Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-905-29.08.2024-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) «հնարավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջներ» բառերը.

2) առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`

«Հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 3. Օրենքը 42.2-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 42.3-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 42.3. Արագ արձագանքման բժշկական խումբ

1. Արտակարգ իրավիճակների հետեւանքով տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին կարող են ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը եւ մարդասիրական առաքելության շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած միջազգային արագ արձագանքման բժշկական խմբերը:

2. Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը կարող է ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին` տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, թվաքանակը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի եւ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 1-ը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու համար համապատասխան օրենսդրական հիմքեր սահմանելու, ինչպես նաեւ գործող իրավական կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես.

1) Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի համար լիազորող նորմ է սահմանվում՝ հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, սահմանելու համար: Գործող օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` մակարդակները արտահայտում են բժշկական կազմակերպության կադրային, տեխնիկական եւ կառուցվածքային հնարավորությունները՝ տվյալ տեսակի բժշկական օգնությունն ու սպասարկումը ընթացակարգով սահմանված ողջ ծավալով իրականացնելու համար: Մինչդեռ որոշ տեսակներով, օրինակ մանկաբարձագինեկոլոգիական եւ մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) տեսակներով, ողջ ծավալով բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացնելու համար, պայմանվորված վերջիններիս մասնագիտական առանձնահատկություններով, բավարար չէ միայն բժշկական կազմակերպության տեխնիկական եւ կադրային հագեցվածության առկայությունը (որոնք որոշ տեսակների համար արտացոլված են ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ), եւ այդ տեսակների մակարդակներին ներկայացվող պահանջները ներառում են գնահատման չափանիշների ավելի լայն շրջանակ, քան ներկա կարգավորումներում առկա չափանիշները:

2) Գործող օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննության կազմակերպման եւ իրականացման կարգը՝ ըստ առողջապահության բնագավառի մասնագիտությունների առանձնահատկությունների, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող լիցենզավորող հանձնաժողովի ձեւավորման կարգը, աշխատակարգը եւ անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունն իրականացվում է հետբուհական կրթական ծրագրերի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո՝ առանձին փուլով, լիազոր մարմնի ձեւավորած լիցենզավորող հանձնաժողովի կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման հանձնաժողովը կենտրոնական քննություն իրականացնելու իրավասություն չունի եւ վերջինիս գործառույթը անհատական լիցենզիա եւ անցումային անհատական լիցենզիա տալու, դրանց տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ եզրակացություններ տալը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ բողոքները քննելն է, ուստի անհրաժեշտ է օրենքը խմբագրել՝ առկա վրիպակն ուղղելու նպատակով:

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է ատեղծել Արագ արձագանքման բժշկական թիմ եւ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված դրույթներն ուղղված են նշված ծրագրով նախատեսված միջոցառման կատարմանը:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծի 1-ին հոդվածով լիազորող նորմ կսահմանվի, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով եւ տարանջատել քննական հանձնաժողովը լիցենզավորման հանձնաժողովից:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ կստեղծվի Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին: Հարկ է նշել, որ վերոնշյալ թիմը պետք է լինի ինքնաբավ (self sufficient)` ինքն իրեն բավականացնող (հագեցած լինի անձնակազմով, գույք-սարքավորումով, սնունդով եւ այլն), այսինքն` ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում (ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս) տեղակայվելու եւ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում օրենքում լիազոր մարմնի համար լիազորող նորմ կսահմանվի` հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, սահմանելու համար: Դա հնարավորություն կստեղծի Առողջապահության նախարարի հրամանով սահմանել, օրինակ` մանկաբարձագինեկոլոգիական եւ մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) ծառայություններին ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների, ինչը կնպաստի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ հիմք կհանդիսանա նպատակային եւ արդյունավետ ֆինանսավորման համար` տարանջատված ըստ մակարդակների:

Օրենքում առկա վրիպակը կուղղվի եւ կենտրոնացված քննության կազմակերպման եւ իրականացման գործառույթը կիրականացվի քննական հանձնաժողովի կողմից:

Բացի այդ, անհրաժեշտ հիմքեր կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խմբի ստեղծման համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը Արագ արձագանքման բժշկական թիմի վերաբերյալ դրույթների մասով բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 16.1-ին կետի պահանջից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն