Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7761-04.05.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածից հանել «119-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» 1984թ. դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) եւ ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջեւ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով:

Կոնվենցիան ՀՀ կողմից վավերացվել է 1993թ. հոկտեմբերի 13-ին՝ այդպիսով դառնալով մեր երկրի իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները պետք է ապահովեն, որպեսզի խոշտանգման հետ կապված բոլոր արարքները սահմանվեն քրեական օրենսդրությամբ: Սրա հետ կապված, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն 2007 թվականի նոյեմբերին Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընդհանուր մեկնաբանության մեջ շեշտել է, որ մասնակից պետությունները պարտավոր են քրեական օրենսդրությամբ խոշտանգումը դարձնել պատժելի՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն հատկանիշներին համապատասխան: Կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2012 թվականի հուլիսի 6-ի 3-րդ պարբերական զեկույցում մտահոգություն է հայտնել ՀՀ ներպետական օրենսդրության մեջ «խոշտանգման» հանցակազմի՝ կոնվենցիոն պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ եւ առաջարկել է անհապաղ ձեռնարկել համապատասխան օրենսդրական միջոցներ: Այսպիսի գնահատականներ հնչել են նաեւ Հայաստանի վերաբերյալ այլ կազմակերպությունների զեկույցներում ու վերլուծական նյութերում: Օրինակ՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործման առաջընթացի գնահատման Հայաստանի վերաբերյալ Եվրոպական միության 2014 թվականի զեկույցում նշվել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքում խոշտանգման հանցակազմի բնորոշումը չի համապատասխանում Կոնվենցիայով սահմանված չափանիշներին հատկապես այն առումով, որ այն չի ներառում խոշտանգման հանցակազմի համար հատուկ սուբյեկտի՝ պաշտոնատար անձի առկայության պահանջ:

Հայաստանի վերաբերյալ մի շարք վճիռներում (օրինակ՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռ, «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականի մարտի 31-ի վճիռ) Եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ըստ այդմ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի եւ միջազգային չափանիշների համակարգային վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ խոշտանգման հանցակազմի բնորոշումը չի համապատասխանում Կոնվենցիայով առաջադրվող չափանիշներին:

Այսպես, Կոնվենցիայի 1-ին հոդվածը խոշտանգումը բնորոշում է.  «Ցանկացած արարք, որի միջոցով պաշտոնատար անձի կամ ի պաշտոնե հանդես եկող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որեւէ անձի դիտավորությամբ պատճառվում է ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում է, ինչպես նաեւ այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որեւէ արարք կատարելուն հարկադրելու կամ կատարումից ձեռնպահ մնալու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:»։

ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը խոշտանգում է համարում պարզապես ցանկացած այնպիսի գործողություն, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով (դիտավորությամբ առողջությանը ծանր եւ միջին ծանրության վնաս պատճառելը) նախատեսված հետեւանքներ:

Ինչպես երեւում է հիշատակված դիսպոզիցիայի ձեւակերպումից, խոշտանգման օբյեկտիվ կողմը դրսեւորվում է ցանկացած այնպիսի գործողությամբ, որի միջոցով տուժողին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք: Հարկ է նկատել, որ նշված ձեւակերպման պարագայում ուժեղ ցավը կամ մարմնական կամ հոգեկան տառապանքը նկարագրված են որպես այս հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներ: Եթե դրանք չեն առաջացել, ապա խոշտանգման ավարտված հանցակազմը բացակայում է: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ «ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք» ձեւակերպումը կարող է ենթարկվել տարածական մեկնաբանության՝ ներառելով տուժողին պատճառված սկզբունքորեն ցանկացած ֆիզիկական վնաս՝ օրենսդիրն ամրագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշների առաջացման դեպքում խոշտանգման հանցակազմով արարքի որակման անհնարինությունը:

Այդուհանդերձ, «խոշտանգման» վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի եւ Կոնվենցիոն կարգավորումների համեմատական ուսումնասիրությունը վկայում է, որ՝

1.  ՀՀ քրեական օրենսգրքում վերոնշյալ հանցակազմը սահմանված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում եւ ավելի մեղմ պատիժ է սահմանում, քան  անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանցակազմը:

2. Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամկետով եւ չի ներառում առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, ինչը մեծապես նվազեցնում է խոշտանգման հանրային վտանգավորությունը` այն դասելով միջին ծանրության հանցագործությունների շարքին:

3. Հանցակազմի հատուկ սուբյեկտը, այն է` պաշտոնատար անձը իբրեւ հանցակազմի պարտադիր հատկանիշ սահմանված չէ:

4. Բացակայում է կոնկրետ նպատակը, այն է` տուժողից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն ստանալու, կատարած կամ ենթադրյալ  արարքի համար պատժելու, վախեցնելու կամ որեւէ արարք կատարելուն հարկադրելու նպատակ եւ այլն:

5. Կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է, որ մասնակից պետությունների իրավապահ մարմինները պետք է պատշաճ եւ անաչառ քննություն իրականացնեն, երբ առկա են խոշտանգման բավարար ողջամիտ հիմքեր: Այս առումով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածը քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խոշտանգման հանցակազմի վրա տարածում է քրեական գործի հարուցման մասնավոր մեղադրանքի ռեժիմը, նշանակում է, որ քրեական գործի հարուցման համար անհրաժեշտ է տուժողի բողոքի առկայություն, իսկ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու դեպքում քրեական գործը ենթակա է կարճման: Նման կարգավորումն հակասում է խոշտանգման եւ, ընդհանրապես, վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ արդյունավետ եւ անաչառ քննություն իրականացնելու պետության պոզիտիվ պարտականությունների հայեցակարգին:

Արտասահմանյան երկրների օրենսդրական փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ երկրների քրեական օրենսգրքերը, ամրագրելով խոշտանգման հանցակազմը, համարժեք արտացոլում են այն նվազագույն չափանիշները, որոնք նախատեսված են Կոնվենցիայով (օրինակ՝ Ֆինլանդիա, Խորվաթիա, Մոլդովա, Ալբանիա, Ուկրաինա եւ մի շարք այլ երկրներ):

Ակնհայտ է, որ նման պայմաններում ՀՀ միջազգային պարտավորությունների տեսանկյունից անհրաժեշտ է նկարագրված խնդիրներին տալ համակարգային լուծում:

Այսպիսով, մեր կողմից առաջարկվում է ՀՀ գործող քրեական օրենսգրքում ամրագրել խոշտանգման հետեւյալ ձեւակերպումը.

«Պաշտոնատար անձի կամ ի պաշտոնե հանդես եկող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որեւէ անձի դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում է, ինչպես նաեւ այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որեւէ արարք կատարելուն հարկադրելու կամ կատարումից ձեռնպահ մնալու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:»:

Խոշտանգման հանցակազմի կոնվենցիոն պահանջներին համապատասխան բնորոշման պայմաններում կարող է քրեական պատասխանատվության հարց առաջանալ այն դեպքում, երբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք է պատճառվում պաշտոնատար անձ չհանդիսացող անձի կողմից: Նման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ ՀՀ միջազգային պարտավորությունների պահանջներով: Այս պարագայում ստացվում է՝ 119-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դադարում է խոշտանգում լինելուց: Դրա հետ մեկ տեղ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածն անհրաժեշտ է շարադրել այնպիսի խմբագրությամբ, որ այն ներառի անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները, եւ եթե բացակայում են նույն օրենսգրքի՝ խոշտանգման հանցակազմը բնորոշող 309.1-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները: Ընդ որում, սահմանված ձեւակերպմանը համապատասխան փոփոխության պետք է ենթարկվի նաեւ 119-րդ հոդվածի վերնագիրը:

Նախատեսվում է նաեւ որոշակի փոփոխության ենթարկել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի «ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք» ձեւակերպումը: Առաջարկվող ձեւակերպումն առավել հստակ է եւ որոշակիորեն բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից:

ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի հետ կապված որոշակի իրավական դիրքորոշումներ է ձեւավորել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի բնորոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշներից մեկը համարվում է  ֆիզիկական ուժեղ ցավի առկայությունը: Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու դեպքում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը), դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշների բացակայության, ինչպես նաեւ այն դեպքում, երբ անձին պատճառվում է ֆիզիկական ցավ, արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ), իսկ ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու դեպքում արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (խոշտանգում):Անդրադառնալով 118-րդ եւ 119-րդ հոդվածների հարաբերակցության խնդրին՝ Դատարանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով չեն կարող որակվել այն դեպքերը, երբ անձին ֆիզիկական ցավ չի պատճառվում: Միեւնույն ժամանակ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանքը պատասխանատվություն է առաջացնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով: Բացի այդ, Դատարանն առաջ է քաշել քննարկվող հանցակազմերի տարանջատման եւս մեկ չափանիշ՝ արձանագրելով, որ մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ, ծեծը ենթադրում է տուժողի մարմնին մեկից ավելի հարվածներ հասցնելը, որոնց արդյունքում ֆիզիկական ցավ է պատճառվել: Դրա հետ մեկտեղ, տուժողին մեկ անգամ ուժեղ ցավ պատճառելը կամ պարբերաբար մեկական հարված հասցնելը, անկախ հարվածի ուժգնությունից, կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով, եթե հանցավորը գիտակցել է, որ իր գործողություններով անձին դիտավորյալ կերպով պատճառել է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք: (Արեւիկ եւ Ծովինար Սահակյանների գործով 2012 թ. նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշում):

Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա արարքների շրջանակը սահմանող 183-րդ հոդվածից հանել Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասին առնչվող դրույթը:

Դա պայմանավորված է նրանով, որ, ըստ միջազգային ժամանակակից իրավաբանության, անգամ մասնավոր սուբյեկտների հարաբերություններում ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելու հետ կապված հանցանքների դեմ պայքարը եւ դրանց կապակցությամբ տարվող քննությունը չի կարող դիտարկվել մասնավոր մեղադրանքի եւ մասնավոր շահի պաշտպանության համատեքստում եւ, հետեւաբար, կախված լինել տուժողի բողոքի առկայությունից կամ բացակայությունից:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի վճռին (2009 թվականի հունիսի 9-ի վճիռը): Կենցաղային ընտանեկան բռնությանն առնչվող այս գործով վճռում Ստրասբուրգի դատարանն արձանագրել է, որ բռնությամբ կատարվող նմանատիպ հանցանքները բնույթով այնպիսին են, որ պետությունից  պահանջում են ձեռնարկել արդյունավետ միջոցներ դրանց կանխարգելման համար: Սա իր հերթին նշանակում է, որ այդ արարքների դեմ պայքարն ունի հանրային նշանակություն, ուստի դրանց քննությունը պետք է տարվի հանրային հետապնդման կարգով: Այնուհետեւ, Եվրոպական դատարանը նշել է, որ մասնավոր սուբյեկտների միջեւ տեղի ունեցող նման հանցավոր արարքների մասին պետությանը հայտնի դառնալու պահից սկսած տուժողի վերաբերմունքը չի կարող որոշիչ նշանակություն ունենալ դրանց կապակցությամբ հետապնդում նախաձեռնելու կամ հետապնդումը դադարեցնելու հարցում՝ խնդիրը դիտարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանվող պետության պարտավորությունների շրջանակում:

Նախագծով առաջարկվող խոշտանգման հանցակազմի նոր ձեւակերպմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի՝ դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու համար պատասխանատվություն սահմանող 341-րդ հոդվածի հանցակազմը: Նշված փոփոխությունն առավելապես պայմանավորված է վերոնշյալ եւ խոշտանգման հանցակազմերի հարաբերակցության հստակեցման եւ արարքները նշված հոդվածներով ճիշտ որակելու անհրաժեշտությամբ: Այսպես, առաջարկվող կարգավորմամբ արարքը քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածով որակվում է, եթե հոդվածում նշված անձանց կատարած բռնի գործողություններն իրենց դաժանության կամ ուժգնության աստիճանով այնպիսին չեն եղել, որ հանգեցնեն խոշտանգման: Այլ կերպ ասած,  բոլոր այն դեպքերում, երբ 341-րդ հոդվածով նախատեսված արարքով անձին պատճառվում է ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք, այլ վերաբերելի հատկանիշների առկայության պարագայում արարքը պետք է որակել առաջարկվող 309.1-րդ հոդվածով: Առավել նվազ վնաս հասնելու պարագայում արդեն արարքը ենթակա է որակման 341-րդ հոդվածով:

Բացի այդ, 341-րդ 1-ին մասում նախատեսվող փոփոխություններով պայմանավորված՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նույն հոդվածի 2-րդ մասը՝ այն հիմնավորմամբ, որ վերջինս պատասխանատվություն է սահմանում նաեւ հոդվածի 1-ին մասում նշված արարքը խոշտանգմամբ կատարելու համար: Մինչդեռ, ինչպես արդեն վերեւում նշվել է, նախագծի կարգավորման պայմաններում արարք  միաժամանակ այս երկու հոդվածներով որակվել չի կարող:

Այս առումով, Ուկրաինայի  քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածն, օրինակ, պատասխանատվություն է սահմանում ցուցմունքներ տալուն հարկադրելու համար, որը դրսեւորվում է ապօրինի գործողություններով անձին ցուցմունքներ տալուն հարկադրելու մեջ: Հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում նույն արարքի համար, որը դրսեւորվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, եթե արարքում բացակայում են խոշտանգման հատկանիշները: Ստացվում է, որ Ուկրաինայի օրենսդիրը սկզբունքային տարբերակում է դրել նշված երկու հանցակազմերի միջեւ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով Կոնվենցիայով եւ ներպետական օրենսդրությամբ խոշտանգման հանցակազմի համար սահմանված իրավակարգավորումների միջեւ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությունը՝   առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում ներառել այնպիսի հանցակազմ, որն համարժեք կարտացոլի Կոնվենցիայով սահմանված խոշտանգման հանցակազմը եւ կլուծի քննարկվող ոլորտում առաջացող խնդիրները՝ պայմանավորված արարքի որակման հետ: Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը»  եւ, միաժամանակ, օրենսգիրքը լրացնել «Խոշտանգումը» վերնագրով 309.1-րդ հոդվածով` խոշտանգման կոնվենցիոն հատկանիշներն արտացոլող բովանդակությամբ:

Նման պարագայում կոնվենցիոն իմաստով խոշտանգման առանձնահատկությունները ակնհայտորեն կտարանջատվեն մասնավոր անձանց միջեւ կատարվող միեւնույն արարքներից. 309.1-րդ հոդվածում կշեշտվի հատուկ սուբյեկտը, այն է՝ պաշտոնատար անձը կամ ի պաշտոնե հանդես եկող անձը, եւ արարքի հատուկ նպատակը՝ սահմանելով արարքի վտանգավորության աստիճանին համապատասխան առավել խիստ պատասխանատվություն:

Նախագծում, միաժամանակ, սահմանվում է, որ 119-րդ հոդվածըկարող է կիրառելի լինել՝ 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում:

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածից, որտեղ թվարկված են այն հանցակազմերը, որոնց պարագայում գործը հարուցվում է բացառապես տուժողի բողոքի հիման վրա, հանել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված խոշտանգման հանցակազմը:

Ներկայացվող նախագծի շրջանակներում առաջարկվում է նաեւ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասում որպես հանցագործության կատարման եղանակ նախատեսել նաեւ ծաղրուծանակով եւ բռնությամբ կատարելը եւ ավելացնել «եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները» ձեւակերպումը, իսկ 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

3. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կապահովվի լիարժեք համապատասխանություն խոշտանգման՝ ներպետական օրենսդրությամբ եւ Կոնվենցիայով սահմանված բնորոշումների միջեւ: Միաժամանակ, կապահովվի նաեւ հանցագործությունների համարժեք որակումը: Այդ կերպ, զգալի առաջընթաց կարձանագրվի նաեւ Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների կատարման հարցում: Նշված իրավակարգավորումը իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա կդնի պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունումը  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  վերաբերյալ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է քննիչին իրավունք վերապահել բողոքարկելու դատախազի որոշումները, ինչպես նաեւ ամրագրել դատախազի չհիմնավորված այն որոշումների սպառիչ ցանկը, որոնց պարագայում քննիչը կարող է բողոքարկել դրանք` առանց կատարելու որոշման պահանջները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է խոշտանգման հանցակազմին, ինչպես նաեւ դատախազի անհիմն որոշումների քննիչի կողմից բողոքարկմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։