Հոդված 1. «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2000 թվական, ՀՕ-41, այսուհետ՝ օրենք) տեքստում՝
ա) «գերատեսչություն» բառը եւ դրա բոլոր հալովված ձեւերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովված ձեւերով.
բ) «տուրք» բառը եւ դրա հոլովված բոլոր ձեւերը փոխարինել «պետական տուրք» բառերով ե դրանց համապատասխան հոլովված ձեւերով։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման (այսուհետ` գրանցում) կամ սույն օրենքի համաձայն ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանարահայտ ճանաչելու հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ուժով։»։
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի կամ ձեռնարկատիրական գործունեւթյամբ զբաղվող ֆիզիկական անձի անունով։
Լրատվության միջոցների անվանումները որպես ապրանքային նշան կարող են գրանցվել ֆիզիկական անձի անունով, եթե դրանց թողարկումը կամ տպագրումը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում։».
բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ապրանքային նշանի վկայագիրը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաեւ ապրանքային նշանի վկայագրում նշված ապրանքների համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը:»։
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գույքային իրավունք է եւ ծագում է դրան իրավական պահպանություն տրամադրելու պահից:».
2) 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4.1 կետ հետեւյալ բովանդակությամբ՝
«4.1. Ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում (ապրանքային նշանի ապօրինի օգտագործում) առանց նրա թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնց անհատականացման համար գրանցված է ապրանքային նշանը կամ այդ ապրանքներին նույնատիպ ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի կիրառումը (զետեղումը)՝
ա) ապրանքների, պիտակների, այդ ապրանքների փաթեթավորման վրա, եթե այդ ապրանքներն արտադրվում են, վաճառվում են կամ վաճառքի են առաջարկվում, ցուցադրվում են ցուցահանդեսներում կամ տոնավաճառներում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական շրջանառության մեջ են դրվում այլ եղանակներով կամ պահպանվում (պահեստավորվում) եւ(կամ) այդ նպատակով տեղափոխվում կամ ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն.
բ) ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս.
գ) ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու համար օգտագործվող փաստաթղթերում.
դ) ապրանքների գովազդներում եւ վաճառքի առաջարկներում.
ե) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեյն անվանումներում։
Ապրանքները, պիտակները, այդ ապրանքների փաթեթավորումները, որոնց վրա ապրանքային նշաններն օգտագործվում են ապօրինի, համարվում են կեղծ, նմանակված։»
3) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«6. Եթե արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի (այսուհետ՝ Փարիզյան կոնվենցիա) անդամ որեւէ երկրում պահպանվող ապրանքային նշանի սեփականատիրոջ գործակալը կամ ներկայացուցիչը առանց նշանի սեփականատիրոջ թույլտվության իր անունից տվյալ նշանի գրանցման հայտ է ներկայացրել կամ այն գրանցել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նշանի սեփականատերն իրավունք ունի՝
ա) արգելելու նշանի գրանցումը.
բ) պահանջելու չեղյալ ճանաչել նշանի գրանցումը, եթե այն արդեն կատարվել է.
գ) արգելելու նշանի օգտագործումը գործակալի կամ ներկայացուցչի կողմից, եթե ինքն այդպիսի օգտագործման թույլտվություն չի տվել։
Սույն կետի «ա» ենթակետի համաձայն նշանի սեփականատերն իր իրավունքից կարող է օգտվել հայտի քննարկման ընթացքում, մինչեւ նշանի պետական գրանցումը՝ համապատասխան դիմումը լիազոր մարմին ներկայացնելու միջոցով։»։
Հոդված 5 . Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային (ներառյալ՝ բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), պատկերային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը եւ մակերեւույթը), ձայնային եւ պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշաններ կամ դրանց համակցությունը:»։
Հոդված 6
.
Օրենքի 6-րդ հոդվածում՝
1)
«արտոնագրային գերատեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված պետական լիազոր մարմին» բառերով.
2) 1-ին կետում «այն անձը (այսուհետ մինչեւ սույն մասի ավարտը՝ հայտատու)» բառերը փոխարինել «այն անձը, որի անունով (այսուհետ մինչեւ սույն օրենքի առաջին մասի ավարտը՝ հայտատու)» խմբագրությամբ.
3) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Հայտը կարող է ներկայացվել նաեւ հայտատուի ներկայացուցչի կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:».
4) 6-րդ կետի «բ» ենթակետի «հայտարկվող նշանի պատկերը եւ դրա նկարագրությունը» բառերից հետո լրացնել «այդ թվում գույնի եւ գունային համակցության» բառերով։
Հոդված 7 . Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետից հանել «երկու ամսվա ընթացքում» բառերը.
2) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ ` «Այս դեպքում նշանի առաջնությունը սահմանվում է լրացուցիչ նյութերի ստացման թվականով, եթե նոր հայտը ներկայացվել է այդ թվականից հետո երեք ամսվա ընթացքում եւ դրա ներկայացման թվականի դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ։».
3) հոդվածը լրացնել 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝
«8. Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա մինչեւ նշանի գրանցման մասին փորձաքննության որոշման ընդունումը, ինչպես նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն փորձաքննության որոշման բողոքարկման ընթացքում հայտատուն կարող է դիմում ներկայացնել տվյալ հայտը երկու կամ ավելի հայտերի բաժանելու մասին (զատված հայտեր)՝ այդ ապրանքները զատված հայտերի միջեւ բաշխելու միջոցով։ Այս դեպքում զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը եւ նշանի խնդրարկված առաջնության թվականը։»։
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք չունեն տարբերակող հատկություն, կամ բաղկացած են միայն այնպիսի տարրերից, որոնք՝
ա) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.
բ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ եւ տերմիններ են.
գ) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաեւ ապրանքի արտադրության եւ իրացման տեղն ու ժամանակը.
դ) բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձեւը, որը՝
- բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկությունից).
- անհրաժեշտ է որեւէ տեխնիկական արդյունքի հասնելու համար եւ բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը).
- ապրանքին տալիս է էական արժեք:
Սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված նշանները , որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում դրա գերիշխող մասը:
Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում այն նշանների վրա, որոնք օգտագործման հետեւանքով ձեռք են բերել տարբերակող հատկություն։»։
2) 1-ին կետից հետո լրացնել 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ՝
«1.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք վերարտադրում են պետական զինանշաններ, դրոշներ եւ խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային եւ հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգեւներ եւ այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Այդպիսի նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ՝ դրանց սեփականատերերի կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ»։
3) 4-րդ կետը «բարոյականության սկզբունքներին» բառերից հետո լրացնել «անհարիր են ազգային եւ հոգեւոր արժեքներին» բառերով։
Հոդված 9 . Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «ա» ենթակետի «Գրանցման ներկայացված» բառերից հետո լրացնել «(եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն)» բառերով.
2) 1-ին կետը «բ» ենթակետի «առանց գրանցման պահպանվող» բառերից հետո լրացնել «ավելի վաղ առաջնությամբ՝» բառերով.
3) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետյալ խմբագրությամբ.
«գ) նույն կամ նույնատիպ ապրանքների համար սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններին.».
4) 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը կամ աշխարհագրական նշումին, բացառությամբ այն դեպքերի, երբ որպես չպահպանվող տարր դրանք ներառված են դրանց օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.».
5) 1-ին կետի «ե» ենթակետի «սահմանված կարգով գրանցված հավաստագրային» բառերից հետո լրացնել «կոլեկտիվ կամ երաշխիքային» բառերով.
6) 1-ին կետը լրացնել «զ» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.
«զ) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին (կամ դրանց տարբերակող նշանակության անվանը), եթե դրանց նկատմամբ իրավունքը ծագել է մինչեւ նույնատիպ ապրանքների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանի առաջնության թվականը։ Նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանը կարող է գրանցվել միայն տվյալ ֆիրմային անվանման իրավատիրոջ (իրավաբանական անձի) համաձայնությամբ։»
7) 2-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
8) 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտները), դրանց հերոսներին՝ առանց դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչեւ տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականը։ Սույն կետը չի տարածվում այն ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներկայացնում են աշխարհագրական նշում։»
9) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Սույն հոդվածի 1-ն կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը կարող է հիմք հանդիսանալ տվյալ ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման նշանի գրանցման համար՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։»։
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետում «պատճենները» բառից հետո լրացնել «եթե դրանք կցված չեն նշված որոշմանը» բառերը։
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) հոդվածի «Գրանցամատյանում գրանցվում են ապրանքային նշանը» բառերը փոխարինել«Գրանցամատյան մտցվում են ապրանքային նշանի պատկերը» բառերով.
2) լրացնել նոր մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«Ապրանքային նշանի գրանցման թվական է համարվում գրանցամատյանում դրա փաստացի պետական գրանցման թվականը։»։
Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 16. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը եւ գրանցման բաժանումը».
2) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին Լիազոր մարմինը եռամսյա ժամկետում տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում։».
3) հոդվածը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝
«5. Եթե ապրանքային նշանը գրանցված է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա դրա գրանցման գործողության ընթացքում, ինչպես նաեւ սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հետ կապված ընթացակարգի ժամանակ ապրանքային նշանի սեփականատերը կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ տվյալ գրանցումը երկու կամ ավելի գրանցումների բաժանելու մասին (զատված գրանցումներ)՝ այդ ապրանքները զատված գրանցումների միջեւ բաշխելու միջոցով։ Այս դեպքում զատված գրանցումները պահպանում են սկզբնական գրանցման գործողության ժամկետը եւ ապրանքային նշանի առաջնության թվականը։»։
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետում «գրանցամատյանում» բառից հետո լրացնել «եւ վկայագրում» բառերով։
Հոդված 14. Օրենքը լրացնել 3.1 գլխով հետեւյալ բովանդակությամբ.
«Գլուխ 3.1 Հանրահայտ ապրանքային նշանների իրավական պահպանությունը
Հոդված 21.1 Հանրահայտ ապրանքային նշանը
1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում կարող են հանրահայտ ճանաչվել այն ապրանքային նշանները, որոնք Հայաստանի Հանրապետությունում պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով գրանցման հիման վրա, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ որպես ապրանքային նշան Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող, սակայն չպահպանվող ապրանքային նշանները։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքային նշանը ճանաչվում է հանրահայտ, եթե լայնածավալ օգտագործման արդյունքում հանրահայտ ճանաչելու մասին դիմումում նշված թվականի դրությամբ սպառողների համապատասխան շրջանակի համար դարձել է քաջ հայտնի ՝ որպես տվյալ անձի ապրանքների տարբերակման (անհատականացման) միջոց։
3. Ապրանքային նշանը չի կարող հանրահայտ ճանաչվել, եթե այն լավ հայտնի է դարձել նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ անձի ավելի վաղ առաջնություն ունեցող նույն կամ շփոթելու աստիճան նման նշանի առաջնության թվականից հետո։
Հոդված 21.2. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը.
1. Սույն օրենքի 21.1 հոդվածի 1-ին կետի համաձայն ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին դիմումը քննարկում է լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը։ Դիմումի ձեւը, կից ներկայացվող փաստաթղթերը եւ դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ դիմումի քննարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը։
2. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին տրամադրվում է սույն օրենքով ապրանքային նշանի համար նախատեսված իրավական պահպանություն։Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է նաեւ այն ապրանքներին ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, որոնց համար ապրանքային նշանը ճանաչվել է հանրահայտ, եթե դրանց նկատմամբ այլ անձի կողմից տվյալ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը մոլորեցնում է սպառողին այդ ապրանքների եւ հանրահայտ ապրանքային նշանի սեփականարիրոջ միջեւ կապ ենթադրել, եւ եթե այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին։
3. Հանրահայտ ապրանքային նշանը լիազոր մարմնի կողմից ներառվում է Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանների ցանկում (այսուհետ՝ ցանկ)։
4. Հանրահայտ ապրանքային նշանի վկայագիրը հանձնում է լիազոր մարմինը` հանրահայտ ապրանքային նշանը ցանկում ներառելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վկայագրի ձեւը եւ դրա մեջ նշվող տեղեկությունները սահմանում է լիազոր մարմինը։
5. Հանրահայտ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ։
6. Լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկությունները ցանկում ներառելու օրվանից 3 ամսվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:»։
Հոդված 15 . Օրենքի 22-րդ հոդվածի՝
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4.Ապրանքային նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ, դադարեցվել վաղաժամկետ բոլոր ապրանքների, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված 3 տարվա ընթացքում, կամ դիմումն ավելի ուշ ներկայացնելու դեպքում՝ դրան նախորդող 3 տարվա ընթացքում այն անընդհատորեն չի օգտագործվել ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզային պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից։».
2) 5-րդ կետի «Ապրանքային նշանի գրանցման գործողությունը» բառերից առաջ լրացնել «Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերով» բառերը։
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Զիջման մասին եւ լիցենզային պայմանագրերի գրանցման հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել լիազոր մարմնի բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով։»։
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելը
1. Ապրանքային նշանի գրանցումը կամ նշանի միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրավական պահմանության տրամադրումը կարող է վիճարկվել եւ ճանաչվել անվավեր՝
ա) ամբողջովին կամ մասնակիորեն՝ իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում, եթե իրավական պահպանությունը տրամադրվել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.
բ) ամբողջովին՝ իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ.
գ) ամբողջովին՝ իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որեւէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով՝ առանց տվյալ անձի թույլտվության։
2. Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի հանրահայտ ճանաչումը կարող է վիճարկվել եւ ճանաչվել անվավեր ամբողջովին կամ մասնակիորեն, դրա իրավական պահպանության ընթացքում, եթե այն հակասում է սույն օրենքի 21.1 հոդվածի պահանջներին։
3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված ժամկետներում եւ հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ։
Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված ժամկետներում եւ հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել Փարիզյան կոնվենցիայի մասնակից որեւէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձը։
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով եւ ժամկետում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ։
Սույն կետի համաձայն ներկայացված բողոքներին վերաբերող բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով, այդ որոշումն ընդունելու օրվանից 6-ամսյա ժամկետում։
4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն ապրանքային նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն կարող է ճանաչվել անվավեր նաեւ լիազոր մարմնի նախաձեռնությամբ՝ իր կողմից սահմանված կարգով:»
Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) վերնագրի «կրկնական գրանցումը» բառերը փոխարինել «իրավական պահպանության դադարեցումը» բառերով.
2) 1-ին կետի «է» ենթակետի «եթե» բառից հետո լրացնել «տեղանվան գրանցման օրվանից 1 տարվա ընթացքում» բառերով։
3) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1 եւ 1.2 կետեր հետեւյալ բովանդակությամբ՝
«1.1. Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է, եթե՝
ա) սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չեղյալ է հայտարարվել ապրանքային նշանի գրանցումը.
բ) սույն օրենքի 28-րդ հոդվածի համաձայն անվավեր է ճանաչվել ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումը։
1.2. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվում է սույն հոդվածի 1-ի կետի «բ»-«է» ենթակետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ապրանքային նշանի՝ Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչումն անվավեր ճանաչելու դեպքում։
Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է դադարեցվել նաեւ բողոքարկման խորհրդի որոշման համաձայն՝ ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանները վերանալու դեպքում։ Նշված բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ։».
4) հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 19 . Օրենքի 34-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «Նախնական կամ կրկնական փորձաքննության որոշմանը» բառերը փոխարինել «Փորձաքննության ցանկացած որոշմանը» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում բողոքարկել դատարան:»
3) 2-րդ կետի 2-րդ պարբերության «օրենքի 33 հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով» բառերը փոխարինել «օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով» բառերով։
Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 21. Օրենքի 50-րդ հոդվածը լրացնել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով, հետեւյալ բովանդակությամբ՝
«4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված հիմքով բողոքները բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել 2005թ. հուլիսի 1-ից։
5. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ եւ 16-րդ հոդվածի 5-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2005 թ. հոկտեմբերի 1-ից։
6. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ լիազոր մարմին ներկայացված հայտերով՝
ա) փորձաքննությունը շարունակվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված դրույթները, եթե այդ հայտերով փորձաքննությունը դեռեւս ավարտված չէ, կամ փորձաքննության որոշումը գտնվում է վիճարկման փուլում.
բ) լիազոր մարմինը գրանցում է ապրանքային նշանը՝ հայտատուին գրավոր ծանուցելով օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների մասին, եթե արդեն որոշում է կայացված ապրանքային նշանի գրանցման մասին, եւ հայտատուն սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացրել տվյալ նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։»։
Հոդված 22
.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման
«Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը թելադրված է օրենքի մի շարք դրույթների հստակեցման, ինչպես նաեւ ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների որոշ ասպեկտների կանոնակարգման անհրաժեշտությամբ, որոնք ձեւավորվել են օրենքի կիրարկման պրակտիկայի ընթացքում։ Առաջարկությունների համար հիմք են ծառայել ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված բոլոր հարցերը, սկսած դրանց հայտերի քննարկումից, վերջացրած դրանց նկատմամբ իրավունքների իրականացման հետ կապված հարցերով, այդ թվում՝ դատական պրակտիկայի հետ կապված հարցերը։
Նախագծի 1-ին հոդվածով հստակեցվում են այն նշանները, որոնք ՀՀ-ում իրավական պահպանություն են ստանում օրենքին համապատասխան։ Դրանք Նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համակարգի համաձայն առանց գրանցման պահպանվող նշաններն են եւ ՀՀ-ում հանրահայտ ճանաչված նշանները։
Նախագծի 2-րդ հոդվածով նախ սահմանվել է, որ ապրանքային նշանի սեփականատեր պետք է լինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտ, ինչը բխում է հենց ապրանքային նշանի սահմանումից։ Հոդվածի նախորդ փոփոխությունը նպատակ ուներ կարգավորելու զանգվածային լրատվամիջոցների անվանումների հետ կապված հարցերը, ինչը սույն նախագծով կարգավորվում է առանձին. «բ» կետով ուղղակի հստակեցվել է հոդվածի տվյալ դրույթը։
Նախագծի 3-րդ հոդվածով հստակեցվել է օրենքի 4-րդ հոդվածը, սահմանելով նաեւ այն գործողությունները, որոնք պետք է դիտվեն որպես ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում։ Այստեղ առաջարկվում է շատ կարեւոր մի ձեւակերպում՝ «ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գույքային իրավունք է», ինչը վերջնականապես լուծում կտա դատական պրակտիկայում առաջացող որոշ խնդիրների, մասնավորապես՝ ապրանքային նշանների օտարերկրյա սեփականատերերին դատարանում պատասխանող ճանաչելու հարցում։
Նախագծի 4-11 եւ 15-րդ հոդվածներով հստակեցվել են օրենքի համապատասխան հոդվածները։ Ընդ որում նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 12-րդ հոդվածի 3-րդ կետերով սահմանվել են նորմեր, որոնք հնարավորություն են տալիս հայտատուին կամ նշանի սեփականատիրոջը, անհրաժեշտության դեպքում, քննարկվող հայտը մի քանի առանձին՝ զատված հայտերի բաժանելու կամ ապրանքային նշանի գրանցումը մի քանի առանձին գրանցումների բաժանելու, այն դեպքերում, երբ նշանի գրանցումը խնդրարկված է կամ նշանն արդեն գրանցված է մեկից ավելի ապրանքների համար։ Նման մոտեցումը պայմանավորված է պրակտիկայում երբեմն առաջացող համապատասխան խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ինչը տեղ է գտել նաեւ Ապրանքային նշանների իրավունքի մասին միջազգային պայմանագրում (ՀՀ-ն դրան դեռեւս չի անդամակցում)։
Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվել են հանրահայտ ապրանքային նշաները հանրահայտ ճանաչելու եւ դրա իրավական պահպանության նորմերը, ինչը լիարժեք կդարձնի իրավական դաշտը։
Նախագծի 16-րդ հոդվածով սահմանվել է նշանների զիջման եւ լիցենզային պայմանագրերի ընթացքում առաջացած վեճերի քննարկման կարգը։
Նախագծի 17-20-րդ հոդվածներով հստակեցվել են օրենքի համապատասխան հոդվածների դրույթները։
Նախագծի 21-րդ հոդվածով սահմանվել է օրենքի ուժի մեջ մտնելը, հաշվի առնելով քննարկման փուլում գտնվող հայտերի հետ կապված առանձնահատկությունները, ինչպես նաեւ նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 12-րդ հոդվածի 3-րդ կետերով պայմանավորված՝ ապրանքային նշանների էլեկտրոնային տեղեկատվական բազաների համապատասխանեցման հնարավորությունները։