Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7771-04.05.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասում եւ 39.3-րդ հոդվածի 1-ին մասում «1.1-ին մասով» բառերը փոխարինել «1.1-ին եւ 1.2-րդ մասերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասի ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը.

2)1.1-ին մասի 4-րդ ենթակետում «աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ փոխառության դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված տոկոսային եկամտի» բառերը.

3)1.1.-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մաս.

«1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող եւ այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով, եթե վերջին(ներ)ս գործունեություն է (են) իրականացնում շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում եւ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Սույն մասով նախատեսված՝ ծրագրերի հավանության արժանացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ


««Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման եւ մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարեւորագույն ճյուղերից մեկը եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը եւ կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաեւ լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաեւ շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ: