Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-786-14.05.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում տեղակայված Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի սակավաթափոն մշակման ներդրումային ծրագիրը (այսուհետ` Ներդրումային Ծրագիր) «Ալյոտիգ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից առաջարկված եւ հիմնավորված գործողությունների համալիրն է, որն ուղղված է նշված արտադրական լցակույտերի մշակման տեխնոլոգիայի ներդրմանն ու կիրառմանը եւ այդ նպատակով գործարանի կառուցմանն ու շահագործմանը:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը, նպատակները եւ խնդիրները

1. Սույն օրենքը կարգավորում է Ներդրումային Ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի նպատակը ներդրումային ծրագրի իրականացման համար իրավական կարգավորումների ապահովումն է, որը կապված է`

1) Արտադրական լցակույտերի մշակման նոր տեխնոլոգիայի ներդրման եւ Հայաստանի Հանրապետությունում կիրառման հետ,

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնապահպանական վիճակի բարելավման, Հայաստանի Հանրապետության եւ մասնավորապես ՀՀ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հետ,

3) Ներդրումային Ծրագրի իրականացման իրավական հիմքերի ապահովման հետ:

3. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`

1) Ներդրումային Ծրագրի իրականացման համար իրավական երաշխիքների ապահովումը,

2) Ներդրումային ծրագրի առնչությամբ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, Ներդրումային Ծրագիրն իրականացնող անձի  իրավունքների եւ պարտականությունների նկարագրումը եւ սահմանազատումը,

3) Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի նկատմամբ իրավունքների  առանձնահատկությունների սահմանումը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքի իմաստով օգտագործվում են հետեւյալ  հասկացությունները.

1) Ծրագիր Իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի N 43 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած «Մտադրությունների մասին հուշագրի նախագծին  հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ նախատեսված Մտադրությունների մասին հուշագրի կողմ «Ալյոտիգ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը,  որին պատկանում են ընդերքից արդյունահանված պարունակության մշակման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերում  կուտակված եւ կուտակվող ապարների արդյունավետ եւ ամբողջական մշակմանը վերաբերող տեխնոլոգիական մշակումները, կամ նրա իրավահաջորդը,

2) Ներդրումային ծրագիր` բացառապես Ծրագիրն Իրականացնողի կողմից սեփական եւ/կամ նրա ռիսկով ներգրավված ֆինանսական միջոցներով իրականացվող` սույն օրենքի Հոդված 1-ում նշված ծրագիրը,

3) Մաստեր պլան` Ներդրումային Ծրագրի իրականացման ընդհանուր գործընթացը, այդ թվում` տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային եւ շինարարական լուծումները, գործողությունները եւ դրանց իրականացման ժամկետները նկարագրող փաստաթուղթ:

4) Գործարան` արդյունաբերական համալիր, որը կառուցվելու է Ներդրումային Ծրագրի շրջանակներում` լցակույտերի մշակման համար,

5) Պետական Լցակույտեր` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները, որոնք առաջացել են մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաեւ Արծվանիկի Պոչամբարում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները, որոնք առաջացել են 2012 թվականի հունվարի 1-ից հետո  եւ սույն օրենքին համապատասխան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը,

6) Արծվանիկի Պոչամբարի Լցակույտեր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում Արծվանիկի պոչամբարում 2012 թվականի հունվարի 1-ից հետո կուտակված եւ կուտակվող լցակույտերը,

7) Պոչատարի Լցակույտեր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում առաջացած այն ապարները, որոնք Պոչատարով տեղափոխվում են Արծվանիկի Պոչամբար եւ Ծրագիր Իրականացնողի կողմից մշակման համար վերցվում են` մինչեւ Արծվանիկի Պոչամբար լցվելը,

8) Մասնավոր Լցակույտեր` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները` սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից Ծրագիր Իրականացնողի սեփականությանը հանձնվելուց հետո,

9) Լցակույտեր` Պետական լցակույտերի, Արծվանիկի Պոչատարի Լցակույտերի եւ Մասնավոր լցակույտերի ամբողջությունը,

10) Պոչամբարներ`Լցակույտերի կուտակման համար նախատեսված` Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի ինժեներական կառույցները` դրանց տեղակայման վայրի հողամասի հետ միասին,

11) Արծվանիկի Պոչամբար`սույն օրենքի հավելված 1-ում նշված հատակագիծը եւ կոորդինատային տեղադրվածությունն ունեցող պոչամբարը,

12) Ողջիի եւ Փխրուտի Պոչամբար` սույն օրենքի հավելված 2-ում նշված հատակագիծը եւ կոորդինատային տեղադրվածությունն ունեցող պոչամբարները,

13) Պոչատար` ընդերքից արդյունահանված պարունակության մշակման արդյունքում առաջացած ապարների` Արծվանիկի պոչամբար տեղափոխման համար նախատեսված ինժեներական կառույցների համալիրը,

14) Կառավարման Պայմանագիր` պայմանագիր, որով Ողջիի Պոչամբարի, Փխրուտի Պոչամբարի, Արծվանիկի Պոչամբարի օգտագործման եւ կառավարման իրավունքը փոխանցվում է Ծրագիր Իրականացնողին` Ներդրումային Ծրագրի իրականացման նպատակով,

15) Հարկերից եւ այլ պարտադիր վճարներից ազատում` Ներդրումային ծրագրով եւ սույն օրենքի 14-րդ եւ 15-րդ հոդվածներով նախատեսված` գույքի եւ գույքային իրավունքների փոխանցման, Լցակույտերի` սեփականության իրավունքով հանձնման գործարքների մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկերի եւ այլ պարտադիր վճարների հաշվարկման եւ վճարման պահանջի դադարեցում, հարկերի ու պարտադիր վճարների չկիրառում, ներառյալ, սակայն չսահմանափակելով եկամուտ կամ այլ հարկվող օբյեկտ ճանաչելու դրույթների, շահութահարկի նպատակով նվազեցումների սահմանափակումների դրույթների, ավելացված արժեքի հարկի նպատակով հաշվանցվող (պակասեցվող) գումարի սահմանափակումների դրույթների չկիրառումը, ներառյալ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ/կամ մինչեւ համապատասխան գործարքի (գործառնության) իրականացումը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի հաշվանցված գումարների մասով վերաձեւակերպման դրույթների չկիրառումը:

Նշված արտոնությունը չի տարածվում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների վրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով չսահմանված եւ սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները ունեն Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված բովանդակությունը եւ նշանակությունը:

ԳԼՈՒԽ 2

ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ

Հոդված 4. Մաստեր պլանի նշանակությունը եւ բովանդակությունը

1. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ծրագիր Իրականացնողը մշակում է  Մաստեր Պլան:

2. Ներդրումային ծրագիրն իրականացվում է  Մաստեր Պլանին համապատասխան:

3. Մաստեր Պլանը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Մաստեր պլանը պետք է առնվազն ներառի տեղեկատվություն `

1) Ծրագրի իրականացման հիմնական նպատակների մասին,

2) հիմնական եւ միջանկյալ փուլերը, ներառյալ առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա` դրանց ակնկալվող ժամկետների հաշվարկը,

3) նախատեսվող ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ,

4) տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային եւ շինարարական սկզբունքային լուծումների վերաբերյալ,

5) սոցիալական ազդեցության մասին, այդ թվում`

ա.բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,

բ.համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին մասնակցության վերաբերյալ,

6) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների եւ նորմերի վերաբերյալ

7) Մաստեր պլանի իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով սահմանվող արտադրական ցուցանիշները` համաձայն N 3 Հավելվածի:

5. Մաստեր Պլանում չի ներկայացվում Ծրագիրն Իրականացնողի առեւտրային եւ գաղտնի տեղեկատվությունը, դետալացված բիզնես պլան եւ այլ ֆինանսական ու տնտեսական տվյալներ:

Հոդված 5. Մաստեր պլանի հաստատումը

1. Ծրագիրն Իրականացնողը Մաստեր Պլանը պետք է մշակի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված Մաստեր Պլանը` որպես հիմնադրութային փաստաթուղթ, պետք է սահմանված կարգով նախապես անցած լինի օրենսդրությամբ սահմանված պետական  փորձաքննություններ:

3. Ներկայացված Մաստեր Պլանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուսումնասիրում եւ հաստատում է երկու ամսվա ընթացքում կամ այդ նույն ժամկետում Ծրագիրն Իրականացնողին հիմնավոր կերպով առաջարկում է Մաստեր Պլանում կատարել ուղղումներ եւ/կամ փոփոխություններ, եթե այդպիսի փոփոխությունները պայմանավորված են Մաստեր Պլանը Հայաստանի Հանրապետության բնապահպահանական, տեխնիկակական անվտանգության եւ այլ հարցերով` իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, կամ եթե այդպիսի փոփոխությունները պայմանավորված են սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված` Մաստեր պլանի իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով սահմանված արտադրական ցուցանիշների մեծությամբ կամ կատարողականով: Դրանից տարբերվող` նպատակահարմարության նկատառումներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող առաջարկել ուղղումներ եւ/կամ փոփոխություններ կատարել Մաստեր Պլանում:

4. Ծրագիր Իրականացնողը` Մաստեր Պլանում ուղղումներ եւ/կամ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկներն ընդունելու եւ դրանք Մաստեր Պլանում արտացոլելու դեպքում, եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում այդ առաջարկության հիման վրա լրամշակված Մաստեր Պլանը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի երկամսյա ժամկետում:

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՄԱՍՆԱՎՈՐ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԳՐԱՎԸ, ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 6. Արծվանիկի Պոչամբարի Լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումները

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքի ուժով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությանն է փոխանցվում Արծվանիկի Պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը` սույն հոդվածի 2-րդ մասով նշված պայմանով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է նպատակային` Արծվանիկի Պոչամբարը Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցնելու օրը Արծվանիկի Պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը կուտակված ամբողջ լցակույտերը, ինչպես նաեւ Արծվանիկի Պոչամբարի լցակույտերը դրանց կուտակման ողջ ծավալով պայմանագրի հիման վրա Հայաստանի  Հանրապետության սեփականությանը փոխանցելու պայմանով:

3. Սույն օրենքի իմաստով Արծվանիկի պոչամբարի շահագործումը համարվում է դադարեցված կամ այդ պոչամբարը համարվում է կոնսերվացված այդ մասին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից կոնսերվացման հարցում իրավասություն ունեցող պետական լիազոր մարմնին գրավոր հայտնելու օրվան հաջորդող օրվանից: Սույն մասում նշված պետական լիազոր մարմինը կոնսերվացման փաստի տեղի ունենալուց հետո մեկ շաբաթյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Ծրագիր իրականացնողին:

Հոդված 7. Պոչատարի Լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի ծագումը

1. Պոչատարի Լցակույտերը Ծրագիր Իրականացնողի կողմից կարող են վերցվել վերջինիս եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի միջեւ կնքվող պայմանագրի հիման վրա:

2. Պոչատարի Լցակույտերը Ծրագիր Իրականացնողի կողմից վերցվելու դեպքում` եթե դա նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրով, Պոչատարի ապարների յուրաքանչյուր վերցված մասի նկատմամբ կծագի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը` այդ մասի վերցման պահից:

Հոդված 8. Պետական Լցակույտների եւ Պոչատարի Լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը Ծրագիր Իրականացնողին

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքի ուժով, Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ծրագիր Իրականացնողին է փոխանցվում այն Պետական Լցակույտերի  նկատմամբ սեփականության իրավունքը, որոնք կուտակված են Ողջիի Պոչամբարում եւ Փխրուտի Պոչամբարում:

2. Արծվանիկի Պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը կուտակված լցակույտերը, ինչպես նաեւ Արծվանիկի Պոչամբարի Լցակույտերը` Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պահից` սույն օրենքի ուժով, փոխանցվում են Ծրագիր Իրականացնողի սեփականությանը:

3. Ծրագիր Իրականացնողի փաստացի տիրապետմանը Պետական Լցակույտերը համարվում են հանձնված, վերջինիս կողմից դրանց ընդունման մասին լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուն հաջորդող օրվանից:

4. Պոչատարի Լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը անցնելու պահից` սույն օրենքի ուժով, փոխանցվում են Ծրագիր Իրականացնողի սեփականությանը:

Հոդված 9. Լցակույտների եւ Պոչատարի Լցակույտերի ծավալների որոշումը

1. Պետական Լցակույտերի, Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնվող` Արծվանիկի պոչամբարում 2012 թվականի հունվարի 1-ից հետո կուտակված եւ կուտակվող լցակույտերի, ինչպես նաեւ Մասնավոր Լցակույտերի ծավալները յուրաքանչյուր դեպքում որոշվում են` հիմք ընդունելով ու վկայակոչելով Ողջիի Պոչամբարի, Փխրուտի Պոչամբարի եւ Արծվանիկի Պոչամբարի փաստացի չափերը եւ դրանց տարածքում` երկրի մակերեւույթի վրա, փաստացի կուտակված ապարները:

2. Պոչատարի Լցակույտերի ծավալները կորոշվեն սույն օրենքի շրջանակներում Ծրագիր Իրականացնողի կողմից լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:

Հոդված 10. Պոչամբարների Կառավարման Պայմանագիրը

1. Պոչամբարները Ներդրումային ծրագրի իրագործման նպատակով եւ ամբողջ ժամանակահատվածի համար համապատասխան պայմանագրերի հիման վրա հանձնվում են Ծրագիր Իրականացնողին` օգտագործման եւ կառավարման իրավունքով:

2. Պոչամբարների նկատմամբ կառուցապատման եւ կառավարման իրավունքները Ծրագիրն իրականացնողին կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի), Ծրագրի իրականացնողի եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության միջեւ կնքված  եռակողմ պայմանագրի հիման վրա, որն ուժի մեջ կմտնի`

1) Ողջիի Պոչամբարի եւ Փխրուտի Պոչամբարի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Մաստեր Պլանը հաստատվելու հաջորդ օրվանից,

2) Արծվանիկի Պոչամբարի մասով` սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով սահմանված կարգով կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցվելու օրվանից:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված եռակողմ պայմանագրով առնվազն պետք է նախատեսվեն հետեւյալ էական պայմանները`

1) Գործարքի առարկան` համապատասխան Պոչամբարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի) եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից Ծրագիրն Իրականացնողին փոխանցվող իրավունքները.

2) Պոչամբարի, որի նկատմամբ իրավունքները փոխանցվում են, գույքի` ինժեներական կառույցների կազմի եւ հողամասերի նկարագիրը.

3) Կառուցապատման եւ կառավարման իրավունքների ժամկետը.

4) Համապատասխան Պոչամբարի նկատմամբ Ծրագիրն Իրականացնողի իրավունքները դադարելու օրվան հաջորդող օրվանից այդ Պոչամբարի նկատմամբ համապատասխան իրավունքները, օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները տեղադրելու նպատակով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը փոխանցելու` Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի) պարտավորությունը.

5) Ծրագիր Իրականացնողին փոխանցվող իրավունքների ծավալը, այդ թվում` Ծրագիր Իրականացնողին փոխանցվող գույքային իրավունքների ծավալը, հանձնված գույքի ըստ նպատակային նշանակության օգտագործման իրավունքը, օգտագործման եւ կառավարման իրավունքը, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի հետ համաձայնեցնելով` վերանորոգումներ եւ վերափոխումներ կատարելու իրավունքը ընդ որում, Ծրագիր Իրականացնողին փոխանցվող իրավունքների ծավալը չի կարող ամբողջությամբ եւ/կամ մասնակիորեն սահմանափակվել որեւէ պայմանով, բացառությամբ բնապահպանական, տեխնիկակական անվտանգության եւ այլ հարցերով` իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Մասնավոր Լցակույտերի նկատմամբ գրավի իրավունքով.

6) Ծրագիր Իրականացնողի պարտականությունները, այդ թվում` ինժեներական կառույցների ընթացիկ մոնիթորինգ, սպասարկում, պահպանություն, վնասման դեպքում վերանորոգում,  անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականությունները,

7) Ծրագիր Իրականացնողի կողմից հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը, բովանդակությունը, ձեւը եւ ժամկետները,

8) Պայմաններ` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու եւ գործողության ժամկետների, հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների դիմաց համայնքային բյուջեներ վճարվող հատուցումների, ինչպես նաեւ կառավարման իրավունքները անհատույց տրամադրվելու վերաբերյալ:

4. Կոնսերվացված Պոչամբարների` շահագործման վիճակի բերումը պետք է իրականացվի համապատասխան նախագծի հիման վրա եւ այնպես, որպեսզի բացառվի դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին, բնակչությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հնարավոր ցանկացած վնասի պատճառումը:

5. Կոնսերվացված պոչամբարների` շահագործման վիճակի բերման արդյունքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված վնասի պատճառման, դրանց արդյունքների վերացման ողջ պատասխատավությունը կրում է Ծրագիրն  Իրականացնողը:

Հոդված 11. Մասնավոր Լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը

1. Մասնավոր Լցակույտերի նկատմամբ Ծրագիր Իրականացնողի սեփականության իրավունքի ծագելու հետ միաժամանակ  սույն օրենքի ուժով դրանք համարվում են առաջնային գրավի իրավունքով գրավադրված հօգուտ Հայաստանի Հանրապետության` որպես Ներդրումային Ծրագիրն իրականացնելու պարտավորության կատարումն ապահովող միջոց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գրավի իրավունքից բխող հարաբերությունները ենթակա են կարգավորման  Հայաստանի Հանրապետության, ի դեմս լիազոր մարմնի եւ Ծրագիրն Իրականացնողի միջեւ կնքվող գրավի պայմանագրի միջոցով` առանց պետական գրանցման:

3. Մասնավոր Լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության  գրավի իրավունքի առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Ծրագիր Իրականացնողի կողմից դրանք մշակելու կամ այլ կերպ օգտագործելու համար: Մասնավոր Լցակույտի որեւէ խմբաքանակի մշակման կամ այլ կերպ ձեւափոխման պահից, այդ խմբաքանակի նկատմամբ գրավի իրավունքը դադարում է: Մասնավոր Լցակույտերի նկատմամբ գրավի իրավունքը չի տարածվում դրանց մշակման կամ այլ կերպ վերափոխման հետեւանքով ստացված արդյունքների վրա:

4.Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրում այլ դրույթներից բացի  պետք է նախատեսվեն նաեւ դրույթներ`

1) գրավ դրված Մասնավոր Լցակույտերի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու Հայաստանի Հանրապետության իրավունքի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կողմից Ծրագիր Իրականացնողի դիմումին համաձայնություն տալու կարգի վերաբերյալ, որպեսզի Մասնավոր Լցակույտերը դառնան այլ գրավի առարկա, եթե Ներդրումային Ծրագիրը դիմելու պահին իրականացվում է Մաստեր Պլանին եւ սույն օրենքին համապատասխան.

3) գրավ դրված Մասնավոր Լցակույտերի վրա բռնագանձում տարածելու հիմքերի վերաբերյալ:

4) Ծրագիրն իրականացնողի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման հարգելի պատճառների վերաբերյալ, որոնք են`

ա. Անհաղթահարելի ուժը` տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքները` բնական աղետները, պատերազմը կամ այլ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ կանխատեսել եւ, որոնց վերացումը կախված չէ Ծրագիրն Իրականացնողի կամքից,

բ.  Օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառված սանկցիաները եւ տնտեսական այլ սահմանափակումները, որոնք անհնար են դարձնում Ներդրումային Ծրագրի իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետության եւ/կամ համապատասխան համայնքների կողմից սույն օրենքով, այլ օրենքներով, հաստատված Մաստեր Պլանով նախատեսված պարտականությունների չկատարումը:

5) Ծրագիրն իրականացնողի կողմից սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հարգելի պատճառների առկայության հիմքով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում Ծրագիրն իրականացնողի նկատմամբ պատասխանատվության միջոցների չկիրառման վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու  կլինի` Ծրագիր Իրականացնողի հիմնավոր առաջարկի հիման վրա, ամբողջությամբ կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնել Մասնավոր Լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը: Մասնավոր Լցակույտերի կամ դրանց համապատասխան մասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը կդադարի` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

ԳԼՈՒԽ 4

ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 12. Պետական հսկողությունը Ներդրումային Ծրագրի իրականացման նկատմամբ

1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերություններում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն է:

2. Մաստեր Պլանի հաստատումից հետո Ծրագիր Իրականացնողը պարտավոր է մինչեւ Գործարանի կառուցման ավարտը եւ փաստացի գործարկումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին ներկայացնել Գործարանի կառուցման հաշվետվություն` Մաստեր Պլանով սահմանված ձեւով եւ բովանդակությամբ:

3. Լիազոր մարմինը Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում մոնիթորինգի իրավունք ունի, առանց միջամտելու Ծրագիրն Իրականացնողի բնականոն գործունեությանը: Մոնիթորիգ իրականացնելիս լիազոր մարմինը կարող է տարեկան ոչ ավել քան երկու անգամ պահանջել սույն օրենքով նախատեսված պարտավորությունների եւ Մաստեր Պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը պետք է ներկայացվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ուսումնասիրել հաշվետվությամբ ներկայացված տեղեկատվությունը եւ ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաեւ մոնիթորինգի արդյունքների հիման վրա տեղեկացնել սույն օրենքով եւ Մաստեր Պլանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ դրանցից շեղումների վերաբերյալ:

4. Ծրագիրն Իրականացնողը սույն օրենքի հիման վրա իրեն փոխանցված գույքը կամ իրավունքը երրորդ անձի փոխանցելիս պարտավոր է ստանալ լիազոր մարմնի համաձայնությունը:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների պարտականությունները Մաստեր Պլանը հաստատվելուց հետո

1. Մաստեր Պլանի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համապատասխան  համայնքները ուղղակի վաճառքի ձեւով` հողամասերի կադաստրային արժեքի չափով հատուցման դիմաց, Ծրագիր Իրականացնողի սեփականությանը կհանձնեն համայնքի սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնց տարածքում նախատեսվում է կառուցել Գործարանը` ըստ Մաստեր Պլանի:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված հողամասերի նպատակային նշանակությունը չի համապատասխանում Գործարանը կառուցելու եւ շահագործելու համար անհրաժեշտ նպատակային նշանակությանը, ապա համապատասխան համայնքները` հողամասերն օտարելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում կնախաձեռնեն եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում կփոփոխեն դրանց նպատակային նշանակությունը: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերության գումարները կվճարվեն Ծրագիր Իրականացնողի կողմից:

3. Եթե հաստատված Մաստեր Պլանով անհրաժեշտ լինի օգտագործել Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այնպիսի հողամաս, որը Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքին համապատասխան չի կարող սեփականության իրավունքով պատկանել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, այդ հողամասերի նկատմամբ` Մաստեր Պլանը հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանվող սերվիտուտը, սույն օրենքի ուժով կլինի անվճար եւ մշտական:

4. Հայաստանի Հանրապետությունը եւ համապատասխան համայնքները Ներդրումային Ծրագրի իրականացման ընթացքում կաջակցեն Ծրագիր Իրականացնողին, այդ թվում` իրենց իրավասությունների շրջանակում կցուցաբերեն անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, արխիվային աջակցություն, Ծրագիր Իրականացնողի հետ խորհրդակցելով կնախագծեն եւ կկառուցեն համապատասխան ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքներ, Ծրագիր Իրականացնողի եւ Գործարանի կարիքներն ապահովելու համար հնարավոր ողջամիտ կարճ ժամկետում կկնքեն Ծրագիր Իրականացնողի հետ սույն օրենքից եւ հաստատված Մաստեր Պլանից բխող պայմանագրերը:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 14. Ներդրումային Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքի եւ գույքային իրավունքների փոխանցման առնչությամբ արտոնություններ

1. Ծրագիր Իրականացնողը սույն օրենքի ուժով ազատվում է բոլոր կիրառելի հարկերից եւ այլ պարտադիր վճարներից /բացառությամբ համայնքային բյուջե վճարվող/, որոնք առաջանում են կապված Պետական Լցակույտերի, Պոչատարի Լցակույտերի, Մաստեր Պլանով նախատեսված գույքային իրավունքների փոխանցումների հետ, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված` Մասնավոր Լցակույտների նկատմամբ բռնագանձում տարածելու հետեւանքով Ծրագրի Իրականացնողի սեփականության իրավունքի դադարման եւ Հայաստանի Հանրապետությանը դրանց հետ փոխանցման դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում գույքային իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարների վրա, որոնք Ծրագիրն իրականացնողի կողմից ենթակա են կատարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 15. Ներդրումային Ծրագրի իրականացման նպատակով Լցակույտերը եւ Պոչատարի Լցակույտերը սեփականության իրավունքով հանձնելու առնչությամբ արտոնություններ

1.  Արծվանիկի Պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը կուտակված Պետական Լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը, գույքային իրավունքների փոխանցումը վերջինիս կամ նրա իրավահաջորդին` սույն օրենքի ուժով, ազատվում է բոլոր հարկերից եւ այլ պարտադիր վճարներից:

2.Արծվանիկի Պոչամբարի Լցակույտերը եւ Պոչատարի Լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու հետ կապված, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը կամ նրա իրավահաջորդը` սույն օրենքի ուժով, ազատվում է  բոլոր կիրառելի հարկերից եւ այլ պարտադիր վճարներից:

3. Ներդրումային Ծրագրի եւ Մաստեր Պլանի շրջանակներում Պետական Լցակույտերի, Պոչատարի Լցակույտերի, այլ գույքի եւ գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը Ծրագիր Իրականացնողին ազատվում է բոլոր հարկերից եւ այլ պարտադիր վճարներից /բացառությամբ համայնքային բյուջե վճարվող/:

4. Սույն օրենքով սահմանված Ներդրումային Ծրագրի եւ Մաստեր Պլանի շրջանակներում այլ գույքի եւ գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությանն ազատվում է բոլոր հարկերից եւ այլ պարտադիր վճարներից:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 
Հավելվածներ 1-3


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել ՀՀ կառավարության կողմից 16 հոկտեմբերի 2014թ-ի թիվ 43-24 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Մտադրությունների մասին հուշագրով նախատեսված ներդրումների հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունումը կնպաստի ՀՀ-ում, թե մեծածավալ ներդրումների իրականացմանը եւ թե էկոլոգիական մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմանը, իսկ օրենքի ընդունման արդյունքում ներդրումների ներհոսքը ՀՀ եւ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործարանի կառուցումն իր հերթին կնպաստի ՀՀ-ում լրացուցիչ աշխատատեղերի բացմանը եւ տնտեսության բարելավմանը:

Օրենքի ընդունման արդյունքում եւ դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել Ներդրումային Ծրագիրը, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԶՊՄԿ պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, եւ տարեկան ավելանում են եւս 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է բնապահպանական մեծագույն խնդիր: «Ալյոտիգ» ՍՊԸ–ն ըստ ՀՀ կառավարության կողմից 16 հոկտեմբերի 2014թ-ի թիվ 43-24 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Մտադրությունների մասին հուշագրի հանիդսանում է օրենքի իմաստով Ծրագիր իրականացնող: Վերջինս մտադրություն ունի կառուցել ֆաբրիկա, տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ, վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը:  Նախատեսվում է նաեւ կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան` տարեկան առնվազն 10 հազ. տոննա արտադրողականությամբ: Որպես հումք նորից օգտագործվում է պոչամբարի խյուսը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ծավալի, տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական խնդիրների լուծման ընդհանուր պատկերը հետեւյալն `

1. Ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ, մլն ԱՄՆ դոլար, առաջին փուլում.
 
2013
2014
2015
2016
2017
2018
Ընդամենը
37
66
68.5
58.5
6.0
1.5
237.5

2. Ներդրումների երկրորդ փուլ.   2019-2025թթ. . նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում` դրա արտադրական պոչերը օգտագործելու համար եւ  գործարանի հզորության մեծացում մինչեւ 25 մլն տոննա տարեկան

3. Տնտեսական ու սոցիալական, բնապահպանական հետեւյալ հարցերի լուծում.

4. Արտադրական ենթադրվող մի քանի ցուցանիշները ներկայացվում են ստորեւ.

     Կարդալ այստեղ


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման դեպքում

Նախագծի կարգավորման արդյունքները: «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեվ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է արտադրական լցակույտերի մշակման նոր տեխնոլոգիայի ներդրում ու կիրառում, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծվի մեղմելու նշված պոչամբարների հետ կապված բնապահպանական առկա իրավիճակը:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասի` ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկություններն ու դիտողություններն ընդունելու դեպքում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են արտադրական լցակույտերի շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանվում են դրույթներ Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի` «Ալյոտիգ» ՍՊԸ-ի կողմից մշակման տեխնոլոգիայի ներդրման ու կիրառման եւ այդ նպատակով գործարանի կառուցման ու շահագործման վերաբերյալ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է սահմանել հարկային արտոնություններ Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերը «Ալյոտիգ» ՍՊԸ-ին փոխանցման գործարքների մասով: Միաժամանակ, նախատեսվում է, որ «Ալյոտիգ»  ՍՊԸ-ն իրականացնելու է նշյալ լցակույտերի վերամշակման ծրագիր, որի արդյունքում առաջացող հարկվող օբյեկտների մասով արտոնություններ չեն սահմանվում, ինչը նշանակում է, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, վերամշակելով պոչամբարներում կուտակված արտադրական լրացակույտերը, պետական բյուջե կվճարի դրա արդյունքում ձեւավորվող հարկվող օբյեկտներից հաշվարվող բոլոր հարկերը եւ վճարները:

Հաշվի առնելով վերոնշյալը` ինչպես նաեւ այն, որ նշյալ պոչամբարներում կուտակված լցակույտերը ներկայումս չեն վերամշակվում եւ հետեւաբար դրանց մասով պետական բյուջե եկամուտներ չեն վճարվում` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն:

Ինչ վերաբերում է նախագծի ընդունման դեպքում պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի եւ համայնքային բյուջեների եկամուտների վրա ազդեցությանը, ապա հայտնում ենք, որ այն կլինի չեզոք:

Եզրակացություն

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի
վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն: