Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-792-19.05.2015-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը «լուծարման, գործունեության» բառերից հետո լրացնել «կասեցման, » բառով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-րդ մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատվարձի երկուհարյուրհազարապատիկը՝ նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում տվյալ գույքը չվաճառելու պայմանով:».

2) 4-րդ մասի «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2-րդ կամ 2.1-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման » բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «եւ գործունեության արգելումը» բառերը փոխարինել «, գործունեության կասեցումը եւ արգելումը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 30. Կուսակցության գործունեության կասեցումը կամ արգելումը

1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ:

2. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով, սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, սահմանադրական դատարան կարող են դիմել  Հանրապետության Նախագահը,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է  «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու, առկա հակասություները եւ բացերը վերացնելու անհրաժեշտությամբ: ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանը օրենքով սահմանված կարգով` օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին, մինչդեռ Օրենքի 4-րդ հոդվածում կասեցման մասին կարգավորումը բացակայում է: Այդ կապակցությամբ առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածը «լուծարման, գործունեության» բառերից հետո լրացնել «կասեցման,» բառով:

Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաեւ կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել` մեկ առեւտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, մեկ ոչ առեւտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, եւ մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը: Նշված սահմանափակումները տարածվում են նաեւ անշարժ գույքի վրա՝ խոչընդոտելով կուսակցությունների գրասենյակային (շենքային) պայմանների բարելավմանը, քանի որ ներկայումս անշարժ գույքի գները անհամեմատ բարձր են եւ կուսակցության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ անշարժ գույքի արժեքը էապես կարող է գերազանցել տասը միլիոն դրամը: Ուստի, առաջարկվում է  Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը սահմանել օրենքով սահմանված նվազագույն աշխատվարձի երկուհարյուրհազարապատիկի չափով, ընդ որում՝ Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ կուսակցություններին մեկ տարվա ընթացքում տրվող նվիրատվությունների ընդհանուր՝  օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկի սահմանափակումը գործելու է նաեւ անշարժ գույքի նվիրատվությունների դեպքում: Միաժամանակ սահմանվում է, որ տվյալ գույքը չի կարող վաճառվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:

Օրենքի 6-րդ գլխի վերնագրվում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 9-րդ կետին այն համապատասխանեցնելու հետ:

Oրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Կուսակցությունների գործունեության արգելման հարցով, սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, սահմանադրական դատարան է դիմում Հայաստանի Հանրապետության Նախագահը», մինչդեռ՝  ՀՀ Սահմանդրության 101-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերի համաձայն կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սահմանադրական դատարան կարող են դիմել նաեւ Ազգային ժողովը եւ կառավարությունը: Հետեւաբար, առաջարկվում է Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերին, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: