Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-889-16.07.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր 10.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 10.2.  Հայրերի օր՝ նշվում է հունիսի 17-ին:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարեւորման հարցում: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Մայրության եւ գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի յոթին: Գործող կարգավորումները չեն սահմանում սակայն Հայրերի օրը:

Աշխարհի մի շարք երկներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով  մեծարելու եւ երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի եւ ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների եւ ընտանիքի ապագայի եւ բարեկեցության:

Ներկայում Հայրերի օրը ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Բրազիլիայում՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը, Ավստրալիայում՝ սեպտեմբերի առաջին կիրակի օրը, Գերմանիայում օրը տոնում են Հիսուս Քրիստոսի համբարձման օրը: Թաիլանդում Հայրերի օրը նշվում է դեկտեմբերի 5-ին, որը միահյուսված է հանգուցյալ թագավոր Բումիբոլի ծննդյան տոնակատարությանը եւ այլն:

Հայրերի օրն օգնում է ընդգծելու հայրության կարեւորությունը երեխաների դաստիարակության եւ զարգացման, ընտանիքի կայացման հարցում: Ըստ գիտական հետազոտությունների՝ ներգրավված հայրերի երեխաները ամենից շատ են շահում: Նրանք մեծանում են զարգացած ճանաչողական կարողություններով, ունենում են ավելի բարձր ինքնագնահատական, կարողանում են առանց բարդության լուծել կոնֆլիկտները եւ ավելի քիչ վարքագծային խնդիրներ են ունենում: Իսկ իրենց երեխաների կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող հայրերն ավելի գոհ են, երջանիկ եւ առողջ: Նրանք ավելի քիչ վնասակար սովորություններ ունեն եւ ավելի երկար են ապրում: Բացի այդ՝ ավելի ամուր են կապված իրենց զուգընկերներին եւ ընտանիքի բոլոր անդամներին:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքում լրացում կատարել եւ սահմանել Հայրերի օր:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է վերանայել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը, եւ հունիսի 17-ը սահմանել որպես Հայրերի օր:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում հունիսի 17-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես Հայրերի օր, կստեղծվեն իրակավակ հիմքեր հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն