Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3432-23.07.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի, 1998թվական, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետը լրացնել «իգ» եւ «իդ» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ`

«իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2».

իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».

2. 2-րդ կետը լրացնել «ի» եւ «իա» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ի) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2».

իա) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».

3. 3-րդ կետը լրացնել «ի» եւ «իա» ենթակետերով հետեւյալ բովանդակությամբ.

«ի) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2».

իա) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10».

4. 4-րդ կետում՝

1. «է» ենթակետից հանել «եւ վկայական տալու» բառերը.

2. «թ» ենթակետը լրացնել նոր տողով հետեւյալ բովանդակությամբ՝

«ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ 10».

3. «ժե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար 50».

4. «իբ» կետից հետո լրացնել «իգ» եւ «իդ» կետերով հետեւյալ բովանդակությամբ՝

«իգ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իդ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու համար 15»։

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում՝

1. «ժէ»-«ի» արտահայտությունը փոխարինել «ժէ»-«իա» արտահայտությամբ.

2. «ժգ»-«ժզ» արտահայտությունը փոխարինել ժգ»-«ժէ» արտահայտությամբ.

3. «ժա»-«ժդ» արտահայտությունը փոխարինել«ժա»-«ժե» արտահայտությամբ։

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման

Առաջարկվող նախագծի 1-ին հոդվածի 1-3-րդ կետերը նպատակ ունեն կարգավորելու բաց լիցենզիա տալու մասին հայտարարություն հրապարակելու հետ կապված հարցերը՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ, որոնց համար առաջարկվում է գանձել պետական տուրքեր։ Ընդ որում դիմումը հետ կանչելու համար պետտուրքի դրուքաչափը սահմանելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դա կատարվում է սովորաբար այն դեպքերում, երբ արտոնագրատիրոջ համար ի հայտ են եկել արդյունաբերական սեփականության օբյեկտի առեւտրային օգտագործման ավելի լուրջ եւ որոշակի հնարավորություններ։

4-րդ կետով նոր պետտուրք է սահմանվում ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման դեպքում ապրանքների եվ ծառայությունների մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար, ինչը արդեն իսկ նախատեսված է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «իա» ենթակետով՝ միջազգային գրանցումների համար։

Այս նույն կետում նոր պետտուրք է սահմանված նաեւ նշանի հայտի զատման համար, ինչպես նաեւ ապրանքային նշանի գրանցումը բաժանելու համար դիմում ներկայացնելու համար, որոնց հնարավորությունը նախատեսվել է պաթեթով ներկայացվող «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում։

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություններն ըստ էության օրենքով նախատեսված զեղչերի համակարգի տարածումն է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի համապատասխանաբար՝ «իա», «ժէ» եւ «ժե» ենթակետերում նշված գործողությունների վրա, ինչը լրիվ տրամաբանական է՝ հաշվի առնելով այն գործողությունների էությունը, որոնց համար գանձվող տուրքերը զեղչվում են, եւ զեղչերի կիրառման հիմքերը։