետաքննության մարմինն անձի ձերբակալման դեպքում պարտավոր է անհապաղ ստուգել վերջինիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը եւ համապատասխան փաստաթուղթը ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնին:

3. Ձերբակալված անձի հայտնաբերման եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկությունը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինն անմիջականորեն կամ դիվանագիտական (Ինտերպոլի ԱԿԲ-ի) ուղիներով հայտնում է հետախուզում նախաձեռնած պետության իրավասու մարմիններին եւ առաջարկում ձերբակալման ժամկետը լրանալուց առնվազն 24 ժամ առաջ ներկայացնել քրեական վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու վերաբերյալ դիրքորոշում՝ կցելով վարույթը փոխանցելու նպատակով անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն:

4. Օտարերկրյա պետության դատարանի վարույթում գտնվող գործով, ինչպես նաեւ եթե տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված միջնորդություն ստացվելու դեպքում՝ հայտնաբերված անձի ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն եւ հետաքննության մարմին է ներկայացնում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը եւ դրանց հայերեն թարգմանությունը, ըստ որում՝ ծավալուն մեղադրական եզրակացությունների կամ դատավճիռների դեպքում, կարող է ներկայացվել դրանցից արված քաղվածքի թարգմանությունը:

5. Ձերբակալման առավելագույն ժամկետը լրանալուց առնվազն 12 ժամ առաջ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը եւ դրանց հայերեն թարգմանությունը  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն եւ հետաքննության մարմին չներկայացվելու դեպքում՝ անձն ազատ է արձակվում դատախազի որոշմամբ:

6. Դատախազը քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով անձին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացում անձի ձերբակալման վայրի դատարան, իսկ սուն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը չստացվելու դեպքում՝ հանձնարարում հետաքննության մարմնին անձին ազատել արգելանքից: Նշված միջնորդության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Այն դեպքում, երբ կալանավորված անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքն ի հայտ է գալիս կալանավորման ժամկետի ընթացքում, սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինները անմիջապես ձեռնարկում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործողությունները՝ հետախուզումը նախաձեռնած պետությանն առաջարկելով 3-օրյա ժամկետում քրեական վարույթը փոխանցելու նպատակով անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել:

8. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով անձի կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ստացվելու դեպքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված մարմինը վարույթի փոխանցման նպատակով անձին կալանավորելու մասին միջնորություն է ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան: Նշված միջնորդության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Օտարերկյա պետության իրավասու մարմնի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում նշված միջնորդությունը չներկայացվելու դեպքում անձն ազատ է արձակվում արգելանքից սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, եւ հետագայում նման միջնորդություն ստացվելու դեպքում՝ ենթակա չէ կալանավորման:

10. Սույն հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված միջնորդությունների քննության արդյունքում կայացված դատական ակտերի դեմ վերանայման բողոք կարող է ներկայացվել սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն արգելանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 40 օրը:

12. Վարույթի փոխանցման նպատակով սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված 40-օրյա ժամկետի մեջ չի հաշվարկվում հայտնաբերված անձի՝ ժամանակավոր կալանավորման տակ գտնվելու ժամանակահատվածը:

13. Սույն հոդվածի շրջանակներում հանցանքի ծանրությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համապատասխան:

Հոդված 48. Հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորում, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունների քննարկման արդյունքում կայացված առաջին ատյանի դատարանի դատական ակտերի եւ դրանց դեմ բերված բողոքների քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումը

1. Հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու բողոքի, ժամանակավոր կալանավորում կիրառելու, հաձնման նպատակով կալանավորում կիրառելու, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունների քննարկման արդյունքում կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերը ենթակա են վերաքննիչ դատարանում վերանայման:

2. Հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու բողոքի քննարկման արդյունքում կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ դատարանում վերանայման բողոք կարող է բերվել հայտնաբերված անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ փաստաբանի, ինչպես նաեւ հետաքննության մարմնի կողմից, իսկ ժամանակավոր կալանավորում կիրառելու, հաձնման նպատակով կալանավորում կիրառելու, հանձնման նպատակով կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունների քննարկման արդյունքում կայացված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ՝ հայտնաբերված անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ փաստաբանի, ինչպես նաեւ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինների կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ դատարանում վերանայման բողոք կարող է բերվել համապատասխան ակտը ստանալու պահից՝ հնգօրյա ժամկետում: Վերանայման բողոքի պատճենը բողոք բերող անձի կողմից ուղարկվում է դատական ակտը կայացրած դատարան:

4. Դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն անհապաղ ուղարկում է կողմերին, իսկ ձերբակալման իրավաչափությունը կամ կալանավորելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը եւ առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ Վերաքննիչ դատարան:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերի վերանայումը  վերաքննիչ դատարանում իրականացվում եւ ավարտվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նյութերը ստանալու օրվանից՝ հինգ օրվա ընթացքում:

6. Բողոքը քննվում է բանավոր ընթացակարգով, դռնփակ դատական նիստում՝ հայտնաբերված անձի, նրա օրինական ներկայացուցչի եւ փաստաբանի, ինչպես նաեւ համապատասխանաբար՝ հետաքննության մարմնի կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին պատշաճ ծանուցված կողմի չներկայանալը չի խոչընդոտում վերանայմանը:

7. Վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

1) բողոքը բավարարելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

8. Վերաքննիչ դատարանում վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ուղարկվում է կողմերին:

9. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատական ակտերի դեմ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից Վճռաբեկ դատարանում վերանայման բողոք կարող է բերվել համապատասխան դատական ակտերը ստանալու պահից՝ 15-օրյա ժամկետում: Վերանայման բողոքի պատճենը բողոք բերող անձի կողմից ներկայացվում է Վերաքննիչ դատարան:

10. Վերաքննիչ դատարանը դատական վերանայման բողոքի պատճենն անհապաղ ուղարկում է կողմերին, իսկ հայտնաբերված անձի ձերբակալման իրավաչափությունը կամ կալանավորելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը եւ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ Վճռաբեկ դատարան:

11. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատական ակտերի վերանայումը վճռաբեկ դատարանում իրականացվում է գրավոր կամ բանավոր ընթացակարգով (դռնփակ դատական նիստում) եւ ավարտվում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված նյութերը ստանալու օրվանից՝ 15-օրյա ժամկետում:

12. Վճռաբեկ դատարանում վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

1) բողոքը բավարարելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

13. Վճռաբեկ դատարանում վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ ուղարկվում է կողմերին, իսկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու դեպքում՝ անձին կալանքից ազատելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ նաեւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ անհապաղ կատարելու համար:

Հոդված 49. Միջնորդությունների եւ բողոքների քննության կարգը

1. Սույն օրենքով նախատեսված միջնորդությունները կամ բողոքները ստանալիս դատարանն անհապաղ որոշում է կայացնում միջնորդությունը կամ բողոքը քննության առնելու եւ դատական նիստ նշանակելու մասին, որի մասին ծանուցում է քննությանը մասնակցող անձանց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի եւ դատավորի, որոշումը կայացնելու օրվա, ինչպես նաեւ դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին:

3. Դատական նիստը դատավորի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 266-րդ հոդվածով սահմանված կարգով՝ այնքանով, որքանով նշված հոդվածում սահմանված դրույթները կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթներով միջնորդությունների քննության նկատմամբ:

Հոդված 50. Միջնորդությունների եւ բողոքների քննության ընթացակարգը

1. Սույն օրենքով նախատեսված միջնորդությունների եւ բողոքների քննությունն իրականացվում է բանավոր, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգով:

2. Գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է առանց դատական նիստ անցկացնելու: Քննությանը մասնակցող անձինք իրենց բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաեւ բողոքի պատասխանը ներկայացնում են գրավոր՝ համապատասխան միջնորդությունների կամ բողոքների քննության առնելու մասին որոշման մեջ նշված ժամկետում: Գրավոր ընթացակարգով իրականացվող քննությանը մասնակցող անձինք տեղեկացվում են միայն դատական ակտի կայացման օրվա մասին:

Հոդված 51. Միջնորդությունների եւ բողոքների քննության ընթացքում որոշում կայացնելու կարգը

1. Դատական նիստի ընթացքում լուծվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում` նախապես լսելով քննությանը մասնակցող անձանց կարծիքները:

2. Ինքնաբացարկ հայտնելու, բացարկն ընդունելու կամ քննությանը մասնակցելուց հեռացնելու վերաբերյալ որոշումները շարադրվում են առանձին փաuտաթղթի ձեւով:

3. Մյուu բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին փաuտաթղթի ձեւով կամ դրանք դատական նիuտի արձանագրության մեջ մտցնելով:

4. Դատարանի կայացրած բոլոր որոշումներն անմիջապես հրապարակվում են, իսկ առանձին փաuտաթղթի ձեւով կայացված որոշումները երեք օրվա ընթացքում տրամադրվում են քննությանը մասնակցող անձանց:

Հոդված 52.Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը եւ տեսակները

1. Միջնորդությունների եւ բողոքների քննության ժամանակ դատական նիստին մասնակցող անձանց կողմից իրենց իրավունքները չարաշահելու կամ պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով քննության բնականոն ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաեւ դատարանի կամ քննությանը մասնակցող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքերում դատարանն իրավասու է այդ անձանց նկատմամբ կիրառելու դատավարական սանկցիա:

2. Դատավարական սանկցիաներն են՝

1) նկատողություն.

2) իրավունքի իրականացման սահմանափակում.

3. Իրավունքները չարաշահելու դեպքում կարող է կիրառվել միայն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիան:

4. Դատավարական սանկցիայի կիրառումը պետք է նպատակ հետապնդի ապահովել քննության բնականոն ընթացքը:

5. Դատավարական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար:

Հոդված 53.Նկատողությունը

1. Նկատողությունը դատական նիստի ընթացքում դատական նիստին մասնակցող անձին ուղղված պատշաճ վարքագիծ դրսեւորելու կամ իրավասու անձի կարգադրություններին ենթարկվելու հրահանգ է:

2. Նկատողությունը տրվում է բանավոր՝ այն ներառելով դատական նիստի արձանագրության մեջ:

3. Նկատողության պահանջները չկատարելը կարող է առաջ բերել սույն օրենքով նախատեսված այլ սանկցիայի կիրառման: Այդ հնարավորության, ինչպես նաեւ ավելի խիստ սանկցիայի կիրառման հետեւանքների մասին դատարանը նկատողության յուրաքանչյուր դեպքում տեղեկացնում է անձին ում նկատմամբ կիրառվել է նկատողություն:

Հոդված 54. Իրավունքի իրականացման սահմանափակումը

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստին մասնակցող անձի՝ սույն օրենքով սահմանված իրավունքների չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները չարաշահելու դեպքում:

1) միջնորդություն հարուցելը.

2) բացարկ հայտնելը.

3) վարույթի նյութերին կցելու համար փաստաթղթեր ներկայացնելը.

4) վարույթի նյութերին ծանոթանալը եւ դրանցից տեղեկություն դուրս գրելը.

5) եզրափակիչ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալը.

6) փաստաբանից հրաժարվելը,

3. Սույն հոդվածով նախատեսված դատավարական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:

Հոդված 55. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձին ազատելը

1.Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձը սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատ արձակման, եթե պարզվել են սույն օրենքի 33-րդ կամ 62-րդ հոդվածներով նախատեսված՝ հանձնումը բացառող հանգամանքները՝ բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված դեպքի, կամ եթե հանձնումը պահանջող օտարերկրյա պետության իրավասու մարմինը հրաժարվել է հանձնման պահանջից:

2.Հայտնաբերված անձը ենթակա է ազատ արձակման նաեւ`

1) հանձնելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը  ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում չստացվելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի որոշմամբ.

2) հանձնելու համար կալանավորում կիրառելու  կամ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելու միջնորդությունը Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից մերժելու դեպքում՝ դատարանի որոշմամբ՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.

3) հանձնելու համար կալանավորման ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի որոշմամբ.

4) հայտնաբերված անձի հանձնումը փաստացի չիրականացվելու դեպքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավասու մարմնի որոշմամբ.

5) հանձման միջնորդության կապակցությամբ պահանջված լրացուցիչ տեղեկությունները (երաշխիքները) միջազգային պայմանագրով կամ սահմանված ժամկետներում չտրամադրվելու դեպքում՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմնի որոշմամբ:

3. Հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը մերժելը հիմք չէ ժամանակավոր կալանավորված անձին կալանքից ազատելու համար:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով անձին ազատելը չի խոչընդոտում նրա նկատմամբ հանձնելու կամ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելուն:

Հոդված 56. Հանձնումը հետաձգելը

1. Եթե անձի նկատմամբ, ում հանձնումը պահանջվում է, Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում է հարուցված, կամ այդ անձը Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է այլ հանցանքի համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տվյալ քրեական վարույթով վերջնական դատավարական ակտ կայացնելը եւ դրա կատարումը:

Հոդված 57. Հանձնելու մասին ստացված մի քանի հարցումների քննարկման կարգը

1. Եթե միեւնույն անձին հանձնելու մասին հարցումներ են ստացվել մի քանի օտարերկրյա պետություններից, ապա այդ հարցումները ստացած՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինները, մերժման հիմքերի բացակայության դեպքում,  հարցումները քննարկելիս հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետությունների միջեւ գործող միջազգային պայմանագրով նախատեսված պայմանները:

Հոդված 58. Հանձնումը թույլատրելու մասին որոշման կատարումը

1. Անձի հանձնման մասին վերջնական որոշումն ընդունելուց հետո օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որի հանձնման մասին հարցումը բավարարվել է, ծանուցվում է անձին հանձնելու ժամանակի եւ տեղի մասին:

2. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որին ուղարկվել է սույն հոդվածի  1-ին մասով նախատեսված ծանուցումը, հանձնման ենթակա անձի տեղափոխումը չի իրականացնում համաձայնեցված ժամկետում, ապա հանձնման ենթակա անձն ազատվում է կալանքից:

3. Հանձնումը թույլատրելու մասին որոշումը չի կարող կատարվել, եթե մինչեւ հանձնման ենթակա անձի հանձնումը փաստացի իրականացնելու օրվա վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը հանձնումը հայցող օտարերկրյա պետության իրավասու մարմինը հրաժարվում է հանձնման պահանջից կամ հանձնումը փաստացի իրականացնելու օրվա դրությամբ անցել է Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ քրեական հետապնդման կամ դատավճռի կատարման համար սահմանված վաղեմության ժամկետները, բացառությամբ այն դեպքերի երբ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 59. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասությանն է հանձնվել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ դատավճռի կատարումն ապահովելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած՝ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված իրավասու մարմինների, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից հանձնման մասին հարցում ներկայացնելու դեպքում՝ օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի համաձայնության` այդ անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել կամ դատավճիռն ի կատար ածվել մինչեւ նրան հանձնելը կատարած այն հանցանքի համար, որի համար նրա հանձնումը չի իրականացվել:

2. Առանց հանձնումը թույլատրած իրավասու մարմնի համաձայնության` հանձնված անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:

3. Հանձնումը թույլատրած իրավասու մարմնի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը, լինելով օտարերկրյա քաղաքացի կամ օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող անձ, իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան վարույթային գործողությունների կատարումն ավարտելուց, իսկ նրան դատապարտելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժից վաղաժամկետ ազատվելուց հետո` 45 օրվա ընթացքում, չի լքում Հայաստանի Հանրապետության տարածքը, կամ եթե լքելուց հետո ինքնակամ վերադառնում է: Նշված ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը իրենից անկախ հանգամանքների պատճառով չէր կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

Հոդված 60. Կրկնակի հանձնելը

1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետությանը հանձնված անձը խուսափում է տվյալ օտարերկրյա պետությունում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց եւ վերադառնում է Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նույն օտարերկրյա պետության` նախկինում ներկայացրած հարցման շրջանակներում եւ հանձնման պահանջը գրավոր վերահաստատելու դեպքում նույն արարքի համար նրա հանձնումը կարող է քննարկվել սույն գլխով սահմանված կարգով:

Հոդված 61. Հանձնման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բացակայության դեպքում

1.Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության միջեւ հանձնման հարցերով միջազգային պայմանագրի բացակայության պարագայում՝ համագործակցությունն իրականացվում է փոխադարձության վերաբերյալ դիվանագիտական ուղիներով պայմանավորվածություն ձեռք բերելու միջոցով, որը պետք է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով նախապես գրավոր համաձայնեցված լինի օտարերկրյա պետության իրավասու մարմնի եւ սույն օրենքի 32-րդ հոդվածում սահմանված իրավասու մարմինների միջեւ:

2.Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ փոխադարձության մասին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ձեռք բերված համաձայնության հիման վրա, հանձնման ընթացակարգն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքի 62-րդ հոդվածով հանձնումը մերժելու մասին լրացուցիչ հիմքերը, մինչեւ տվյալ օտարերկրյա պետության հետ հանձնման հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագիր կնքելը կամ երկու պետությունների համար գործող բազմակողմ միջազգային պայմանագրի միանալը:

Հոդված 62. Հանձնումը մերժելու հիմքերը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ փոխադարձության հիման վրա

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից անձի հանձնումը մերժվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված՝ հանձնումը մերժելու հիմքերից մեկի առկայության պարագայում անկախ սույն օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների տրամադրումից:

ԳԼՈՒԽ 6

ՎԱՐՈՒՅԹԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ Հոդված 63. Քրեական վարույթի փոխանցման կարգը եւ պայմանները

Հոդված 63. Քրեական վարույթի փոխանցման կարգը եւ պայմանները

1. Քրեական հետապնդում իրականացնելու կամ դատական վարույթը շարունակելու նպատակով նախաձեռնված վարույթները Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմնին, ինչպես նաեւ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցվում են միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով կամ փոխադարձության հիման վրա:

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարույթները օտարերկրյա պետության իրավասու մարմնին փոխանցվում են, ինչպես նաեւ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից փոխանցված վարույթները ստացվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կենտրոնական մարմինների միջոցով:

3. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցված վարույթների հետագա քննությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին քրեական հետապնդում իրականացնելու կամ դատական վարույթը շարունակելու նպատակով նախաձեռնված վարույթի փոխանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 64. Վարույթի փոխանցման մասին միջնորդության ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա վարույթի փոխանցման մասին հարցումը պետք է պարունակի՝

1) միջնորդության հասցեատիրոջ՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը,

2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը եւ հարցումը ներկայացնող պետության տվյալ պահին գործող օրենքի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանցանքը կատարելու պահին գործող օրենքի տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցանք,

3) անձի անունը, հայրանունը եւ ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, ում մեղսագրվող հանցանքի վերաբերյալ վարույթը փոխանցվում է, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) եւ հնարավորության դեպքում` այլ տվյալներ:

2. Վարույթը փոխանցելու մասին հարցմանը պետք է կցված լինի անձի վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից նախաձեռնված վարույթի բոլոր նյութերը եւ դրանց պատշաճ թարգմանությունը հայերեն կամ միջազգային պայմանագրով նախատեսված կամ փոխհամաձայնեցված լեզվով:

ԳԼՈՒԽ 7

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Հոդված 65. Դատապարտյալների փոխանցման նպատակը

1. Դատապարտյալների փոխանցումը նպատակ ունի նպաստել դատապարտյալների սոցիալական վերաինտեգրմանը՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս իրենց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու այն պետությունում, որի քաղաքացին են հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում են:

Հոդված 66. Դատապարտյալների փոխանցման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինը եւ հաղորդակցության կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում դատապարտյալի փոխանցման հարցերով իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:

2. Հայաստանի Հանրապետությունում դատապարտյալի փոխանցումը թույլատրելու կամ փոխանցումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3.  Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում հաղորդակցությունը կարող է իրականացվել  անմիջականորեն՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասու մարմնի միջոցով կամ դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների միջոցով:

Հոդված 67. Դատապարտյալների փոխանցման պայմանները

1. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա սույն գլխով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման դիմումը կարող է քննարկվել հետեւյալ պայմանների առկայության դեպքում՝

1) դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճիռը վերջնական է եւ մտել է օրինական ուժի մեջ,

2) դատապարտյալի փոխանցման մաuին դիմումը եւ դրանք հիմնավորող փաստաթղթերը ստանալու պահին մինչեւ պատիժը կրելու ժամկետի ավարտը մնացել է առնվազն վեց ամիս ժամկետ կամ սահմանված է ցմահ ազատազրկում,

3) առկա է դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող երկիր փոխանցման վերաբերյալ դատապարտյալի գրավոր համաձայնությունը: Այն դեպքում, երբ ելնելով դատապարտյալի տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, հնարավոր չէ վերջինիս գրավոր համաձայնությունը ստանալը, անհրաժեշտ է դատապարտյալի փոխանցման վերաբերյալ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը,

4)  գործողությունը կամ անգործությունը, որի համար ազատազրկման է դատապարտվել անձը, քրեորեն պատժելի է եւ դրա համար նախատեսված է ազատազրկման ձեւով պատիժ՝  ինչպես դատավճիռը կայացրած պետությունում, այնպես էլ դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում,

5) դատավճիռը կայացրած պետության եւ դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետության իրավասու մարմինների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել փոխանցման վերաբերյալ,

6) դատապարտյալի փոխանցման վերաբերյալ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից մերժումը ստանալուց հետո անցել է մեկ տարի:

Հոդված 68. Դատապարտյալների փոխանցման մասին դիմումները եւ դրանք հիմնավորող փաստաթղթերը

1. Դատապարտյալի փոխանցման մասին դիմումը կարող է ներկայացվել ինչպես դատապարտյալի կամ իր շահերը պաշտպանող փաստաբանի կամ դատապարտյալի մերձավոր ազգականների կամ դատապարտյալի օրինական ներկայացուցչի, այնպես էլ դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից:

2. Դատապարտյալի կամ իր շահերը պաշտպանող փաստաբանի կամ դատապարտյալի մերձավոր ազգականների կամ դատապարտյալի օրինական ներկայացուցչի դիմումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին պետք է ներկայացվի գրավոր: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին դիմումին կից պետք է ներկայացվեն հետեւյալ փաստաթղթերը՝

1) դատապարտյալի նկատմամբ կայացված եւ օրինական ուժի մեջ մտած  դատավճռի պատճենը,

2) դատապարտյալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) տեղեկություն դատապարտյալի պատիժը կրելու վայրի վերաբերյալ,

4) տեղեկություն դատապարտյալի քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում՝ բնակության վայրի վերաբերյալ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատապարտյալի փոխանցման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դիմումի քննարկման արդյունքների մասին հայտնում է դիմումատուին:

Հոդված 69. Դատապարտյալի փոխանցման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը եւ դրան կից փաստաթղթերը

1. Դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալի փոխանցման հարցումը պետք է ներկայացվի գրավոր: Օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցմանը կից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին պետք է ներկայացվեն նաեւ հետեւյալ փաստաթղթերը՝

1) դատապարտյալի գրավոր համաձայնությունը փոխանցումն իրականացնելու մասին կամ սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձի համաձայնությունը,

2) դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճռի հաստատված պատճենը, իսկ դատավճռի բողոքարկման դեպքում՝ դատապարտյալի վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու դատարանների կողմից կայացված բոլոր որոշումների պատճենները,

3) տեղեկություն պատժի կրած մասի եւ պատժի մնացած մասի վերաբերյալ (ներառյալ կալանավորման, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը եւ այլ մանրամասներ դատավճռի կատարումնապահովելու վերաբերյալ),

4) տեղեկություն նշանակված լրացուցիչ պատիժների վերաբերյալ,

5) տեղեկություն պատիժը կրելու ժամկետի ավարտի եւ ուղղիչ հիմնարկի տեսակի ու ռեժիմի մասին.

6) տեղեկություն դատապարտյալի առողջական վիճակի (էտապավորման ենթակա լինելու) մասին եւ դատապարտյալի սոցիալ-հոգեբանական բնութագիրը,

7) դատավճիռը կայացրած պետության քաղաքացի չհանդիսանալու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրամադրված տեղեկանք,

8) տեղեկություն հանցանքով պատճառված վնասի հատուցման չկատարված կամ դատավճռով սահմանված նյութական չմարված պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին:

2.  Անհրաժեշտության դեպքում դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է պահանջել նաեւ սույն հոդվածում չնշված այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ սահմանելով դրանք ներկայացնելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետ:

Հոդված 70. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելու կարգը

1. Օտարերկրյա պետության տարածքում ազատազրկման ձեւով պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող դատապարտյալի փոխանցման թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելու համար, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դիմում է օտարերկրյա պետության իրավասու մարմնին սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու խնդրանքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ազատազրկման ձեւով պատիժը կրող օտարերկրյա պետության քաղաքացի կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝  օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող դատապարտյալի փոխանցումը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն օտարերկրյա պետության իրավասու մարմին է ներկայացնում սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցումը եւ կից փաստաթղթերը՝ փոխանցման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով:

3. Սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը եւ կից փաստաթղթերը ստանալուց հետո օտարերկրյա պետության տարածքում ազատազրկման ձեւով պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող  դատապարտյալի փոխանցման թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմին է ներկայացնում դատապարտյալի փոխանցման վերաբերյալ համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեակատարողական օրենսգրքերից համապատասխան քաղվածքները, ինչպես նաեւ տեղեկություն Հայաստանի Հանրապետության տարածքում պատիժը կրելու վայրի՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկի ռեժիմի վերաբերյալ:

4. Դատապարտյալների փոխանցումն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կիրառում է սույն գլխով սահմանված նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով:

5. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումները կատարվում են սույն գլխով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ:

6. Դատապարտյալի փոխանցումը թույլատրելու կամ փոխանցումը մերժելու վերաբերյալ որոշումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կայացնում է սույն օրենքի 68-րդ եւ 69-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո եռամսյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դատապարտյալի փոխանցումը թույլատրելու կամ փոխանցումը մերժելու վերաբերյալ որոշման մասին դատապարտյալի փոխանցման հարցում ներկայացրած անձանց կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնին տեղեկացնում է որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալի փոխանցումը թույլատրելու վերաբերյալ կայացված որոշումը վերջնական է եւ փոփոխության ենթակա չէ, բացառությամբ, եթե փոխանցման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո դատապարտյալն ինքնակամ չի հրաժարվել փոխանցման խնդրանքից:

Հոդված 71. Դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը

1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից դատապարտյալի փոխանցումը մերժվում է, եթե.

1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով կամ այդ պետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով պատիժը չի կարող կատարվել դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայր հանդիսացող պետության տարածքում.

2) մինչեւ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում կայացնելը, դատավճիռը կայացրած պետության տարածքում կատարված արարքի համար դատապարտյալը պատիժը կրել է ամբողջությամբ կամ արդարացվել է կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ՝ ազատազրկման հետ չկապված պատժատեսակով կամ դատապարտյալը պատժից պայմանական ազատվել է.

3) դատապարտյալի փոխանցումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին, ինքնիշխանությանը կամ հասարակական կարգին.

4) չի փոխհատուցվել հանցանքով պատճառված վնասը կամ առկա են դատավճռով կամ դատական այլ ակտով սահմանված չմարված ֆինանսական պարտավորություններ.

5) բացակայում է դատապարտյալի կողմից տրված գրավոր համաձայնությունը փոխանցման վերաբերյալ կամ առկա է հիմնավոր կասկած նման համաձայնությունը դատապարտյալի կողմից ինքնակամ չտրամադրելու վերաբերյալ.

6) առկա է հիմնավոր կասկած դատապարտյալի փոխանցման դեպքում վերջինիս պահելու պայմանների վատթարացման, նրա նկատմամբ խոշտանգում կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կիրառելու վերաբերյալ` կախված դատապարտյալի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

7) առկա է հիմնավոր կասկած առ այն, որ դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի դատավճռով նշանակված պատիժը կարող է էականորեն նվազեցվել կամ դատապարտյալի փոխանցումից անմիջապես հետո նրան կարող է ներում շնորհվել.

8) սույն օրենքի իմաստով «պատժի էական նվազեցում» է համարվում դատարանի կողմից սահմանված պատժի կեսից ավելիի նվազեցումը.

9) Հայաստանի Հանրապետության  իրավասու մարմնի կողմից սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված չափորոշիչների հիման վրա դատապարտյալի փոխանցումը ճանաչվել է ոչ նպատակահարմար.

10)առկա է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված այլ հիմք:

2.Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված դատապարտյալի փոխանցման  հարցումը կատարելն անհնար է կամ չի բխում տվյալ միջազգային պայմանագրից, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից 5-օրյա ժամկետում ծանուցվում է հարցման կատարման անհնարինության եւ դրա պատճառների մասին:

Հոդված 72. Դատապարտյալների փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս կիրառելի պարտադիր չափորոշիչները

1.Դատապարտյալի փոխանցման նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հաշվի է առնում՝

1) դատապարտյալի կողմից կատարած հանցանքի ծանրությունը եւ դատավճիռը կայացրած պետության կողմից նշանակված պատժի ժամկետը.

2) ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տվյալ օտարերկրյա պետությունում դատապարտյալի ունեցած քրեական կապերը (քրեական ենթամշակույթին հարելը), նախկինում դատապարտված լինելու հանգամանքը, հետագայում դատապարտյալի կողմից կրկին հանցանք կատարելու հավանականությունը.

3) Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների, այդ թվում նաեւ ազգային անվտանգության հարցերով իրավասու մարմնի կարծիքները, Հայաստանի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացու կամ օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող անձի փոխանցման վերաբերյալ, ինչպես նաեւ օտարերկրյա պետության տարածքում դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում  մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող դատապարտյալի փոխանցման վերաբերյալ.

4) դատապարտյալի եւ նրա ընտանիքի անդամների դատապարտյալի քաղաքացիության կամ քաղաքացիություն չունենալու դեպքում՝ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում բնակվելու, աշխատելու, սոցիալական կապերի առկայության հանգամանքը.

5) դատապարտյալի կողմից Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթով մեղադրանքը հիմնավորող կամ գործի լրիվ եւ լիարժեք բացահայտմանը նպաստող ցուցմունքներ տալու անհրաժեշտությունը.

6) դատապարտյալի փոխանցումն իրականացնելու դեպքում պատիժը կրելու հիմնարկի ռեժիմի հնարավոր անհամապատասխանությունը կամ գերբեռնվածությունը, ինչպես նաեւ նույն հանցագործության համար դատապարտված եւ պատիժը կրող դատապարտյալների քանակը:

Հոդված 73. Երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող դատապարտյալների փոխանցման առանձնահատկությունները

1. Ինչպես դատավճիռը կայացրած պետության, այնպես էլ դատավճռի հետագա  կատարումն ապահովող պետության քաղաքացի հանդիսացող՝ երկքաղաքացի դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ վերջինիս փոխանցման միջնորդությամբ դիմել է դատավճիռը կայացրած պետության իրավասու մարմինը կամ դատապարտյալի դիմումի հիման վրա ձեռք է բերվել օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնությունը:

2. Քաղաքացիություն չունեցող դատապարտյալների փոխանցումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ վերջինս ծնվել կամ մշտապես բնակվել է այն պետությունում, ուր ցանկություն է հայտնել փոխանցվելու, սակայն որեւէ պետության քաղաքացիություն ձեռք չի բերել:

Հոդված 74. Դատապարտյալների փոխանցման կազմակերպման կարգը

1. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելուց հետո, այդ մասին սույն օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ծանուցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմինը:

2. Դատապարտյալի փոխանցումը թույլատրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելու մասին ծանուցումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի եւ օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվում դատապարտյալի փոխանցումն իրականացնելու ժամկետների եւ վայրի վերաբերյալ, համաձայնեցվում է դատապարտյալին ուղեկցողների կազմը:

Հոդված 75. Հայաստանի Հանրապետություն փոխանցված դատապարտյալների դատավճիռների կատարման կարգը

1.Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի եւ օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջեւ համաձայնություն ձեռք բերելուց հետո սույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու եւ կատարելու վերաբերյալ՝  Հայաստանի Հանրապետությունում դատապարտյալի պատժի չկրած մասը կրելու նպատակով:

2. Սույն օրենքի 9-րդ գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետություն փոխանցված դատապարտյալի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի գործողությունը:

3.  Պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավական հետեւանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ իրավասու դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոդված 76.  Օտարերկրյա պետության դատավճռի կատարման շարունակումն ապահովելը կամ փոխարկումը

1. Դատապարտյալի փոխանցումն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը միջազգային պայմանագրով սահմանված կարգով կարող է օտարերկրյա դատավճռի կատարումն ապահովելու համար ճանաչել այն կամ փոխարկել:

2. Դատավճռի կատարումը շարունակելու դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելիս ղեկավարվում է սույն օրենքի 90-րդ եւ 91-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ անփոփոխ թողնելով օտարերկրյա պետության դատավճռով նախատեսված պատժատեսակի բնույթն ու տեւողությունը:

3. Եթե օտարերկրյա պետության իրավասու դատարանի դատավճռով սահմանված պատժատեսակի բնույթն ու տեւողությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատժին, ապա Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կարող է փոխարկել դատավճիռը՝ սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պատժամիջոցը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նման բնույթի հանցանքի համար նախատեսված պատժին: Դատավճռի փոխարկման դեպքում սահմանված պատիժը իր բնույթով եւ ժամկետով չի կարող խստացնել դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը եւ չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նույն հանցանքի համար նախատեսված պատժի առավելագույն ժամկետը:

Հոդված 77. Փոխանցված դատապարտյալին ներում շնորհելը կամ նրա նկատմամբ համաներում կիրառելը

1. Դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հսկողության տակ վերցնելը կասեցնում է դատավճիռը կայացրած պետության տարածքում դատավճռի կատարումը:

2. Դատավճիռը կայացրած պետությունը կարող է փոփոխել իր պետության իրավասու դատարանի կողմից կայացված դատավճիռը կամ փոխանցված դատապարտյալի նկատմամբ կիրառել համաներում կամ վերջինիս ներում շնորհել: Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից սույն մասով նախատեսված որոշումներից յուրաքանչյուրի մասին տեղեկացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի դատապարտյալի նկատմամբ դրանք կիրառելու ուղղությամբ:

3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պարտավոր է դադարեցնել դատավճռի կատարումը այն պահից, երբ դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմինը կծանուցի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որեւէ որոշման ընդունման մասին, որի հիման վրա դատավճիռն այլեւս կատարման ենթակա չէ:

4. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պարտավոր է դադարեցնել դատավճռի կատարումն այն պահից, երբ դատապարտյալի փոխանցումն իրականացնելուց հետո դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմինը կծանուցի տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան դատավճռի վերանայման եւ դատապարտյալին արդարացնելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված որոշումների մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պարտավոր է ծանուցել նաեւ օտարերկրյա պետության իրավասու մարմնին այն դեպքում, երբ դատավճիռ կայացնող եւ դատապարտյալի փոխանցումն իրականացրած պետությունը Հայաստանի Հանրապետությունն է:

Հոդված 78. Դատավճռի կատարման մասին տեղեկատվություն

1.Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պարտավոր է դատավճիռը կայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի պահանջով տեղեկություն տրամադրել Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից դատավճռի ճանաչման կամ փոխարկման, ինչպես նաեւ պատիժը կրելու վայրի եւ պայմանների, դատավճռի կատարումը ավարտելու, դատապարտյալի պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակման, նրա նկատմամբ համաներում կիրառելու կամ ներում շնորհելու վերաբերյալ:

Հոդված 79. Տարանցիկ փոխադրում

1.Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է բավարարել դատապարտյալին իր պետության տարածքով տարանցիկ փոխադրելու մասին հարցումը, եթե այն ներկայացվել է օտարերկրյա պետության կողմից, որը երրորդ պետության հետ համաձայնել է դատապարտյալի փոխանցման կամ հանցագործություն կատարած անձի հանձնման վերաբերյալ:

2. Դատապարտյալին կամ հանձնման ենթակա անձին Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրելու հարցում ներկայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է տրամադրել երաշխիքներ այն մասին, որ դատապարտյալն իր տարածքում չի հետապնդվի կամ այլ կերպ չի ենթարկվի ազատության սահմանափակման մինչեւ տվյալ օտարերկրյա պետության տարածքից մեկնելը՝ նրա կատարած հանցանքի կամ նրա նկատմամբ կայացված դատավճռի կատարումն ապահովելու համար:

3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը տարանցիկ փոխադրում թույլատրելու դեպքում դատապարտյալին կամ հանձնման ենթակա անձին կալանքի տակ կարող է պահել միայն այնքան ժամանակ, որքան պահանջվում է տարանցիկ փոխադրման համար: Տարանցիկ փոխադրման համար հարցում ներկայացնել պահանջվում է, եթե փոխադրումը կատարվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Հոդված 80. Դատապարտյալների փոխանցումը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում

1. Օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ  դատապարտյալների փոխանցման վերաբերյալ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում, տվյալ պետության իրավասու մարմնի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջեւ փոխադարձության հիման վրա դատապարտյալների փոխանցում կարող է իրականացվել դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի օտարերկրյա պետության իրավասու մարմնի եւ Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության միջեւ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա դատապարտյալի փոխանցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն դատապարտյալի փոխանցումն իրականացնելու համար կիրառվում է սույն օրենքի 69-78-րդ հոդվածներով սահմանված կարգը:

3. Սույն հոդվածով նախատեսված կարգը գործում է մինչեւ դատապարտյալների փոխանցման վերաբերյալ օտարերկրյա պետության հետ միջազգային պայմանագրի կնքումը կամ բազմակողմ միջազգային պայմանագրին միանալը

Հոդված 81. Միջազգային պայմանագրի բացակայությամբ դատապարտյալների փոխանցման որոշում կայացնելիս կիրառելի այլ չափանիշներ

1. Բացի սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված հիմքերի, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի նաեւ՝

1) դատապարտյալի ընտանեկան եւ այլ սոցիալական կապերը այն երկրում, ուր վերջինս փոխանցվում է (մասնավորապես՝ դատապարտյալի ծնողները, ամուսինը կամ երեխաները պետք է մշտապես բնակվեն, այն երկրում, ուր նա փոխանցվում է):

2) դատապարտյալի անչափահաս երեխաների, ծեր կամ անգործունակ ծնողների առկայությունը:

2. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի հավաստիանալու, որ փոխանցումից հետո դատապարտյալը չի պահվի առավել վատ պայմաններում, կամ նրա նկատմամբ չի փոփոխվի քրեակատարողական հիմնարկի տեսակը կամ չի խստացվի վերջինիս պահելու ռեժիմը առավել խիստ ռեժիմով եւ կպահպանվեն  հատուկ կարիքներ ունեցող դատապարտյալներին անհրաժեշտ միջոցների տրամադրումը:

3. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հաշվի է առնում դատապարտյալի նախկինում դատապարտված լինելու հանգամանքը:

4. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է մերժել դատապարտյալի փոխանցումը օտարերկրյա պետությանը, եթե վերջինս մինչեւ դատապարտվելը բնակվել է եւ (կամ) աշխատել է դատավճիռը կայացրած պետությունում այնքան ժամանակ, որ ինտեգրվել է տվյալ պետության հասարակությանը եւ դատապարտյալի սոցիալական վերաինտեգրմանը չի նպաստի մեկ այլ պետություն փոխանցվելը՝ անկախ վերջինիս քաղաքացիության երկիր հանդիսանալու փաստից:

5. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է հաշվի առնել նաեւ վերջինիս անձնային հատկանիշները, այն է՝ հանցանքի կատարման վերաբերյալ դատապարտյալի կողմից մեղքի ընդունումը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելիս նրա վարքագիծը եւ այլն: Այս հատկանիշների մասին եզրակացությունը կարող է կազմվել դատավճիռը կայացրած պետության քրեակատարողական հիմնարկի կողմից տրված բնութագրի հիման վրա:

Հոդված 82. Միջազգային պայմանագրի բացակայության դեպքում դատապարտյալի փոխանցումը մերժելու հիմքերը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի բացակայությամբ փոխադարձության հիման վրա դատապարտյալի փոխանցումը ենթակա է մերժման սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Գ Լ ՈՒ Խ 8

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔՈՒՄ  ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 83. Պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելը

1.Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված կամ պատիժը պայմանականորեն չկիրառած օտարերկրյա քաղաքացիները կամ օտարերկրյա պետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա պետության տարածքում պատիժը պայմանականորեն չկիրառած կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են տեղափոխվել իրենց քաղաքացիության կամ քաղաքացիության բացակայության դեպքում՝ իրենց մշտական բնակության վայր հանդիսացող երկիր՝ հսկողություն իրականացնելու նպատակով:

2.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջեւ հսկողություն իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

Հոդված 84. Հսկողություն իրականացնելու համար որոշում կայացնող իրավասու մարմինը եւ հաղորդակցության կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով օտարերկրյա պետություն կամ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման հարցերով որոշում կայացնելու իրավասու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջեւ հաղորդակցությունն իրականացվում է անմիջականորեն կամ դիվանագիտական կապուղիներով՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված կարգով գրավոր հարցում ուղարկելու միջոցով:

Հոդված 85. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումները եւ դրանք հիմնավորող փաստաթղթերը

1. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումը կարող է ներկայացնել այն պետության իրավասու մարմինը, որի պետության իրավասու դատարանը որոշում է կայացրել անձին պատժից պայմանական ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի տեղափոխումը հսկողություն իրականացնելու նպատակով իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի գրավոր հարցման հիման վրա, որին կից պետք է ներկայացվեն անձի գրավոր համաձայնությունը տեղափոխման վերաբերյալ, վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները, իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը, որի համաձայն անձը պատժից պայմանական ազատվել է կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Հոդված 86. Հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցումը մերժելու հիմքերը

1.Հսկողություն իրականացնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցումը ենթակա է մերժման, եթե՝

1) պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձը չի հանդիսանում հսկողություն իրականացնելու նպատակով տեղափոխման երկրի պետության քաղաքացի կամ քաղաքացիության բացակայության դեպքում՝ տվյալ պետությունում չունի քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ.

2) հանցանքը, որի համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է անձը, քրեորեն պատժելի արարք չէ նրա քաղաքացիության կամ մշտական բնակության վայր հանդիսացող պետությունում,

3) պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը չի կարող ապահովել դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած որոշմամբ սահմանված պայմանները եւ ապահովել հսկողություն իրականացնելու համար տեղափոխված անձի պարտականությունների կատարումը,

4) բացակայում է պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի գրավոր համաձայնությունը:

Հոդված 87. Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողություն իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու դատարանի որոշման կատարման կարգը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի եւ օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջեւ համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդության հիման վրա օտարերկրյա պետության դատարանի որոշումը ենթակա է ճանաչման եւ կատարման սույն օրենքի 9-րդ գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 9-րդ գլխի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով օտարերկրյա պետության դատարանի՝ պատժից պայմանական ազատելու մասին որոշման ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետություն տեղափոխված պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը;'

3.Հսկողություն իրականացնելու համար պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն նրա նկատմամբ առաջացնում է նույն իրավական հետեւանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ իրավասու դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

4. Հսկողություն իրականացնելու համար պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից օտարերկրյա պետության դատարանի որոշումը սույն օրենքի 9-րդ գլխով սահմանված կարգով ենթակա է ճանաչման:

Հոդված 88. Հսկողություն իրականացնելու համար փոխանցված անձի կողմից օտարերկրյա դատարանի կայացրած դատավճռով սահմանված պայմանները խախտելու հետեւանքները

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը հսկողություն իրականացնելու համար փոխանցված դատապարտյալի նկատմամբ առաջացնում է նույն հետեւանքները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության դատավճռով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձի կողմից դատավճռով սահմանված պայմանները խախտելու համար:

2. Եթե դատական ակտի կատարման ընթացքում անձը խախտում է օտարերկրյա պետության դատարանի ճանաչված դատական ակտով սահմանված պայմանները կամ չարամտորեն խուսափում է հսկողությունից կամ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա նրա նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ կամ 85-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դրույթները:

ԳԼՈՒԽ 9

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ (ՓՈԽԱՐԿՈՒՄԸ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 89. Օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռը (որոշումը) ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռը՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճռի (որոշման) տեսակը սահմանվում է տվյալ պետության հետ կնքված, նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով:

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական կամ հակակոռուպցիոն պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը:

4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի 3-րդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը կայացնում է որոշում:

5. Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը եւ գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 90. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները եւ մերժման հիմքերը

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելիս սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են:

2. Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաեւ տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի ճանաչումը եւ կատարման ապահովումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու որոշում կայացնելու եւ կատարման ապահովման ներկայացնելու համար:

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով՝ նկատի ունենալով նաեւ կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես արված հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաեւ, եթե՝

1) արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չէ.

2) դատավճռով որպես պատիժ նախատեսված է մահապատիժ:

Հոդված 91. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման իրավական հետեւանքները

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչումը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացնում է նույն իրավական հետեւանքները, ինչ կառաջացներ Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

Հոդված 92. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի փոխարկումը

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի փոխարկումը հնարավոր է, երբ պատժատեսակների դասակարգման կամ համանման հանցանքների համար կիրառվող՝ անազատության մեջ պահելու հետ կապված պատժի տեւողության տեսանկյունից օտարեկրյա պետության քրեաիրավական համակարգը տարբերվում է Հայաստանի Հանրապետության քրեաիրավական համակարգից:

2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի փոխարկման վերաբերյալ որոշում կայացնելիս սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավասու՝ Հայաստանի Հանրապետության դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք դատավճռի փոխարկման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են:

1) Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաեւ տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի փոխարկումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում փոխարկելու եւ ի կատար ածման ներկայացնելու համար:

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ենթակա է փոխարկման Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում, եթե օտարերկրյա պետության դատարանի դատավճռով սահմանված պատժի ժամկետը գերազանցում է տվյալ հանցանքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն  պատժի չափը:

1) Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը փոխարկելու դեպքում սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանները համապատասխանեցնում են դատապարտված անձի կատարած հանցանքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան արարքին եւ սահմանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նույն արարքի համար սահմանված պատիժը:

3. Դատավճռի փոխարկումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով՝ նկատի ունենալով նաեւ կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կողմից պաշտոնապես արված հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաեւ, եթե արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չէ:

Հոդված 93. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի կատարման իրավական հետեւանքները

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի կատարման ապահովման նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը:

2.Պատիժ կրող անձի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավական հետեւանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ իրավասու դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

3. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ չկրած մասով Հայաստանի Հանրապետության տարածքում կրող անձը օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատժից վաղաժամկետ ազատվելու այն իրավունքներից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ ներման եւ համաներման իրավունքներից:

4. Պատժի լրիվ կամ դրա մի մասի կրումից՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով վաղաժամկետ ազատվելուց հետո անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գտնվել իր կարգավիճակին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Միաժամանակ, եթե պատժից վաղաժամկետ ազատված անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ եւ, ըստ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի, կարող է փոխանցվել իր քաղաքացիության երկիր հանդիսացող օտարերկրյա պետությանը, ապա այդ անձն իր համաձայնությամբ փոխանցվում է տվյալ պետությանը սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով:

6. Բռնագանձված գույքի բաշխում իրականացնելիս հարցում ուղարկած պետության խնդրանքի հիման վրա առաջնահերթ կերպով ապահովվում է տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումը, ինչպես նաեւ գույքի վերադարձը օրինական սեփականատերերին: Տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումը, ինչպես նաեւ գույքի վերադարձը օրինական սեփականատերերին իրականացվում է  օտարերկրյա պետության միջոցով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գույքի բաշխումից հետո օտարերկրյա պետության դատարանի դատավճռի հիման վրա բռնագանձված գույքի կամ դրա արժեքի կեսը հարցում ուղարկած պետության խնդրանքով փոխանցվում է այդ օտարերկրյա պետությանը: Շահագրգիռ պետությունները կարող են կնքել կոնկրետ գործին առնչվող կամ ընդհանուր բնույթ կրող համաձայնագրեր, որոնք սահմանում են սույն մասով նախատեսված կանոններից տարբերվող գույքի բաշխման կանոններ:

Գ Լ ՈՒ Խ 10

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 94. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ին քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 541 -րդ, 542 -րդ, 543 -րդ եւ 544 -րդ գլուխները:

Հոդված 95. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած՝ քրեական վարույթներով իրավական օգնության իրականացման հարաբերությունների վրա:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած՝ քրեական վարույթներով իրավական օգնության իրականացման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ին քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 541 -րդ, 542 -րդ, 543 -րդ եւ 544 -րդ գլուխները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄ ԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում իրավական օգնության տրամադրման, այդ թվում` վարութային եւ ապացուցողական գործողությունների կատարման, փաստաթղթերի եւ առարկաների հանձնման, տեղեկությունների փոխանակման, անձանցից ցուցմունքներ կամ բացատրություններ վերցնելու, կալանավորված կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, զննման, խուզարկության, իրեղեն կամ թվային ապացույցներ ձեռք բերելու եւ փոխանցելու, փորձաքննություններ անցկացնելու, որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ  կամ փաստաբան, փորձագետ Հայաստանի Հանրապետություն կանչելու եւ վարութային գործողություններ կատարելու, ազատությունից զրկված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից փոխանցելու, քրեական վարույթի բացահայտման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաեւ թվային տվյալների, ձայնագրությունների, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, կորպորատիվ կամ գործարար փաստաթղթերի բնօրինակների կամ հաստատված պատճենների տրամադրման, հանցավոր ճանապարհով ստացված հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված հանցագործության առարկաների, գործիքների եւ միջոցների, դրանց բացակայության դեպքում համարժեք գույքի արգելադրման, բռնագրավված գույքի բաշխման, հանձնման, այդ թվում՝ ժամանակավորապես հանձնման, քրեական վարույթների փոխանցման, դատապարտյալների փոխանցման, պատժից պայմանական ազատված անձի նկատմամբ հսկողության իրականացման, օտարերկրյա  պետության դատարանի եւ միջազգային դատարանի կայացրած դատավճռի ճանաչման (փոխարկման կամ կատարման) հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից, քանի որ դրանք ներկայումս որեւէ ներպետական իրավական ակտով կարգավորված չեն:

Հայաստանի Հանրապետությունում քրեական վարույթներով իրավական օգնությունը ներկայումս իրականացվում է ՀՀ միջազգային պայմանագրերի եւ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54, 54.1, 54.2, 54.3 գլուխներում ամրագրված դրույթների համաձայն: Հատկանշական է, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն արդարացիորեն չի կարգավորում խնդրո առարկա հարաբերությունները՝ դրանք դիտարկելով ոչ դատավարական օրենսգրքի, այլ առանձին օրենքի կարգավորման առարկա:

Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է եւ կողմ է  հանդիսանում իրավական օգնության ոլորտում գործող մի շարք բազմակողմ եւ երկկողմ միջազգային պայմանագրերի, որոնցով կարգավորվում են քրեական վարույթներով իրավական փոխօգնության՝ մասնավորապես, հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիայի), դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման եւ կատարման, վարույթների փոխանցման, ինչպես նաեւ այլ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը միացել է այնպիսի կարեւորագույն միջազգային պայմանագրերի, որոնցից են «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի միջազգային կոնվենցիան եւ դրա լրացուցիչ արձանագրությունները, «Կոռուպցիայի դեմ» 2003 թվականի հոկտեմբերի 31-ի միջազգային կոնվենցիան, «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 16-ի միջազգային կոնվենցիան, «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 1999 թվականի դեկտեմբերի 9-ի միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» 28.07.1951թ. կոնվենցիան, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է հոդվածներ, որոնք առնչվում են տվյալ կոնվենցիայի շրջանակներում իրավական օգնության տրամադրմանը: Հայաստանի Հանրապետությունը մի շարք տարածաշրջանային բազմակողմ պայմանագրերով նույնպես ստանձնել է քրեական վարույթներով իրավական օգնություն ցուցաբերելու պարտավորություններ. դրանցից են՝ «Կոռուպցիայի դեմ» Միավորված ազգերի կազմակերության 2003թ. հոկտեմբերի 31-ի կոնվենցիան, «Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների միջեւ հանցավորության եւ հատկապես դրա կազմակերպված ձեւերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի հոկտեմբերի 12-ի համաձայնագիրը, «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» 2005 թվականի մայիսի 16-ի եվրոպական կոնվենցիան «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիան, «Քրեական վարույթներով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիան, «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի մարտի 23-ի  եվրոպական կոնվենցիան, «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թվականի մարտի 6-ի Մոսկվայի կոնվենցիան, «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ քրեական վարույթներով եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության եւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

Բացի վերը նշված բազմակողմ միջազգային պայմանագրերից, գործում են նաեւ երկկողմ պայմանագրեր Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Ուկրաինայի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Ռումինիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լատվիայի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Քուվեյթի պետության եւ այլ պետությունների հետ:

2021 թվականի համեմատ վերը նշված միջազգային պարտավորությունների համատեքստում ՀՀ իրավասու մարմիններին հասցեագրված իրավական հարցումների թիվն աճել է: 2021 թվականին քրեական գործերով իրավական հարցումների թիվը ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ կազմել է 654, իսկ 2022 թվականին՝ 767, օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ իրավական հարցումների թիվը 2021 թվականին կազմել է 915, իսկ 2022 թվականին՝ 1008: 2023թ. հուլիսի 27-ի դրությամբ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ հարցումները կազմել են 1178, իսկ օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ իրավական հարցումները՝ 869:

Երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերով ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում 2021 թվականի ընթացքում քննարկվել է ընդհանուր թվով 42 հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստարդիցիայի) վերաբերյալ գործ,  2022 թվականին՝ 49, իսկ 2023թ. հուլիսի 27-ի դրությամբ՝  37: Նշված վիաճակագրությունն ամբողջական չէ այն առումով, որ չի ներառում մինչդատական վարույթնում գտնվող գործերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննարկված եւ իրականացված հանձնումների (էքստրադիցիաների) քանակը, որը մոտավորապես կրկնում է Արդարադատության նախարարության թվերը:

«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի մարտի 23-ի  եվրոպական եւ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թվականի մարտի 6-ի Մոսկվայի կոնվենցիանների հիման վրա 2021 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել է օտարերկրյա պետության քրեկատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող 69 դատապարտյալի փոխանցմանն առնչվող դիմում, որոնցից 63-ը մերժվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 6 ՀՀ քաղաքացիների դիմումներ բավարարվել են, իսկ 2022 թվականի ընթացքում քննարկվել է 71 դիմում, որոնցից բավարարվել է 7-ը, մերժվել՝ 64-ը: 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել 36 ՀՀ քաղաքացու դիմում, որոնցից 5 քաղաքացու դիմում մերժվել է, մեկ քաղաքaցի հրաժարվել է փոխանցվելուց, իսկ 30 քաղաքացու դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:

Հարկ է նշել, որ միջազգային պայմանագրերը պետություններին ընձեռում են իրավական փոխադարձ օգնություն տրամադրելու հնարավորություն միայն եւ ընդհանուր առմամբ սահմանում են դրանց տրամադրման ձեւերը, սակայն իրավական օգնության տրամադրման կարգը, դրա հետ կապված վարույթային գործողությունները միջազգային պայմանագրերը չեն կարգավորում՝ թողնելով դրանց կարգավորումը յուրաքանչյուր երկրի ներպետական օրենսդրությանը:

Եթե միջազգային պայմանագրերի առկայությունը փոքրիշատե թույլ է տալիս ՀՀ իրավասու մարմիններին իրավական օգնության հարցումները կատարել դրանցով սահմանված շրջանակներում, ապա ամբողջովին բաց է մնում համագործակցության հնարավորությունը այլ պետությունների հետ, երբ միջազգային պայմանագրերը բացակայում են, սակայն քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված անհրաժեշտ է ինչ-որ ընթացակարգով ապահովել նաեւ համագործակցությունը այդ երկրների հետ: Այս դեպքում հարցը կարող է լուծվել միայն փոխադարձության հիման վրա կոնկրետ սահմանված օրենսդրության շրջանակներում գործելու հանարավորություն նախատեսելու դեպքում:

Չնայած ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում վերը նշված գլուխների առկայությանը՝ այդուհանդերձ, դրանցում նշված կարգավորումները հաճախ թերի են, իրարամերժ, գործնականում կիրառելիս առաջացրել եւ առաջացնում են բազմաթիվ խնդիրներ, իսկ առանձին դեպքերում՝ ընդհանրապես կարգավորումներ չեն նախատեսում:

Վերոգրյալից հետեւում է, որ քրեական վարույթներով իրավական օգնության ոլորտը, որը ներառում է ոչ միայն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ ՀՀ իրավասու մարմինների (պետական կառավարման համապատասխան մարմինների, քննիչների, դատախազների, դատարանների) համագործակցության կազմակերպումը, այլ նաեւ ձեռք բերված ապացույցների փոխանցումը, հանցագործությունից ստացված եկամուտների սառեցումը եւ փոխանցումը, հանցագործություն կատարած անձանց հանձնումը, դատապարտյալների փոխանցումը եւ համագործակցության ավելի լայն շրջանակ, ոչ միայն բարելավման, այլ նաեւ ժամանակին համահունչ պատշաճ օրենսդրական կարգավորման կարիք ունի:

Դատապարտյալների փոխանցմանն առնչվող ներպետական իրավակարգավորումներն ամրագրված են ՀՀ արդարադատության նախարարի 21.10.2021թ. 536-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) դրույթներով, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ կանոնադրության 11-րդ կետի 21-րդ ենթակետով եւ 14-րդ կետով:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում բացակայում է «դատապարտյալների փոխանցում» եզրույթը կարգավորող/բացատրող որեւէ իրավական կոնցեպտ, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանում բազմաթիվ անճշտությունների կապված դատապարտյալների փոխանցման ոլորտի հետ: Հաճախ նույնիսկ իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները շփոթում են դատապարտյալի փոխանցման գործառույթը հանձնման՝ էքստրադիցիայի հետ: Բացի այդ Հրամանով նույնպես ամբողջական կարգավորված չեն դատապարտյալների փոխանցմանն առնչվող իրավահարաբերությունները: Անհրաժեշտ են հստակ սահմանված միջազգային պայմանագրերից բխող չափանիշներ ու պահանջներ, որոնց պահպանման դեպքում հնարավոր կլինի դատապարտյալի փոխանցումը բավարարելու կամ մերժելու ամբողջական հիմքեր, ներքին ընթացակարգեր ու կենտրոնական մարմնին վերապահված հստակ լիազորությունների շրջանակ սահմանել:

Բացի դատապարտյալների փոխանցման իրավակարգավորումից, ՀՀ օրենսդրությամբ բացակայում է նաեւ հսկողություն իրականացնելու նպատակով օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության  տարածքում պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց տեղափոխմանն առնչվող իրավակարգավորումները:

ՀՀ արդարադատության նախարարություն են ստացվում բազմաթիվ քաղաքացիների դիմումներ օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության  տարածքում պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողությունը Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայության կողմից իրականացնելու խնդրանքով: Ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության բացակայության, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի բացակայության հ ետեւանքով անհնարին է դառնում հսկողության իրականացման ապահովումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջեւ քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը: Առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) եւ դրանց հետեւանքների առնչությամբ իրավական հարաբերությունները:

Քրեական վարույթներով իրավական օգնությունն իրականացվում է՝ հիմնվելով քրեական գործերով իրավական օգնության ոլորտի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այդ թվում՝ պետությունների միջեւ հնարավորինս լայն օգնություն ցուցաբերելու, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ համագործակցության կամավորության, փոխադարձության, պատժի անխուսափելիության, սեփական քաղաքացիներին չհանձնելու (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի):

Օրենքի նախագծով քրեական վարույթներով իրավական օգնության շրջանակներում կենտրոնական մարմիններ հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ արդարադատության նախարարության համար, ինչպես նաեւ իրավասու մարմինների համար սահմանված է լիազորությունների ամբողջական ու հստակ շրջանակ, ինչը առավել դյուրին կդարձնի հաղորդակցությունն ու համագործակցությունը օտարերկրյա կենրոնական եւ իրավասու մարմինների հետ՝ ապահովելով իրավական օգնության պատշաճ կատարումը միջազգային պայմանագրերի առկայության կամ բացակայության պայմաններում:

Նախագծում ամրագրվել է նաեւ այնպիսի էական նշանակություն ունեցող իրավակարգավում, ինչպիսին է մեկից ավելի միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կիրառման կարգը, որը մինչ օրս լուրջ խնդիրներ էր առաջացրել իրավակիրառ պրակտիկայում:

Նախագծում ամփոփված են նաեւ միջազգային պայմանագրերից բխող իրավական օգնության մասին հարցման ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող այն բոլոր պահանջները, որոնց պահպանումը թույլ կտա խուսափել թերի ու ոչ ամբողջական հարցումներ կազմելուց ու կնպաստի դրանց ավելի կարճ ժամկետներում կատարման ապահովմանը:

Մասնավորապես, Օրենքի՝ հանձնմանն առնչվող գլխում սահմանվել են օտարերկրյա պետության /Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետության/օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց (այդ թվում՝ անչափահասների) հանձնմանն առնչվող հարաբերությունները, ՀՀ միջազգային պայմանագրի առկայության կամ բացակայության դեպքում հանձնումը մերժելու հիմքերը, Հայաստանի Հանրապետությունում հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմնների, նրանց կողմից կայացված որոշումները բողոքարկելու կարգը, անձի հանձնման համար երաշխիքների տրամադրելու կարգը, հանձնումը մերժելու դեպքում ՀՀ տարածքում քրեական հետապնդում իրականացնելու կարգը, ՀՀ տարածքից դուրս ենթադրյալ հանցանք կատարած անձի ձերբակալման, ժամանակավոր կալանավորման, հանձնման կամ փաստացի հանձնման նպատակով կալանավորման/կալանավորման ժամկետը երկարաձգելու կարգը, անձի/ անչափահասի իրավունքները, հանձնումը հետաձգելը, կրկնակի հանձնմանն առնչվող իրավակարգավորումներ:

Նախագծում մեկտեղվել են նաեւ անձի հանձնման համար պահանջվող այն բոլոր երաշխիքները, որոնց պահպանումը բխում է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային հանրաճանաչ նորմերով ամրագրված սկզբունքներից, ինչպիսիք են անձին հանձնելու դեպքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը կամ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը միայն այն հանցանքի համար, որի առնչությամբ նրա հանձնումը պահանջվել է, անձի, ում հանձնումը պահանջվել է, հանձնումը պահանջող պետության տարածքը լքելու իրավունքը վարույթի ավարտից հետո, փախստականի կամ ապաստան հայցողի իրավունքները հանձնման գործընթացի շրջանակներում, ինչպես նաեւ պատիժը կրելու ընթացքում հանձնման հարցում ստանալու դեպքում՝ դատավճռով նախատեսված պատիժը կրելուց հետո հանձնումն իրականացնելու հնարավորությունը: Նախագծում կարեւորվում է այնպիսի երաշխիքների ամրագրումը, ինչպիսին է հանձնման դեպքում անձի նկատմամբ մահապատժի չկիրառումը կամ չնշանակումը, հանձնման դեպքում անձի՝ տվյալ օտարերկրյա պետությունում առկա իրավական օգնության եւ պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունքը, եւ խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաեւ խտրական վերաբերմունքի՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելիությունից չենթարկվելը: Հարկ է նշել, որ երաշխիքների ցանկում Նախագծով սահմանվել են անձի բացակայությամբ օտարերկրյա պետության տարածքում կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով հանձնելու դեպքում իր պաշտպանությունն իրականացնելու եւ արդար դատաքննություն ապահովելու համար օրենքով սահմանված բոլոր հնարավորությունների տրամադրումը, եւ վերջինիս՝ իր ներկայությամբ վերստին դատաքննություն իրականացնելու կամ առնվազն իր նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավունքի տրամադրումը եւ այլ երաշխիքներ, որոնք կարող են իրավասու մարմնին անհրաժեշտ լինել անձի հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ վճիռներով արձանագրված նախադեպերը:

Բացի այդ, Նախագծի առանձին հոդվածներով ամրագրվել են անչափահաների հանձնմանն առնչվող առանձնահատկություններ՝ կարեւորելով ու հաշվի առնելով անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության ամդամակցությամբ գործող միջազգային պայմանագրերով ու դրանցից բխող այլ միջազգային փաստաթղթերով ամրագրված սկզբունքներ, ինչպիսիք են՝ երեխայի լավագույն շահի երաշխավորումը, այն է՝ նպաստավոր պայմանների առկայությունը ապրելու, դաստիարակվելու, իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանության, ֆիզիկական, մտավոր, հոգեւոր զարգացման, տարիքային առանձնահատկությունները, սոցիալական կապերի հասանելիության հնարավորությունը ապահովելու համար, անչափահասի հանձնման գործընթացին փաստաբանի, որակավորված հոգեբանի, օրինական ներկայացուցչի, խնամակալության եւ հոգաբարձության մարմնի մասնակցության ապահովման պահանջի սահմանումը:

Նախագծում սահմանվել են անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատաման ապահովման, հանձնումը մերժելու դեպքում ՀՀ տարածքում հետապնդում իրականացնելու, անձի փաստացի հանձնման նպատակով կալանավորման, hանձնումը հետաձգելու, կրկնակի հանձնմանն առնչվող իրավակարգավորումներ, որոնք ներպետական օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:

Առանձին գլխով կարգավորում են ստացել քրեական վարույթի փոխանցմանն առնչվող իրավահարաբերություններ՝ վարույթի փոխանցման կարգն ու պայմանները, հարցումը կատարելուն, միջնորդության ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող միջազգային պայմանագրերից բխող պահանջները, հարցումը մերժելու հիմքերը:

Ինչպես նշվեց, դատապարտյալների փոխանցման ոլորտն առաջին անգամ ամբողջական ամրագրումն է գտել Նախագծում: Մասնավորապես, սահմանվել են դատապարտյալների փոխանցման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմնի լիազորություններին, հաղորակցության կարգին, դատապարտյալների փոխանցման պայմաններին, դիմումների ներկայացման պահանջներին, որոշում կայացնելու կարգին, փոխանցումը մերժման հիմքերին, որոշում կայացնելիս կիրառելի պարտադիր չափորոշիչներին, երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող դատապարտյալների փոխանցման առանձնահատկություններին, դատապարտյալների փաստացի փոխանցման կազմակերպման կարգին, Հայաստանի Հանրապետություն փոխանցված դատապարտյալների դատավճիռների կատարման կարգին, օտարերկրյա պետության դատավճռի կատարման շարունակումն ապահովելու կամ փոխարկելու, տարանցիկ փոխադրման, միջազգային պայմանագրի բացակայության պարագայում դատապարտյալի փոխանցման առանձնահատկություններին առնչվող կարգավորումներ:

Նախագծի առանձին գլուխներով ամրագրվել են հսկողություն իրականացնելու նպատակով օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության  տարածքում պատիժը պայմանականորեն չկիրառված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց տեղափոխելուն վերաբերվող դրույթներ, ինչպիսիք են նրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու համար որոշում կայացնող մարմնի եւ հաղորդակցության կարգի վերաբերյալ կարգավորումներ, դրանց հարցումների կատարման կարգը, մերժման հիմքերը եւ օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչումը (փոխարկումը) Հայաստանի անրապետության տարածքում եւ դրա իրավական հետեւանքները:

3. Ակնկալվող արդյունքը

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ամբողջական կարգավորել իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ, այդ թվում նաեւ իրավակիրառ մարմինների միջեւ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք եւ գործուն մեխանիզմներ՝ նպաստելով իրավական օգնության ոլորտում լայն շրջանակի համագործակցության խորացմանը, Հայաստանի Հանրապետության՝ որպես հուսալի գործընկերոջ միջազգային վարկանիշի բարձրացմանը, կապահովվի օտարերկրյա պետությունների հետ քրեական գործերով համագործակցության բարձր մակարդակ:

 Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրավական օգնության իրականացման նպատակով  սահմանել թե՛ ներպետական եւ թե՛ միջազգային մակարդակում ընդունելի չափանիշներ՝ արդյունքում դյուրացնելով իրավական օգնության ոլորտի ներկայացուցիչների գործառույթների պատշաճ իրականացումը եւ նպաստելով ներկայումս առկա ոլորտը կարգավորող իրավական կարգ

ավորումների բացերի ամբողջական լրացմանը:

4.Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է  Արդարադատության նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է  «ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների  2019-2023 թվականների ռազմավարության հավելված 1-ի առանձին «Քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսում» բաժնի դրույթներից եւ ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 եւ 2022թ. դեկտեմբերի 22-ի N 2117-Լ որոշման N 1 հավելվածների 21-րդ կետի 1. եւ 1.1 կետերով  հաստատված Կառավարության 2021-2026թթ.գործունեության  միջոցառումների ծրագրից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն