Armenian ARMSCII Armenian
Կ-9131-13.09.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Փրկարարական ծառայության ծառայող են համարվում նաեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողները, պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Լիազոր մարմնի կողմից գործուղված առկա ուսուցման ձեւով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սովորում են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունների» բառերը փոխարինել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածում նշված՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության (այսուհետ՝ Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն)՝ փրկարար ծառայության ոլորտում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիներին որպես կուրսանտ հրամանագրելով:»:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «բարձրագույն ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «ուսումնական հաստատությունը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «Բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով սովորող» բառերով:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «, մրցույթը» բառերը.

2) 4-րդ մասում «մրցույթին կարող են մասնակցել» բառերը փոխարինել «ծառայության կարող են անցնել» բառերով.

3) 5-րդ մասում «որեւէ մեկը» բառերից հետո լրացնել «եւ (կամ) չի բավարարում սույն օրենքի 32-րդ եւ 63-րդ հոդվածների պահանջները» բառերը.

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Փրկարարական ծառայության անցնելու եւ պաշտոնի նշանակվելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:».

5) ուժը կորցրած ճանաչել 7-րդ եւ 8-րդ մասերը:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել 4.1.-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության ավագ եւ միջին խմբի պաշտոններում պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) եւ պաշտոնից (ծառայությունից) ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) ուժը կորցրած ճանաչել 9-րդ մասը.

2) 10-րդ մասից հանել «մրցույթի արդյունքում» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել 12-րդ, 14-16-րդ մասերը:

Հոդված 9. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ.1)» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում «հաստատություններում» բառը փոխարինել «հաստատությունում» բառով:

Հոդված 11. Օրենքի 12-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»:

Հոդված 12. Օրենքի 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 68. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում

1. Լիազոր մարմինը փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման խնդիրների, գործառույթների կատարումը եւ իր համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, ծառայողներին վերապատրաստելու (որակավորելու), բնակչության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուսուցումն ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթներն իրականացնում է ուսումնական հաստատության միջոցով:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը եւ կառավարումը սահմանվում են օրենսդրությամբ:

3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը, վերաորակավորումը, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրերն իրականացնում է փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջոցով:

4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է փրկարար ծառայությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն 5 տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), մասնագիտական դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, մասնագիտական դեպարտամենտների պետերի տեղակալների եւ վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ խմբի պաշտոններ, իսկ ավագ տեսուչների եւ տեսուչների պաշտոնները՝ միջին խմբի պաշտոններ:

5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք:

6. Հրշեջ-փրկարարի նախնական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր բավարարում են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:

7. Փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել հրշեջ-փրկարարի նախնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները:

8. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել փրկարարական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկրարար ծառայողները:

9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումում ուսուցումն իրականացվում է առկա եւ հեռակա ուսուցման ձեւով:

10. Փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող են ընդունվել մինչեւ 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

11. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն որպես կուրսանտ փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով ընդունվելու համար կարող են դիմել`

ա) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.

բ) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում.

գ) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:

12. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:

14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:

15. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում իրականացվում է նաեւ հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին եւ ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչեւ 30 տարեկանը լրանալը` Լիազոր մարմնի տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ատեստավորման արդյունքների հիման վրա:

16. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով շրջանավարտներին Լիազոր մարմնի ղեկավարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում:

17. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:

18. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:

19. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին եւ տեղերին համապատասխան:

20. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության եւ ընդունելության ստուգումների եւ քննությունների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային եւ ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը եւ կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

21. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաեւ վճարովի կրթական ծառայություններ:»:

Հոդված 13. Օրենքի 69-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 70-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15 . Օրենքի 71-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «գործուղված ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «փրկարար ծառայության կրթական ծրագրով» բառերը.

2. 1-ին մասի «դ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը լրացնել «ե» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը:».

3. 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո փրկրարար ծառայությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի, նախնական մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տեւողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս.»:

Հոդված 16.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությունն ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատվում է ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում: Սույն օրենքից բխող մյուս ենթաօրենսդրական ակտերը ընդունվում են ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում:

3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո հինգ օրվա ընթացքում Լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է համապատասխանի օրենքով եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ ռեկտորին ներկայացվող պահանջներին: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչեւ օրենքով եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով ձեւավորված կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից ընտրված ռեկտորի կողմից լիազորությունները ստանձնելու օրը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո մեկ ամսվա ընթացքում ձեւավորվում է ուսումնական հաստատության խորհուրդը: Ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում հայատարարվում է ռեկտորի ընտրության բաց մրցույթ:

4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո փրկարարական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում՝ մինչեւ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից նոր հաստիքներում նշանակվելը՝ իրենց կողմից Լիազոր մարմնի ղեկավարին ուղղված զեկուցագրի համաձայն, հարցազրույցի հիման վրա, իսկ այդ հաստիքներում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր չներայացնելու դեպքում նրանք սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում: Հարցազրույցի անցկացման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո փրկարարական պաշտոններ զբաղեցնող անձինք եւ փրկարար ծառայող չհանդիսացող աշխատողները շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում՝ մինչեւ ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից փրկարարական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակվելը՝ իրենց կողմից ուսումնական հաստատության ռեկտորին ուղղված զեկուցագրի (դիմումի) համաձայն, հարցազրույցի հիման վրա, որի անցկացման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում նշանակվելու դեպքում նրանք ազատվում են փրկարար ծառայությունից: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր (դիմում) չներայացնելու դեպքում փրկարար ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում, իսկ փրկարար ծառայող չհանդիսացող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով եւ կարգով:

6. Սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրության ուժի մեջ մտնելու օրը:

7. Սույն օրենքի 13-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելու օրը:

8. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհուրդը գործում է մինչեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորումը:

9. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով փրկարարական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակված անձինք նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, բայց ոչ ավելի, քան իրենց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռք բերման տարիքի հասնելը: Այս դեպքում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո համապատասխան պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Նշված անձանց փրկարարական ծառայության վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) պահպանվում է որպես հիմնական աշխատավարձ մինչեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռք բերման տարիքի հասնելը, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից սահմանված աշխատավարձի չափից: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ աշխատողի աշխատավարձի չափը որոշվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից տվյալ պաշտոնի համար սահմանված չափով:

10. Ռեկտորը (ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը) եւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով նշանակված այն անձինք, ովքեր նշանակվելու պահին հասել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի տարիքին, Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ փրկարարական չհանդիսացող հաստիքներում նշանակվելու դեպքում պահպանում են իրենց աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) որպես հիմնական աշխատավարձ, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից սահմանված աշխատավարձի չափից մինչեւ այն պահը, երբ այդ աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը: