Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Տարեկան ծրագիրը եւ հաշվետվությունը
Հանձնաժողովը`
1. Յուրաքանչյուր տարի` մինչեւ հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`
1) կարգավորման օրենսդրական դաշտի կատարելագործման,
2) սակագնային քաղաքականության,
3) լիցենզավորման եւ լիցենզավորված գործունեության մշտադիտարկման (մոնիթորինգի),
4) սպառողների սպասարկման որակի ցուցանիշների մշտադիտարկման (մոնիթորինգի),
5) ներդրումային ծրագրերի համաձայնեցման,
6) կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության
7) սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:
2. Յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`
1) կարգավորման օրենսդրական դաշտի կատարելագործման,
2) սակագնային քաղաքականության,
3) ներդրումային ծրագրերի համաձայնեցման,
4) կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության
5) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
3. Յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ավարտը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում հաշվետվություն, որը ներառում է տեղեկություններ`
1) լիցենզավորման եւ լիցենզավորված գործունեության մշտադիտարկման (մոնիթորինգի),
2) սպառողների սպասարկման որակի ցուցանիշների մշտադիտարկման (մոնիթորինգի),
3) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
4. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը, նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը եւ կիսամյակային հաշվետվությունները հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ: »:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
Հանձնաժողովի՝ ՀՀ ԱԺ-ում հաշվետվողականության եւ ԱԺ վերահսկողական գործառույթների արդյունավետության բարելավման նպատակով առաջարկվում է գործող՝ տարեկան հաշվետվությանը զուգահեռ օրենքով սահմանել նաեւ կիսամյակային հաշվետվություններ, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում սահմանել տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններում ներառվող տեղեկատվության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ։