Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-776-04.05.2015-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք) 119-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 119.Ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանքպատճառելը»,

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները, եւ եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2.   Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակության 309.1-րդ հոդվածով.

«Հոդված 309.1.Խոշտանգումը

1. Պաշտոնատար անձի կամ ի պաշտոնե հանդես եկող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որեւէ անձի դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում է, ինչպես նաեւ այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որեւէ արարք կատարելուն հարկադրելու կամ կատարումից ձեռնպահ մնալու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված անձի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

4) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

5) առանձին դաժանությամբ,

6) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,

7) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 341-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կողմից» բառից հետո լրացնել «ծաղրուծանակով, բռնությամբ,» բառերը, իսկ «հարկադրելը» բառից հետո լրացնել «, եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները» բառերը.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 3-րդ մասից հանել «կամ երկրորդ» բառերը, իսկ «արարքները, որոնք առաջացրել են» բառերը փոխարինել «արարքը, որն առաջացրել է» բառերով, «պատժվում են» բառը՝ «պատժվում է» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: