Հոդված 1.
1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1 գլխով.
«ԳԼՈՒԽ 17.1
ԱՌԱՆՁԻՆ ԽՈՒՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 288.2. Առանձին խումբ անշարժ գույքի հասկացությունը
1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են այն անշարժ գույքի վրա, որի նկատմամբ գույքային իրավունքները պատկանել են ՀԽՍՀ հասարակական կազմակերպությանը եւ որի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ում ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության սեփականության իրավունքը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 288.3. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները եւ կարգը
1. Առանձին խումբ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված որեւէ եղանակով սեփականատիրոջ փոփոխության հանգեցնող գործարքը կարող է կնքվել միայն տվյալ իրավաբանական անձի կառավարման բարձրագույն մարմնի անդամների 2/3-ի համաձայնության առկայության դեպքում:
2. Առանձին խումբ անշարժ գույքի՝ ցանկացած եղանակով սեփականատիրոջ փոփոխության հանգեցնող գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության միջոցով:
Հոդված 288.4. Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման դեպքում պետության գնելու նախապատվության իրավունքը
1. Առանձին խումբ անշարժ գույքի՝ ցանկացած եղանակով հատուցելի օտարման դեպքում Հայաստանի Հանրապետությունն այն ձեռք բերելու նախապատվության իրավունք ունի:
2. Առանձին խումբ անշարժ գույքի սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ օտարելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության: Գրավոր ծանուցման մեջ նշվում են գույքի օտարման առաջարկվող գինը եւ այլ պայմանները, իսկ ծանուցմանը կից ներկայացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված առնվազն երեք գնահատման հաշվետվություն: Նախարարությունը ծանուցումը ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում ընդունում կամ մերժում է ձեռքբերման առաջարկը՝ այդ մասին գրավոր ծանուցելով սեփականատիրոջը: Եթե պետությունը հրաժարվում է ձեռք բերել գույքը, ապա սեփականատերն իրավունք ունի գույքը հատուցմամբ օտարել այլ անձի՝ պայմանով, որ փաստացի օտարման գինը պակաս չէ պետությանն առաջարկված գնից, իսկ պայմանագրի այլ պայմանները համապատասխանում են պետությանն առաջարկված պայմաններին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետությանն առաջարկված գնից ցածր կամ առավել բարենպաստ պայմաններով գույքն օտարելու մտադրության յուրաքանչյուր դեպքում սեփականատերը պարտավոր է այդ մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կրկին ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության:
4. Եթե Հայաստանի Հանրապետությունը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում հրաժարվում է ձեռք բերել գույքը, ապա սեփականատերն իրավունք ունի գույքը հատուցմամբ օտարել այլ անձի՝ պայմանով, որ փաստացի օտարման գինը պակաս չէ պետությանն առաջարկված գնից, իսկ պայմանագրի այլ պայմանները համապատասխանում են պետությանն առաջարկված պայմաններին:
5. Գույքը նվազ գնով կամ առավել բարենպաստ պայմաններով փոխանցելու մասին երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծանուցմանը Հայաստանի Հանրապետությունը պատասխանում է ծանուցումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
6. Սույն հոդվածով նախատեսված գնման առաջարկի քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 288.5. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց կարող է փոխանցվել միայն ոչ առեւտրային կազմակերպություններին, պետությանն ու համայնքներին՝ նվիրաբերության կարգով:
Հոդված 288.6. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների փոխանցման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը կարող է կնքվել միայն տվյալ իրավաբանական անձի կառավարման բարձրագույն մարմնի անդամների 2/3-ի համաձայնության առկայության դեպքում:
2. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության միջոցով:
Հոդված 288.7. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման առանձնահատկությունները
1. Առանձին խումբ անշարժ գույքի գրավի պայմանագրով գրավառու կարող է հանդես գալ միայն պետությունը կամ համայնքը:
2. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ իրավաբանական անձի կառավարման բարձրագույն մարմնի անդամների 2/3-ի համաձայնության առկայության դեպքում:
Հոդված 288.8. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելու հետեւանքները
1. Սույն գլխով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 288.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 288.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը Կառավարությունն ընդունում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում: