Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-919-19.09.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001թ. հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել 13.3-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 13.3. Բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մինչ այժմ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով նախատեսված չէ հիշատակի օր նրանց համար, ովքեր հերոսաբար կռվել եւ զոհվել են հանուն հայրենիքի, հանուն՝ Հայաստանի:

Մենք ունենք Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, 2014 թվականի` Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր, բայց հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր չունենք:

Այս փաստը անընդունելի եւ անհասկանալի է: Ունենալով հարուստ պատմություն, ունենալով անթիվ անհամար հերոսներ, որոնք կռվել եւ զոհվել են հանուն հայրենիքի, մեղմ ասած, ճիշտ չէ չունենալ մեկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը:

Հաշվի առնելով, որ վերջին մեծամասշտաբ պատերազմը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, առաջարկում եմ հիշատակի օրը սահմանել հենց սեպտեմբերի 27-ին:

Հաշվի առնելով այս ամենը, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքում լրացում կատարել եւ սահմանել Բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է վերանայել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը, եւ սեպտեմբերի 27-ը սահմանել Բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես Բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Կստեղծվեն իրավական հիմքեր բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի քաջաբար մարտնչած եւ երկրային կյանքը զոհաբերած զինվորների, զինվորականների, աշխարհազորայինների հիշատակը հարգելու համար: Մեկ օրվա ընթացքում մենք կհիշենք մեր երկրի բոլոր ժամանակների հերոսներին, քաջերին, այդ թվում եւ Առաջին Արցախյանի հերոսներին, Քառօրյա պատերազմի քաջերին, այնպես էլ 44-օրյա պատերազմի նահատակներին: Պետության կողմից պաշտոնապես հիշատակի օր սահմանելը նաեւ հսկայական դաստիարակչական նշանակություն կունենա եւ դրական նշանակություն կունենա երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի հաստատմանը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն