Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) անշարժ գույքի` շինությունների համար 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակահատվածների գույքահարկի վճարման պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց վրա:
Սույն օրենքը չի տարածվում մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը ծագած շինությունների գույքահարկի եւ դրա մասով հաշվարկված տույժերի վրա:
Հոդված 2. 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակահատվածի համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) շինությունների համար գույքահարկի գումարները մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվա ժամանակահատվածի մասով հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շինությունների համար չվճարված գույքահարկի գծով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 0,1 մլն Հայաստանի Հանրապետության դրամը:
Հոդված 3. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակահատվածին վերաբերող շինությունների գույքահարկի ապառքների գծով հաշվարկված եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարված տույժերի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողների շինությունների գույքահարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա պետություններից մասնավոր տրանսֆերտների ծավալների զգալի կրճատմամբ, 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ դրամի կտրուկ արժեզրկման հետեւանքով բնակչության դրամական եկամուտների մակարդակի անկմամբ եւ այլ հանգամանքներով պայմանավորված` բնակչության աղքատ եւ համեմատաբար ցածր կենսամակարդակ ունեցող խավի շինությունների գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մարման անհուսալիությամբ: