Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ: Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ: Սույն մասով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է նախորդ փորձաքննության իրականացման պահից:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա)» կետի «ռեեստրում» բառից հետո հանել «.» կետադրական նշանը եւ լրացնել «, ինչպես նաեւ արձանագրված խախտումների վերացմանը,» բառերը:
2) 1-ին մասի «բ)» կետի «փորձաքննություն» բառից հետո հանել «:» կետադրական նշանը եւ լրացնել «, ինչպես նաեւ արձանագրված խախտումների վերացմանը:» բառերը:
3) 2-րդ մասի «դրա կատարման» բառերը հանել, իսկ «սահմանվում է» բառից հետո լրացնել «խախտումը վերացնելու» բառերը:
4) 3-րդ մասի «դրա կատարման» բառերը հանել, իսկ «ժամկետում» բառից հետո լրացնել «խախտումը վերացնելու» բառերը:
5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս տեսչական մարմինը կարող է դիմել հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին փորձագիտական եզրակացության ստանալու համար:»:
6) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրանով սահմնված ժամկետում, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
7) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ենթակա է անհապաղ կատարման:»:
8) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ներկայացվում է հարկադիր կատարման դրա չկատարման փաստը պարզելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի
1) 1-ին մասի «ժդ)» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
2) 1-ին մասը լրացնել՝ «ժե)» կետով հետեւյալ բովանդակությամբ.
«ժե) արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը:»:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«9. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե)» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը շահագործումը ժամանակավորապես դադարեցված արտադրական վտանգավոր օբեկտները ենթակա են կոնսերվացման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի նկատմամբ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգադրագիրը տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով եւ լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է՝
ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում.
բ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանը, եթե այն չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին կամ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝ հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիներին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու եւ իրացումը դադարեցնելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը ( ) պետական հրդեհային հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար՝
ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,
բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,
գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումը:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է, որ վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ն մասը, որպես ընդհանուր կանոն սահմանել է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Այնուհետեւ, թվարկվել են այս ընդհանուր կանոնից 8 բացառությունները, որոնց դեպքում վիճարկման հայցը վարույթ ընդունելը չի կասեցնում վարչական ակտի կատարումը, որոնցից առաջինը (առաջին կետը) հետեւյալն է՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս վարչական դատարանին, հայցվորի միջնորդությամբ, գործի քննության ժամանակ կասեցնել վարչական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Այսպիսով, թե՛ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքը եւ թե՛ Վարչական դատավարությանը օրենսգիրքը ընդհանուր կանոնից նախատեսել են բացառություն չկասեցնել վարչական ակտի կատարումը, եթե օրենքով նախատեսված դեպքում վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Միեւնույն ժամանակ, Տեսչական մարմինը, Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերով ընդունում է՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր, որոնք վարչական ակտի հասցեատերերի կողմից դատական կարգով բողոքարկվելու պարագայում, վարչական ակտի գործողությունը կասեցվում է, իսկ սուբյեկտները շարունակում են տեխնիկական կամ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրությանը չհամապատասխանող եւ մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող գործունեությունը (տես՝ Վարչական դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/9323/05/23, թիվ ՎԴ/9323/05/23, թիվ ՎԴ/6476/05/23 եւ թիվ ՎԴ/6318/05/23 վարչական գործերը):
Նկատի ունենալով, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրից բացի Տեսչական մարմինն ընդունում է նաեւ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված՝ ստուգման արդյունքում բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրեր, ուստի տարընթերցումից եւ տարընկալումից խուսափելու նպատակով Նախագծով տարանջատվել եւ հստակեցվել են, ինչպես արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ անհապաղ կատարման ենթակա կարգադրագրերին վերաբերող, այնպես էլ ստուգման արդյունքում բացահայտված խախտումների վերացման նպատակով ընդունված կարգադրագրերին վերաբերող դրույթները:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է՝ արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը, միաժամանակ նախատեսելով՝ կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտները երեք տարին մեկ անգամ փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ դրույթ: Նույն նախագծով սանկցիա է նախատեսվել՝ սահմանված ժամկետում արտադրական վտանգավոր օբյեկտի կոնսերվացման պահանջը չկատարելու համար, որի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ելնելով այն հանգամանքից, որ Օրենքում ամրագրված արարքների համար սահմանված են՝ նշված եւ ավելի չափով տուգանքներ (տես՝ Օրենքի 21-րդ հոդվածի 1-6-րդ մասերը):
Միեւնույն ժամանակ, հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառման կատարումը համաձայն գործող Օրենքի կատարում է տեսչական մարմինը, այդ ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով: Փրկարար ծառայությունը հրդեհների ահազանգերի ստացման, դրա արդյունքում իրականացրած աշխատանքների (այդ թվում հրդեհաշիջման) հիման վրա քաղաքացիներին տրամադրում է տեղեկանքներ: Կարող ենք փաստել, որ պետական մարմնի կողմից տրամադրած տեղեկանքը, որը կատարվում է գրանցամատյանների տվյալների ուսումնասիրման արդյունքում, իրականացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, այլ ոչ տեսչական մարմինը, ուստի առաջարկվում է հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառման կատարումը վերապահել Փրկարար ծառայությանը, տեսչական մարմնի կողմից հաշվառված տեղեկատվությանը հասանելության հնարավորությամբ:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը.
Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Նկատի ունենալով, որ նշված դատավարական նորմի ուժով կասեցման ենթակա չէ Օրենքով նախատեսված այն վարչական ակտի կատարումը, որը ենթակա է անհապաղ կատարման, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքի եւ առողջության համար, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ Օրենքում նախատեսելով, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման:
Միեւնույն ժամանակ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջակվում է լրացում կատարել Օրենքի 20-րդ հոդվածում, որի արդյունքում անհապաղ կատարման ենթակա կլինեն նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ակտերը, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ վիճարկման հայց ներկայացանելու դեպքում չկասեցնել Տեսչական մարմնի արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրի (վարչական ակտ) կատարումը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը չեն բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, եւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում