Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-907-03.09.2024-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «Աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:» նախադասությունը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով՝

«4.1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի (այսուհետեւ՝ թվային համակարգ) միջոցով ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում ակտի օրինակն աշխատանքային պայմանագրում սահմանված ծանուցման եղանակով ուղարկվում է աշխատողին:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով՝

«4.2. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը թվային համակարգի միջոցով չի ընդունվում, ապա ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ մասով՝

«4.3. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին պարբերության «Աշխատանքային» բառից առաջ լրացնել «1.» թիվը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կարող է իրականացվել նաեւ թվային համակարգի միջոցով:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրանականացվում է գրավոր՝ թղթային եղանակով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:»:

3) 1.1-ին մասում «Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝» բառերը փոխարինել «Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝» բառերով:

4) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ): Սույն մասով սահմանված դեպքում՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 17.1-ին հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ» բառերը.

2) 4-րդ մասում «հոդվածի 1-ին եւ 1.2-րդ մասերին» բառերը փոխարինել «հոդվածին» բառով, «եւ 5-րդ կետերին» բառերը փոխարինել «կետին» բառով, իսկ «101-րդ հոդվածին,» բառերից հետո լրացնել «102.2-րդ հոդվածի 5-րդ մասին,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 18.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» եւ «կամ որտեղ աշխատողը պետք է գտնվի կամ պետք է ներկայանա՝ իր աշխատանքով պայմանավորված,» բառերը,

2) 2-րդ մասի 1-ին կետից եւ 2-րդ կետի «ա.» պարբերությունից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը.

3) 2-րդ մասում «աշխատանքի հիմնական վայր (հիմնական աշխատավայր) է» բառերը փոխարինել «աշխատանքային պայմանագրում որպես աշխատանքի վայր (աշխատավայր) է սահմանվում» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 3-րդ կետը.

5) լրացնել նոր 2.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«2.1. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հնարավոր չէ որոշել աշխատանքի վայրը (աշխատավայրը), ապա այն սահմանվում է կողմերի համաձայնությամբ:».

6) 3-րդ մասում «հիմնական վայր (հիմնական աշխատավայր)» բառերը փոխարինել «վայր (աշխատավայր)» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝

1) վերնագրում «Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով.

2) 1-ին մասում՝

ա. «Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով.

բ. 1-ին կետից հանել «անհատական իրավական ակտն ընդունելու,» բառերը.

գ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը եւ՝

ա. անվանումը կամ

բ. ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, հայրանունը.».

դ. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6) պաշտոնի անվանումը եւ՝

ա. աշխատանքային գործառույթները, կամ

բ. հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հավելված.».

ե. 8-րդ կետում «աշխատողներին» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը, իսկ «լրավճարները» բառից հետո լրացնել «: Պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող կազմակերպություններում ցանկության դեպքում, որպես այլ պայման, աշխատանքային պայմանագրում կարող է նշվել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված լրավճարները» բառերը.

զ. 9-րդ կետից հանել «անհատական իրավական ակտի կամ» բառերը.

3) 3-րդ մասից հանել «աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր» բառերը եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այլ պայմանները կարող են լինել հավելվածի տեսքով, որը չի արտացոլվում թվային համակարգում (այդ պարագայում թվային համակարգում նշում է կատարվում, որ աշխատանքային պայմանագիրն ունի հավելված):

Հոդված 7. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) Վերնագրում «պայմանագրի» բառից հետո լրացնել «եւ աշխատանքային պայմանագրի հավելվածի» բառերով:

2) 1-ին եւ 1.2-րդ մասերում «տասնչորս» բառը փոխարինել «տասնվեց» բառով.

3) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 1.7-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝ կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».

4) Ուժը կորցրած ճանաչել 1.1-1.3-րդ մասերը:

5) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-րդ մասով՝

«1.4. Աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կարող են կնքվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով: Տվյալ դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝ կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:»:

6) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.5-րդ եւ 1.6-րդ մասերով՝

«1.5. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:

1.6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ այն կողմերի միջեւ փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու աշխատանքային պայմանագրի հավելվածի իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագրի հավելվածն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի հավելվածի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում եւ նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետեւյալ մեկ կամ մի քանի եղանակներով.

1) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակը պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.

2) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.

3) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված եւ էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի հավելվածի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:»:

7) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.7-րդ մասով՝

«1.7. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:»:

Հոդված 8. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝

1) Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 5-րդ կետը.

2) 1.1-ին մասում «եւ 5-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ «փաստաթղթերը պահպանվում են» բառերը փոխարինել «փաստաթուղթը պահպանվում է» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ առավել վաղ ընդունված աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի» բառերը:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 13.1

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 102.1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը եւ համակարգի կիրառման հիմնական սկզբունքները

1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը տվյալների ամբողջություն է, որի նպատակն է՝

1) ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաեւ դրանցում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) եւ օգտագործումը, ինչպես նաեւ մուտքագրումից հետո այդ տվյալների տպելու հնարավորությունը.

2) աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը:

2. Թվային համակարգի կիրառման հիմնական սկզբունքներն են՝

1) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ապահովումը.

2) թվային համակարգից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերությունների կողմերի համար՝ թվային համակարգում առկա տվյալների ցանկացած պահի հասանելիությունը:

Հոդված 102.2. Թվային համակարգի կառավարումը, տվյալներին հասանելիությունը, տեխնիկական պահանջները եւ կառավարման կարգը

1. Թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Տեսչական մարմնին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ այն ծավալով, որն անհրաժեշտ է՝ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի  համապատասխան ստորաբաժանումներին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաեւ աշխատողի համար հաշվարկված եւ վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական եւ պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար՝ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը թվային համակարգի օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն տրվում է այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:

5. Թվային համակարգում գործատուին եւ աշխատողին տրվում է էլեկտրոնային տվյալներին հասանելիության պատուհան (անձնական էջ): Մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ էլեկտրոնային տվյալներին հասանելիությունը տրվում է աշխատանքային պայմանագիրը կնքող ծնողին կամ խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին:

6. Թվային համակարգին ներկայացվող տեխնիկական պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 12. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում «5» թիվը փոխարինել «4» թվով:

Հոդված 13. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ գործատուն աշխատողի կողմից գրավոր տեղեկացվել է աշխատողի համատեղությամբ աշխատելու վերաբերյալ» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 216-րդ հոդվածից հանել «(կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով)» բառերը:

Հոդված 17. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ եւ 7-րդ կետերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ եւ 7-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը գործում են մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:

4. 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով)՝ մուտքագրման պահին գործող պայմաններով: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են այդ իրավական ակտով եւ դրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները:

6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որն ընդունվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» oրենքների նախագծերի (այսուհետեւ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի (այսուհետեւ նաեւ՝ թվային համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում հաստատված շուկայական հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկան, սոցիալ-տնտեսական իրավիճակը, միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջների եւ չափանիշների շրջանակի աստիճանական ընդլայնումը, ինչպես նաեւ աշխատողների եւ գործատուների միջեւ կայացած հարաբերությունների զարգացումը վեր են հանում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության մի շարք բացթողումներ եւ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայից բխող հրամայականները: Գործատուներն աշխատանքային պայմանագրի պարտադիր առկայությունը կամ դրա տրամադրումը աշխատողներին երբեմն համարում են ոչ կարեւոր: Բացի դրանից, եթե նույնիսկ կնքվում է աշխատանքային պայմանագիր, ապա հաջորդ խնդիրն է դրա բովանդակությունը կամ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նվազագույն պայմանների արտացոլումը (օրինակ՝ աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) եւ տեւողությունը, վարձատրությունը եւ այլն): Ըստ գործող օրենսդրության՝ աշխատանքային պայմանագրում (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում) հստակ նախատեսվում են պաշտոնի անվանումը եւ (կամ) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) եւ այն որոշելու ձեւը (ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ), աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տեւողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տեւողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) եւ շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի) եւ այլն, սակայն գործնականում աշխատողներից փաստացի պահանջվում է իրականացնել աշխատանքային պայմանագրով չնախատեսված գործառույթներ՝ պայմանագրում նշված աշխատավարձի չափից տարբերվող չափով, չեն տրամադրվում հավելումները, հավելավճարները, լրավճարները, չեն պահպանվում աշխատաժամանակի ու հանգստի ժամանակի տեւողությունը եւ այլն: Միաժամանակ, աշխատանքային պայմանագիրն աշխատողներին չի տրամադրվում՝ վերջիններիս աշխատանքային գործունեությունը հարկային մարմնում չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափով գրանցելու համար, ինչպես նաեւ պայմանագրերի պայմանները խախտելու դեպքում աշխատողի կողմից գործատուին կամ վերահսկող մարմնին հասցեագրված դիմում-բողոքներից զերծ մնալու նպատակով: Ավելին, հաճախ գործատուների կողմից աշխատանքային պայմանագրերի փոխարեն աշխատողների հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն ու երաշխիքները շրջանցելու նպատակով: Մեկ այլ խնդիր է, երբ անձն ընդունվում է աշխատանքի՝ իրականացնելով գործատուի կողմից պահանջվող, իր մասնագիտությանը համապատասխանող աշխատանք, սակայն աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ փաստացի իրականացվող աշխատանքի փոխարեն այլ պաշտոնի (հաստիքային միավորի) համար կնքված պայմանագրում փաստացի իրականացվող աշխատանքից տարբերվող աշխատանքային պարտականություններ նախատեսված լինելու պատճառով հետագայում չի կարողանում հիմնավորել, որ իր կողմից իրականացվել է մասնագիտական աշխատանք, չի ստանում օրենքով նախատեսված ինչպես հավելավճարները, այնպես էլ սոցիալական այլ երաշխիքներ: Օրինակ՝ անձը փաստացի իրականացնելով մասնագիտական աշխատանք, որը միաժամանակ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկում, համապատասխան ընկերությունում գործատուի կողմից գրանցվում է այլ պաշտոնի (հաստիքի)՝ օրենքով նախատեսված հավելումներ չվճարելու, նշված աշխատանքների համար նախատեսված սոցիալական այլ երաշխիքներ չտրամադրելու համար, իսկ հետագայում նշված աշխատանքն իրականացրած անձը զրկվում է ինչպես իր կատարած մասնագիտական աշխատանքը մասնագիտական ստաժում հաշվարկելու հնարավորությունից, այնպես էլ իրեն հասանելի գույքային եւ պետության կողմից նախատեսված այլ սոցիալական երաշխիքներից:

Վերոգրյալ խնդիրները հատկապես հաճախ են հանդիպում մարզերում եւ փոքր համայնքներում, սակայն Երեւան քաղաքում եւս տեսչական ստուգումների ընթացքում պարբերաբար վերհանվում են համանման խնդիրներ: Հիմնականում տուժող խմբերի մեջ կարող ենք առանձնացնել սոցիալապես անապահով, իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող, առաջարկվող պայմաններից տարբերվող այլ աշխատանքի ընդունվելու հնարավորություն չունեցող եւ հանրային ոլորտում ցածր պաշտոններ (հաստիքային միավորներ) զբաղեցնող անձանց:

Գործնականում աշխատանքային ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետեւ՝ Տեսչական մարմին) հաճախ է հանդիպում չգրանցված կամ ստվերային տնտեսությունում աշխատողների ներգրավման դեպքեր, ինչն ինքնին եւս հանգեցնում է վերջիններիս աշխատանքային իրավունքների խախտմանը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Տեսչական մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 1.2-րդ կետերի համաձայն՝ տեսչական մարմինը՝ նույն օրենքի համաձայն ստեղծվող վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որին ՀՀ կառավարության կողմից վերապահվում են համապատասխան օրենքներով սահմանված ոլորտ կամ ոլորտներ, որոնց նկատմամբ վերջինս իրականացնում է վերահսկողություն:

Օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված է, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

ՀՀ կառավարությունը աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել Տեսչական մարմնին:

Հարկ է նշել, որ գործատուների կողմից աշխատանքային իրավունքի ոլորտում թույլ տրվող խախտումները հայտնաբերելու եւ բացահայտելու համար Տեսչական մարմինը այս պահին չունի բավարար ներուժ, քանի որ չունի անհրաժեշտ գործիքակազմ՝ աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները տեղում՝ թվային եղանակով, կամ նախքան վերահսկողական բուն գործառույթներին անցնելը ստանալու հնարավորություն:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է վերոնշյալ բնույթի բազմաթիվ խնդիրների բացահայտումը թե՛ օրենսդրության, թե՛ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում՝ օրենսդրական դաշտը զարգացնելու, աշխատանքային իրավունքի իրացմանը նպաստելու եւ այդպիսով քաղաքացիների համապատասխան իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով: Բացառություն է լինելու հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը՝ ոլորտային առանձնահատկությամբ պայմանավորված: Միաժամանակ բացառություն է լինելու նաեւ առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց հետ ծագող աշխատանքային հարաբերությունները, որոնց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ:

Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Բացի այդ, համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձեւավորված պրակտիկան:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ թվային համակարգի առկայությունը մի կողմից հնարավորություն կտա Տեսչական մարմնին իրականացնել պատշաճ պետական վերահսկողություն (առավել թափանցիկ, հաշվետու եւ իրավունքահեն), ինչի արդյունքում աշխատողներն ու գործատուները հստակ պատկերացում կկազմեն, թե ինչ է ենթադրում աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, իսկ մյուս կողմից թվային համակարգը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը եւ զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից:

Այս նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների եւ հատկացումների արտացոլման, ինչպես նաեւ աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ:

Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով (այն հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ): Աշխատանքային պայմանագիրը աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով լինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Հաշվի առնելով այն, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները 2025 թվականից (իսկ 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները՝ 2026 թվականից) պետք է ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը), ինչը կատարելու համար ՀՀ քաղաքացիներից կպահանջվի խիստ էլեկտրոնային նույնականացում՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ուստի սույն նախագծի ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո աշխատողների համար էլեկտրոնային թվային ստորագրություն ունենալը լրացուցիչ ֆինանսական բեռ չի հանդիսանա, քանի որ վերջիններս արդեն իսկ պետք է ունենան էլեկտրոնային թվային ստորագրություն եկամուտները հայտարարագրելու համար:

Որպես նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվում է 2025 թվականի հուլիսի -ը: Սկզբնական փուլում թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքումը նախատեսվում է կամավոր սկզբունքով, որի ընթացքում հնարավորություն կստեղծվի գործատուների համար, որպիսի ադապտացվեն նոր գործող համակարգին, միաժամանակ վեր կհանվեն համակարգի հնարավոր բացերը, հետագայում լավարկելու նպատակով: Արդեն 2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումն իրականացվի բացառապես թվային համակարգի միջոցով: Ժամկետը նախատեսվել է նաեւ հաշվի առնելով այն, որ 2026 թվականից բոլորի համար պարտադիր է լինելու եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու պահանջը:

Հարկ է նշել, որ թվային համակարգի կառավարումը իրականացվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, Տեսչական եւ հարկային մարմինները ունենալու են հասանելիություն համակարգին՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգի շրջանակներում եւ հարկային հսկողության մասով, իսկ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն է տրվելու այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար, մասնավորապես, օտարերկրացի աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:

Հաշվի առնելով, որ թվային համակարգի ներդրումն ու դրա կիրառումը նոր գործիք է եւ որոշակի ժամանակահատված կպահանջվի դրա բնականոն գործունեությունը բոլոր կողմերի համար ապահովելու նպատակով, նախատեսվում է խախտումներ արձանագրելու դեպքում կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տույժերը: Հետագայում, ըստ անհրաժեշտության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կնախատեսվեն առանձին կարգավորումներ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ:

5. Ակնկալվող արդյունք.

 Թվային համակարգի ներդրման արդյունքում Տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվեն մարդկային գործոնի դերն ու ռիսկերն աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում: Ավելին, այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը եւ արդիականացմանը, թվային համակարգի միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կկարողանա հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ՝ «Աշխատանք եւ սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնի եւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի ցանկի 11-րդ կետի պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թթ. գործողությունների ծրագրով, մասնավորապես՝ «1. Սոցիալական իրավունքներ եւ պաշտպանություն» գլխի 10-րդ հանձնառությամբ՝ «10. Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգի ներդրում՝ պետական եւ մասնավոր հատվածի համար»:

Այսինքն՝ թվային համակարգը նախատեսվում է ներդնել նշված ծրագրի շրջանակներում եւ ակնկալվում է, որ այս մասով պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի:

Ինչ վերաբերում է հետագա սպասարկմանը, ապա այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն