Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998թվական, ՀՕ-239) 1104-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Մտավոր գործունեության արդյունքների կամ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների եւ ծառայությունների անհատականացման միջոցների (այսուհետ՝ անհատականացման միջոցներ) նկատմամբ բացառիկ իրավունքը գույքային իրավունք է, որի տիրապետողն ունի մտավոր սեփականության տվյալ օբյեկտը տնօրինելու, իր հայեցողությամբ ցանկացած ձեւով ու եղանակով օրինաչափ օգտագործելու եւ այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։»։
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ ոչ անձնական՝ բացառիկ իրավունքները բացառապես գույքային իրավունքներ են, իսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում եւ որպես հետեւանք՝ նաեւ բնագավառի մյուս օրենքներում դա հստակ շարադրված չէ։ Այս կապակցությամբ լուրջ խնդիրներ են առաջանում այն վեճերի դատական քննարկման դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում դիմել դատարան, օրինակ, ապրանքային նշանը 5 տարի անընդմեջ չօգտագործման պատճառով («Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դադարեցնելու հայցով, քանի որ դատարանը (տնտեսական) ապրանքային նշանների սեփականատեր օտարերկրյա անձանց պատասխանող չի ճանաչում, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասին, չնայած, որ նույն մասի 2-րդ կետում օտարերկրյա անձը կարող է պատասխանող ճանաչվել, եթե նա ՀՀ-ում ունի գույք (կամ ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի՝ գույքային իրավունք)։
Առաջարկվող նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ անձանց համահավասար օտարերկրյա անձանց իրավունքների ձեռքբերումը եւ պարտականութունների կրումը, ինչն ըստ էության ամրագրված է ՀՀ բոլոր օրենքներում։