Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-345-06.08.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան       

Սույն օրենքը կարգավորում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն իրականացնող մարմինների համակարգը, ինչպես նաեւ այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները:

Հոդված 2. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրավական կարգավորումը

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ սույն օրենքով նախատեսված լինելու դեպքում՝ նաեւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքների կատարմամբ ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ սույն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում՝ նաեւ քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտները:

բ) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների հետ կապված գործարք կնքելը, այդ եկամուտները ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օգտագործելը, որը նպատակ է հետապնդում թաքցնել կամ խեղաթյուրել այդ եկամուտների կամ դրանց նկատմամբ իրավունքների բնույթը, ծագման աղբյուրները, այդ եկամուտների գտնվելու վայրը, շարժը կամ իրական պատկանելությունը:

գ) Ահաբեկչության ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217-րդ, 388-րդ եւ 389-րդ հոդվածներով նախատեսված արարքների օժանդակությունը, դրդչությունը կամ կազմակերպումը՝ ֆինանսավորման միջոցով:

դ) Կասկածելի գործարք՝ սույն օրենքի  9-րդ հոդվածով սահմանված հիմքերին, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հիմքերին համապատասխանող յուրաքանչյուր գործարք:

ե) Տեղեկատվություն տրամադրող անձինք՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված անձինք, որոնք սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր են Լիազորված մարմին ներկայացնել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ՝ սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ:

զ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները:

է) Պարտադիր վերահսկողություն՝ դրամական միջոցների կամ այլ գույքի հետ կապված գործառնությունների վերահսկողության գծով Լիազոր մարմնի կողմից ձեռնարկվող միջոցառումների ամբողջություն, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրող անձանց կողմից տրամադրվող եւ ստուգման ենթակա տեղեկատվության հիման վրա:

Հոդված 4. Տեղեկատվություն տրամադրող անձինք

Բանկերը, վարկային կազմակերպությունները, արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձինք, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք, վճարային քարտեր եւ այլ փաստաթղթեր թողարկող եւ իրացնող անձինք, ապահովագրական կազմակերպությունները, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք, գրավատները, գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմինները, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով գործարքներ վավերացնող անձինք, շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձինք, հավատարմագրային կառավարում իրականացնող անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունները (ներառյալ դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները) պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել տվյալ անձի կողմից կամ նրա միջոցով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը եւ ահաբեկչության ֆինանսավորումը բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ:

Հոդված 5. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմին (այսուհետ՝ Լիազորված մարմին) է հանդիսանում  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ):

Լիազորված մարմնի  խնդիրը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում հանդիսանում է տեղեկատվության կենտրոնացված հավաքագրումը եւ պահպանումը, տվյալների վերլուծությունը, տեղեկատվության փոխանակումը եւ տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին, ինչպես նաեւ այդ տվյալների փոխանակումը եւ տրամադրումը միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում՝ նաեւ այլ պետությունների իրավասու մարմիններին:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կազմակերպելու եւ սույն օրենքով նախատեսված տեղեկությունները հավաքագրելու եւ համակարգելու նպատակով Կենտրոնական բանկում ստեղծվում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում, որի ղեկավարին եւ անդամներին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Սույն մասով նշված ստորաբաժանման՝ սույն օրենքից բխող գործառույթները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ:

Հոդված 6. Լիազորված մարմնի եւ պետական այլ մարմինների փոխհարաբերությունները

1. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով Լիազորված մարմինը սույն օրնքով նախատեսված կարգով եւ սահմաններում համագործակցում է պետական այլ մարմինների հետ:

2. Քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, համապատասխան հարցման հիման վրա, Հհանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրականացման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները Լիազորված մարմնի կողմից կարող էեն տրամադրվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենասգրքով, «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ օպերատիվ հետխուզական գործունեության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով:

3. Սույն օրենքով նախատեսված տեղեկությունների վերլուծության արդյունքում  սույն օրենքի եւ դրանից բխող այլ իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե Լիազորված մարմնի կարծիքով հնարավոր է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ, 217-րդ, 388-րդ եւ 389-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը, Լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհապաղ դիմում է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին:

Հոդված 7. Միջազգային համագործակցությունը

Լիազորված մարմինը եւ պետական այլ մարմինները տեղեկությունների փոխանակման, վերլուծության եւ այլ ոլորտներում  համագործակցում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար իրականացնող օտարերկրյա պետությունների մարմինների հետ՝ օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Հոդված 8. Տեղեկատվության տրամադրման պահանջը

1. Տեղեկատվություն տրամադրող անձինք պարտավոր են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կասկածելի գործարքների, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործարքների մասին տեղեկացնել Լիազորված մարմնին՝ գործարքի մասին իմանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն օրենքի իմաստով գործարքի մասին իմանալու պահ է համարվում այն պահը, երբ տեղեկատվություն տրամադրող անձը հաճախորդի հետ կնքել է գործարքը, կամ միջնորդել է դրա կնքման համար կամ այլ կերպ տեղեկացվել է նման գործարքի կնքման կամ դրա կնքման հնարավորության մասին:

2. Տեղեկատվություն տրամադրող անձը, նրա աշխատակիցները, գործակալներն ու ներկայացուցիչներն իրավունք չունեն այլ անձանց, ինչպես նաեւ այն անձին, որի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվում Լիազորված մարմնին, հայտնել տեղեկատվության տրամադրման փաստի մասին:

Բանկերը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին սույն օրենքով նշված տեղեկությունները, ինչպես նաեւ Լիազորված մարմնին տեղեկատվություն տրամադրելու փաստը կարող են հայտնել «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեղեկատվություն տրամադրող այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տեղեկատվության տրամադրումը կարող է կատարվել թղթային, իսկ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված լինելու դեպքում՝ նաեւ (կամ) էլեկտրոնային եղանակով:

3. Սույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվության տրամադրման փաստը չի կարող հաճախորդի կամ երրորդ անձի կողմից տեղեկատվությունը տրամադրած անձին կամ նրա աշխատակցին, ներկայացուցչին կամ գործակալին ներկայացված վնասների հատուցման պահանջը բավարարելու հիմք հանդիսանալ:

Հոդված 9. Տեղեկացման ենթակա գործարքները

1. Տեղեկատվություն տրամադրող անձինք, անկախ գործարքի դիմաց վճարումը կանխիկ կամ անկանխիկ լինելու հանգամանքից, Լիազորված մարմնին են տրամադրում իրենց եւ հաճախորդի կամ այլ անձի միջեւ կնքված ցանկացած գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, որի արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ կասկածելի գործարքների մասին՝ անկախ սույն մասում նշված գումարի չափից:

2. Գործարքը համարվում է կասկածելի, երբ՝

ա) հաճախորդը տեղեկատվություն տրամադրող անձին առաջարկում է կնքել կամ նրա հետ կնքում է այնպիսի գործարք, որը թեկուզեւ համապատասխանում է օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին, սակայն բացակայում է գործարքի կողմերից մեկի՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով պահանջվող տվյալները.

բ) գործարքի պայմանները չեն համապատասխանում ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում սովորաբար կնքվող նման գործարքների պայմաններին.

գ) տեղեկատվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքն ակնհայտորեն տնտեսական կամ իրավաչափ այլ նպատակ չի հետապնդում.

դ) հաճախորդը տեղակատվություն տրամադրող անձին չի ներկայացնում տվյալ գործարքով օրինական հետեւանքներ առաջացնելու մտադրության վերաբերյալ վերջինիս համար ընդունելի բացատրություններ եւ պարզաբանումներ.

ե) Մեկ այլ՝ նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպություն հրաժարվել է հաճախորդի հետ կնքել այն գործարքը կամ նմանատիպ այլ գործարք, որը հաճախորդը առաջարկում է կնքել տեղեկատվություն տրամադրող անձին:

Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել գործարքը կասկածելի համարելու՝ սույն մասով չնշված այլ հիմքեր:

Տեղեկատվություն տրամադրողի համար ընդունելի բացատրություններ եւ պարզաբանումներ կարող են հանդիսանալ հաճախորդի կողմից ներկայացված այն բանավոր կամ գրավոր ապացույցները, որոնք բացահայտում են առաջարկվող կամ կնքված գործարքի վավերությունը, իրավաչափությունը, կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի ծագման օրինականությունը եւ իրական պատկանելությունը:

3. Գործարքը կասկածելի համարելու՝ սույն հոդվածի 2-րդ մասով նշված հիմքերից յուրաքանչյուրի չափանիշները, ըստ տեղեկատվություն տրամադրողների խմբի, սահմանում է Կենտրոնական բանկը՝ համապատասխան իրավասու մարմնի հետ համատեղ: Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց համար գործարքները կասկածելի համարելու չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը:

Հոդված 10. Տեղեկացման բովանդակությունը

1. Տեղեկացման մեջ պետք է նշվի՝

ա) հաճախորդի տվյալները (անունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը եւ տվյալները կամ անվանումը եւ տեղեկատվություն տրամադրողի մոտ առկա իրավաբանական անձի այլ տվյալները (գտնվելու վայր, հարկ վճարողի հաշվառման, բանկային հաշվի, պետական գրանցման, լիցենզիայի համար)),

բ) գործարքի էությունը,

գ) գործարքի կնքման վայրը,

դ) գործարքի արժեքը,

ե) գործարքի կնքման ամսաթիվը,

զ) գործարքում շահառուի առկայության դեպքում՝ նրա վավերապայմաները (եթե առկա են):

2. Կասկածելի գործարքի մասին տեղեկացման մեջ նշվում են նաեւ գործարքը կասկածելի լինելու հիմքերը:

3. Լիազորված մարմինը վերլուծում է սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը  եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ դրա փորձ կատարելու կասկած առաջանալու դեպքում ծանուցում է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին՝ օրենքով սահմանված միջոցառումներ իրականացնելու համար:

4. Տեղեկատվություն տրամադրողների այն աշխատակիցները, որոնք իրականացնում են հաճախորդների սպասարկումը պետք է տեղեկացված լինեն տվյալ հաճախորդի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու փաստի մասին:

5. Տեղեկատվության տրամադրման ձեւերը սահմանում է Կենտրոնական բանկը:

Հոդված 11. Տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձանց հիմնադիրների եւ անհատ ձեռնարկատերերի հայտարարությունները

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող եւ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի հիմնադիրը, պարտավոր է մինչեւ իրավաբանական անձի գրանցումը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացնել իր կողմից իրավաբանական անձին հանձնվող կամ վերջինիս կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը եւ ծագման աղբյուրները, եթե հանձնվող կամ ներդրվող գույքի արժեքը գերազանցում է 25  միլիոն դրամը:

Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացող տեղեկատվություն տրամադրող անհատ ձեռնարկատերը, պարտավոր է մինչեւ պետական գրանցումը իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին ներկայացնել իր կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսած գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը եւ ծագման աղբյուրները, եթե հանձնվող կամ ներդրվող գույքի արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը:

2. Սույն հոդվածով նախատեսված հայտարարությունների օրինակելի ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

3. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը սույն հոդվածում նշված հայտարարագրի պատճենը առաքում է Լիազորված մարմնին՝ հաշվառման:

ԳԼՈՒԽ 2.

ԱՊՕՐԻՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 12. Բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներքին իրավական ակտերը

1. Բանկերը եւ վարկային կազմակերպությունները պետք է ունենան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների շրջանառության եւ ահաբեկչության ֆինանսավորման  կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտ (կարգ, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ): Սույն մասով նախատեսված ներքին իրավական ակտը պետք է սահմանի՝

ա) այն պարտադիր ընթացակարգերը, որոնք բանկի կամ վարկային կազմակերպության ստորաբաժանումների եւ աշխատակիցների կողմից պետք է պահպանվեն բանկի կամ վարկային կազմակերպության հաճախորդների, պարտատերերի կամ այլ անձանց հետ ֆինանսական եւ (կամ) այլ գործառնություններ կատարելիս,

բ) այն տեղեկությունները, որոնք բանկը կամ վարկային կազմակերպությունը  հաճախորդից, պարտատերերից կամ այլ անձանցից պետք է պահանջի ֆինանսական կամ այլ գործառնությունների կատարման ընթացքում,

գ) ներքին իրավական ակտով նախատեսված ընթացակարգերի եւ պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները,

դ) ներքին իրավական ակտով նախատեսված ընթացակարգերի եւ պահանջների չպահպանման համար բանկի ղեկավարների, աշխատակիցների եւ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատասխանատու ստորաբաժանման կամ աշխատակցի պատասխանատվությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ սահմաններում,

ե) սույն օրենքով սահմանված այլ դրույթներ:

Բանկի կամ վարկային կազմակերպության՝ սույն մասով նշված ներքին ակտով  կարող են կարգավորվել սույն օրենքով չկարգավորված եւ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների շրջանառության եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված այլ հարցեր:

2. Բանկերը եւ վարկային կազմակերպությունները պետք է ունենան հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների գրանցման եւ պահպանման, ինչպես նաեւ կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, հաշվառման եւ պահպանման վերաբերյալ ներքին իրավական ակտեր (կարգ, ընթացակարգ, հրահանգ, կանոնակարգ):

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ներքին իրավական ակտերից մեկական օրինակ բանկը կամ վարկային կազմակերպությունը դրանց հաստատման, ինչպես նաեւ դրանցում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու դեպքում, մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է Կենտրոնական բանկին:

Հոդված 13. Բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներքին հսկողության մարմինները

1. Բանկերը եւ վարկային կազմակերպությունները պարտավոր են ունենալ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող կառուցվածքային առանձին ստորաբաժանում կամ աշխատակից կամ այդ պարտականությունները դնել այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ աշխատակցի (այսուհետ՝ ներքին հսկողության մարմին) վրա:

2. Բանկի կամ վարկային կազմակերպության ներքին հսկողության մարմինը պարտավոր է բանկի (վարկային կազմակերպության) կառավարման իրավասու մարմնի կողմից սահմանված հաճախականությամբ եւ կարգով ուսումնասիրել բանկի (վարկային կազմակերպության) կողմից իրականացված ֆինանսական գործառնությունների, բանկի (վարկային կազմակերպության) կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների եւ աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը սույն օրենքին, սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին եւ դրանց հիման վրա ընդունված բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին եւ այլն):

3. Բանկի կամ վարկային կազմակերպության ներքին հսկողության մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրության ավարտից հետո բանկի (վարկային կազմակերպության) կառավարման իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ բանկի (վարկային կազմակերպության)  գործադիր մարմնին, իսկ բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ նաեւ խորհրդին (տնօրենների կամ դիտորդ խորհրդին) ներկայացնում է գրավոր հաշվետվություն: Բանկը կամ վարկային կազմակերպությունը սույն մասով նշված հաշվետվության մեկ օրինակը ներկայացնում է Կենտրոնական բանկ:

Հոդված 14. Տեղեկությունների հավաքագրման առանձնահատկությունները

1. Հաճախորդի համար հաշիվ բացելու եւ վարելու դեպքում բանկը  պարտավոր է պարզել հաճախորդի՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով տրամադրման ենթակա տեղեկությունները: 

Հաճախորդի, պարտատիրոջ կամ այլ անձի կողմից որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ՝ մեկ այլ անձի հանդես գալու դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարզել այդ բանկային հաշվի կամ գործառնության իրական բենեֆիցիարին, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով հավաքագրել գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ՝ բանկի կամ վարկային կազմակերպության ներքին ակտերով նախատեսված տեղեկությունները: 

Սույն մասով նշված գործակալի, ներկայացուցչի կամ լիազորված անձի վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տեղեկությունների պարզումը պարտադիր չէ այն դեպքում, երբ որպես գործակալ, ներկայացուցիչ կամ լիազորված անձ հանդես է գալիս ֆինանսական շուկաներում որոշակի ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձը:

2. Այն դեպքում, երբ հաճախորդը, պարտատերերը կամ պայմանագրի կողմ հանդիսացող այլ անձը օֆշորային երկրում կամ տարածքում գրանցված եւ (կամ) գործող իրավաբանական անձ է, տվյալ պետության օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ կամ ֆիզիկական անձ է,  բանկը կամ վարկային կազմակերպությունը սույն օրենքով եւ իր ներքին ակտերով սահմանված կարգով պարտավոր է պարզել եւ գրառել նաեւ այդ անձանց կենսական շահերի կենտրոնը եւ եկամտի աղբյուրները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները պարզվում են նաեւ այն դեպքում, երբ անձը հանդիսանում է բարձր ռիսկ առաջացնող հաճախորդ:   Բարձր ռիսկ առաջացնող հաճախորդների ցանկը եւ չափանիշները հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Բարձր ռիսկ առաջացնող հաճախորդների հետ գործարքները կնքվում են բանկի կամ վարկային կազմակերպության գործադիր մարմնի որոշմամբ:

4. Այն դեպքում, երբ մեկ այլ բանկ մերժել է տվյալ հաճախորդի համար հաշիվ բացել կամ դադարեցրել է այդ հաշվով գործառնությունները կամ հաճախորդը փոխում է բանկը, բանկը պարտավոր է հաճախորդից պարզել եւ գրառել հաշվի բացման մերժման կամ հաշվով գործառնությունների դադարեցման, ինչպես նաեւ բանկի փոփոխման պատճառները:

Այն դեպքում, երբ մեկ այլ բանկ կամ վարկային կազմակերպություն մերժել է տվյալ անձից փոխառություն ներգրավելը կամ նրան վարկ տրամադրելը կամ օրենքով նախատեսված այլ գործարք կնքելը, բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարզել եւ գրառել նաեւ այդ մերժման պատճառները:

5. Հաճախորդների, պարտատերերի կամ պայմանագրի կողմ հանդիսացող այլ անձանց վերաբերյալ բանկի կամ վարկային կազմակերպության հավաքագրած՝ սույն օրենքով նախատեսված տեղեկությունները, այդ թվում՝ նրանց կողմից իրականացված կասկածելի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, բանկը կամ վարկային կազմակերպությունը թղթային եւ (կամ) էլեկտրոնային եղանակով պետք է պահպանի առնվազն հինգ տարի:

Հոդված 15. Ֆինանսական գործառնությունների իրականացումը: Բանկերի կողմից հաշիվներ բացելու եւ վարելու սահմանափակումները

1. Բանկերը եւ վարկային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական գործառնություններ կարող են իրականացնել միայն սույն օրենքով սահմանված անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց եւ սույն օրենքով, բանկի (վարկային կազմակերպության) ներքին իրավական ակտերով սահմանված կարգով գրառելուց հետո:

2. Բանկերին արգելվում է բացել եւ վարել անանուն կամ մտացածին անուններով, ինչպես նաեւ թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ: 

3. Բանկերը, սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, իրենց նեքին իրավական ակտերով պետք է սահմանեն այլ բանկերի թղթակցային հաշիվների բացման եւ վարման կարգը, ինչպես նաեւ այլ բանկերում իրենց թղթակցային հաշիվների բացման եւ վարման առանձնահատկությունները:

4. Բանկերը՝ իրավաբանական անձանց համար հաշիվներ բացելիս, իսկ վարկային կազմակերպությունները՝ փոխառություններ ներգրավելիս, պարտավոր են իրավաբանական անձանցից պահանջել կանոնադրության պատճենը, պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ առկայության դեպքում՝ նաեւ լիցենզիայի պատճենը:

5. Հաշիվներ բացելու, ֆինանսական գործառնություններ կատարելու՝ սույն օրենքով սահմանված կանոնները կիրառվում են նաեւ այն դեպքում, երբ հաշիվը բացվում է կամ ֆինանսական գործառնությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով կամ գրագրության միջոցով:

  6. Բանկերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու թույլտվություն ունեցող այլ անձինք պարտավոր են դրամական (փողային) փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում նշել ուղարկողի անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը եւ հաշվի համարը (եթե փոխանցումն իրականացվում է հաշվի միջոցով):

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու իրավունք ունեցող անձը պարտավոր է չկատարել փոխանցման կամ վճարման պահանջը, եթե փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում բացակայում է սույն մասով սահմանված տվյալներից մեկը:

Հոդված 16. Օտարերկրյա պետություներում եւ տարածքներում հաշիվների բացումը

1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին արգելվում է օտարերկրյա պետությունում կամ տարածքում բացել բանկային կամ այլ հաշիվներ, եթե տվյալ օտարերկրյա պետությունում կամ տարածքում բացակայում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասւոմ նշված պետությունների եւ տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ՝ հիմք ընդունելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով զբաղվող միջազգային կազմակեպությունների հրապարակած տվյալները:

3. Բանկերն ու վարկային կազմակերպությունները պարտավոր են հանձնարարել օտարերկրյա պետություններում գտնվող իրենց մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին պահպանել սույն օրենքի եւ սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի պահանջները, այն դեպքում, երբ սույն օրենքը սահմանում է ավելի խիստ նորմեր քան մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու վայրի պետության օրենքներն ու այլ իրավական ակտերը:

Հոդված 17. Գործառնությունների դադարեցումը

1. Բանկը, Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 926-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է դադարեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնց տերերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ստացված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

Վարկային կազմակերպությունը եւ տեղեկատվություն տրամադրող այլ անձինք, Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա, պարտավոր են դադարեցնել այն գործառնությունները, որոնց կողմերից թեկուզեւ մեկը կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է բանկից, վարկային կազմակերպությունից, տեղեկատվություն տրամադրող այլ անձանցից, բանկի, վարկային կազմակերպության, տեղեկատվություն տրամադրող այլ անձի  հաճախորդից, պար՟տատերից, կոնտրա՟գենտից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջվել միջոցների ծագման օրինականության վերաբերյալ սույն օրենքով չնախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն:

Այդ միջոցների ծագ՟ման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ ան՟ձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել օրենքով սահմանված նախ՟նական հա՟մաձայնության, հա՟մաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջ՟նոր՟դա՟գիր, ինչպես նաեւ կիրառել  օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Հոդված 18. Էլեկտրոնային բանկերի ստեղծման սահմանափակումը եւ նրանց հետ կնքվող գործարքները.

1. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային բանկերի ստեղծումն արգելվում է:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին արգելվում է օտարերկրյա պետություններում կամ տարածքներում գրանցված եւ (կամ) գործող էլեկտրոնային բանկերի հետ կամ նրանց միջոցով կնքել ֆինանսական կամ այլ գործարքներ:

ԳԼՈՒԽ 3.

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 19. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

1. Տեղեկատվություն տրամադրող անձինք, որոնք լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից, սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու դեպքում, Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հօգուտ պետական բյուջեի վճարում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելու համար տեղեկատվություն տրամադրող այլ անձինք պատասխանատվություն են կրում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով եւ չափերով:

3. Տեղեկատվություն տրամադրողները ինչպես նաեւ նրանց ղեկավարներն ու  աշխատակիցները չեն կարող սույն օրենքից եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերից բխող իրենց պարտականությունները օրենքի սահմաններում կատարելու համար ենթարկվել պատասխանատվության, այդ թվում՝ հատուցել հաճախորդի կամ այլ անձի կրած վնասները:

4.  Լիազորված մարմնի աշխատակիցները սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն Լիազորված մարմին ներկայացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաեւ առեւտրային եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակման համար կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Լիազորված  մարմնի աշխատակիցների անօրինական գործողությունների հետեւանքով իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հատուցման:          

ԳԼՈՒԽ 4.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց, արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձանց, վճարային քարտեր եւ այլ փաստաթղթեր թողարկող եւ իրացնող անձանց, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, գրավատների, շահումով խաղ եւ վիճակախաղ կազմակերպող անձանց վրա 2005 թվականի հուլիսի 1-ից: