Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-795-22.05.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Եթե վիրավորանքը կամ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա անձը կարող է օգտվել սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմել է լրատվական գործունեություն իրականացնողին  հերքում եւ (կամ) պատասխան հրապարակելու պահանջով եւ վերջինս մերժել է հերքման եւ (կամ) պատասխանի հրապարակման պահանջը կամ խախտել է հերքում եւ (կամ) պատասխան տարածելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը՝ բացառությամբ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նախկինում նույն լրատվամիջոցի կողմից նույն անձի վերաբերյալ հերքում եւ (կամ) պատասխան տարածելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքերում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատարաններում գործերի բեռնաթափման անհրաժեշտությամբ եւ վեճերի արտադատարանական կարգով լուծման խրախուսմամբ:

Ուսումնասիրելով Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի պրակտիկան, դյուրին է եզրակացնել, որ շատ դեպքերում,  բավարարելով  բողոքները, Դատարանը եզրակացնում է, որ դրական որոշումն ինքն իրեն հանդիսանում է բավարար փոխհատուցում պատճառված բարոյական վնասի դիմաց:

Ոչ վաղ անցյալում վիրավորանքն ու զրպարտությունը ներառված էին քրեական օրենսգրքում, այսինքն՝ հանգեցնում էին քրեական պատասխանատվության: Ըստ քրեական օրենքի՝ հանցագործություն է համարվում եւ պատասխանատվություն է ենթադրում միայն հանցավոր այն արարքը, որը կատրավել է դիտավորությամբ: Հետեւաբար, լրատվամիջոցի պատրաստակամությունը հրապարակել հերքում եւ պատասխան վկայելու է այն մասին, որ որպես վիրավորանք կամ զրպարտություն ընկալվող հրապարակումը իրականացվել է ոչ դիտավորությամբ:

Սույն լրացում շեշտակի կբեռնաթափի դատարանները, եւ նկատի ունենալով այն փաստը, որ շատ դեպքերում լրատվամիջոցի դեմ ուղղված պահանջները ոչ միայն ակնհայտ անհիմն են, այլեւ հետապնդում են լրատվամիջոցների գործունեությանը արհեստական խոչնդոտներ ստեղծելու նպատակը, կարելի է եզրակացնել, որ դատական պաշտպանության հիմնականում կդիմեն այն անձինք, ում վիրավորել կամ զրպարտել են դիտավորությամբ:

Առաջարկվող լրացումը մեր կարծիքով կամրապնդի  ժովորդավարության հիմքը հանդիսացող ազատ խոսքի ինստիտուտը այնքանով, որքանով խիստ կսահմանափակի շինծու այն հայցերը, որոնց դատավարությունը ուղղակիորեն ֆինանսավորվում է հայրենական ու արտերկյա այն անձանց ու կազմակերպությունների կողմից, որոնց նպատակն է կասեցնել իրական ժողովրդավարությունը` փոխարինելով այն ամբոխավարությամբ:

Ինչ վերաբերում է  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու առաջարկությանը, ապա այն բխում է արտադատարանական կարգով անձանց եւ լրատվամիջոցների միջեւ կոնտակտի ձեւավորման դյուրացման անհրաժեշտությունից: Եթե նյութական կրիչի վրա տարածվող ԶԼՄ-ների թողարկման տվյալների մասին պահանջը նշված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, հեռուստառադիո հաղորդումներով տարածվող ԶԼՄ-ների համար՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ով (ելքային տվյալներ) եւ հոդված 48-ով (լիցենզավորում), ապա ցանցային լրատվամիջոցների համար ելքային տվյալների ցանկը սահմանված չէ, ինչը երբեմն ստեղծում է դժվարություններ ցանցային լրատվամիջոցին հերքման  եւ պատասխանի պահանջը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնելու համար: