Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 2.1-րդ մասով.
«2.1 Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման իրացնելու վերջնաժամկետները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:
Սույն մասով սահմանված դեպքերում անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով եւ դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող այլ իրավական ակտերով նախատեսված կարգավորումները, եթե դրանց մասով ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2014 թվականի ապրիլի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հիմնավորում
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը (նպատակը) անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին նույնպես իրենց կողմից իրացվող ապրանքները դրոշմավորելու հնարավորության ընձեռումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունումը նպատակ ունի որոշակիորեն երկարացնել վիտամինները, պատվաստանյութերը, դեղերն ու օծանելիքը առանց դրոշմավորման երկրորդային շուկայում իրացնելու թույլատրելի ժամկետը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող կարգի համաձայն, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները կարող են դրոշմավորվել միայն դրանք արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից: Խնդիրը կայանում է նրանում, որ այս մոտեցումը գործնականում խնդիրներ է ստեղծում բոլոր այն դեպքերում, երբ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող չհանդիսացող անձինք, որոնք երկրորդային շուկայում իրացնում են նշյալ ապրանքները, չեն հասցնում օրենքով սահմանված անցումային ժամանակահատվածում ամբողջությամբ իրացնել իրենց մոտ առկա ապրանքային մնացորդները, քանի որ այս դեպքում նրանք գործնականում զրկվում են այդ ապրանքների հետագա իրացման հնարավորությունից՝ չունենալով այդ ապրանքային մնացորդները ինքնուրույն դրոշմավորելու հնարավորություն:
Մյուս կողմից, գործող օրենքի համաձայն, ներմուծող եւ արտադրող չհանդիսացող անձանց մասով վիտամինները, պատվաստանյութերը, դեղերն ու օծանելիքը երկրորդային շուկայում առանց դրոշմավորման իրացնելու թույլատրելի ժամկետը սահմանված է մինչեւ 2015 թվականի ապրիլի 30-ը, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշյալ անձանց մոտ դեռեւս առկա են այդ ապրանքատեսակների չիրացված քանակություններ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է պարտադիր դրոշմավորման ենթակա բոլոր ապրանքները դրոշմավորելու հնարավորություն ընձեռել նաեւ այդ ապրանքներն արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Բացի այդ, առաջարկվում է վիտամինները, պատվաստանյութերը, դեղերն ու օծանելիքը երկրորդային շուկայում առանց դրոշմավորման իրացնելու թույլատրելի ժամկետը 2015 թվականի ապրիլի 30-ի փոխարեն սահմանել մինչեւ 2015 թվականի հունիսի 1-ը:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համակարգն է:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապրանքների դրոշմավորման համակարգը դարձնել առավել ճկուն եւ երկրորդային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել լրացուցիչ ժամանակ՝ իրացնելու համար իրենց մոտ առկա եւ չդրոշմավորված վիտամինները, պատվաստանյութերը, դեղերն ու օծանելիքը: